Ծննդյան տոներն ավարտվեցին, սակայն Հիսուսի երկրային կյանքի մասին պատմող բազամամասն  սերիալը շարունակվում է: Ամերիկացի ռեժիսոր Դալլաս Ջենքինսի «Ընտրյալները» կամ «Ընտրյալը» (The Chosen) hեռուստաշարքի 6-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են պատմություն դարձած 2025-ի հետ միասին: Ի դեպ, գլխավոր հերոսին մարմնավորած  Ջոնաթան Ռումին մոր կողմից իռլանդական ծագում ունի, իսկ հոր կողմից՝ եգիպտահայ է : Նոր կինոդրվագները եթերում կլինեն 2027–ին, իսկ եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի կինոէպիզոդներն էկրաններին կհայտնվեն 2028-ին:

էպիկական այս սերիալի (առ այսօր 40-ից ավելի կինոդրվագ) առաջին եթերաշրջանը  2017-ին էր: 2022-ին կինոնովելները հասանելի դարձան Netflix ցանցում: Սերիալի նկարահանումները չդադարեցին անգամ COVID-19-ի ժամանակ, երբ «լեռան քարոզի» մասսայական տեսարանի գրեթե 2000 մասնակիցները պարտադիր ներկայացնում էին թեստի բացասական արդյունքները:

The Chosen  հեռուստասերիալի հիմքում  Ավետարանի  բուն սյուժեն ու պատմություններն են, սակայն՝ լրամշակված սցենարական հորինվածքի հյուսքով, որը մի պատմությունը կապում է մյուսին, և ավետարանական պատումների հերոսներին դարձնում միս ու արյունով կենդանի մարդիկ: Սերիալի դերասանների մեծ մասը ոչ պրոֆեսիոնալներ են, բացառությամբ գլխավոր դերակատարների, որոնց թվում և՝ հայկական արմատներով գլխավոր հերոսին մարմնավորած  Ջոնաթան Ռումին: Կոլորիտային արտաքինով ու արտահայատիչ, տիպական խոշոր քթով Ռումիի Հիսուսը անսպասելիորեն ջերմ, կենդանի ու խարիզմատիկ կերպար է:

Ի դեպ, սերիալի  եթերաշրջանների զարգացման պատասխանատուն ևս ծագումով հայ է՝ ամերիկահայ գրող Փիթեր Սուրյանի որդին՝ DreamWorks ընկերության նախկին գործադիր Մարկ Սուրյանը:

Հեռուստասերիալի  հանրային շռնդալից հաջողության մեջ, թերևս, դեր ունի հենց հանրությունն իր պահանջմունքով ու նախասիրություններով: Նկատենք՝ ֆիլմաշարի ֆինանսավորման մեջ հանրային հանգանակությունները (crowdfunding) նշանակալի տեղ են զբաղեցնում: Ամեն դեպքում, այդպես է ներկայացնում ֆիլմաշարի մարքեթինգային ուղեղային կենտրոնը: Ըստ ամենայնի, շահեկան են եղել նաև ոչ սպիտակամորթ՝ բազմազգ ոչ պրոֆեսիոնալ դերասանների ներգրավումն ու վառ անհատականությամբ  դերասանների մարմնավորած գլխավոր կերպարները (Մատթեոս,  Անդրեաս-Պետրոս, Մարիամ Մագդաղենացի, Նիկոդեմոս, և այլք):

Իհարկե, ֆիլմն ունի նաև խիստ քննադատողներ, որոնց թվում՝ ուղղափառ կրոնական գործիչներ, որոնք ռեժիսոր Ջենքինսին մեղադրում են մորմոնների հետ կապի, ինչպես նաև ուղղափառությանը հակասող մոտեցման մեջ. այն է՝  կուռք չստեղծելու մասին երկրորդ պատվիրանի  խախտումը:Այդուամենայնիվ, գործ ունենք հանրային ֆենոմենի հետ: Imdb.com-ում The Chosen հեռուստասերիալն ունի 9.1/10 ցուցանիշ:

Անդրադառնանք նաև ֆիլմի յուրօրինակ երաժշտական ձևավորմանը, որն անշուշտ՝ անախրոնիզմ է. էթնիկ՝ հնդկական ու մերձավորարևելյան հնչերանգներից մինչև ժամանակակից road movie (ճամփորդական) ժանրին բնորոշ  «քանթրի» և « բլյուզ» ռոք:

Ֆիլմաշարի՝ արդեն իսկ թողարկված 42 կինոնովելները թարգմանվել են աշխարհի շուրջ հիսուն լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Նախորդ եթերաշրջանների գրեթե բոլոր ֆիլմերը բնօրինակով անվճար հասանելի են ֆիլմի պաշտոնական կայքում :

Կինոաշխարհ, 2026