Հայաստանում առաջին հոդվածը Փարաջանովի և նրա արվեստի մասին գրել է կինոգետ Սուրեն Հասմիկյանը՝ 1966 թվականին: Այն մերժվել է «Литературная Армения»-ի կողմից այն պատճառաբանմամբ, թե սպասենք կինոնկարի էկրան բարձարանալուն։ Հեղինակը հրաժարվում է և հրապարակում այն  «Спутник кинозрителя» կինովարձույթի լրաբերում, որը նախորդել է «Фильм» թերթին՝ ռուսերեն լեզվով։ Հոդվածն արժանանում է Սերգեյ Փարաջանովի հիացական արձագանքին։ kinoashkharh-ը  Վարպետի ծննդյան առիթով ընթերցողներին է ներկայացնում հրապարակումը հայերեն՝ թարգմանված ռուսերեն բնագրից (նյութը ներկայացվում է առանց միջամտությունների): 

Սերգեյ Փարաջանով

Փարաջանովը բոլոր մակդիրներից նախընտրում է «ապշեցնող է»-ն։ Նա հաճախ է այն օգտագործում առօրյայում։ Այնպիսի մի դարում, երբ թվում է, թե բառերը պահպանել են միայն իրենց տեղեկատվական նշանակությունը, Փարաջանովը ընտրում է թերևս ամենաարխայիկ մակդիրը։ Քանի որ դա ոչ այնքան մակդիր է, որքան գործողություն։ Եվ նրա «Մոռացված նախնիների ստվերները» նախ և առաջ ապշեցնում է։ Ամենուր և բոլորին։ Փառատոների ռաֆինացված հասարակությանը (երկու տարում կինոնկարը ստացել է մոտ երեսուն մրցանակ և պարգև), և սովորական հանդիսատեսին։

Եթե ցանկանում ես ստուգել, թե որքանով է ֆիլմը հաջողված, ցույց տուր այն սովորական վարձույթից որոշ ժամանակ անց՝ որևէ փոքր կինոսրահում։ Երևանում վերջերս այդպես վարվեցին Փարաջանովի ֆիլմի հետ։ Մի քանի օր շարունակ ժապավենը հաջողությամբ «պտտվում էր» «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում։

Sergey Parajanovi masin arajin hodvac Hayastanum grel 1e Suren Hasmikjan

Կինեմատոգրաֆիայի ամենադաժան դատավորը ժամանակն է։ Հատկապես գունավոր կինոյի դեպքում, որի գույները արագ են խամրում, և եթե մեկ տարի անց այն դեռ ազդում է, փոխանցում է որոշակի զգացողություններ, ուրեմն իսկապես լիցքավորված է արվեստով, և նրա էությունը շատ ավելի խորն է, քան արագորեն ցնդող բույրն ու համը։ Բացի այդ, փոքր դահլիճ էին գալիս ոչ միայն լայն ճանաչում գտած ֆիլմ դիտելու, այլ նաև արդեն տեսածը նորից դիտելու համար։ Այո, այդ կինոնկարը ապշեցնում էր և գուցե նաև զայրացնում հանդիսատեսին այն ավելցուկով, որով ցանկանում էր ցուցադրել ու պատմել, բայց միաժամանակ հրավիրում էր կրկին ու կրկին դիտելու։ Առաջին դիտման ժամանակ այն ցնցում է և որոշ չափով նաև զայրացնում։ Սակայն նաև ձգում է դեպի իրեն։ Երկրորդ դիտման ընթացքում վարագույրը մասամբ բացվում է, երրորդի դեպքում՝ … Թերևս ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում երրորդ կամ չորրորդ դիտումների ժամանակ, և ընդհանրապես դա կարևոր էլ չէ։ Գուցե մեկի համար դա տեղի է ունենում արդեն առաջին դիտումից հետո, իսկ մյուսի դեպքում՝ նույնիսկ երրորդից հետո չի լինում։

Սակայն մի բան պարզ է․ այդ կինոնկարը, որն անսովոր է իր առատաձեռնությամբ, հիշեցնում է ճոխ բացված սեղան՝ լի անհամար ուտեստներով։ Այն ենթադրում է, որ հանդիսատեսը պետք է ունենա ամենաանհագ ախորժակը, բայց միաժամանակ հաշվարկված է այնպես, որ բացահայտվի աստիճանաբար՝ կենտրոնացման շնորհիվ։ Իսկ կենտրոնանալը չափազանց դժվար է այդ անծայրածիր, ալեծուփ օվկիանոսում, որը պատկերում է նկարիչը։

Փարաջանովը շունչ քաշելու հնարավորություն չի տալիս, չի թուլացնում տեմպը, շտապում է՝ ամբողջ ընթացքում շտապում է, երբեմն անգամ չի հասցնում անհրաժեշտ դադարներն առնել։ Ճիշտ է, այդ ընթացքում չի էլ մոռանում ձեռքով անել, որ իրեն հետևեն, հրավիրել, որ սլանան իր հետևից՝ չկասկածելով, որ երբեմն դա մեր ուժերից վեր է դառնում և նույնիսկ՝ անհնարին։ Փարաջանովն անսահման էներգիա ունի։ Նա ագահ է ամեն ինչում, ամեն ինչում, որ կենդանի է՝ մարդկանց ու բնության հարցում, և ամեն ինչում, որ մարդու ձեռքերով է ստեղծվել, արտացոլվել գույների, գծերի, ձայների, ծավալի և քարի մեջ։

42 տարեկանում նա կրակոտ է և տեմպերամենտով՝ ինչպես երիտասարդը։ Խիտ սև մորուք ունի։ Կարծես թե հարգանքի տուրք է մատուցում վերջերս եղած ինտելեկտուալության նորաձևությանը։ Եթե այդպես է, ապա արդեն ժամանակն է, որ Փարաջանովը սափրի մորուքը։ Սակայն այդ դեպքում նա այլևս հավերժություն չէր որոնի, այլ կսայթաքեր նորաձևությանը։

Փարաջանովն ամենուր է՝ ցանկացած հասարակությունում, ցանկացած քաղաքում։ Ուր որ լինում է, առանձնանում է։ Սակայն ոչ այն պատճառով, որ ի ցույց է դնում իր անձն ու անհատականությունը։ Այլ ընդհակառակը՝ առանձնանում է իր տարրալուծվելու կարողությամբ։

Գուցուլներում, որոնց նա սիրեց ու բացահայտեց աշխարհին, իսկ այսօրվա աշխարհում, նա կարծես անտարբեր է ցեղերի և ժողովուրդների առանձնահատկություններին։ Արվեստում առհասարակ՝ Հովնաթանյանի և Փիրոսմանիի գեղանկարչությունում, Սայաթ Նովայի պոեզիայում, հին խճանկարում և միջնադարյան հայկական մանրանկարում, խաչքարերում և կերամիկայում, և առհասարակ՝ ժողովրդական վարպետների ստեղծագործություններում։

Փարաջանովն անսպառ է։ Կարող է հասարակության մեջ զրույցը վարել քսան ժամ շարունակ։ Որևէ զրուցակից նախընտրում է մեկ-երկու ժամ և հեռանալ Փարաջանովի մոտից, բայց հետո վերադառնում է։ Չի կարող չվերադառնալ, թեև հոգնել է, հոգնել է անչափ  շատությունից, երևակայության հագեցվածությունից, Փարաջանովի առատաձեռն շռայլումից։ Նա, որ սպառողն է, հոգնել է, իսկ ստեղծողը՝ ոչ։

Sergey Parajanovi masin arajin hodvac Hayastanum grel 1e Suren Hasmikjan

Սակայն ոչ հազվադեպ Փարաջանովը լռում է, անցնում ինչ-որ անակնկալ կերպով բացահայտված գեղեցկության հայելուն։ Լինի դա բնապատկեր, թե անցորդների հետ կապված պատահական դետալ։ Նա ներփակվում է իր մեջ և շարունակում է որոնել, գտնել կերպարներ, համեմատում է, աղոթում։ Եվ ի վերջո դրան հետևում է «ապշեցնող»-ը։

Մանուկ հասակում նվագել է սովորել և հիմա էլ իր կինոնկարների ձայնագրությունների ժամանակ երբեմն ձեռքն է վերցնում ջութակը։ Կյանքի կրիտիկական փուլերից մեկի ժամանակ ձեռքն է վերցրել վրձինը, հրապուրվել նկարչությամբ։ Սկսել է սցենարներ գրել սեփական ֆիլմերի համար։ Այդ սցենարները ընդգծված կերպով պատկերավոր են։ Սիրում է դրանք անձամբ մատուցել՝ յուրաքանչյուր նախադասությունը համեմելով ժեստով կամ միզանսցենով։

Փարաջանովը բացարձակապես անտեսում է գրական սյուժեն, նախընտրում է ռիթմերը՝ իմաստային շեշտադրումներից, ժեստերը և ամենից ազատ ասոցիացիաները։ Խոսքը, որին ստիպված է լինում դիմել իր սցենարներում, ավելի շատ հիշեցնում է երաժշտություն, քան գրականություն։ Եվ այնուամենայնիվ, նրա լավագույն սցենարները բարձր գրականության կողմից ընկալվում են շատ ավելի, քան բազմաթիվ այլ սցենարներ, որոնք համապատասխանում են խոսքարվեստի արտաքին չափանիշներին, քանի որ այն բարձր լարման արվեստ է։ Դժվար է անտարբեր մնալ նկարչի նման եռանդուն ու պաթետիկ ժեստի հանդեպ։ Կարծես թե արվեստն իրենից է արտածում, սակայն դրա համար անհրաժեշտ ուժերը քաղում է ամեն ինչից, որ նրան շրջապատում է, որին հպվում է։

Կոցյուբինսկու վիպակը, որ «Ռոմեոյի և Ջուլիետի» անդրկարպատյան տարբերակն էր, պարզապես առիթ չէ բացահայտելու Փարաջանովի անսահման գեղարվեստական տարերքը։ Ինչպես կախարդ՝ նա անգոյությունից դուրս բերեց գուցուլների աշխարհը՝ նրանց բարքերի մաքսիմալիզով ու կյանքի չափանիշներով հանդերձ, ճանապարհ հարթեց այդ «աշխարհի» համար, որ էկրան բարձրանա, և մեզ վարակեց այդ երկրի ու այդ մարդկանց հանդեպ սիրով։

«Ստվերներում» շատ ծիսակատարություններ կան։ Նույնիսկ մի փոքր ավելի շատ, քան երբևէ եղել է հենց գուցուլների մոտ։ Ֆիլմում ներկայացված է, օրինակ, «յարմայի» արարողությունը, որի ժամանակ ամուսինը կնոջը լծում է հարսանիքի ժամանակ։ Այդ մասին Փարաջանովը լսել է երգից, չի տեսել կյանքում։ Սակայն անմահացրել է էկրանին։ Ռեժիսորն այնպիսի մանրամասնությամբ է ներկայացնում այդ էկզոտիկան, ասես ամբողջովին կլանված է դրա դեկորատիվությամբ։

Sergey Parajanovi masin arajin hodvac Hayastanum grel 1e Suren Hasmikjan

Գույների ու ձայների այդ շլացուցիչ աշխարհը, սակայն, պարզապես կենցաղ չէ կամ զարդանախշ, այլ կենդանի շնչառություն է։ Եվ տրեմբիտների ձայները, և գծերի ու մարմինների միախառնումը՝ անվերջանալի ու անսպառ խնջույքների ու գինարբուքների ժամանակ։ Այս ամենը Փարաջանովը մեզ առաջարկում է էկրանից, առաջարկում է խոնարհվել այդ գեղեցկության առաջ, որում հենց կյանքի շարժումն է։

Փարաջանովը ձգտում է հավերժական ճշմարտություններին, սիրուն և մահվանը՝ մարմնական էկզոտիկայի խիտ շերտի միջոցով։ Սակայն գուցուլների «Ռոմեոյի և Ջուլիետի» ողջ պատումը նա կառուցում է անանջատ այն ամենից, ինչը տեղի է ունենում և հերոսների վրա իր կնիքն է թողնում՝ ժամանակի, նախապաշարումների, երկրի։

Գույնը կորում է, երբ հերոսը կորցնում է և իր կյանքի սիրելիին, և ինքն իրեն։ Նա բացարձակապես միայնակ է՝ դեմ առ դեմ կանգնած ժամանակի առաջ։ Չկան ծիսակատարություններ, չկան գույներ, չկան բնության ձայները։ Միայնություն։ Համատարած մոխրագույն երանգներ։ Փարաջանովը դրանք գիտի, գիտի, որ աշխարհում այդ երանգները կան։ Սակայն չի սիրում դրանք, չափից դուրս չի սիրում։ Իվանը՝ ֆիլմի հերոսը, կրկին մաքուր օդի է դուրս գալիս՝ դեպի գույները։ Պալագնայի մեջ նա որոնում է իմաստ և երջանկություն հիշեցնող ինչ‑որ բան։ Եվ կծում է խնձորը։

Ու կրկին գույներ, թանձր գույներ, կյանքի գինարբուք։

Փարաջանովը սիրում է մարմինը, նրա հոտը, համն ու գեղեցկությունը։ Չի վախենում։ Հաղթահարված է մարմինը պարուրող հագուստի կոպիտ շերտը։ Մի կողմ է նետված, գցված է գետնին։ Ամբողջովին մերկ կինը լուսնյակ գիշերով քայլում է դաշտով։ Գարունն ու անպտղությունը խաչաձևվում են մի կադրում, մի ակնթարթ, որ անմահացնում է կոնտրաստները, կյանքի անհամատեղելի հակասությունները։

Արու կախարդը միջամտում է և խաթարում ծիսակատարության նվիրականությունը։ Պղծում է գեղեցկությունը։ Ծաղրում մարմինը։ Եվ երբ կատարվում է ուրախության, կեցության նվիրականության հանդեպ ծաղրանքը, հեղինակը չի կարող Իվանի կյանքի ու ճակատագրի վերջակետը դնել։ Որոնումների շրջանը փակվում է։ Հերոսը կրկին գալիս է Մարիչկայի մոտ։ Որոնելու բան չկա էլ։ Ու այլևս ճանապարհ էլ չկա, որ անցնի։ Իվանը զոհվում է առ ոչնչի համար։ Նույնիսկ ոչ սիրո կամ իր խայտառակության։ Նա չի փորձում դիմակայել կամ խույս տալ կործանումից։ Հասարակ կերպով, գրեթե անմռունչ, նա գլուխը դնում է կոճղին։ Բացարձակապես անտարբեր է։ Նրա կիրքը վաղուց էր հանգել։ Մնացել էր միայն հնազանդությունը։ Ավելի ճիշտ՝ անգոյություն՝ դեպի սերը գնալու պատրաստակամությունը։ Ֆիզիկապես նրան ոտնակոխ են անում այստեղ, սակայն հոգեպես նա ավելի վաղ էր մահացել՝ Մարիչկայի մահվամբ։

Միայն այնտեղ՝ մահվան, անգոյության մեջ է հիմա նրա փրկությունն ու հարությունը։ Թեկուզ և այն մարմնի, երկրայինի սահմաններից դուրս է, որտեղ այնքան գույն կա։ Սակայն այնտեղ նրա ձեռքերից միշտ խույս տվող լեռնային այծյամն է, այնտեղ՝ Մարիչկան է։ Այսպես Փարաջանովը էկրանին ստեղծելով ամենայն մարմնականին, բնականին ու զգայականին նվիրված իսկական խրախճանք և թվում է թե տարրալուծելով այդ վառ գույների մեջ մարդուն, հանգում է հոգեկանին, իմաստին և մարդկայնությանը։

Sergey Parajanovi masin arajin hodvac Hayastanum grel 1e Suren Hasmikjan

Եզրփակիչ երկարատև կադրը պատահական չէ։ Երեխաները լուսամուտի ճաղավանդակից նայում են հուղարկավորության արարողությանը։ Նայում են, թե ինչպես է կատարվում Իվանի մոռացումը, ինչպես է մարդու հիշատակը ոտնակոխ արվում անտանելի պարերի նոր հորձանուտում, գինեվառ խելահեղ խնջույքում, որն արդեն ոչ իսկական կյանքն է։Ու նայում են երեխաները անսահման տխրությամբ, գուցե՝ չհասկանալով, և նաև՝ ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ ափսոսանքով։ Մարդը դարձել է ստվեր, ամեն բան մոռացված է ու տարրալուծված գույների մեջ։ Սակայն նույնիսկ գույնը՝ գեղեցիկ գույնը, անհետանում է, իսկ այդ հայացքը՝ երեխաների հայացքը, մնում է։ Դրանում էլ Փարաջանովի կինոնկարի առեղծվածն է։

Ֆիլմը կարծես թե առաջարկում է դեկորատիվ հայեցողականություն, բնապատկերներով և ծիսակատարություններով հիանալու հնարավորություն, որը սակայն հանկարծակի կերպով ունենում է սուր տագնապային ակորդ։ Այդ տագնապը միանգամից չի խոցվում մեր հոգիներում, և նույնիսկ հստակ էլ չես կարող ասել, թե որտեղ է այն առաջին անգամ առաջացել (գուցե տրեմբիտների լարված, տագնապային ձայներում կամ այլ տեղ), սակայն որքան էլ հուսահատորեն է այն մխրճվում կադրի մեջ, պատկերումն ինքը բացահայտում է Փարաջանովի մեջ ոչ թե սնոբին, այլ խոցելի հոգու տեր նկարչին։

Փարաջանովը Թբիլիսիում ծնված հայ է, ով մանկությունից սիրել է տեմպերամենտային հարավային գույներն ու աղմկոտ շփումները։ Ուսանել է Մոսկվայում՝ ՎԳԻԿ-ում, հայտնի մանկավարժ  Ի.Սավչենկոյի կուրսում, և ժամանել է Կիև։ Կիևի ստուդիայում մի քանի կինոնկարներ է նկարահանել։ Դրանք նրան փառք են բերել և սովորեցրել են նրան աշխատել, բացել են նրա առաջ արվեստի ոչ դյուրին ճանապարհը։ Այսօր նա չի ուզում խոսել այդ կինոնկարների մասին։ Ավանդական սյուժետային կառուցակարգերի շրջանակներում Փարաջանովի երևակայության համար նեղվածք էր, չափազանց նեղվածք։ Շնչելու օդ չուներ։ Եվ նրա երևակայությունը պոռթկում էր դեպի հեռաստաններ։

Եվ երբ նրան առաջարկում են էկրանավորել Կոցյուբինսկուն, նա գնում է Գուցուլշչինա և ինչպես պատանին, սիրահարվում է իր համար օտար այդ երկրամասին, այնտեղի մարդկանց սովորույթներին և ծիսակատարություններին, սկսում է որոնել հանդիսավորություն, մարդկային հավերժական ճշմարտությունների արտահայտություն։ Եվ կինոյի համար նա բացահայտում է նոր, մինչ այդ անծանոթ, ճշմարիտ Ուկրաինան։ Ոչ թե գունագեղությունն ինքնին, այլ այդ գույների, ծիսակատարությունների, խորհրդանիշների էությունը։

Փարաջանովը ճշմարիտ ազգային կինոժապավեն է ստեղծել։ Դովժենկոյի և Սավչենկոյի ֆիլմերից հետո ուկրաինական կինոն նման թռիչք դեռ չէր ունեցել։ Սակայն Փարաջանովը շարունակում է առաջ ընթանալ, և գուցե թե ուզում է ինքն իրեն ավելի մոտ լինել։ Նա հեռացել է ոչ միայն իրեն հարազատ ժապավեններից, այլ նաև համառորեն իրենից վանում է «Ստվերները»՝ առանց կոկետության։ Իսկ «Ստվերներն» արդեն առանց նրա էլ համաշխարհային էկրաններին իր հաղթարշավն է անում։

Նկարիչը, որ Ուկրաինայում իր երկրորդ հայրենիքն էր ձեռք բերել, գալիս է իր առաջին հայրենիքը ճանաչելու։ Այլևս ոչ թե տրեմբիտը, այլ քամանչան է նրան կանչում, որը լսել էր մանկության տարիներին և երբեք չէր կարողացել դավաճանել։ Բջնիի և Ծաղկաձորի փոքրիկ եկեղեցիները, անթիվ խաչքարները, որ ցիրուցան են Հայաստանի ճանապարհներին, Զվարթնոցը, Էջմիածինը, Մատենադարանը։ Ոգեղենություն, որը թևածում է ոչ թե ինչ-որ տեղ՝ երկինքներում, այլ ամփոփված է քարի մեջ։

«Ստվերների» հերոսը ձուլվել է ամենայն երկրայինի մերկ գույների և ռիթմերի մեջ։ Սակայն, որպեսզի ինքն իրեն նվաճեր՝ ոչ թե փոխեր, այլ պահպաներ ինքն իրեն, որպեսզի գտներ Մարիչկային, նա պետք է բաժանվեր մարմնից, հողից, կյանքից։ Հայաստանում Փարաջանովը այլ ճշմարտություն է տեսնում։ Քարերը ոչ թե տարրալուծել, ոչ թե լուծարել են հոգին, այլ կյանք են տվել նրան և անմահություն։

Եվ Փարաջանովը ցանկանում է ու կնկարահանի Հայաստանում «Սայաթ-Նովա» կինոնկարը։ Դա կլինի ֆիլմ պոետի և ժամանակաշրջանի մասին, ավելի կոնկրետ՝ այն մասին, որ պոեզիան անմահ է։ Եվ այստեղ հավերժությունը գոյակցում է կյանքի հետ, ներթափանցում է նրա մեջ, սնվում է նրանով, իր սկիզբն առնում է նրանից․ հուշարձանները, մանրանկարները, որմնանկարները՝ մարդկային ձեռքի ստեղծագործությունները, մատուցվելու են շարժվող, անհետագիծ կյանքի կողքին։

Հայաստանում առաջին հոդվածը Փարաջանովի և նրա արվեստի մասին գրել է կինոգետ Սուրեն Հասմիկյանը՝ 1966 թվականին:

Սակայն անցողիկը, իրավիճակները, որոնք կապված են աշուղի հանդեպ վերաբերմունքի՝ առ արքան ունեցած վերաբերմունքի կամ արքայադստեր հանդեպ ունեցած սիրո հետ, այդ ամենը մի փոքր մոլորեցնող են և ոչ գլխավորը։ Կանգառներ չեն լինի այստեղ։ Ռեժիսորը որոնում է անմահության աղբյուրը։ Պոետ Սայաթ-Նովայի անհատականությունը դուրս է պոռթկում ժամանակի և նույնիսկ իր ճակատագրի շրջանակներից։ Եվ սցենարում նույնիսկ պարզ քարհատի կերպարն է առկա։ Նրա իշխանությունը միակն է, որն ընդունում է պոետը։ Քարհատը կարող է ասել՝ «Երգիր, Սայաթ-Նովա», սակայն նաև կարող է հրամայել՝ «Մեռիր, Սայաթ-Նովա»։ Եվ դա ոչ թե ճակատագիրն է, այլ պոետի խիղճը, որն իր մեջ ամփոփում է ժողովրդի տառապանքը, խիղճն ու ուժը։ Եվ ապագա կինոնկարի վերջում, որը պետք է լինի կինոորմնանկարների շղթա, էկրանին կտեսնենք, թե ինչպես է կարողանում դա անել, կամ սովորում է դա անել Փարաջանովը՝ Սայաթ-Նովայի ձայնը։ Ոչ միայն կլսենք ռեզոնատորների մեջ ամփոփված Ձայնը, այլ նաև՝ կտեսնենք։ Ամենից սիրուն, ոչ նյութական ուժը, ինչպիսին մարդկային ձայնն է, վերադառնում է բնությանը, ձեռք բերում քարի ամրություն և արդեն այդ վիճակում պահպանվում է դարեդար։ Ճեղքելով եկեղեցու գմբեթը՝ ներխուժում է ներս՝ հավիտենականություն։

Փարաջանովը շարունակում է որոնել մարդկային գոյության ժամանակակից իմաստը։ Նա ոչ որպես հնարամիտ աճպարար է դասավորում մարդու մեջ հոգևոր և մարմնավոր սկիզբները, այլ որոնում է դրանց հարաբերակցությունը։ Բնության, երկրայինի մեջ տեսնում է հոգին, իմաստը, իսկ հոգեղենը ընկալում է գույների, ձայների, գծերի ու ծավալների միջոցով։ Չգիտենք, թե ինչ նոր ափերի կկայանի նրա նավը, կամ ուր կտանի Փարաջանովին նրա անհանգիստ ու փոթորկուն էությունը։ Սակայն նա հիմա արդեն նկարիչ է, կեցության ուրախության, «կյանքի հավերժական շարժման» երգիչ։

Սուրեն Հասմիկյան

1966թ., Երևան