2026-ին արհեստական բանականությունը կփոխարինի՞ կինոգործիչներին։ Այս թեմատիկ հարցին անդրադառնալու առիթը Հոլիվուդի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Բեն Աֆլեքի զրույցն է Joe Rogan Podcast-ում, որը վերաբերում էր արհեստական բանականությանը: Բեն Աֆլեքը մանրամասներ ներկայացնելով արհեստական բանականության մերօրյա հնարավորությունների մասին՝ նշել է, որ ԱԲ-ն պետք է դիտարկել որպես տեխնիկական գործիք, որը կփոխի արտադրական գործընթացները (որոշները՝ դեպի լավը, որոշները՝ դեպի վատը), այլ ոչ թե որպես կինոարտադրության ամբողջական փոխարինող։

Միանշանակ այդպես է։ ԱԲ-ն ինքնին վատ տեխնոլոգիա չէ. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է այն ստեղծվում, առևտրայնացվում և օգտագործվում մարդու կողմից։ Կինոաստղը շարունակելով թեման՝ նշել է, որ տեխնոլոգիան լավագույնս հարմար է «բոլոր այն բացերը լրացնելու համար, որոնք թանկ են և բեռ են դառնում», օրինակ՝ գրաֆիկայի ռենդերինգը կամ հետնապատկերի վայրերի փոփոխությունը (օրինակ՝ ստուդիան Հյուսիսային բևեռի տեսքի բերելը)՝ առանց տեղափոխվելու անհրաժեշտության։ Սակայն կարծում ենք, որ վիզուալ էֆեկտների (VFX) ընկերությունները կարող են դժվարությունների հանդիպել ժամանակի սղության պատճառով, երբ գործը հասնում է այնպիսի առաջադրանքների, ինչպիսիք են ռոտոսկոպիան և ֆոնային նկարչությունը, ինչն արդեն իսկ հանգեցնում է ԱԲ-ի լայն կիրառմանն այս ոլորտներում։ Այնուամենայնիվ, այն, ինչ մի մարդու համար «բեռ» է, մեկ ուրիշի համար կիրք է և արհեստ։ Բարձրորակ արտադրական արդյունք ստանալու համար սովորաբար դեռևս անհրաժեշտ է հմուտ մասնագետի աչքը՝ ԱԲ-ով կամ առանց դրա։ Անկախ նրանից, թե որքան հեռուն են մտադիր գնալ ընկերությունները VFX գործընթացում ԱԲ-ի ներդրման հարցում, մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի հավասարակշռենք նորարարության և ծախսերի կրճատման կարիքը՝ թիմերի մասնագիտական հմտությունների զարգացման հետ։

Բեն Աֆլեքի համոզմամբ՝ գեներատիվ ԱԲ-ն (ինչպիսին է ChatGPT-ն) ստեղծում է «անպետք» ստեղծագործական աշխատանք, քանի որ իր կառուցվածքով այն ձգտում է դեպի «միջինացված արդյունքի» կամ իր վերապատրաստման տվյալների միջին ցուցանիշին: Սակայն երբ կարդում ենք փորձագիտական տարբեր հարցազրույցներ, համոզվում ենք, որ այդքան էլ այդպես չէ: Սա տեխնիկապես լիովին ճշգրիտ չէ. կան բազմաթիվ կարգավորումներ և լծակներ, որոնց միջոցով կարելի է որոշել՝ մոդելը պետք է լինի «զգուշավոր», թե՞ ռիսկի դիմի և մտածի ստեղծագործաբար: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այստեղ հիմնական շեշտը մարդու ներգրավվածության անհրաժեշտության վրա է, այլ ոչ թե գաղափարները լիովին ԱԲ-ին վստահելու: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ լավագույն արդյունքները ստացվում են, երբ մարդիկ և ԱԲ մոդելները աշխատում են միասին՝ զգուշորեն և նպատակաուղղված: Ճիշտ ուղղորդելը մնում է անհրաժեշտություն և երաշխավորում է արդյունքը։

Նույն փոդքաստում քննարկվում էր, որ քիչ հավանական է, որ ԱԲ-ն երբևէ որևէ իմաստալից բան գրի կամ ֆիլմեր ստեղծի «դատարկ բանից», թեև այն կարող է ծառայել որպես երկրորդական գործիք սցենարիստների համար՝ կոնկրետ լոգիստիկ սցենարներ մշակելու հարցում: Սակայն կարծում ենք, որ ԱԲ-ի վրա հիմնված համակարգ ստեղծելը (գաղափարից մինչև իրականացում) այսօր միանգամայն հնարավոր է, սակայն դա չի հանգեցնի ազդեցիկ և հուզիչ արդյունքի: Այդուհանդերձ, կինոարտադրության գործընթացում ԱԲ-ի օգտագործման այնքան շատ արժեքավոր ձևեր կան, որ մեզ թվում է՝ այս տեսակետը զգալիորեն թերագնահատում է դրա հնարավորությունները:

Այստեղ անդրադարձ է կատարվել նաև այն «էկզիստենցիալ սարսափին», թե ԱԲ-ն երկու տարում կկործանի ոլորտը։ Սակայն հոլիվուդյան մասնագետներն էլ են վստահեցնում, որ դա պարզապես տեխնոլոգիական ընկերությունների կողմից առաջ մղվող թեզ է՝ ներդրողների առաջ բարձր գնահատումներն ու հսկայական կապիտալ ծախսերը արդարացնելու համար: Արտիստը նաև անդրադարձել է անվան և արտաքին նմանության վերաբերյալ գործող օրենքներին, որոնք, ըստ նրա, թույլ չեն տալիս ընկերություններին պարզապես վաճառել կամ օգտագործել դերասանի կերպարը առանց թույլտվության:

Սակայն այս փաստը բավարար չէ գործնականում մարդկանց պաշտպանելու համար: Օրինակ՝ եթե դուք հայտնի դեմք եք, արտադրողները կարող են ակամա ԱԲ-ի միջոցով ստեղծել ձեզ նմանվող բովանդակություն՝ առանց ձեր իրական լուսանկարներն օգտագործելու: Մյուսները կարող են փորձել դերասանի պաշտպանված տվյալները ներբեռնել ԱԲ մոդելների մեջ նախագծի վաղ փուլում՝ կարծելով, թե ռիսկը փոքր է: Թեև շատ դերասաններ այժմ դա արգելում են իրենց պայմանագրերում, ոլորտի շատ աշխատակիցներ չեն հասկանում իրական ռիսկերը, և սխալներ հաճախ են պատահում:

Այստեղ գալիս ենք մի կարևոր եզրահանգման՝ թեև ԱԲ-ն կարող է ստեղծել ֆոտոռեալիստիկ պատկերներ, այն չի կարող վերարտադրել իրական կյանքի փորձառությունների բարդությունները, որոնք թույլ են տալիս դերասանին հաղորդել անկեղծ հուզական խորություն: Օրինակ՝ Դուեյն Ջոնսոնը, ով օգտագործել է իր հոր կախվածության և մոր քաղցկեղի հետ կապված իրական տրավման՝ «The Smashing Machine» ֆիլմի տեսարաններից մեկում խաղալիս:

Թեև նշենք, որ ներկայիս մոդելները վարժեցված են իրական մարդկանցից ստացված այնքան շատ տեղեկատվության վրա, որ կարող են բավականին լավ նմանակել մարդկային փորձառության որոշակի աստիճան: Սակայն, եթե հանդիսատեսի համար կոնկրետ պատմության իրական արժեքն այն է, որ այն իրական մարդու մասին է, ապա ԱԲ-ի օգտագործման դեպքում միշտ ինչ-որ բան թերի կմնա։

Պատրաստեց Վովա Արզումանյանը