Սուրեն Հասմիկյանը, որպես կանոն, դժվարությամբ էր հարցազրույցներ տալիս: Նրան հազվադեպ կարելի էր տեսնել մեծ հանդիսությունների ու երեկոների ժամանակ: Նրան՝ որպես բանախոսի, չենք տեսել նաև մամուլի ակումբներում։ Իրականում, վաստակաշատ պրոֆեսորը  խոսելու, վերլուծելու մեծ դիապազոն ուներ։ ժամերով կարող էր զրուցել մոլորակի ու մեր երկրի աշխարահաքաղաքական իրավիճակից մինչև Հոլիվուդ ու ստալինյան ժամանակներ: Իհարկե, առանցքային թեման կինոն էր, կինոյի երեկն ու այսօրը, նաև վաղը:

Սուրեն Հասմիկյանի մտքերից․․․

–Կինոն ու կինոարվեստը միանգամայն տարբեր հասկացություններ են: Խոսենք կինոյի մասին: Կինոն XX դարի լեզուն էր, որը հավերժացրեց շարժվող իրականությունը և այն վերարտադրեց: Վերարտադրեց վավերագրության միջոցով: Վավերագրությունը կինոյի էությունն է: Կինոն շարունակեց ապրել, կինոյին «փրկեց» բիզնեսը, որովհետև եթե փող չլինի, կինո էլ չի լինի: Մեծ շուկաներն են կինոյին կյանք ու ապագա տալիս:

–Առանց օպերատորի կինո չկա. սա գիտեին ու հասկանում էին նախկինում, իսկ հիմա ամեն ինչ կա, օպերատոր չկա, այդ պատճառով էլ կինո չկա: Կինոն չի կարող մեռնել, այն չի մեռնի երբեք, բայց մեռնում է և կմեռնի պատկերը, որն արդեն իսկ արժեզրկվել է:

–Հին հեքիաթները, առասպելները  ինքնաճանաչման միջոցներից են։ Եվ եթե մենք ու­զում ենք կորզել ասենք հին Հունաստանի ոգին, նախ և առաջ դիմում ենք «Իլիականին»…Իսկ արվե՞ստը… Հարթելով ճանապարհ ճանաչման համար, սկսում է նախ և աոաջ ինքնա­ճանաչումից։ Արվեստը, եթե ու­զում է ապրել, զարգանալ, չմնալ անմիտ ժամանցի, թամաշայի ոլորտում, եթե կամենում է վերած­վել ժողովրդի հոգևոր կյանքի, հասարակական գիտակցության շարժիչ ուժի, պետք է ունենա, գտնի, հայտնաբերի իր «Իլիակա­նը», իր այցետոմսը։ Մերը «Պեպոն» է։ Մեր կինոյի, մեր ազգային կինոյի  «Իլիականը», իհարկե  «Պեպո»ն է։ Ամենից առաջ  «Պեպոն»։

–Վստահությունը կինոյի նկատմամբ կորել է և կորչում է ամեն օր, որովհետև կինոն դադարում է իրական աշխարհի, իրական պահի հավերժացնողը լինելուց: Կինոն հավատարիմ չմնաց իր էությանը նույնիսկ 100 տարվա ընթացքում:

–Իհարկե, նորից նեոռեալիզմ չի լինի, նորից, ես ինչ գիտեմ, Լյումեր չի լինի, բայց պիտի հասկանալ, թե ինչն է պակասում: Փաստ է, որ այսօր կինոյում վերանում է մարդը: Եվ ոչ միայն կինոյում` բոլոր արվեստներում:  Սա նշանակում է, որ համատարած ճգնաժամ է, գուցեև ճգնաժամ չէ, սա այն ապոկալիպսիսն է, որը կարծում էինք, թե ռումբի պայթյունով պիտի լինի, բայց ռումբն այդպես է պայթում. մարդու տեսակն է փոխվում, մարդն է փոխվում:

–Պատկերին փոխարինել է նորագույն տեխնիկան, որը խաբում է մարդկանց. չգիտես՝ նայածդ պատկերն օպերատո՞րն է ստացել, թե՞ տեխնիկան: Դրանից էլ կինոն դարձել է խաբկանք:

–Կինոյի փրկությունը վերադարձն է նեոռեալիզմին։

–Հոլիվուդի աստեղային ժամը 1930-ականներն էին: Այդ տարիներին էր, որ Ռուզվելտն օգտվեց Հոլիվուդի աջակցությունից ու հեղաշրջում արեց Ամերիկայում: Հոլիվուդն այդ ժամանակ պրագմատիզմ էր քարոզում՝ մարդ, հավատա քո ուժերին և ամեն ինչի կհասնես: Այդպես կառուցվեց Ամերիկան, որը շատերի համար երազանքների երկիր էր:

–Կուրոսավան սովորեցնում է ճշմարտությունից չվախենալ: Այդ ճշմարտությունը այնքան է սարսափելի, որ դրանով հնարավոր չէ ավարտել պատմությունը, ասել մինչև վերջ: Իսկ չի կարելի մինչև վերջ ասել, որովհետև ամեն օր աշխարհում երեխա է ծնվում: Եվ այդ երեխան լալիս է` լքված հարազատներից: Բայց նրան կգրկեն կամ ձեռքի վրա կվերցնեն, այդ ժամանակ նա կդադարի լացելուց և սրտում ոխ չի պահի: Նրա մեջ բարին կհաղթի: Միայն բարին: Կուրոսավան հավատում է դրան: Եվ մենք երբեք նրան չենք կարող հանդիմանել անհետևողականության համար, ինչպես և այն ճշմարտության համար, որը այդքան դաժամ է և անողորմ:

–Ի՞նչ ապագա կունենա հայ կինոն. այս հարցը վերաբերում է նաև համաշխարհային կինոյին: Տեխնիկան կուլ է տալիս ամեն ինչ, այդ թվում՝ կինոն: Պարզից էլ պարզ է, որ կինոթատրոնները դեպի ոչնչացում են գնում: Այս ընթացքում ինչ կլինի «Հայֆիլմի» հետ՝ կախված է կինոյի մասին օրենքից ու այն որոշումից, թե կվերացվի՞ արդյոք սեփականության իրավունքը «Հայֆիլմի» նկատմամբ: Չպետք է թույլ տայինք, որ այն սեփականացվեր, դա մեծ սխալ էր:

–Ես կարոտով եմ հիշում Տերյան 2-ը, որ կոչվում էր սցենարական բաժին, այն միհարկանի անշուք շինությունը` աղբանոցը կողքին: Բայց քաղաքի բոլոր նշանավոր մարդիկ հայտնվում էին այնտեղ, և շատ գաղափարներ ծնվում էին հենց այնտեղ ծայր առնող զրույցներից…

Հիմա ես մի հենարան ունեմ միայն՝ գրքերը, ուրիշ ոչինչ: Իմ տանը մոտ հազար գիրք կա, դրանց կեսն եմ, ցավոք, կարդացել, ինչի համար շատ եմ ափսոսում: Ու չգիտեմ՝ կհասցնե՞մ մյուս կեսը բացել:

Հ․Գ․Արվեստագիտության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սուրեն Հասմիկյանն առաջիններից է, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն, և այն երախտավորներից, որոնք իրենց ստեղծագործական կյանքն ընդմիշտ կապել են հայ կինոյի անցյալի, ներկայի ու ապագայի հետ` նշանակալի հետք թողնելով նրա ձևավորման ու զարգացման գործընթացում: Լինի դա տեսական աշխատություններով (երեք գիրք, ավելի քան հազար հոդված), խմբագրական աշխատանքով (տասը տարի` Պետկինոյի գլխավոր խմբագիր) թե նոր կինոգործիչներ պատրաստելով (1971 թ. ի վեր դասախոսում էր Երևանի մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում և Կինոյի և թատրոնի ինստիտուտում):

Մտքերը վերցված են  «Կինոաշխարհ»-ին տված  հին ու նոր  հարցազրույցներից։


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05