Փետրվարի 22-ին լրանում է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի  ծննդյան 88-ամյակը: Այդ առիթով «Կինոաշխարհը» (երկու մասով) վերահրպարակում է Վարպետի «Դիստանցիոն մոնտաժ կամ դիստանցիայի տեսություն» հոդվածը, որը  հեռավոր 70-ականներին տպագրվել էր «Գարուն» ամսագրում (1972 թ., 10-րդ համար):

Երիտասարդ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի անունը հանդիսատեսին հայտնի է ընդամենը մի քանի ֆիլմերից։ Բայց այդ մի քանի ֆիլմերը վկայությունն են նրա ինքնատիպ տաղանդի, ստեղծագործական համարձակ որոնումների։ Բոլորովին վերջերս ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, լենինյան մրցանակի դափնեկիր Ռ․ Կարմենը «Պրավդա» թերթում գրեց․ «Երիտասարդ ռեժիսոր Ա․ Փելեշյանը  Հայաստանում ստեղծել է «Սկիզբ» և «Մենք» սքանչելի ֆիլմերը։ Սրանք ֆիլմեր են հեղափոխության մասին, նոր սոցիալիստական Հայաստանի մասին։ Երկուսն էլ՝ պատկերավոր, հուզական։ Վերջերս, այս անգամ արդեն Մինսկի ստուդիայում, ռեժիսորն ավարտեց մի ուշագրավ աշխատանք բնության պահպանության մասին՝ «Բնիկները» («Պրավդա», 23 ապրիլի 1972 թ․)»։ Երիտասարդ կինոռեժիսորը այժմ Լև Կուլիջանովի հետ միասին Մոսկվայի Մ․ Գորկու անվան կինոստուդիայում նկարում է Յուրի Գագարինին նվիրված ֆիլմ․ կարելի է վստահությամբ ասել, որ այդ ֆիլմը նոր հաստատումը կլինի նրա վառ անհատականության։

Սա կինոռեժիսոր Փելեշյանն է, բայց կինոտեսաբան Փելեշյանին ճանաչում են շատ քչերը։ Եվ ահա, «Գարունը» (1972թ.՝ թիվ 10) տպագրում է նրա առաջին տեսական ուսումնասիրությունը՝ համարձակ և գրավիչ նույնքան, որքան և իր ֆիլմերը։ Ասենք, այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է, աշխատության մեջ հայտնած մտքերը, կրահումները, ստուգվել, իրականացվել են ժապավենի վրա և, մյուս կողմից, ինքը՝ ժապավենն էլ օգնել է կինոարտահայտչության նոր ուղիների որոնմանը։ Փելեշյանը ներկա հոդվածում ար-ծարծում է «դիստանցիոն մոնտաժի» տեսությունը, և կինոյի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Գերասիմովը, ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար Լև Կուլիջանովը, պատկառելի քննադատներ Շկլովսկին, Իլյա Վայսֆելդը, Յուրի Լոտմանը, Եվգենի Վեյցմանը, որոնց ուղարկեց հոդվածը՝ կարծիքի համար, խոստովանում են աշխատության նորարարությունը, համաձայնվում նրա շատ դիտումների ու եզրահանգումների հետ, առաջարկում անպայման վիճել, պարզել և զարգարցնել ասվածը։

«Փելեշյանի աշխատությունը ես կարդացի հետաքրքրությամբ․ – գրում է Ս․ Գերասիմովը։ – Այն հետաքրքրություն է ներկայացնում որպես կինեմատոգրաֆիական լեզվի զարգացումը ձևավորող բարդ ու բազմազան պրոցեսները իմաստավորելու փորձ։ Այս աշխատության հրապարակումը իր վրա կհրավիրի ոչ միայն մասնագետների, այլ նաև շահագրգիռ հանդիսատեսների ու ընթերցողների լայն շրջանի ուշադրությունը»։

Փելեշյանն առաջարկում էր մոնտաժի մի քանի կոնցեպցիա, որը հիմնված է ոչ թե հատվածների «սոսնձման», միացման, այլ դրանց անջատման որոշակի համակարգի վրա։ Հարցադրման այս շրջանակներում նա քննում է նաև հնչյունի ու պատկերի հարաբերակցությունները, «խոշոր» և «ընդհանուր» պլանների բովանդակությունն ու կապակցման «էֆեկտները», կինոյի «սինթետիկ» էության խնդիրը և այլն։ Հոգուտ հեղինակի է խոսում այն, որ նա լավ գիտե իր ուսուցիչների, մեր կինոյի դասականների ժառանգությունը, սովորում է նրանցից «նորարարության հիմունքներին տիրապետելու» արվեստը։

Իր տեսակետները շարադրելիս, անգամ խնդրի բուն տեխնոլոգիայի մեջ խորանալիս, Փելեշյանը ոչ մի պահ մոնտաժը չի դիտում որպես ինքնաբավ մի արտահայտչակերպ, ոչ էլ որպես ինֆորմացիայի հեշտ «փոխադրամիջոց»։ Մոնտաժը մտածողության ձև է, մտքերի ընթացքը էկրանի վրա տեսանելի դարձնելու եղանակ, կյանքի դիալեկտիկայի գեղարվեստական անդրադարձման մեթոդ։ Այստեղ ահա Փելեշյանը լավ իմաստով ավանդապահ է։ Իր ուսուցիչների օրինակով՝ ձևի կատարելագործման մասին հողալիս, նա միշտ հիշում է և ընկալման մասին, ձգտում լեզվի ցայտունության ու մատչելիության՝ միաժամանակ, մի բան, որ «դիստանցիոն մոնտաժի» բարդ հանգույցներում առաջնահերթ կարևորություն է  ստանում։ «Այս սկզբունքը, ըստ իս, կինոն դեռ չի իմացել և դրանից չի օգտվել․ – վկայում է քաջատեղյակ Վիկտոր Շկլովսկին և ավելացնում, – աշխատությունը ուշագրավ է, բայց ինձ թվում է, նա դեռ ճանապարհին է»։

Իրավ, ինչպես ճանաչման ու հաստատման ամեն նոր քայլ, այդ մեկն էլ, բնականաբար, չէր կարող չունենալ երերումներ, լինել բացառիկ սպառիչ ու անվիճելի։ Այո, աշխատությանը դեռ ինքնաապացուցման ու կատարելագործման ճանապարհ է սպասում։ Բայց՝ ճանապարհ և ոչ փակուղի։ Դրա համար էլ «Գարունը» պատրաստակամ ընդունում է ականավոր կինոռեժիսորի հանձնարարականը, մասնագետների ու ընթերցողների դատին ներկայացնելով Ա․ Փելեշյանի աշխատությունը։

Հ.Գ.- Մեր ընթերցողներին  առաջարկում ենք  կարդալ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի  «Դիստանցիոն մոնտաժ կամ դիստանցիայի տեսություն»  հոդվածը: Այն առաջին անգամ հայերեն թարգմանությամբ տպագրվել է 1972 թվականին՝ ժամանակի ամենաառաջադեմ և ազատ հայկական «Գարուն» ամսագրում (1972թ.՝ թիվ 10), որի շուրջ այդ տարիներին հավաքվում էր այլախոհական ու չափազանց ազատական մտքեր ունեցող երիտասարդ մտավորականների մի ամբողջ սերունդ: Փելեշյանի այս համարձակ քայլը դեռ անցնելու էր ոչ դյուրին ճանապարհ և հաղթահարելու էր ժամանակի քննությունը:

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ