Թեհրանի Չիզար թաղամասում իրականացված օդային հարվածի հետևանքով վնասվել է հայտնի իրանցի ռեժիսոր, Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Աբբաս Քիառոստամիի տունը։ Անկախ և միջազգային կինոլրագրող Մանսուր Ջահանիի հաղորդմամբ՝ Աբբաս Քիառոստամիի որդին՝ Ահմադ Քիառոստամին, հայտնել է.
«Անցյալ գիշեր ռմբակոծվել է Չիզար թաղամասը, որտեղ գտնվում են և՛ մորս, և՛ հորս տները։ Երեկ գիշեր մայրս զանգահարեց և դողացող ու կոտրված ձայնով տեղեկացրեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, բայց այս առավոտ իմացա, որ հորս տունը վնասվել է»։
Ռեժիսորի ավագ որդին նշել է. «Ես 6 կամ 7 տարեկան էի, երբ մենք տեղափոխվեցինք այս տուն՝ 1979 թվականի հեղափոխությունից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Մի տուն, որի մասին հայրս միշտ ասում էր, թե աշխարհի ամենախաղաղ վայրն է»։
Քիառոստամին Իրանի ամենանշանավոր կինոգործիչներից էր: Նա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է։ Ռեժիսորը 1997 թվականին Կաննի փառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին՝ «Բալի համը» ֆիլմի համար, իսկ 1999-ին՝ Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակին՝ «Քամին մեզ կտանի» դրամայի համար։
Աբբաս Քիառոստամին, որը մահացել է 2016 թվականին, Իրանի ամենահայտնի ռեժիսորներից էր։ Նրա միջազգային աշխատանքների թվում է 2010 թվականի ֆրանսիական «Վավերացված պատճեն» դրաման՝ Ժուլիետ Բինոշի մասնակցությամբ։
Հ.Գ.- Ըստ PBS-ի հաղորդման՝ Իրանում մշակութային և պատմական նշանակություն ունեցող վայրերը հարվածների տակ են հայտնվել փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի դեմ սկսված համակարգված օդային արշավից ի վեր։ Վնասվել են պալատներ և հնագույն մզկիթ, ինչը «տագնապ է առաջացնում ընդլայնվող պատերազմի ազդեցության վերաբերյալ պահպանվող հուշարձանների վրա, որոնք կարևոր են իրանական ինքնության և համաշխարհային պատմության համար»։

