«Բարս Մեդիա» կինոստուդիան հանդես է եկել հայտարարությամբ՝ խորին մտահոգություն հայտնելով Թուրքիայում ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյի դեմ ներկայացված մեղադրանքների կապակցությամբ։ Հետապնդման առիթ է դարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» վավերագրական ֆիլմի ցուցադրության կազմակերպումը։ Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Դիարբեքիրի Սեզաի Քարաքոչի անվան մշակութային կենտրոնում և նվիրված է եղել պատմական հիշողության, մարդու իրավունքների և 20-րդ դարի սկզբի ցեղասպանության զոհերի ճակատագրի քննարկմանը։

Այս տարվա մարտին թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյը դատվում է 301-րդ հոդվածով՝ «թուրքական ազգին և պետական ​​կառույցներին հրապարակայնորեն վիրավորելու» մեղադրանքով։

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը կազմել է մեղադրական եզրակացությունը՝ մեջբերելով «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի տեսարանները և երկխոսությունները։ Մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց նշվում է ֆիլմում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, հայերի դիմադրությունը որպես «ազատամարտիկների օրինական պայքար» պատկերելը, և հայերին իրենց անուններն ու կրոնը փոխելու հարկադրական տեսարանները հակասում են պատմական փաստերին։

Դատական ​​նիստի ընթացքում Աքսոյը հերքել է մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 6-ին։ Այս

«Բարս Մեդիա»  կինոստուդիայի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը միջազգայնորեն ճանաչված գեղարվեստա-վավերագրական նախագիծ է, որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած և ողբերգության հիշողության խորհրդանիշ դարձած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը։ Կինոնկարը լայն ճանաչում է ստացել միջազգային կինոփառատոներում և աշխարհի բազմաթիվ երկրներում օգտագործվում է կրթական ու մշակութային ծրագրերում՝ որպես կարևոր պատմական և հումանիտար նյութ։

«Բարս Մեդիա»-ի ներկայացուցիչները գտնում են, որ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար քրեական հետապնդման փաստն ինքնին լուրջ տագնապ է առաջացնում, քանի որ խոսքը մշակութային միջոցառման մասին է, որն ուղղված է պատմական հիշողության պահպանմանն ու հանրային երկխոսության զարգացմանը։ Ստուդիայում նշում են, որ արվեստը և վավերագրական կինոն պետք է մնան բարդ պատմական թեմաների ազատ քննարկման տարածք, իսկ ճնշումը մշակութային միջոցառումների կազմակերպիչների նկատմամբ վտանգավոր նախադեպ է ստեղծում արտահայտվելու ազատության և ակադեմիական քննարկումների համար։

«Բարս Մեդիան» կոչ է անում միջազգային մշակութային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և կինեմատոգրաֆիստների մասնագիտական միավորումներին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին։ Ստուդիայում շեշտում են, որ գեղարվեստական արտահայտման ազատության և պատմական իրադարձությունների քննարկման իրավունքի պաշտպանությունը ժամանակակից մշակութային տիրույթի կարևոր սկզբունք է։

Դիարբեքիրում ֆիլմի ցուցադրությունը դարձել է Թուրքիայի տարածքում կինոյի լեզվով և մշակութային երկխոսության միջոցով Հայոց ցեղասպանության թեմային հրապարակայնորեն անդրադառնալու հազվադեպ դեպքերից մեկը։ Հենց այդ պատճառով, ինչպես նշում են «Բարս Մեդիա»-ում, իշխանությունների արձագանքը և կազմակերպչի դեմ ներկայացված մեղադրանքները առանձնակի մտահոգություն են առաջացնում և պահանջում են ուշադիր վերաբերմունք միջազգային հանրության ու մշակութային ինստիտուտների կողմից։

Avrorayi lusabac- Inna Sahakajn

Օրերս՝ ՀԵՏՔ-ը, այս խայտառակ պատմության մանրամասները պարզելու համար զրուցել է «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ։ Հղում անելով «Հետք»-ին ներկայացնում ենք զրույցն ամբողջությամբ.

-Թուրքիայում ցուցադրության դեպքը եզակի՞ էր, թե նախկինում էլ են եղել խոչընդոտներ, բողոքներ ֆիլմի ցուցադրություններից։

-Դեռևս ֆիլմի արտադրության փուլում՝ 2019թ.-ին նախագիծն ընտրվել էր Եվրոպայի խորհրդի մշակութային հիմնադրամի՝ «Եվրիմաժի» աջակցության ծրագրում, դրան հետևել էր Եվրոպայի խորհրդում Թուրքիայի մշտական ներկայացուցչի/դեսպանի նամակը «Եվրիմաժի» տնօրենին՝ պահանջելով վերանայել որոշումը և մերժել ֆիլմի ֆինանսավորումը։ Ի պատասխան, «Եվրիմաժը» իրավական եզրակացություն էր հայցել Եվրոպայի խորհրդի իրավաբանական ծառայությունից, որը եզրակացրել էր, որ ուսումնասիրված նյութերում ոչինչ չի վկայում այն մասին, որ ֆիլմը կխթանի, կտարածի կամ կարդարացնի ատելության խոսք, կամ որ այն որևէ այլ կերպ կհրահրի բռնություն և այլն, և «Եվրիմաժը», որպես մշակութային հիմնադրամ, խթանում է բազմազանությունը և արտահայտվելու ազատությունը կինոարտադրության մեջ։ Ես ինքս այս մասին իմացել եմ հետո, նախագծի շուրջ «Եվրիմաժի» հետ աշխատելու ընթացքում, իրենք առանց մեզ ասելու կանգնել են նախագծի կողքին և մերժել ֆինանսավորման դադարեցման պահանջը։

Փառատոններում առանձնապես խոչընդոտներ չեն եղել։ Եղել էին բողոքներ ԱՄՆ-ում, երբ ցուցադրվում էր PBS հեռուստաընկերությունում։ Ընկերությանը բողոքներ էին գրել Ամերիկայում բնակվող թուրքերը` պահանջելով ֆիլմը հեռացնել ալիքից, բայց, իհարկե, PBS-ը չէր հանել։

-Ինչպե՞ս է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը հայտնվել թուրքական կինոփառատոնում։

-Մարդու իրավունքներին նվիրված փառատոն էր։ 2024 թվականին կապվեցին մեզ հետ, ասացին, որ ուզում են ցույց տալ, ինչը շատ զարմացրեց և ուրախացրեց մեզ։ Մեր դիստրիբյուտորներից մեկը փոխանցեց ֆիլմը։ Այս քրեական գործը, որը հարուցվել է Ռոջհիլաթ Աքսոյի նկատմամբ, աբսուրդ է, քանի որ 301-րդ հոդվածը ստեղծագործողներին է վերաբերում, իսկ Ռոջհիլաթը մեր ֆիլմի հետ ոչ մի առնչություն չունի, ուղղակի փառատոնի շրջանակում ցուցադրում է տեղի ունեցել, ֆիլմը ոչ մի կերպ չի արտացոլում իր կարծիքը։

-Ասացիք, որ այս դեպքից հետո եք ծանոթացել Ռոջհիլաթի հետ, խոսել եք այս դեպքի մասին, ո՞նց է տրամադրված։

-Շփվում ենք, բայց դժվար է կոմունիկացիան, ինքը անգլերեն չի խոսում, թարգմանիչով ենք խոսում։ Ինքը շնորհակալ է մեր աջակցության համար, շատ հանգիստ է։ Ամեն դեպքում վստահ է, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել, ի վերջո, դա փառատոնի ցուցադրությունն է եղել։ Ինձ ասում է՝ մի անհանգստացիր, ամեն ինչ նորմալ է։ Ինքը ընդամենը ցուցադրող միջնորդ է էստեղ, իր տեսակետը չի արտացոլվում։

Ես ինքս տարբեր իրավապաշտպանների, ռեժիսորների, պրոդյուսերների, կազմակերպությունների հետ կապի մեջ եմ, իրենք էլ են փորձում հասկանալ` ոնց գործեն, ոնց աջակցեն անարդարացիորեն մեղադրվող Ռոջհիլաթ Աքսոյին։