Գերմանացի ռեժիսոր, գրող և լուսանկարիչ Վիմ Վենդերսը կղեկավարի 76-րդ Բեռլինալեի միջազգային ժյուրին։ Այս մասին հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը:

«Վիմ Վենդերսը միջազգային կինոյի ամենաազդեցիկ ձայներից մեկն է։ Վեց տասնամյակ շարունակ նա ստեղծել է ֆիլմեր, որոնք հուզում և հրապուրում են մեզ իրենց մարդասիրությամբ ու զարմանալու անվերջ զգացողությամբ։ Նրա անսպառ հետաքրքրասիրությունն ու կինեմատոգրաֆիական լեզվի վարպետությունը առկա են յուրաքանչյուր աշխատանքում՝ լինի դա այլ արվեստագետների բացահայտելը, թե մեր սեփական իմաստի և կապի որոնումները լուսաբանելը։ Ասել, որ մենք հպարտ ենք այս բազմաշնորհ հայրենակցով, չափազանց քիչ է։ Մենք չենք համբերում տեսնելու՝ դեպի ո՞ր ուղղությամբ կտանի մեր ժյուրիին Վիմ Վենդերսը՝ 76-րդ Բեռլինալեի «Ոսկե» և «Արծաթե արջերի» հաղթողներին ընտրելիս»,- ասում է Բեռլինալեի տնօրեն Թրիշա Թաթլը։

«Ես երբեք չէի մտածել, նույնիսկ հեռվից, որ կարող եմ լինել ժյուրիի նախագահ իմ սեփական քաղաքում, մինչև Թրիշա Թաթլը չառաջարկեց։ Եվ հետո հասկացա․ վաոՒ՜։ Սա ֆիլմեր դիտելու բոլորովին նոր ճանապարհ կլինի Բեռլինալեում: Այս անգամ դիտել մրցութային ծրագրի բոլոր ֆիլմերը և յուրաքանչյուրին անդրադառնալ կինոյի մարդկանց հետ խորքային քննարկման մեջ։ Ինչպե՞ս կարող է ավելի լավ լինել։ Շնորհակալ եմ Թրիշային այս եզակի փորձին հրավիրելու համար»,- իր երախտիքն է հայտնում Վիմ Վենդերսը ։

Վիմ Վենդերսի կարիերան ընդգրկում է վեց տասնամյակ։ Վերջին շրջանում նա մեծ տպավորություն թողեց «Կատարյալ օրեր» (2023) ֆիլմով, որը արժանացավ «Օսկարի», ինչպես նաև 3D վավերագրական «Անզելմ» (2023) ֆիլմով՝ նվիրված արվեստագետ Անզելմ Կիֆերին։

Վիմ Վենդերսը Գերմանական նոր կինոյի ամենակարևոր ներկայացուցիչներից է և 1970-ականներից գործող համաշխարհային հեղինակություն։ Նրա խաղարկային և վավերագրական աշխատանքները սերունդներ են ոգեշնչել՝ գրավելով  հանդիսատեսին: Ռեժիսորի վաղ շրջանի ֆիլմերով՝ «Դարպասապահի վախը 11-մետրանոցից» (1972), «Ալիսը քաղաքներում» (1974), «Ճանապարհների թագավորները» (1976) և «Ամերիկացի ընկեր» (1977), նա ձևավորել է  նոր կինեմատոգրաֆիական լեզու և վերաիմաստավորել գերմանական կինոյի կերպարը։ 1971 թվականին նա համահիմնել է «Filmverlag der Autoren» ընկերությունը, որը կարևոր դերակատարում ունեցավ  Գերմանական նոր կինոյի զարգացման մեջ։ 2003-ին նա դարձավ Գերմանական Կինոակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը: Վենդերսը նաև Եվրոպական Կինոակադեմիայի համահիմնադիրն է և ավելի քան երկու տասնամյակ եղել է նրա նախագահը։ Իր հիմնադրամի՝ Wim Wenders Stiftung-ի միջոցով նա աջակցում է կինոյի ժառանգության պահպանմանն ու նոր սերնդի ֆիլմարտադրությանն ու կրթությանը։

76-րդ Բեռլինալեն կանցկացվի 2026 թ. փետրվարի 12-22-ը։ Վիմ Վենդերսի նախագահությամբ միջազգային ժյուրին կորոշի մրցութային ծրագրի  հաղթողներին։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թ. փետրվարի 21-ին։