Ծերերի մասին պատմությունները, թեկուզ միայն մի տատիկի կամ պապիկի կադրն էկրանին արդեն իսկ մարդու սիրտ է ցավեցնում։ Որովհետև ոսկե կանոն է՝ երեխաներն ու ծերերը չպետք է տառապեն, դժվարություններ տեսնեն։ Նրանք խոցելի են, նրանց  անմխիթար վիճակը հասարակության ամոթն ու խարանն է։ Տարեցների մասին հաղորդումներն ու ֆիլմերն ազդեցիկ են, մորմոքող, հատկապես երբ նրանք ծերանոցում են ապրում։ «Վերապրել Շեքսպիրին» վավերագրական լիամետրաժ ֆիլմը ընթացքում է մորմոքում ու ցավեցնում, բայց միևնույն ժամանակ լուսավոր, պայծառ զգացողություններ է առաջացնում, որովհետև հերոսներն ու հերոսուհիներն իրենց  ոչ երջանիկ ծերությունը միայնակ չեն անց կացնում։ Նրանք բախտակիցներ են, կողք կողքի են, թիկունք թիկունքի, մի քաղցր խոսքով իրար մխիթարող, նույն առօրյայով ապրող։

Kinoashkharh.am-ը զրուցել է «Վերապրել Շեքսպիրին» վավերագրական ֆիլմի համառեժիսոր Իննա Սահակյանի հետ։ Ֆիլմն արդեն մեծ էկրան է բարձրացել, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում (IDFA)…ինչպես ստեղծվեց «Վերապրել Շեքսպիրին»-ը, ինչ ճանապարհ է այն անցնում՝ հաջորդիվ։

Veraprel Shekspirin vaveragrakan filmy mec ekranin

«Ավրորայի լուսաբաց»-ից հետո ինչ-որ թեթև ֆիլմ էի ուզում

Նկարահանումներն սկսվել են 2022 թվականի վերջից և տևել 3 տարուց ավելի։ Ինտենսիվ նկարահանումները  2023-2024 թվականներին են եղել։ Գաղափարն իմն է, բայց ֆիլմի իրականացման համար մեծ թիմ է աշխատել։ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմին զուգահեռ՝ թեմաներ էի փնտրում։ «Ավրորան» մեծ դժվարություններով իրականություն դարձավ, իրական կյանքում ևս ծանր ժամանակներ էին՝  բոլորս վերապրել էինք 44 օրյա պատերազը, դրա հետևանքները,  կորուստները։ Ինչ-որ թեթև  թեմա էի փնտրում։ Ծանոթիս  միջոցով իմացա, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցները թատերական խմբակ ունեն, ներկայացումներ են բեմադրում։ Այդ ժամանակ «Տաքսի-տաքսի»-ի փորձերն էին իրականացնում։ Թույլտվություն ստացանք և  օպերատորի հետ,  տեսախցիկով գնացինք ծերանոց  հենց «Տաքսի-տաքսի» ներկայացման օրը։

Շատ տպավորված էի, որովհետև տարեցները արտակարգ էին խաղում։  Սկսեցի մտածել, գրել. ներկայացումների բեմադրող ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանի հետ կապվեցի։ Ցավոք, մինչև մեր նկարահանումները, ծերերի թատերական թիմից շատերը մահացան։ Բայց ակնհայտ էր, որ  նրանց ներկայացումներին հետևելով՝ կարող ենք բազմաշերտ վավերագրություն ստանալ։ Նրանք այնքա՜ն լավն էին, այնքա՜ն դրական էմոցիաներ էին արթնացնում։ Թվում էր՝ հենց այդպիսի ֆիլմ է լինելու՝ դրական էմոցիաներ հաղորդող, թատրոնի, արվեստի բուժիչ ուժի և ընկերության մասին, բայց ինչպես վավերագրության մեջ  հաճախ է լինում, այն, ինչ պատկերացնում ես, վերջում բոլորովին այլ բան է ստացվում։ Իրողությունները, անգամ հերոսները  նկարահանումների ընթացքում փոխվում են։ Արդյունքում, թատրոնը, որի շուրջ ի սկզբանե ֆիլմը պիտի կառուցված լիներ, մղվեց երկրորդ պլան, իսկ իրական մարդկանց պատմությունները դարձան ֆիլմի առանցքը։ Ֆիլմը միաժամանակ անհատների, բայց նաև կոլեկտիվի մասին է, կոնկրետ հաստատության, բայց նաև ժամանակի, անձնական ցավերի,  բայց նաև համամարդկային ողբերգությունների մասին։

Veraprel Shekspirin vaveragrakan filmy mec ekranin

Գառնիկն ու Շեքսպիրը

Գառնիկ Սեյրանյանը առանձնահատուկ դեր ուներ այս նախագծի իրականացման գործում։ Ծերանոցի բնակիչների հետ նրա թատերական աշխատանքն է առանցքային գործոնը, որը ճյուղավորվում է, վերաճում պատմությունների։ Շատ էի ուզում, որ այս ֆիլմը դառնա զրույց նաև միջազգային հանդիսատեսի հետ։ Բայց որպեսզի լոկալ պատմության շուրջ կառուցված ֆիլմը նաև հետաքրքրի աշխարհին, այլ շարժառիթ էլ էր պետք։ Գառնիկի հետ զրույցում հասկացանք, որ թե՛ հենց մեր հերոսների, թե՛ միջազգային հանրության համար հետաքրիր կլինի, եթե հայաստանյան տուն-ինտերնատում տարեցները Շեքսպիր բեմադրեն։

Ներկայացման սցենարը Գառնիկի գաղափարն էր։ Նա գրեց «Շեքսպիսի մեղքերը» պիեսը, որում շեքսպիրյան հայտնի, բայց արդեն տարեց հերոսներն անդրշիրիմյան աշխարհում փնտրում են պոետին, որպեսզի պարզեն, թե ինչու է իր ստեղծագործություններում աղավաղել նրանց կյանքի պատմությունները։ Շատ հետաքրքիր պիես ստացվեց, ու ամենակարևորը՝ դերերը համապատասխանում էին դերասաններին,  իսկ ներկայացումն անդրադառնում էր շեքսպիրյան բազմաշերտ դրամաներին, որոնք արդիական էին նաև մեր հերոսների կյանքում։  Սցենարը ավարտելուց հետո սկսվեց Գառնիկի աշխատանքը թատերախմբի հետ, իսկ մենք վավերագրեցինք ամբողջ ընթացքը և ավելին։

Բացի Գառնիկի՝ ծերերի հետ աշխատանքից, ըստ  սցենարի՝ բեմադրությունից, ֆիլմում ամեն ինչը նկարահանվել է առանց նախօրոք ծրագրելու, բեմադրելու։ Այդ պահին ինչ կատարվել է, ինչ եղել է, դա էլ մեր տեսախցիկն արձանագրել է։

Veraprel Shekspirin vaveragrakan filmy mec ekranin

Постановка կոչվածը չկա

Ֆիլմը ծայրից ծայր մաքուր, բնական  վավերագրություն է։ Մենք նրանց առօրյայից դուրս ոչինչ չենք արել, ոչինչ չենք բեմադրել, չենք ուղղորդել, թե ինչ անեն, ինչ ասեն։ Երբեմն ուղղակի իրավիճակ ենք ստեղծել, որպեսզի նրանց առօրյան ավելի ցայտուն, ավելի ըմբռնելի ցույց տանք, որ  ավելի շատ ու ավելի լավ բացահայտվեն։   300 ժամ նկարահանած նյութ ունենք, որից ստացել ենք 90 րոպենոց ֆիլմ։ Տեսեք՝ որքա՜ն կադրեր ու պատմություններ, որքա՜ն վավերագրություն է  դուրս մնացել ֆիլմից։ Կարելի է 20 տարբեր ֆիլմ ստանալ։ 10-ից ավելի հերոս ունենք. յուրաքանչյուրի մասին առանձին ֆիլմի նյութ կա։

Մենք շեշտը չենք դրել սոցիալական խնդիրների վրա, խոսել ենք կորցրած ժամանակի մասին, որտեղ ուզում են վերադառնալ մեր հերոսները։ Այդ ժամանակներում նրանք երջանիկ են եղել, մենակ չեն եղել։ Ֆիլմում ներկայացված են տարբեր պատմություններ։ Տարեցները հիշողությամբ են վերապրում երջանիկ անցյալը, երբ ընտանիք ունեին, ծնողներ, և երբևէ չէին պատկերացնի, որ մի օր կհայտնվեն տուն-ինտերնատում։
Վավերագրության նրբություններից մեկն էլ այն է, որ հերոսներիդ հետ պիտի ընկերանաս՝ մինչև նկարահանումները։ Նրանք պիտի քեզ վստահեն, պիտի իրենցից մեկը դառնաս, որպեսզի ձեր մեջ ոչ մի պատնեշ չլինի։ Մինչև նկարահանումները, բոլորս ծերանոցի բնակչների հետ ընկերացել ենք։ Տարեց մարդիկ ուշադրության կարիք ունեն, ուզում են պատմել, խոսել, իսկ կողքներին մեկը լինի, որ ուշադիր լսի իրենց։ Դա նկատել եմ նաև իմ մեկ այլ՝ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմում, որի համառեժիսորը Արման Երիցյանն է։

Այդ իմաստով տարեցների հետ աշխատելը հեշտ է եղել։

Veraprel Shekspirin vaveragrakan filmy mec ekranin

Արցախցի Գայանեն ու Արցախի շրջափակումը

Մենք սկզբում որոշել էինք պատմությունները ներկայացնել 4 պատերի ներսում, բայց յուրաքանչյուր ֆիլմ, որը միջազգային հանրությանն է հասնում, յուրօրինակ գործիք է, որով մենք կարող ենք խոսել  նաև մեր ցավի մասին։ Ուստի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չէինք կարող և չէինք ուզում շրջանցել։ Թատերախմբի մասնակիցներից մեկը՝ արցախցի Գայանեն, Նորքի տուն-ինտերնատ էր տեղափոխվել 2020թ-ի պատերազմից հետո և երազում էր վերադառնալ Ստեփանակերտի ծերանոց։ Մեր առաջին նկարահանումների ժամանակ նա վերադարձավ  Արցախ, բայց ընդամենը օրեր անց սկսվեց շրջափակումը։ Այս ընթացքում տուն-ինտերնատի բնակիչները  հեռուստացույցով հետևում էին շրջափակման մասին նորություններին, իսկ 2023 թ-ի սեպտեմբերի հարձակումներից հետո Գայանեն, ինչպես բոլոր արցախցիները,  բռնի տեղահանվեց հայրենիքից ու վերադարձավ Երևան՝ Նորքի տուն-ինտերնատ։ Գայանեի աչքերն ու լուռ հայացքն արդեն իսկ շատ բան էին պատմում։  Գառնիկի հետ զրույցում Գայանեն մանրամասնում է, որ Ադրբեջանի հարձակման ժամանակ ռմբակոծվել էր նաև իրենց ծերանոցը, պատմում է վիրավոր ծերերի ու երեխաների մասին, ու որ էթնիկ զտման հետևանքով  ամբողջ արցախահայությունը ստիպված էր բռնագաղթել ու տեղափոխվել Հայաստան։

Ինձ շատ ուրախացնում է, որ ֆիլմը, չունենալով  լրատվամիջոների հետ աշխատող PR թիմ, արդեն ունի 6 միջազգային կարևոր անդրադարձ, ու բոլորն արծարծել են Արցախի պատմությունը, թեև այն ընդհանուր ֆիլմի մի փոքև մասն է միայն։ Ինձ համար սա շատ կարևոր է։

Veraprel Shekspirin vaveragrakan filmy mec ekranin

Ֆիլմը Հայաստան-Հոլանդիա համարտադրություն է

Ես և Լիլիթ Մովսիսյանը սցենարի համահեղինակներն ենք։ Քանի որ  «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հետ ես անընդհատ ճամփորդում էի, այդ շրջանում Լիլիթը նաև նկարահանման հրապարակի ռեժիսորն էր և նկարահանումների մեծ մասը նա է իրականցրել տաղանդաշատ երիտասարդ օպերատոր Բագրատ Սարոյանի հետ։ Հետո մեզ միացավ համառեժիսոր Ռուբեն Ղազարյանը, որի հետ  շարունակեցինք նկարահանումները, սցենարը և վավերագրության մեջ ամենակարևոր՝ մոնտաժային աշխատանքները։ Մոնտաժի ռեժիսորի անունն եմ ուզում նշել՝ Արթուր Սահակյան։ Այս երիտասարդը շատ մեծ դեր ունի մեր ֆիլմում։ Առհասարակ  շատ խոստումնալից երիտասարդներ ունենք։ Պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանն է («Բարս Մեդիա»)։

«Վերապրել Շեքսպիրին» ֆիլմի մի  տարբերակն ավելի վաղ էինք ավարտել, բայց հետո մեր համապրոդյուսերները միացան Հոլանդիայից, և որոշեցինք ավելի երկար աշխատել ու ֆիլմը փոխել։ Այն դարձավ Հայաստան-Հոլանդիա համարտադրություն, և ֆիլմի հետարտադրական աշխատանքներն իրականացվեցին Ամստերդամում։ Վերջնական տարբերակը պատրաստ էր 2025-ի աշնանը։ Պրեմիերան տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ միջազգային վավերագրական ֆիլմերի՝  Ամստերդամի  փառատոնում՝ IDFA-ում։ Հունվարին ֆիլմը «Տրիեստե» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում էր։ Հիմա ունենք մի քանի հրավեր՝ Գերմանիայից, Իսպանիայից, բայց դրանց մասին հայտարարել դեռ չեմ կարող, քանի դեռ փառատոների պաշտոնական ծրագրերը հրապարակված չեն։ Ձմեռը փառատոների ակտիվ շրջան չէ,  համաշխարհային պրեմիերան նոյեմբերին է եղել, այնպես որ դեռ 1-1,5 տարի «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմը կշրջագայի տարբեր փառատոներում, կբարձրանա տարբեր էկրաններ։ Գարնանը փառատոնային ընթացքը կշարունակենք։

Veraprel Shekspirin vaveragrakan filmy mec ekranin

Kinoashkharh.am-ը զրուցել է նաև ֆիլմի օպերատոր  Բագրատ Սարոյանի հետ. մեզ հետաքրքրում էր՝ երիտասարդ մասնագետն ինչպե՞ս է կարողացել լեզու գտնել տարեցների հետ, որոնք հաճախ կարող են քմահաճ լինել, չեմուչում անել ու չցանկանալ նկարահանվել։ Բագրատ Սարոյանը պատմեց. «Մինչ այս ֆիլմը, տարեցների հետ աշխատելու փորձ ունեի. նկարահանել էինք «Սաղսարա» նախագիծը. ծերերը ժողովրդական երգեր էին երգում, մենք նկարում էինք։ Ծերանոցը տարբերվում էր, որովհետև բնակիչներին հազվադեպ են այցելում, տարբեր խնդիրներ, ճակատագրեր ունեցող մարդիկ են։ Համարյա 3 տարի տևեց նախագիծը, 50 օրից  ավելի նկարահանումներ ենք արել։ Արդեն հարազատ մարդիկ էինք  նրանց համար։ Առանձնապես խնդիր չի եղել տարեցներին  նկարելիս, հատկապես թատերախմբի անդամների հետ ամեն ինչ հարթ է անցել։

Bagrat Saroyan operator film Veraprelov Shekspirin

Վավերարագրական ֆիլմ նկարելու համար պետք է կերպարների հետ ընկերանաս, յուրահատուկ մոտեցում, հարաբերություն ունենաս, որ կարողանաս նրանց բացահայտել։ Որքան էլ որ օպերատորի  գործը զուտ նկարելն է, այնուամենայնիվ, պետք է  առանց ռեժիսորի օգնության, ինքդ էլ տեսնես ու հասկանաս՝ ի՞նչն է պետք այդ պահին նկարել, ի՞նչն է կարևոր։ Բացի կադրին նայելուց, նաև պետք է ականջներդ սրած լինես, զգաս, լսես, հասկանաս՝ ի՞նչ է  կատարվում շուրջդ։ Վավերագրական ֆիլմերի դեպքում, ճիշտ է, մոնտաժից շատ բան է կախված, բայց նաև նկարահանված նյութն է կարևոր՝ ի՞նչ ու ինչպե՞ս ես նկարել։

Շատ եմ տպավորվել Անահիտի մարդկային կերպարից։ Նա անվասայլակի վրա էր, թատերախմբում չկար, բայց առանցքային  դեր ունի, առանձին գիծ է տանում ֆիլմում։ Իր որդու հետ կապ չունի, բայց անընդհատ նրա հեռախոսահամարն է փնտրում, որ խոսի հետը։ Բայց չի ստացվում։ Անահիտին ծերանոցում այնքան էլ չէին սիրում. նա վառ կերպար էր, հետաքրքիր ներաշխարհ ու մտածողություն ուներ։ Նաև շատ էր ծխում, երևի դրա համար էին խուսափում Անահիտից։ Բոլորից սիգարետ էր ուզում։ Մենք երբ գնում էինք ծերանոց, նախ մտնում էինք նրա սենյակ, մի տուփ սիգարետ էինք տալիս։ Մտավորականների ընատնիքից էր. ռուսերենի ուսուցչուհի էր եղել։

Ծերանոցը օպերատորական աշխատանքի համար գտնված վայր էր։ Պատերին շատ նկարներ կային, բիլյարդի սրահ, երկու մասնաշենք՝ հին ու նոր,  աղոթատեղի։ Պետք էր չշտապել ու հնարավորիս շատ նկարել, ստանալ առավելագույն պատկերներ, մանավանդ որ տարեցները դանդաղ էին շարժվում ու հնարավոր էր կանխատեսել, թե նրանք ուր են գնալու, ինչ են անելու։ Մարդիկ տարբեր էին՝ մեկը իրեն էր մեղադրում, որ կյանքում սխալներ է արել, ու վերջին հանգրվանը ծերանոցն է դարձել, մյուսը հարազատներին էր մեղադրում…մենք ուղղակի լսել ենք, նրանց գործողություններին հետևել ու նկարել»։

 Իննա Սահակյանի հաջորդ ֆիլմը՝ պատերազմական հանցագործությունների մասին. առանցքում դարձյալ Արցախն է

Իմ  հաջորդ ֆիլմը կոչվում է «Մեր առջև»։ «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմի նկարահանումներին զուգահեռ՝ մեր թիմն արդեն 2 տարի աշխատումInna Sahakyan Veraprelov Shekspirin է այս վավերագրության վրա։ Այն արցախյան պատերազմի վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմական և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների մասին է՝ միջազգային աշխարհակարգի ներկա խարխլված իրավիճակի համատեքստում։ Ֆիլմը հետևում է երկու կանանց, որոնք  մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում միջազգային ատյաններում պայքարում են արդարության հասնելու համար։ Ֆիլմում ներգրավված են այդ հանցագործություններից տուժող անձանց ու ընտանիքների պատմությունները։ Նախագծի արտադրության ընթացքին և հերոսներին չվնասելու համար այժմ շատ բան ասել չեմ կարող. ֆիլմն արդեն իսկ արտադրական շրջանում միջազգային հաջողություններ ունի, այն Հայաստան-Բելգիա համարտադրություն է։

Հենց նույն IDFA-փառատոնին կից անցկացվող   վավերագրական կինոյի ամենամեծ  կինոշուկայում, 2024 թվականին  գլխավոր փիչինգի 12 նախագծերից մեկն է եղել։ Նկարահանումներն ընթացքի մեջ են, որոնց մի մասը իրականացվում է ԱՄՆ-ում։

Հ.Գ.-«Վերապրել Շեքսպիրին» ֆիլմը չմիջնորդավորված, չմիջամտված վավերագրություն է, որտեղ տարբեր պատմություններ զուգահեռ են ներկայացվում, ու որոշներն ինչ-որ պահի խաչվում են։ Օրինակ, երբ ծերանոցում սեր է ծնվում, սիրո առաջարկություն են անում ու ամուսնանում։ Տարեց մարդու սիրտը սիրուց թրթռում է, երջանկանում, բայց ջարդված ճակատագրերն այլևս կպցնել-սոսնձել հնարավր չէ։ Բաժանվում են։ Մեկ այլ պատմություն. կոկետուհի Լիգիան՝ աշխույժ, լավատես, թվում է՝ անսահման երջանիկ ու անհոգ։ Նա զավակներ ունի, մի երեկո տուն է գնում՝ ընտանիքին այցի։ Պարզվում է՝ նրան չէին սպասում. անկոչ հյուր է, որի այցը տհաճություն է պատճառում հարազատներին, իսկ նա հոգու խորքում ուրախ է, որ հարազատներ ունի, որոնց պատմում է՝ ինձ ասում են՝ երանի՜ քեզ, գնալու տեղ ունես։ Իրականում հենց նա է, որ ընտանիք, տուն ու հարազատներ ունենալով՝ գնալու տեղ չունի։

Հարցազրույցը՝ Նաիրա Փայտյանի


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05