Բրիտանա-իտալական ռեժիսոր Կոզիմա Սփենդերը (հայտնի իր «Պալիո» վավերագրական ֆիլմով) նկարահանել է ֆիլմ՝ նվիրված իր պապին՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկուն։ «Arshile Gorky: Horizon West» ֆիլմը 23 րոպեանոց վավերագրական աշխատանք է, որը պատմում է 1941 թվականի ամռանը Գորկու՝ Նյու Յորքից Կալիֆոռնիա կատարած ճանապարհորդության մասին։

Այս կարճամետրաժ ֆիլմում ռեժիսորը ներկայացնում է մի շարք յուրահատուկ դրվագներ, որոնք հետագայում նշանակալի ազդեցություն են ունեցել նկարչի կյանքի և ստեղծագործական ուղու վրա։ Ճանապարհորդությունը, որը 1941 թվականի ամռանը Գորկին, նրա ապագա կինը՝ Մուգուշը, և քանդակագործ Իսամու Նոգուչին՝ հին «Ֆորդ» մեքենայով, անցնում են ողջ Ամերիկան՝ Նյու Յորքից հասնելով Սան Ֆրանցիսկո։Այս ուղևորության ազդեցությունը  բեկումնային է դառնում Գորկու համար։ Արևմտյան ափի բնապատկերները նրան հիշեցնում էին Հայաստանի բնությունը, ինչը նոր շունչ տվեց նրա ստեղծագործությանը՝ նպաստելով անցմանը դեպի ավելի ազատ, աբստրակտ ձևեր։Ֆիլմում օգտագործվել են ընտանեկան անձնական արխիվային կադրեր և լուսանկարներ, որոնք նախկինում լայն հանրությանը հասանելի չեն եղել։

Ֆիլմը ստեղծվել է Կոզիմա Սփենդերի կողմից՝ Peacock Pictures ծառայության, Արշիլ Գորկու հիմնադրամի աջակցությամբ և Hauser & Wirth պատկերասրահի հետ համագործակցությամբ։ Ֆիլմը նկարահանվել է հատուկ ցուցահանդեսի համար, որը բացվել է Լոս Անջելեսի «Hauser & Wirth» պատկերասրահում և կգործի մինչև ապրիլի 25-ը: Ցուցադրանքում ներկայացվում են նկարչի ուշ շրջանի (1940-ական թվականների) գործերը։

Ցուցադրանքը շեշտադրում է Գորկու կապը Կալիֆոռնիայի հետ և Արևմտյան ափի լանդշաֆտի ազդեցությունը նրա արվեստի վրա։ Այստեղ ներկայացված են բազմաթիվ գծանկարներ և կտավներ, որոնք ստեղծվել են այդ ճանապարհորդությունից հետո կամ դրա տպավորության ներքո։ Ցուցադրվում են նաև նրա հայտնի գլուխգործոցները, այդ թվում՝ «The Liver is the Cock’s Comb» շարքի էսքիզներն ու աշխատանքները։

Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան) ամերիկահայ նկարիչ է, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Նա համարվում է 20-րդ դարի ամերիկյան ամենաազդեցիկ արվեստագետներից։ Նրա գործերը ցուցադրվում են ԱՄՆ-ի խոշորագույն թանգարաններում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում։

Գորկին ծնվել է հայկական ընտանիքում՝ Վանի մոտ գտնվող Խորգոմ գյուղում։ 1915 թվականին, Հայոց ցեղասպանության ժամանակ, մոր և երեք քույրերի հետ տեղափոխվել է Ռուսական Անդրկովկաս։ Երևանում՝ մոր մահից հետո, 1920 թվականին նա գաղթել է ԱՄՆ։ Ստեղծագործական ինքնահաստատման տարիներին նա փոխել է իր անունը՝ դառնալով Արշիլ Գորկի՝ ի նշան իր սիրելի գրող Մաքսիմ Գորկու։

Հ.Գ. Կոզիմա Սփենդերը Արշիլ Գորկու դստեր՝ Մարո Գորկու դուստրն է։ Այս ֆիլմը ստեղծելիս նա ցանկացել է իր պապին ներկայացնել ոչ միայն որպես «ողբերգական հանճար», այլև որպես մարդ, որը լի էր կյանքով, հումորով և արկածախնդրությամբ։ Այս հատկանիշները հատկապես բացահայտվում են այդ ճակատագրական ճանապարհորդության ընթացքում։