«Լուսավորիչ». գրքերում կարդացած մեր պատմությունը՝ էկրանին
Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է՝ որպես պետական կրոն։ 301 թվականի պատմական այդ իրադարձությունը, սակայն, պատմագրությունից, այլ գրքերից բացի, մեծ էկրաններին տեղ չի գտել, ֆիլմ չի դարձել։ Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը կարող էր պատմական այդ իրողությունը դարձնել կինոբրենդ. ֆիլմեր նկարահանվեին, և մեր երկիրը դրանով ավելի ճանաչելի կդառնար, մեծ համբավ ձեռք կբերեր, հատկապես որ բավականին հետաքրքիր պատմական անցքեր, դեպքեր են զուգորդել, աշխարհաքաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել 4-րդ դարում։
«Պարտնյոր ֆիլմ» ընկերությունը դեռևս 5 տարի առաջ է նախաձեռնել Հայաստանում քրիստոներությունը պետական կրոն ընդունելու մասին վավերագրակ-խաղարկային ֆիլմ նկարահանել։ Գաղափարը հղացել է պրոդյուսեր Տիգրան Մանասյանը, և աշխատանքները սկսվել են։ 54 րոպե տևողությամբ «Լուսավորիչ» վավերագրական-խաղարկային ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել «Կինոմոսկվայում»։ Պատմական վավերագրական դրամայում խաղում են Դավիթ Հարությունյանը, Սամվել Թոփալյանը, Արտավազդ Խաչատուրյանը, Արման Ղազարյանը, Նարեկ Հովսեփյանը, Արման Մեժլումյանը, Մուրադ Նադիրյանը, Վիվիեն Բաստաջյանը, Արտաշես Շահվերդյանը։
Աշխարհում 2,5 միլիարդ քրիստոնյա կա։ Սակայն նրանց 1 տոկոսն էլ չգիտե, որ Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք գրքերից գիտենք քրիստոնեության ընդունման մեր պատմությունը։ Ահա այդ պատմությունը՝ տեսանելի ու առարկայական, էկրան է բարձրացել։
Ֆիլմի ռեժիսոր Վագա Վարդանյանն ասում է. «Շրջեք Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում։ Հարցրեք հայերի մասին։ Տասից մեկը եթե իմանա, որ հայերը քրիստոնյա են, հրաշալի արդյունք կլինի։ Ոչ ոք չգիտե, թե մենք քրիստոնեական ինչ արժեքներ, մտավոր ու հոգևոր ինչ ժառանգություն ունենք։ Առավել ևս չգիտեն, թե ինչ հետաքրքիր պատմություն է նախորդել Հայաստանում քրիստոնեության ընդունմանը, պատմական ինչ անձինք, արքաներ, երկրներ են ներգրավված եղել այդ գործընթացում։
Այնինչ հենց միայն պատմական այդ իրադարձությամբ կարող ենք մեծ հետաքրքրություն առաջացնել աշխարհում։ Այսօր մոլորակի վրա քրիստոնեությունը պաշտպանության կարիք ունի։ Իսկ մենք՝ որպես առաջին քրիստոնեաներ, կարող ենք մեր պատմությամբ առաջատար լինել։ Իհարկե, դրա համար պետք է շատ ֆիլմեր ստեղծվեն՝ օտարազգիների համար հասկանալի լեզվով»։
«Լուսավորիչ» ֆիլմին նախորդում է «Փրկիչը», որտեղ պատմվում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի հրաշագործություններից մեկի հետ կապվում Հայաստանը, ու այդպես զուգահեռ պատմությունները գալիս խաչվում են մեր երկրում ու դառնում քրիստոնեության ընդունման նախասկիզբ։ Խոսրով արքային սպանած Անագի որդի Գրիգորը գալիս է Հայաստան՝ հոր մեղքերը քավելու, ծառայելու դավադրության զոհ դարձած արքայի որդուն՝ Տրդատին։ Սկիզբ է առնում դրամատիկ մի պատմություն Գրիգոր Լուսավորչի 13-ամյա տանջանքների, հայոց Տրդատ արքայի մոլորությունների ու դարձի գալու մասին։
«Լուսավորիչ» ֆիլմը թարգմանված է ռուսերեն և անգլերեն՝ այլ երկրներում ցուցադրելու համար։ «Պարտնյոր ֆիլմ» ընկերությունը քրիստոեության անցած ճանապարհի մասին ևս 3 ֆիլմ է նախատեսել։ Հաջորդը լինելու է Վարդան Մամիկոնյանի ու Վարդանանց մասին։
Նաիրա Փայտյան