Իր կյանքը կինոյից հետո նկարչությանը նվիրած մեծ կատակերգու Ջիմ Քերրին (The Truman Show, Ace Ventura: Pet Detective, The Mask) վերջին տարիներին ոչ միայն ֆիլմերում, այլև հանրության աչքին հաճախ չի երևում: Բայց երբ որոշում է երևալ, ապա որպես կանոն՝ հանրությունը նրա հայտնությունից  «խելքը թռցնում» է: 

Փարիզի «Օլիմպիա » սրահում  օրերս կայացած 51-րդ «Սեզար» մրցանակաբաշխությունը բացառություն չէր. ավելին, եթե Քերրին իր հայտնությունների Top 10-ը կազմի, ապա  սեզարյանն անվիճելիորեն  առաջին հորիզոնականում կլինի:

–Ո՞նց  էր իմ ֆրանսերենը… համարյա՝ միջակ, չէ՞,- հյուսիս-ամերիկյան    համուհոտով առոգանությամբ հարցնում է Ջիմն ու

Ֆրանսիական  բոմոնդը  խելքամաղ է  լինում,  աշխարհն էլ՝  հետը…

Ջիմ  Քերրին պատվո «Սեզարն»   ընդունելու իր ելույթն ամբողջությամբ ՝ և առանց կարդալու, արտաբերեց ֆրանսերեն, իսկ հարցազրույցի ժամանակ լրագրողներին խոստովանեց, որ ամիսներ շարունակ պատրաստել է իր ճառն ու ֆրանսերեն ուսումնասիրել:  Լրագրողի հարցին, թե ո՞րն է իր սիրած ամենազվարճալի դեմքը, Ջիմը պատասխանել է. «Այն դեմքը, որ հենց հիմա ունեմ:»

 Հենց այդ դեմքն էր այս անգամ աշխարհը խառնել իրար. արդյոք նա՞ է, գուցե քլո՞ն է, գուցե հոլոգրա՞մ. արհեստական բանականությամբ զտիչ-ֆի՞լտր են կիրառել, դիմա՞կ է, թե՞ պլաստիկ վիրաբույժին  պետք է «Օսկար» տալ (ի դեպ, Ջիմ Քերրին , որ կինոյի ողջ պատմության՝ ամենաեկամտաբեր 50 դերասանների ցանկում է, անգամ «Օսկարի» նոմինացիա չունի): Ու մինչ  Ջիմ Քերրին մրցանակն ընդունելու իր ելույթում հիշում էր Սեն- Մալոյից Կանադա գաղթած  իր հեռավոր նախնի՝ Մարկ- Ֆրանսուա Քաղեին ու նշում, որ  այս մրցանակով  նախնիների ու իր միջև  շղթան ագուցվում է, համացանցում ցունամի էր, որի ալիքը  փոքր-ինչ մեղմվեց  մրցանակաբաշխության պատասխանատու Գրեգորի Կոլիեի և Քերրիի խոսնակի պաշտոնական հավասիացումներից հետո միայն:

Ինչևէ , «Ջիմ Օլմայթին»  Բարձրյալից  ստացած  ամենակարողության շնորհով ՝ փաստացի հաջողել էր իր կյանքի բեռի տարիներից թոթափել առնվազն 20-ը:

Մի առիթով  հռչակավոր կատակերգուն ասել էր, թե բախտավոր է, որ իրեն  Ջիմ Քերրիի դերն է բաժին հասել: «Սեզար» մրցանակաբաշխությունում  Ջիմն  անզուգական էր  64-ամյա Ջիմ Քերրիի «դերում»:

Աղբյուր

Կինոաշխարհ,  2026