«Համբույրը» սիրողը զարմանալի չէ, որ կյանք սիրող է. Ռոման Բալայան
«Ես կյանք սիրող եմ». իր մասին ասում է անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանը։ Հենց այս խոսքերն էլ ընտրվել էին՝ որպես նրա հետ հանդիպման խորագիր։ Ռոման Բալայանը մեկ անգամ չէ, որ ասել է՝ ինքն իր ֆիլմերը չի սիրում։ Ոչ մի կերպ հնարավոր չէ նրան ստիպել, որպեսզի իր նկարած ֆիլմերը նայի։ «Ինձ համար ուղղակի հոգեկան կտտանքի է հավասար, եթե նստեմ ու իմ ֆիլմերը նայեմ։ Հատկապես չսիրած ֆիլմեր ունեմ, որոնք փողի համար եմ նկարել։ Բայց մի ֆիլմ կա, որ սիրում եմ. «Համբույրն» է, սակայն դա էլ չեմ նայի»։
Ահա հենց «Հաբույր» ֆիլմն էլ կինոռեժիսորի հետ հանդիպումից առաջ ցուցադրվեց Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում։ Եվ իսկապես, հենց լույսերը մարեցին, ու էկրանին երևացին լուսագրերը, Ռոման Բալայանը թաքուն դուրս եկավ դահլիճից։ «Համբույրը» նկարել է 1983 թվականին՝ Անտոն Չեխովի ստաղծագործության հիման վրա։
«Այնքա՜ն լավ է, երբ ասում ես՝ ֆիլմն այսինչ ստեղծագործության մոտիվներով է. դրանով քեզ ապահովագրում ես վեպը կամ դրաման նույնությամբ էկրանավորելու պարտականությունից։ Իսկ երբ ասում ես՝ մոտիվներով… ինչ ուզում ես նկարիր, ինչպես ուզում ես, այդ ստեղծագործությունն էկրան բարձրացրու, ինքդ ստեղծագործիր, փոխիր, կարևորը՝ գրողի հեղինակային գիծը պահպանիր, մնացածը քո կամքն է։ Ու ոչ ոք չի կարող ասել, որ շեղվել ես սյուժեից կամ կերպարները, գործողությունները փոխել ես։ Այդպես էլ ես վարվեցի «Համբույր»-ի հետ, որը նկարել եմ ինքս ինձ համար։ Դրա համար էլ սիրում եմ այդ ֆիլմը։ Հենց կարդացի Չեխովի պատմվածքը, միանգամից հորինեցի գոյություն չունեցող հրացաններով մենամարտը։ Աբդուլովը ձև է անում, թե կրակում է Յանկովսկու վրա, Յանկովսկին էլ է ձև անում, թե կրակում է Աբդուլովի վրա։ Իրականում բանակի սպաները ընկերներ են ու միմյանց վնաս չեն պատճառի երբեք»,- ֆիլմի դիտմանը հաջորդած իր ելույթում ասաց Ռոման Բալայանը։

Ուկրաինայում՝ Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանված «Համբույր» ֆիլմում խորհրդայաին անվանի դերասանների աստղաբույլ է խաղում՝ Օլեգ Յանկովսկի, Ալեքսանդր Աբդուլով, Ալեքսանդր Ադաբաշյան, Օլեգ Տաբակով, Օլեգ Մենշիկով, Սոկրատ Աբդուկադիրով, Իրինա Ալֆյորովա, Ալեքսանդր Վոկաչ։
Ինչպ՞ս է հաջողվում Բալայանին այդպիսի ճանաչված դերսանական խմբի հետ աշխատել այնպես, որ նրանք մի ֆիլմից մյուսն են անցնում՝ շարունակաբար նկարահանվելով։
«Չգիտեմ՝ ինչպես են նրանք համաձայնություն տալիս՝ նկարահանվել իմ ֆիլմերում։ Դերասանները խաղում են այնպես, ինչպես ես եմ ուզում։ Դա չի նշանակում, որ նրանք իրենց կողմից որևէ բան չեն առաջարկում՝ այսպես կամ այնպես խաղալ։ Իհարկե, նրանք էլ իրենց պատկերացումներն են արտահայտում դերի վերաբերյալ։ Ես էլ նրանց ասում եմ՝ հրաշալի է, բայց ձեր պատկերացրածն իմ պատկերացրածի հետ կապ չունի»,-պատմեց ռեժիսորը։
Ռոման Բալայանը նորմալ է վերաբերվում, եթե իր ֆիլմերը դուր չեն գալիս մարդկանց։
Էկրան բարձրանալուց 43 տարի անց կինոժապավենի վրա նկարահանված այս ֆիլմը արագության, խելահեղ ռիթմին սովոր մեր ժամանակների մարդուն տանում է գեղագիտության, գեղարվեստի դասական աշխարհ, որտեղ յուրաքանչյուր կադրը գեղանկար է, դերասանի յուրաքանչյուր շարժումը, անգամ նրա անշարժ դիրքը՝ քանդակագործության, կերպարվեստի նմուշ։
Հոգեբանական դրամա է ապրում հերոսը։ Նրա ապրումները, լուռ զգացումներն ամփոփվում են կամերային շրջանակներում, չեն տարածվում, նոր գործողությունների, սյուժետային գծերի չեն հանգում, բայց խտացնում են թաքուն, լուռ սիրո թողած ջերմությունն ու հմայքը։ Ռոման Բալայանը հակադրությունները կողք կողքի դնելու, մեկի նրբությունն ու փխրությունը, իսկ մյուսի բիրտ բնույթն ու կոպտությունը ընդգծելու վարպետ է։
«Համբույր» ֆիլմում մի դեպքում տեսնում ենք համբույրի բաց տեսարան՝ կիսամերկ կնոջ հետ, քիչ անց սենյակի մթության մեջ ինչ-որ քնքուշ էակ հպվում է հերոսի ծոծրակին, գրկում պարանոցն ու անհետանում։ Այդ խորհրդավոր վայրկյանը Յանկովսու հերոսն իր հետ տանում է ամեն տեղ, զգում զինվորական հարափոփոխ առօրյայում՝ ծաղկափթիթ մարգագետնում, թե անձրևից ու ցեխից անանցանելի դարձած ճանապարհներին, ձին հեծնած, թե անտառով քայլելիս, քնած, թե արթուն։
Ռոման Բալայանի հետ հանդիպմանը, այնուամենայնիվ, մարդկանց հետաքրքրում էր՝ ի վերջո, կինոռեժիսորին հետաքրքիր չե՞ն հենց թեկուզ իր ապրումները, իր զգացողությունները, որպեսզի 40-50 տարի անց նայի իր ֆիլմերը։ Ինքն իր համար նոր բացահայտումներ անի, վերապրի այն ժամանակների կյանքն ու ստեղծագործական միջավայրը։
«Մի դեպք պատմեմ։ Ռուսաստանի Արմավիր քաղաքում 1983 թվականին 3 օր հանդիպումներ ունեցա, ելույթներ, ֆիլմերի ցուցադրություն և այլն, փողս ստացա, ընկերներիս ասացի՝ գնանք ռեստորան։ Ընկերներս ասացին՝ չէ, մնանք, ֆիլմդ նայենք, այսքան մարդ կա դահլիճում։ 16 րոպե դահհլիճում ֆիլմս է էկրանին, ես էլ եմ նստած, արդեն ուզում եմ ընկերոջս սպանել։ Մեկ էլ նա ասում է՝ Ռոմկա, դե հո չենք մնալու էս ապուշությունը նայենք։ Վեր կաց, գնանք ռեստորան։ Այդպես նա փրկեց ինձ, ու մենք դուրս եկանք կինոդահլիճից (ծիծաղում է-խմբ.)»։
2020 թվականին է վերջին ֆիլմը նկարել Ռոման Բալայանը, մինչ այդ՝ 12 տարի ոչինչ չի նկարել։
Պատմեց, որ 2020-ին էլ մտադիր չէր որևէ ֆիլմ նկարել։ Բայց Ուկրաինայի մշակույթի նախարարն առաջարկել է՝ մի սցենար պատրաստիր, ուզում եմ, որ պետպատվերոով հատկացվող գումարը քեզ տանք, դու նկարես։ Այդպես նկարեցի սև-սպիտակ ֆիլմ։ Գիտեմ, որ սև-սպիտակ ֆիլմերը կինովարձույթում չեն ընդունում, բայց ես դեռ երիտասարդ տարիներից էի երազում սև-սպիտակ նկարել։ Պատկերացրեք 20-րդ րոպեից ֆիլմն սկսեց ինձ էլ դուր գալ։ Բայց պրոդյուսերը ֆիլմը դեռ ոչ մի տեղ չի ցուցադրել։
Սիրում է հանճարներին, գնահատում նրանց վաստակն ու անգերազանցելի վարպետությունը։ Ֆելինին է ամենասիրելի ռեժիսորը։
Ռոման Բալայանը մեր կողքին ապրող այն եզակիներից է, որ տեսել է Փարաջանովին, նրա ընկերակցությունը վայելել։ Ճանաչել է նրան։ «Փարաջանովը մեծ հորինող էր, նրա պատմած պատմություններն էլ էին հորինվածք։ Այդպիսի բաներ չէին եղել։ Որպես հանճար՝ նա տանել չէր կարողանում, երբ իր ներկայությամբ որևէ ռեժիսորի գովում էին։ Մի անգամ խոսում էինք Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» հրաշալի ֆիլմի մասին։ Ասում էինք՝ Սերգեյ, նայի, լավ ֆիլմ է։ Մի օր էլ նայեց, ասաց՝ հա, սիրուն ֆիլմ է, բայց «կեղտը» մի քիչ պակասում է։ Հայաստանում երկու հանճար կա՝ Փելեշյան և Փարաջանով»։
Ռոման Բալայանը մոտ 6 ամիս Հայաստանում է։ Ընկերները նրան այնպիսի բնակարանում են տեղավորել, որ բոլորին շուտ-շուտ տեսնի, հանդիպի, նստեն, խոսեն, հիշեն։ Բողոքում է՝ այնքան են կերակրել, չաղացել է։ Նա ապրիլի սկզբներին նորից կմեկնի Կիև, որտեղ ապրում է արդեն 50 տարուց ավելի։
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ