Ալեքսանդր Սոկուրովի «Ռեժիսորի նոթատետրը» ֆիլմի ռուսական պրեմիերան
Մոսկվայի 48-րդ միջազգային կինոփառատոնի (ՄՄԿՖ) «Հատուկ ցուցադրություններ» ծրագրի շրջանակում տեղի կունենա Ալեքսանդր Սոկուրովի նոր՝ «Ռեժիսորի նոթատետրը» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան: Այս մասին հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ ցուցադրությունը կկայանա ապրիլի 19-ին՝ «Կարո 11 Օկտյաբր» կինոթատրոնում։ Ֆիլմը հանդիսատեսին անձամբ ներկայցնելու է ռեժիսորը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականին՝ Վենետիկի կինոփառատոնում։ Սա հնգժամյա կինոնկար է, որը ստեղծվել է այն օրագրերի հիման վրա, որոնք ռեժիսորը վարել է իր գիտակցական կյանքի ընթացքում։ Ժապավենը լայնածավալ տարեգրություն է, որը միավորում է անձնական հուշերն ու պատմական իրադարձությունները և առաջարկում է «ժամանակի և երկրի ճակատագրի գեղարվեստական իմաստավորում՝ մարդկային փորձի պրիզմայով»։
Ինչպես նշել է Սոկուրովը, իր աշխատանքը հրապարակախոսական կամ քաղաքական հայտարարություն չէ. «Սա ժամանակի գեղարվեստական իմաստավորման փորձ է, հումանիտար աշխատանք՝ քարերը հավաքելու, որոնք ցրել են մեր նախորդները։ Սա լիրիկական ու դրամատիկական միջոցներով այն ժամանակի զգացողության փոխանցումն է, որում ապրել եմ ես և ապրել են իմ հայրենակիցները՝ նկատի ունեմ խորհրդային մարդկանց, և այն ընդհանուր տագնապների, որոնք մենք զգում էինք այն ժամանակ»։
Նրա խոսքով, ֆիլմն ընդգրկում է ոչ միայն Լենինգրադի կյանքը, այլև երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ «Սա ֆիլմ է աշխատավոր մարդկանց, գործարանների, գյուղացիների, մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների և տեխնիկայի մասին. այն ամենի մասին, ինչից կազմված էր այս փոքր, բայց իրականում մեծ քաղաքի կյանքը։ Ֆիլմում շատ երաժշտություն կա և շատ մեծ թվով պատմական փաստաթղթեր՝ աշխարհում և քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ», – նշել է Սոկուրովը։ Նա նշել է նաև, որ ֆիլմը կարող է հետաքրքրել նաև արտասահմանյան լսարանին, քանի որ պարունակում է փաստեր «այն մասին, ինչը նրանք վաղուց մոռացել են, կամ գուցե երբեք ուշադրություն չեն դարձրել»։

