Լիլում կայացած Series Mania ֆորումի շրջանակում՝  մարտի 26-ին,  ինը երկրներ ստորագրել են Եվրոպայի խորհրդի նոր կոնվենցիան՝ սերիալների (տեսալսողական ստեղծագործությունների) համատեղ արտադրության մասին (CETS No. 230 – «Լիլի կոնվենցիա»)։ Այդ երկրներն են՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Չեռնոգորիան, Լեհաստանը և Պորտուգալիան։

Այս կոնվենցիան առաջին միջազգային իրավական շրջանակն է, որը նվիրված է հեռուստատեսային և սթրիմինգային սերիալների անկախ համատեղ արտադրությանը։ Այն վճռորոշ քայլ է եվրոպական և համաշխարհային տեսալսողական ոլորտի համար՝ արագ փոփոխությունների այս ժամանակաշրջանում։ Քանի որ հարթակները վերափոխում են պատմությունների ֆինանսավորման, արտադրության և սպառման ձևերը, պայմանագիրը սահմանում է հստակ, ընդհանուր կանոններ՝ անդրսահմանային համագործակցությունն ամրապնդելու, անկախ արտադրողներին աջակցելու և ավելի բարդացող շուկայում մեծ թափանցիկություն ու կանխատեսելիություն ապահովելու համար։

Այս նոր իրավական գործիքը հիմնված է 2022 թվականի ապրիլի 1-ի Նախարարական հռչակագրով ստեղծված քաղաքական ուժի վրա, որով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները կոչ էին անում ստեղծել ավելի ամուր շրջանակներ՝ զարգացող թվային միջավայրում տեսալսողական համատեղ արտադրությանը սատարելու համար։ Միևնույն ժամանակ, այն լրացնում է Սերիալների համատեղ արտադրության պիլոտային ծրագիրը, որը տրամադրում է կոնկրետ ֆինանսական աջակցություն և գործնական հարթակ՝ անկախ արտադրողների միջև համագործակցության համար։

Մինչ կոնվենցիան սահմանում է համատեղ արտադրության իրավական և համագործակցային կառուցվածքը, Պիլոտային ծրագիրը հանդես է գալիս որպես գործառնական գործիք, որը թույլ է տալիս նախագծերը մշակել և ֆինանսավորել գործնականում։ Այսպիսով, երկու գործիքները լրացնում են միմյանց. մեկը սահմանում է ընդհանուր կանոններ և երկարաժամկետ կայունություն, իսկ մյուսը հեշտացնում է անմիջական իրականացումն ու արդյունաբերության կողմից դրա կիրառումը։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրը կարող է գործել ինքնուրույն՝ ապահովելով ճկունություն մասնակից երկրների և արտադրողների համար։

Ստորագրման արարողության ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն շնորհակալություն հայտնեց ստորագրող կողմերին և հորդորեց Եվրոպայի խորհրդի մյուս անդամ երկրներին նույնպես ստորագրել և վավերացնել այն։ Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երեք վավերացում, որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից։

Բացի տեխնիկական դերից, կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել եվրոպական բազմազան և բարձրորակ պատմությունների ստեղծման պայմանները՝ գերհագեցած և անկայուն տեղեկատվական տիրույթում։ Այն կօգնի ապահովել, որ լսելի լինեն ինքնատիպ ձայներ, պահպանվեն բազմակարծիք պատումները, իսկ եվրոպացի ստեղծագործողներն ավելի լավ զինված լինեն՝ դիմակայելու շուկայի կենտրոնացմանը և ապատեղեկատվության աճող ճնշմանը։ Այս առումով Գլխավոր քարտուղարն ընդգծել է.

«Այս պայմանագիրն ավելի լավ կամրապնդի անկախ արտադրողների դիրքերը ոչ եվրոպական խաղացողների կողմից գերիշխող շուկայում՝ ալգորիթմների կողմից թելադրված տնտեսական մոդելների համապատկերում»։ Բացի նման ներդրումից, Գլխավոր քարտուղարը շեշտել է, թե ինչպես է նոր կոնվենցիան ներկայացնում «ռազմավարական ազդակ եվրոպական արտադրության ապագա տոկունության համար՝ հիշեցնելով, որ Եվրոպան ամենաուժեղն է, երբ քաղաքականություն մշակողները, ստեղծագործողները, հանրային լրատվամիջոցները և արդյունաբերությունը գործում են միասնական»։

Աղբյուր