Ֆրանսիս Վեբեր. հռչակավոր կատակերգակը՝ Մամիկոնյան տոհմից
Ֆրանսիս Պոլ Վեբեր. լրագրող, ապա՝ սցենարիստ, թատերագիր, բեմադրիչ, կինոռեժիսոր, պրոդյուսեր… Անսպառ տաղանդով օժտված տխուր-ուրախ մարդը, ֆրանսիական կատակերգության ռահվիրաներից մեկը, որի դրամատուրգիական ու ռեժիսորական քանքարից ծնված հերոսը՝ Ֆրանսուա Պինյոնը (կամ Պերրենը), համաշխարհային կինոկատակերգության ամենաճանաչելի կերպարներից մեկն է, իսկ ֆրանսիական կինոյում ու թատրոնում՝ վաղուց արդեն անեկդոտային ֆոլկ հերոս:
Մի անհաջողակ, սև կոշիկով բարձրահասակ մի շիկահեր, փախստական, սրտագին հայրիկ, երբեմն էլ՝ ապուշության աստիճանի մի պարզմիտ, մի խոսքով՝ ամբոխի մեջ աննշան մի մարդ, որ հանգամանքների բերումով՝ ստիպված է նշանակալի խնդիրներ լուծել: Նրան մարմնավորել են Ժակ Բրելը, Դանի Բունը, Գադ Էլմալեն, և իհարկե՝ հռչակավոր Պիեռ Ռիշարը, մինչդեռ Պինյոն-Պերրենի նախատիպը հենց ինքը՝ Ֆրանսիս Վեբերն է:
«Ես անհավատալիորեն անհաջողակ եմ, սակայն կռվում եմ ուրիշ զենքերով…» , -ասում է Վեբերը ներքոհիշյալ հեռուստահարցազրույցի ընթացքում՝ բացահայտելով, որ Ֆրանսուա Պինյոնի կերպարում շատ բան կա հենց իրենից:
Ֆրանսիական հռչակավոր կատակերգությունների ռեժիսոր և սցենարիստ Ֆրանսիս Վեբերը նշանավոր տոհմերից է սերում, սակայն իր ժառանգականության մասին՝ «Թող սա մեր միջև մնա » ինքնակենսագրական գրքում՝ դառը կոմիզմով նկատում է. «Հայրս հրեա էր, մայրս՝ հայ։ Երկու ցեղասպանություն, երկու արյունոտ լացի պատ, և այս ամենը ՝ կատակերգու դառնալու համար»:
Նկ.՝ «Թող սա մեր միջև մնա» գրքի շապիկը
Ֆրանսիս Վեբերը ծնվել է Ֆրանսիայի Նյոյի-սյուր-Սեն քաղաքում: Գրական տաղանդը նա ժառանգել է թե՛ հայրական , թե՛ մայրական կողմից: Հայրական կողմից՝ նա հայտնի գրող, թատերագիր Տրիստան Բեռնարի զարմիկն է. գրող էր նաև Ֆրանսիսի հայրը՝ Պիեռ-Ժիլ Վեբերը, որի Fanfan la Tulipe վեպի հիման վրա նկարահանվել է համանուն «Ֆանֆան կակաչը » ֆիլմը (1925)։ Մոր կողմից՝ Ֆրանսիս Վեբերը Մամիկոնյան իշխանական մեծ տոհմի ժառանգներից է։ Նրա մայրը՝ Եկատերինա Աղաջանյանը (ծնունդով` Արմավիրից) նախ տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ, իսկ հեղափոխությունից հետո՝ ընտանիքի հետ արտագաղթում Ֆրանսիա: Եկատերինան ևս գրող էր, և վեպեր է հրատարակել Ժորժետ Պոլ կեղծանունով:
Ֆրանսիսը մանուկ հասակում մկրտվում է Փարիզի հայկական եկեղեցում, մեծանում մոր ծնողների ՝ հայ տատիկի ու պապիկի հոգածության ներքո, և հենց մայրական կողմի հայկական ինքնությունն էլ նրան փրկում է Հոլոքոսթից:
«Ի՜նչ ուրախություն է հայ լինելը», – մի առիթով ասել է Վեբերը, որ տիրապետում է հայերենին, և միշտ հիշում իր արմատները:
Վեբերն արդեն ճանաչված ու պահանջված սցենարիստ էր, երբ նկարահանեց առաջին ֆիլմը՝ իր իսկ սցենարով: Նրա ռեժիսորական դեբյուտը «Խաղալիքը» (1967) ֆիլմն էր, որ Վեբերին համաշխարհային հռչակ բերեց: Սյուժեն ծնունդ էր առել վաղուց, երբ Վեբերը դեռ լրագրող էր. մի օր խաղալիքների խանութի մոտ նա ականատես է լինում, թե ինչպես է շփացած ու սկանդալիստ փոքրիկ տղան սպասավորների ու թիկնապահների իր շքախմբին պարսավում գնած խաղալիքների համար՝ սպառնալով, թե իր հայրը նրանց բոլորին գործից կազատի: Տեսարանից ապշած երիտասարդ Վեբերը տեղնուտեղը մի պատմություն է հորինում ու գրի առնում:
Տարիներ անց, երբ Վեբերը սրճարանում ընկերական զրույցի ժամանակ Պիեռ Ռիշարին պատմում է դրա մասին, վերջինս այնպես է ոգևորվում, որ Վեբերին առաջարկում է ֆիլմ նկարահանել՝ ինքն էլ ստանձնելով ֆիլմի գլխավոր հերոսի ու համապրոդյուսերի դերը: «Խաղալիքը» դառնում է Վեբերի ՝ռեժիսորական, իսկ Ռիշարի՝ պրոդյուսերական դեբյուտն ու նշանավորում բացառիկ համագործակցության սկիզբը: Հետևում են Վեբերի ռեժիսորական և սցենարական նոր աշխատանքները՝ «Անհաջողակները»(1981), «Հայրիկները» (1983), «Փախստականները» (1986) կատակերգությունները, որոնք հսկայական հաջողություն են ունենում Վեբերի, Ռիշար-Դեպարդիե աստեղային տանդեմի և կինոկոմպոզիտոր Վլադիմիր Կոսմայի փայլուն փոխգործակցության շնորհիվ: Իսկ արդեն 1998 –ին` սեփական սցենարով նկարահանած «Հիմարների ընթրիքը» (Le Dîner de Cons, 1998) ֆիլմով՝ Ֆրանսիս Վեբերը նվաճում է երեք «Սեզար» մրցանակ և առաջադրվում վեց անվանակարգում, այդ թվում ՝ որպես լավագույն ռեժիսոր :
«Ես կարող եմ զվարճախոս լինել. եթե մեկն ինձ հրավիրում է ճաշի, ստիպված եմ դրա համար վճարել կատակներով, բայց բնույթով մելամաղձոտ եմ, գուցե՝ որովհետև մայրս հայ է…» ,- իրեն բնորոշ դառը-անմեղ կոմիզմով՝ մի առիթով նկատել է Եվրոպայի ամենաճանաչելի ռեժիսորներից մեկը՝ այսօր արդեն Լոս Անջելեսում բնակվող 88 –ամյա Ֆրանսիս Վեբերը:
Կինոաշխարհ, 2026

