Կին հեղինակներ, որ փոխեցին կինոաշխարհը
Գրականությունն ու կինոն միշտ էլ անբաժան են եղել, սակայն կան պատմություններ, որոնք էկրանին հայտնվելիս ստանում են նոր շունչ։ Այս անգամ անդրադառնում ենք այն մեծանուն կին հեղինակներին, որոնց սուր միտքն ու վառ երևակայությունը դարձել են համաշխարհային կինոյի ամենատպավորիչ գլուխգործոցների հիմքը։
1796 թվականին Ջեյն Օսթինն ավարտեց «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի սևագիրը, որն ի սկզբանե կրում էր «Առաջին տպավորություններ» վերնագիրը։ Չնայած այն ժամանակ հրատարակիչները մերժեցին գիրքը, սակայն եռանդուն Էլիզաբեթ Բենեթի և զուսպ պարոն Դարսիի միջև ծնված սիրո պատմությանը Օսթինին հանգիստ չէր տալիս։ 1811 թվականին նրա գիրքը լույս տեսավ «Հպարտություն և նախապաշարմունք» վերնագրով՝ հիմնովին վերամշակված, և դարձավ անգլիական գրականության ամենապաշտելի ստեղծագործություններից մեկը։ Առաջնորդվելով Դեբորա Մոգաքի սցենարով՝ ռեժիսոր Ջո Ռայթն իր համանուն ֆիլմում շեշտը դրեց վեպի հավակնոտ մասշտաբների վրա։ Թեև սա անկասկած Էլիզաբեթի (Կիրա Նայթլի) և Դարսիի (Մեթյու Մակֆադյեն) միջև ծնված հմայիչ սիրո պատմությունն է, սակայն Ռայթի համար այս ֆիլմը նաև «Ջեյն Օսթինի, անգլիական գրականության և, որ ավելի հետաքրքիր է, քաղաքական ու սոցիալական պատմության հզոր ընթացքի մասին է»։
Հաջորդը Սառա Ուոթերսի «Փոքրիկ անծանոթը» վեպն է, որտեղ հեղինակն օգտագործում է իր լարված երևակայությունը՝ ուսումնասիրելու համար այն տագնապալի փոփոխությունները, որոնք ցնցեցին Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ուոթերսի համար «ուրվականներով տան պատմությունը լավագույն միջոցն էր» 20-րդ դարի կեսերին անգլիական արիստոկրատիայի մարող ազդեցությունը պատկերելու համար:
Լեննի Աբրահամսոնի «Փոքրիկ անծանոթը» երկի տպավորիչ էկրանավորման մեջ Քերոլայն Էյրսը (Ռութ Ուիլսոն) բացականչում է. «Այս տանը ինչ-որ բան կա, որն ատում է մեզ»: Մինչ Էյրսների հինավուրց Հանդրեդ Հոլ կալվածքում իրավիճակն ավելի ու ավելի սարսափազդու է դառնում, տեղի բժիշկ Ֆարադեյը (Դոնալ Գլիսոն) փորձում է (թեև լուրջ հաջողության չհասնելով), բանականությունն ու գիտությունը կիրառել այնպիսի երևույթների նկատմամբ, որոնք հերքում են ցանկացած տրամաբանություն: Ինչպես նշում է AV Club-ը, ֆիլմը, ինչպես վեհաշուք Հանդրեդ Հոլը, տարածում է իր սեփական չարագուշակ հմայքը… նրբորեն պարզաբանելով այն, ինչ Ուոթերսը միտումնավոր թողել էր երկիմաստ:
19-րդ դարի Բրիտանիայում թերևս չկար ավելի հզոր գրական ընտանիք, քան Բրոնտեները. քույրեր Շարլոթը, Էմիլին և Էննը ընդամենը մի քանի տարվա տարբերությամբ ստեղծեցին համաշխարհային գլուխգործոցներ։ 1847 թվականին Շարլոթը հրատարակեց «Ջեյն Էյրը»՝ Կյուրեր Բել կեղծանվամբ։ Երիտասարդ կնոջ սարսռազդու պատմությունը, ով պայքարում է պահպանել իր բարոյական սկզբունքները ագահությամբ, խենթությամբ և բարդ սիրավեպով լի աշխարհում, անմիջապես դարձավ դասական։ Եվ իրոք, երիտասարդ կանայք (ու տղամարդիկ) շարունակում են սիրելի Ջեյնի փորձությունները համարել չափազանց հուզիչ ու արդիական։ Սցենարիստ Մոյրա Բուֆինին, ով վեպին սիրահարվել էր դեռ 15 տարեկանում, այս պատմությունը տեսնում էր որպես գոթական թրիլլեր, որտեղ Ջեյնը «խոցելի երիտասարդ կին է՝ այս սարսափազդու հին տան մեջ»։ Միա Վասիկովսկայի (որպես համեստ Ջեյն) և Մայքլ Ֆասբենդերի (որպես խիստ պարոն Ռոչեսթեր) մասնակցությամբ՝ Քերի Ֆուկունագայի «Ջեյն Էյր» ֆիլմը բացահայտում է գրքի մռայլ էմոցիաներն այնպես, որ, ըստ USA Today-ի, «հավատարիմ մնալով Շարլոթ Բրոնտեի դասականությանը՝ միաժամանակ ինքնատիպ ու առանձնահատուկ»։
Չինացի վիպասան Էյլին Չանգի կյանքը շատ առումներով նույնքան ռոմանտիկ և փոթորկուն էր, որքան նրա գրած վեպերը: Ծնված լինելով Շանհայի հայտնի ընտանիքներից մեկում՝ նրա կյանքը գլխիվայր շրջվեց, երբ Ճապոնիայի՝ Չինաստան ներխուժելու պատճառով նա ստիպված եղավ թողնել համալսարանը: Նա անմիջապես հաջողության հասավ և՛ որպես վիպասան, և՛ որպես սցենարիստ, սակայն այդ կարիերան փոշիացավ, երբ նրա առաջին ամուսնուն մեղադրեցին ճապոնացիների հետ համագործակցելու մեջ: Ամերիկա տեղափոխվելուց հետո նրան նորովի բացահայտեց չինացիների և ամերիկահայերի նոր սերունդը, որոնց գերել էր նրա զգայական ու նրբաճաշակ ոճը:
Էնգ Լին, ով «մեծացել էր Էյլին Չանգի պատմությունները կարդալով ու սիրելով», անմիջապես տեսավ նրա «Զգուշություն» վիպակի կինոմատոգրաֆիկ ներուժը: Այն պատմում է մի թատերական խմբի մասին, որը մարզում է երիտասարդ դերասանուհուն (Թանգ Վեյ)՝ գայթակղելու և սպանելու չինացի մի պաշտոնյայի (Թոնի Լյուն), ով օկուպացիայի ժամանակ աշխատում էր ճապոնացիների համար: «Սա մի պատմություն է կնոջ սեքսուալության մասին՝ հայրենասիրության համապատկերին, և այդ երկուսի համադրությունը չինացիների համար բավականին վախենալու է»,-բացատրում է Լին: Ինչպես նշում է Slate-ը, «Զգուշություն» ֆիլմը վերցնում է Չանգի պատմությունը և այն վերածում «լրտեսության, խաբեության, սեքսուալ նվաստացման և մի երևույթի 158-րոպեանոց ոդիսականի, որը կարելի է այլասերված, բայց ոչ սխալմամբ անվանել սեր»:
Անդրադառնանք մյուս կին հեղինակին։ Ծնված լինելով Լոնդոնից հյուսիս գտնվող մի ծովափնյա քաղաքում՝ Ուինիֆրեդ Ուոթսոնը ստիպված էր մեքենագրուհի դառնալ, երբ Մեծ ճգնաժամի տարիներին նրա ընտանիքի կոշիկի բիզնեսը սնանկացավ: Ի վերջո, նա որոշեց մեքենագրել սեփական պատմությունները՝ գրելով անգլիական փոքրիկ քաղաքների մասին մի շարք հայտնի հումորային վեպեր: 1813 թվականին նա փոխեց ուղղությունը՝ ստեղծելով ճգնաժամի դարաշրջանի «Միսս Փեթիգրյուն ապրում է մեկ օր» ֆանտազիան: «Ես չէի ճանաչում որևէ մեկին, ով նման կլիներ միսս Փեթիգրյուին,-խոստովանել է Ուոթսոնը՝ հավելելով,-ես պարզապես այդ ամենը հորինել եմ»: «Ազատ» բարքերի և շքեղ կյանքի մասին Ուոթսոնի վեպը կատարյալ հակաթույն դարձավ այն մարդկանց համար, որոնք հայտնվել էին ծանր իրավիճակում: Իր էկրանավորման մեջ ռեժիսոր Բհարատ Նալուրին միտումնավոր շեշտադրել է այս կատակերգության հեռավորությունը սոցիալական ռեալիզմից. գործազուրկ տնային դաստիարակչուհուն մարմնավորում է Ֆրենսիս ՄակԴորմանդը, իսկ թեթևամիտ ու պարզամիտ երիտասարդ աղջկան՝ Էմի Ադամսը: Ինչպես նշում է Time Out-ը, «Սա թեթև ու օդային մի «քաղցրավենիք» է, որը գիտի իր սահմանները և վայելում է դրանք»:
Նկատենք, որ այս կանայք կինոն փոխելուց առաջ, անկասկած, փոխեցին հենց գրականությունը։
Պատրաստեց Վովա Արզումանյանը




