Բեռլինում անցկացված Եվրոպական կինոակադեմիայի 38-րդ մրցանակաբաշխության (European Film Awards) գլխավոր հաղթողը դարձավ նորվեգացի Յոհայիմ Թրիերի «Զգացմունքային արժեք» ֆիլմը՝ արժանանալով վեց հիմնական մրցանակների՝ այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Լավագույն դերասան» (Ստելլան Սկարսգորդ) և «Լավագույն դերասանուհի» (Ռենատե Ռեինսվե), «Լավագույն ֆիլմ»  և այլ  անվանակարգերում։

Այս մրցանակաբաշխությունը, թեև անցկացվում է Օսկարների քարոզարշավի ընթացքում, սակայն հստակ պատկերացում է տալիս եվրոպական կինոյի նախորդ տարվա առաջնահերթությունների մասին։ Այս անգամ ակնհայտ առաջատարն էր հենց «Զգացմունքային արժեքը»՝ կատակերգական երանգներով ընտանեկան դրամա, որը պատմում է անվանի ռեժիսորի և նրա երկու հոգեպես անառողջ դուստրերի բարդ հարաբերությունների մասին։ Ֆիլմը տեղավորվում է Չեխովի, Իբսենի, Բերգմանի և Վուդի Ալենի ավանդույթների շարունակության մեջ։ Կրելով մեծ վարպետների ակնհայտ ազդեցությունները՝ այդուհանդերձ ֆիլմը փոխհատուցում է դա ջերմ մթնոլորտով և փայլուն դերասանական խաղով։

Հիմնական մրցակիցներն էին իսպանական «Սիրատը», գերմանական «Անկման ձայնը» և Ջաֆար Փանահիի «Պարզ պատահականությունը»։ Վերջինս, թեև Կաննի հաղթող էր, բայց այս անգամ զիջեց՝ Իրանի քաղաքական իրականության ֆոնին ունենալով մետաֆորային զգուշավորություն։ Քաղաքական թեմաների առկայությունը մրցույթում սահմանափակ էր։ «Սիրատը» արժանացավ հինգ տեխնիկական մրցանակների, իսկ գեղարվեստական առաջնահերթությունը տրվեց ավելի դասական ու մելանխոլիկ «Զգացմունքային արժեքին»։

evropakan kinoakademiayi haxtoxner-38

Մրցանակաբաշխությունը նշանավորվեց նաև Լիվ Ուլմանի պարգևատրմամբ՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց բերգմանյան կինոյի ավանդույթի շարունակականությունը։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց ֆրանսիական «Արկոն», իսկ լավագույն վավերագրականը՝ խորվաթ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե, թե՞ մահ» ֆիլմը, որը հիշեցնում է ֆաշիզմի մոռացված, բայց դեռ վտանգավոր պատմական դասերի մասին։