«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը պաշտոնապես ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային դաշնության (FIAPF) հավատարմագրված փառատոնների ցանկում:

Միջազգային կինոփառատոնների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը` Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF), պաշտոնապես հայտնել է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված 50-ից մեկը դարձել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։

1933 թվականին ստեղծված FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

«Ոսկե ծիրան» փառատոնի ընդգրկումն այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի երկրների միջև։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցել հեղինակային կինոյին, բացահայտել նոր ստեղծագործական ձայներ և խթանել մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով։

Սա լոկ կարգավիճակ չէ, այլ տարիների հետևողական աշխատանքի, որակի և միջազգային վստահության արդյունք: Այսուհետ մեր «Ծիրանը» կանգնած է համաշխարհային լավագույն կինոիրադարձությունների կողքին: Սա նոր դուռ է հայկական կինոյի և Երևանի համար՝ դեպի մեծ աշխարհ:

Աղբյուր


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05