Երևանում բացվեց «Պեպո-90» ցուցադրությունը
Հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Պեպո»-ի ստեղծման 90-ամյակի առթիվ փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվեց «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է։ Ցուցահանդեսում ներկայացված են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութեր, որոնք վերաբերում են «Պեպո»-ին։ Փաստագրական ցուցանմուշների կողքին հնարավոր է տեսնել «Տերյան» մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծած յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն:
«Պեպո»-ից հետո Խաչատրյանը 20-ից ավելի ֆիլմերի երաժշտություն է գրել։ 2013 թվականին Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում:
Ցուցադրությունում ներառվել են Արամ Խաչատրյանի՝ «Պեպո» ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաները, որոնք կոմպոզիտորի տուն-թանգարանին է նվիրել Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ ԳԱԹ-ի հավաքածուից ներկայացված են փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ։ Հոբելյանի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը «Հայաստան» հրատարակչության հետ համատեղ լույս է ընծայել «Պեպոյի երգը» ժողովածուն, որը ևս ցուցադրված է։