ԲԵՌԼԻՆԸ «ՎԵՐԱՆՎԱՆԵՑԻՆ» ԱՆԿԱՐԱ
Բեռլինի 76-րդ միջազգային կինոփառատոնում ամփոփվեցին արդյունքները և հանձնվեցին մրցանակները։ Երկու գլխավոր պարգևները բաժին հասան ժամանակակից Թուրքիայի մասին պատմող ֆիլմերին։ «Ոսկե արջը» շնորհվեց թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Իլքեր Չատաքի «Դեղին նամակներ» ֆիլմին։ Ժյուրիի Գրան պրի մրցանակը ստացավ թուրք ռեժիսոր Էմին Ալփերի «Փրկություն» ֆիլմը։ Այս երկու հաղթողներից ոչ մեկը մրցույթի ակնհայտ ֆավորիտ չէր համարվում։ Գերմանիայում ծնված և գերմանական կինոարտադրության մեջ հաստատված Չատաքը միջազգային ճանաչում ունի․ նրա ակտիվում կա նույնիսկ «Օսկար» մրցանակի անվանակարգում ընդգրկված «Ուսուցչանոցը» ֆիլմը։ Այդ ֆիլմի գործողությունները ծավալվում են գերմանական դպրոցում, և սյուժետային գծերից մեկը վերաբերում է էթնիկ թուրք դեռահասի նկատմամբ խտրականությանը։
Նոր ֆիլմում ռեժիսորը շարունակում է խտրականության մեխանիզմների ուսումնասիրությունը՝ արդեն թուրքական նյութի հիման վրա։ Թեպետ «Դեղին նամակների» գործողությունները տեղի են ունենում Անկարայում, ապա՝ Ստամբուլում, սակայն ենթագրերը տեղեկացնում են, որ մենք գտնվում ենք «Բեռլինում՝ որպես Անկարա», և շենքերի վրա իսկապես երևում են գերմաներեն գրություններ։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Գերմանիայում, որտեղ Բեռլինն ու Համբուրգը «խաղում են» թուրքական քաղաքների դերերը։ Սա ստեղծում է միաժամանակ և՛ համընդհանուրության, և՛ անորոշության ու երկիմաստության զգացում։
Ֆիլմի հերոսները ամուսիններ են՝ ձախակողմյան մտավորականներ։ Կինը խաղում է ամուսնու գրած պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ, իսկ ամուսինը ուսանողներին խրախուսում է մասնակցել բողոքի ցույցերին։ Արդյունքում երկուսն էլ հայտնվում են իշխանությունների դժգոհության թիրախում, զրկվում աշխատանքից և, հետևաբար, նաև սովորական կենսակերպից։ Ֆիլմի կենտրոնում ընտանիքի քայքայման գործընթացներն են և այն փոխզիջումները, որոնց պատրաստ են նրա անդամները։ Սակայն, չնայած դերասանների տպավորիչ խաղին, սցենարին պակասում է կոնկրետությունը, իսկ ռեժիսուրային՝ դինամիկան։
«Փրկություն» ֆիլմը ավելի ինքնատիպ է, քանի որ նկարահանվել է Թուրքիայի խորքերում՝ հիմնվելով իրական իրադարձությունների վրա։ Այն անդրադառնում է 2009 թվականին քրդական գյուղում նշանադրության ժամանակ տեղի ունեցած սարսափելի կոտորածին, որի հետևանքով զոհվել է 44 մարդ։ Ֆիլմում բռնության պայթյունը պայմանավորված է կլանային թշնամությամբ, իշխանության համար պայքարով և նույնիսկ սեռական բարդույթներով։ Չնայած դերասանների վառ խաղին՝ գեղարվեստական կառուցվածքը որոշակի վերացականություն ունի։ Ոմանք ֆիլմը դիտարկել են որպես Գազայում տեղի ունեցող իրադարձությունների անդրադարձ, սակայն նման զուգահեռը չափազանց հեռավոր և արհեստական է թվում։ Այդուհանդերձ, ֆիլմը նաև լիարժեք պատկերացում չի տալիս ժամանակակից Թուրքիայի մասին։
Ժյուրիի երրորդ կարևորության մրցանակը՝ «Արծաթե արջը», ստացավ Լենս Համմերի «Թագուհին ծովում» ֆիլմը, որը նվիրված է տարեցների դեմենցիայի թեմային։ Երկրորդ պլանի լավագույն դերերի համար պարգևատրվեցին վետերան դերասաններ Աննա Կալդեր-Մարշալը և Թոմ Քորթնին։ Իրականում նրանց դերերը ոչ միայն փայլուն, այլև փաստացի գլխավոր էին, ի տարբերություն Ժյուլիետ Բինոշի մարմնավորած կերպարի։ Սակայն Բեռլինում մրցանակաբաշխության հիերարխիան այսպիսին է։ Ամեն դեպքում, հենց այս պարգևատրումն էր արարողության ամենահուզիչ պահը։
Գլխավոր դերակատարման մրցանակը կանխատեսելիորեն ստացավ Սանդրա Հյուլլերը՝ ավստրիա-գերմանական «Ռոզա» ֆիլմում կնոջ կերպարի համար, որը տղամարդու կերպարանքով փորձում է ազատություն գտնել հայրիշխանական հասարակությունում։ Լավագույն ռեժիսուրայի մրցանակը հանձնվեց ամերիկացի Գրանտ Ջիին («Բոլորը սիրում են Բիլ Էվանսին»), իսկ լավագույն սցենարի մրցանակը՝ քվեբեկցի Ժենևիև Դյուլյուդ-Դե Սելին («Նինա Ռոզա»)։ Գերմանական ռեժիսուրայի «իկոնա» Անգելա Շանելեկը («Կինս լացում է») մնաց առանց մրցանակի։ Ժյուրին, չափազանց կենտրոնանալով թուրքական թեմատիկայի վրա, անտեսեց նաև սինգապուրյան «Մենք բոլորս անծանոթներ ենք», մեքսիկական «Ճանճերը» և ամերիկյան «Ջոզեֆինա» ֆիլմերը։
Փառատոնի ընթացքում զարգանում էր նաև մեկ այլ՝ քաղաքական ենթաշերտ։ Ժյուրիի նախագահ Վիմ Վենդերսը առաջին մամուլի ասուլիսում հանդես եկավ արվեստի քաղաքականացման դեմ և հրաժարվեց դատապարտել Իսրայելի գործողությունները Գազայում։ Դրան անմիջապես հետևեց քննադատության ալիքը։ Ութ տասնյակ կինոգործիչներ (այդ թվում՝ Թիլդա Սուինթոնը, Խավիեր Բարդեմը, Մայք Լին ու Նան Գոլդինը) ստորագրեցին հայտարարություն՝ քննադատելով փառատոնի դիրքորոշումը։ Փառատոնի տնօրեն Թրիշա Թաթլը կտրականապես հերքեց մեղադրանքները՝ անվանելով դրանք անհիմն։
Չնայած կազմակերպիչների նախապատրաստվածությանը, փակման արարողությունը նույնպես անցավ լարված մթնոլորտում։ Հատկապես սուր էր Աբդալլա Ալհաթիբի ելույթը, որի «Պաշարման քրոնիկները» ճանաչվել էր լավագույն դեբյուտ։ Պաղեստինյան դրոշով բեմ բարձրացած ռեժիսորը հայտարարեց, որ Պաղեստինի համար պայքարողները կհիշեն թե՛ իրենց հետ կանգնածներին, թե՛ լռողներին։ Դահլիճը բաժանվեց՝ ոմանք ծափահարում էին, մյուսները՝ սուլում ու մեղադրում «Համասին»։ Սակայն արարողության վարողը սառնասրտորեն շարունակեց ծրագիրը․.. show must go on.
Նյութը՝ Անդրեյ Պլախովի ֆեյսբուքյան էջից