Իգոր Տեր-Կարապետով. զրույց՝ սցենարիստի, ուսուցչի և ժամանակի դիտորդի հետ
Իգոր Տեր-Կարապետովը այն սցենարիստներից է, որի անունը ժամանակակից ռուսական կինոյում գնահատված է հետևողականության, պրոֆեսիոնալիզմի և հանդիսատեսի հետ անկեղծ, կենդանի լեզվով խոսելու ունակության համար։ Մասնագիտության մեջ ավելի քան երկու տասնամյակ աշխատելու ընթացքում Բաքվում ծնված հայ տղան դեռահաս երազողից, որը վստահ էր` իր ճակատագիրը ՎԳԻԿ-ում է, դարձել է ավելի քան 50 ֆիլմերի սցենարի հեղինակ և սցենարիստների նոր սերունդ ձևավորող վարպետ։ Նրա աշխատանքները միահյուսում են պատմական հիշողությունը, հոգեբանական իսկությունը և փոփոխվող աշխարհում մարդկության նկատմամբ սթափ հայացքը։ Հենց իր սցենարների հիման վրա են նկարահնվել «Ծովակալ Կուզնեցով», «Մատա Հարի», «Սպանե՛լ Ստալինին», «Ես ողջ եմ…», «Վոլֆ» և այլ մեծ լսարանի հետաքրքրած ֆիլմեր։
Տեր-Կարապետովը խորհում է ոգեշնչման և արհեստի բնույթի, գրաքննության և պատասխանատվության, ժամանակակից կինոյի միտումների, տեխնոլոգիաների դերի և այն պատմական շրջադարձերի մասին, որոնք դեռևս պահանջում են գեղարվեստական խորհրդածություն։ Այս զրույցը մասնագիտության, ներքին ամբողջականության, արվեստի հանդեպ հավատի և պատմություններ ստեղծելու ունակության մասին է։
-Ժամանակակից ռուսական կինոյում պահանջված և պրոդուկտիվ սցենարիստներից եք։ Ի՞նչ ուղի եք անցել այս մակարդակին հասնելու համար։
-Դեռահաս էի, երբ սիրահարվեցի կինոյին և արդեն 23 տարի այդ ոլորտում եմ։ Միշտ երազել եմ ֆիլմեր նկարահանել։ Հենց դպրոցից պատրաստվում էի ընդունվել այն ժամանակ դեռևս Կինոմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ։ 14 տարեկանից գիտեի, որ կաշխատեմ կինոյում։ Որևէ այլընտրանք անգամ չեմ դիտարկել։ Անչափ շնորհակալ եմ ծնողներիս ի սկզբանե ինձ աջակցելու համար։ Բաքվում ծնված սովորական տղայի Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ ընդունվելը տիեզերք թռիչքի էր հավասար։ Սկզբում ռեժիսորական ֆակուլտետ ընդունվեցի։ Ավարտել չստացվեց՝ բնավորությունս շատ փափուկ է։ Բայց դա խոչընդոտ չէ սցենարիստի համար և ես սովորեցի ու 2002-ին ավարտեցի ՎԳԻԿ-ի սցենարիստական բաժինը։ Հաջողվեց գրել գերազանց դիպլոմային սցենար, և դրա շնորհիվ ստացա առաջին աշխատանքը։
Շատ պարզ կհնչի, բայց ես կասկածի նշույլ անգամ չունեի՝ հավատում էի, որ աշխատելու եմ կինոյում։ Իսկ երբ հավատում ես՝ Աստված տեսնում և օգնում է։
-23 տարում 50 ֆիլմ՝ կատակ չէ։ Կարելի է կարծել, թե սցենար գրելը Ձեզ համար շատ հեշտ է։
-Ամենևին։ Սցենար գրելը հեշտ բան չէ։ Մեծ ու տաժանակիր աշխատանք է։ Գաղափարից մինչև վերջնարդյուք ուղին շատ երկար է։ Բայց սիրում եմ այդ աշխատանքը։ Սիրում եմ պատմություններ հորինել, դրանք նախագծել և ըստ անհրաժեշտության՝ վերափոխել։ Արդեն վաղուց աշխատանքային գործընթացը չեմ ինդեալականացնում։ Ամենից գնահատելին համարում եմ այն պահերը, երբ ազատ եմ և ինքս որոշում եմ՝ ինչպես պետք է կառուցել սցենարը, դրվագը, ինչ խնդիրներ պետք է լուծեն կերպարները, ինչկերպ կապել մի դրվագը մյուսին։ Եվ ինձ համար կարևոր չէ՝ կընդունեն իմ մտքերը, թե կանեն իրենց պատկերացմամբ։
Ես իմ կինոն իմ մտքում եմ նկարում։
Սիրում եմ այս գործը, այլապես դաժան կլիներ…
-Հաշվի առնելով, որ արդի կինոն մեծամասամբ պրոդյուսերական է, սցենարների թեմատիկ ընտրությունը համընկնո՞ւմ է Ձեր սեփական նախընտրություններին։
-Իրավացի եք, արդի կինոն պրոդյուսերական է և ունի իր օրակարգը։ Բայց պրոդյուսերներն էլ լիովին ազատ չեն թեմաների ընտրության հարցում։ Խնդիրը բազմաշերտ է։ Հանդիսատեսի պահանջը, պետական վերահսկողությունը, իհարկե, կան՝ հատկապես բռնության, սեքսի, թմրանյութերի օգտագործման ու տարածման տեսարանների մասով։
Յուրաքանչյուր ստեղծագործող ավելի մեծ ներքին ազատություն ունի, քան այն կա իրականությունում։
Հասկանալի է, որ աշխատում եմ մի ոլորտում, որը ենթադրում է հանդիսատեսի մասսայական «վարակում»։ Յուրաքանչյուր ֆիլմ կամ սերիալ, որն էկրան է բարձրանում, հարյուր հազարավոր, երբեմն նաև միլիոնավոր դիտումներ է ունենում։ Պետք է գիտակցել, որ մեծ պատասխանատվություն ենք կրում նման լայն լսարանին որևէ բան ներկայացնելով։
Ինչ վերաբերում է թեմաներին. ըստ իս, ժամանակակից կինոն չի անդրադառնում սոցիալական խնդիրներն։ Կուզեի, որ ավելի շատ ուշադրություն դարձվեր հասարակական գործընթացներին։ Բայց կարծես նմանատիպ կինոյի պահանջ չկա։ Կարծում եմ, որ դա այնքան էլ լավ չէ…
-Ձեր աշխատանքներում հաճախ եք անդրադառնում պատմական իրադարձությունների և դրանց գեղարվեստականացված տարբերակների։ Կա՞ հայ ժողովրդին կամ Հայաստանին առնչվող պատմական որևէ դրվագ կամ գրական գործ, որը հետաքրքիր կլիներ՝ որպես սցենարային նյութ։
-Հայ ժողովրդի պատմությունը շատ հարուստ է իրադարձություններով և դրանք փաստող տարբեր դարաշրջանների նյութական ու էպիկական վկայություններով։ Առաջինը, որ միտքս է գալիս՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանությունն է։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ընթացիկ իրադրաձությունների համապատկերում, հավանաբար, ավելի օգտակար կլիներ անդրադառնալ հայկական թագավորության, պետականության կորստի ժամանակշրջանին: Ինչպե՞ս են զարգացել այդ գործընթացները։ Ինչպե՞ս են ազդել դրանք մարդկանց վրա։ Ինչպե՞ս է հասարակությունը մասնատվել նոր իրականությունը ընդունողների և պետականության համար պայքարողների։
Ինձ՝ որպես ռուսախոս և ռուսական մշակույթով ձևավորված մարդու, հետաքրքիր կլիներ սցենար գրել կամ դիտել ֆիլմ քսաներորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին. ինչպե՞ս է ստեղծվել ժամանակակից Հայաստանը՝ ՀԽՍՀ-ն։
Ինչպիսի՞ն էր Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես Օսմանյան կայսրության բեկորի և այլ, ինչպես հիմա են ասում, արտաքին դերակատարների ազդեցությունը։ Ինչպե՞ս էին գծվում խորհրդային հանրապետությունների սահմանները։
Սա կարծում եմ՝ հետաքրքիր ու արդիական նյութ է…
-Ծանո՞թ եք Ժամանակակից և խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոյին։ Դրանց շարքում կա՞ն այնպիսիները, որոնք իրավամամբ արժեքավոր եք համարում։
-Ցավոք, բացարձակապես ծանոթ չեմ հայկական ժամանակակից կինոյին։ Անգամ ոչինչ չեմ լսել այդ մասին։ Իսկ խորհրդային ժամանակաշրջանի հայկական կինոն ինձ որոշ չափով ծանոթ է՝ մի քանի ֆիլմերով ու կերպարներով։
Առաջին հերթին Սահակյանցի ֆիլմերը ոսկե սնդուկների, բարեկանդանի մասին։ Դրանք իմ մանկությունից ու պատանեկությունից էին։ Մենք այդ մուլտֆիլմերը բառ առ բառ անգիր գիտեինք։ Իսկ հետո, երբ սկսեցի զբաղվել կինոյով, տպավորեց Սերգեյ Փարաջանովն իր «Սայաթ-Նովա» ֆիլմով։ Ինստիտուտում արդեն Արտավազդ Փելեշյանն ու «Մենքը» և նրա ռիթմիկ, դիսանցիոն մոնտաժով մյուս գործերը։
Եվ իհարկե մեծ դերասանները՝ Ջիգարխանյանն ու Մկրտչյանը, որոնց ողջ երկիրը գիտեր, նաև Սոս Սարգսյանը, որին ավելի քիչ գիտեին, բայց շատ իզուր։ Ապացույցը՝ թեկուզ հենց «Եռանկյունին»։ Բայց միևնույն է՝ «Բարև՛, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», որտեղ ի դեպ առաջին անգամ տեսա Փելեշյանին։ Բացի այդ՝ «Մեր մանկության տանգոն», «Զինվորն ու փիղը»՝ Մկրտչանի գլխավոր դերակատարմամբ։
Հայկական կինոյի մասին իմացությունս, ցավոք, համակարգված չէ…
-Մեր օրերում ժամանակի թելադրանքով ամեն ինչ՝ ներառյալ լեզուն պարզունակ է դառնում։ Արդյոք փոխվե՞լ է ռուսական կինոյի սցենարային լեզուն վերջին տասնամյակում և ինչպե՞ս։
-Կինոյի լեզուն նույնպես շատ է պարզեցվել։ Համաշխարհային միտում է. մոնտաժը կարճ է, տեսարանները՝ կարճ, գաղափարները՝ պարզ։ Բայց եթե լեզուն հասկանալ՝ որպես կերպարների խոսք, ապա կինոն ձգտում է առավել հավաստի և իրականությանը մոտ խոսքի։ Իհարկե քաղաքացիական պատերազմի և Չերնոբիլի աղետի ժամանակաշրջանի մասին սցենարներում կերպարները չեն կարող նույն լեզվով խոսել։ Խոսքը շատ հանգամանքներից է կախված, դրանք բոլորն էլ պետք է նկատի ունալ ֆիլմի միջավայրը, ժամանակը և կերպարների խոսքի բնութագիրը ձևավորելիս։
Միևնույն ժամանակ՝ հանդիսատեսը հաճախ չի լսում այնպես, ինչպես դա գրված է սցենարում, որովհետև տեքստը մշակում են դերասանները, ռեժիսորը՝ ըստ սեփական վերլուծության։ Տասը տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվել է և հնարավոր է շատ զգալի, սակայն ես էլ այլևս նույնը չեմ։ Իսկ ինքդ քեզ օբեյկտիվորեն գնահատելը հեշտ չէ։
-Կա՞ որևէ սցենար, որը կուզեիք գրել, բայց դեռ չեք ունեցել այդ հնարավորությունը։ Ի՞նչ կասեք Ձեր մասնագիտական ծրագրերից։
-Եղել են մի քանի գաղափարներ լիամետրաժ սցենարների համար, որոնք այսօրվա թրենդից դուրս են։ Բայց ժամանակը չի բավարարում՝ բարեբախտաբար կամ դժբախտաբար։ Չէ որ, սցենարը ապագա ֆիլմի նախագիծն է միայն և ընդամենը «սեղանի համար» սցենար գրելը ավելի տարօրինակ ձեռնարկում կլիներ, քան գրքեր գրելը՝ առանց դրանք հրատարակելու հեռանկարի։
Իսկ մասնագիտական ծրագրերում հիմա Իվան Պապանինի ու նրա ընկերների մասին նախագիծն է։ Մի քանի այլ գաղափարների հիմնական հայտերն արդեն գրել և սպասում եմ պրոդյուսերների արձագանքին։
-Դուք նաև ապագա սցենարիստներին եք դասավանդում։ Երիտասարդները Ձեզ զարմացնո՞ւմ են՝ իրենց մտածողությամբ և մոտեցումներով։
-Արդեն 12 տարի դասավանդում եմ ՄԳԻԿ-ում։ Շատ տարբեր ուսանողներ են պատահում։ Ցավոք, մեր կրթական համակարգն այնպես է կառուցված, որ ուսանողները սցենարիստի կրթություն ստանալու են գալիս անմիջապես դպրոցից ու չեն հասկանում, թե իրականում ինչի համար են եկել։ Բոլորը նայում են ու սիրում կինոն։ Այն գոյություն ունի արդեն 200 տարի և այնքան բազմազան է, որ յուրաքանչյուրը կարող է գտնել իր ճաշակին ու պատկերացումներին հարիր ֆիլմ։ Եվ դեռահասներին թվում է, որ եթե կինոյի մասին ինչ-որ մտքեր ունեն, ուրեմն կարող են և պետք է զբաղված լինեն հենց այդ ոլորտում։
Հաճախ ինքնագիտակցումը, ինքնաճանաչումը գալիս են ուսման ընթացքում։ Հասկանում են, որ ոչինչ չգիտեն, իսկ իմանալիքը շատ է։ Ի վերջո եզրահանգում են, որ լավ սցենար գրելու համար նախ պետք է շատ աշխատանքային տեքստեր գրել, այսպես ասած՝ «ձեռքը մարզել»։ Իսկ դա աշխատանք է, և դրան էլ գումարած՝ «անտանելի» վարպետը սիպում է շտկել-փոփոխել։
Տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեում ստեղծագործական մասնագիտություններում։ Յուրաքանչյուրը պատրաստ է փայլել ֆիլմերի պրեմիերաներին, փառատոներում, իսկ գործ անելու, տեքստը հղկելու-մշակելու ցանկություն չունեն։
Ինչ վերաբերում է մտածողությանն ու մոտեցումներին՝ երիտասարդներն հիմնականում պրագմատիկ են և՛ կինոյում, և՛ կյանքում։ Փողի մասին շատ են մտածում։ Չեմ մեղադրում, ինչպես կասեր պատմության ուսուցիչս՝ մեծացել են զարգացած կապիտալիզմի դարաշրջանում։ Դրանով հանդերձ մեծամասնության մտածողությունը «մոգական է». շատ լինի, շուտ լինի, քանի որ գովազդային լեզվով ասած՝ «նրանք արժանի են դրան»։ Ինչո՞ւ և ինչո՞վ են արժանացել՝ շատերը պարզում են ինստիտուտում սովորելիս։ Կարճ ասած՝ զերծ չեն ինֆանտիլիզմից։ Կյանքն, իհարկե, բուժում է։
Ինստիտուտ են ընդունվում 17-18 տարեկանում, ավարտում՝ 20-21-ում և արդեն հռչակվում սցենարիստներ։ Ու դա այն պարագայում, որ դպրոցից ու ինստիտուից այն կողմ բան չեն տեսել։ Հասունությունը հետո է գալիս։ Ստացվում է, որ ստեղծագործական այս մասնագիտությունը ստանում են նախքան որպես անձ ձևավորվելը։ Սա մեծ խնդիր է։ Դե Աստված մեծ է, ու երբեմն լավ արդյունքի հասնում ենք։ Կարծում եմ՝ եթե ստեղծագործական մասնագիտությունների ուսուցման հարցում պետությունը վերադառնար նախկին՝ խորհրդային մոդելին, և սցենարականում սովորելու գային կյանքի որոշ փորձ ունեցող անձինք, շատ ավելի բարձր կլիներ այս մասնագիտության մեջ նշանակալի արդյունքի հասածների տոկոսը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ սցենարիստներին՝ իրենց ոճը ձևավորելու և ներքին անկեղծությունը պահպանելու համար։
-Ուզում ես չկորցնել անկեղծությունը՝ պետք է մնաս ինքդ քեզ հավատարիմ։ Պահանջ է լինել անկեղծ, աշխատել շատ, լսել վարպետներին. նրանք ուզում են, որ դրսևորես լավագույն կարողություններդ։ Ոճը կհայտնվի ինքն իրեն՝ որպես երկարատև աշխատանքի արդյունք։
-Ինչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի կինոն մոտ ապագայում՝տեխնոլոգիաների և արհեստական բանականության անսահման հնարավորությունների ֆոնին։
-Ասելիքը պարզունակացնելու, պատկերը տեխնոլոգիական հնարքներով ծանրաբեռնելու միտումը, ցավոք, ակնհայտ է։ Այսօր զումմերներին փոխարինելու է գալիս ալֆան… Կհաջորդի մեկ այլ տառով կոչվող սերունդ։ Եվ եթե չմտածենք այն մասին, որ մարդը նախատեսում է, Աստված՝ տնօրինում, ապա հեռանկարը շատ մռայլ կտեսնենք։
Tik Tok-երն ու մնացյալը կառավարում են նրանց։ Շատ կարճ, մակերեսային, հաճախ նաև սյուժեազուրկ «վիդոսիկները» մանկուց վարակում ու փոխում են մտածողությունը։ Իսկ այսօր զումմերներին օգնում է մտածել նաև արհեստական բանականությունը (ԱԲ)։ Այսինքն մեր հիշողությունն արդեն փոխարինել են google-ով։ ԱԲ-ն էլ մեր փոխարեն հորինում է սյուժեներ, ստեղծում՝ պատկերներ… Տեխնոլոգիաներն այնքան են բարելավվում, որ հնարավոր է «կենդանացնել» ում ուզեք՝ Չապլինին, Օռլովային, թեկուզ սեփական նախնիներին…
Մի կողմից հնարավորություններ են ավելանում, մյուս կողմից կինոն ավելի ու ավելի է հեռանում հոգուց։ Ամենացավալին այն է, որ մարդն ինքն էլ հեռանում է ոգուց։ Բայց հույս ունեմ, որ Աստծո կամքով, կինոարվեստը նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ նոր ոգի կունենա։ Շուտով ֆիլմ նկարահանելու համար մեծ գումարների կարիք չի լինի, այն կստեղծեն միանձնյա։ Գրատպությունն արդեն այդ փուլում է։ Այսօր յուրաքանչյուրը կարող է գրել, հրատարակել ու սպառումն ապահովել։ Կինոարվեստը նույնպես մոտենում է այս գործընթացին։ Հուսանք, որ դա կնպաստի կինոյի զարթոնքին…
Հարցազրույցը՝ Նանա Պետրոսյանի