Հունգարացի նշանավոր կինոռեժիսոր Բելա Տարրը, որի  սև-սպիտակ դանդաղ կադրերով (Slow cinema) էպիկական ֆիլմերը բացառիկ և անփոխարինելի անդրադարձներ էին մարդկային կյանքերի առօրյային, մահացել է Բուդապեշտի հիվանդանոցում։ Նա 70 տարեկան էր։ Մահվան լուրը հեռախոսային հարցազրույցում հաստատել է նրա խորթ դուստրը՝ Ռեկա Գաբորյանին՝ նշելով, որ Տարրը մահացել է երկարատև և լուրջ հիվանդությունների հետևանքով։

Բուդապեշտի քաղաքապետ և վարչապետ Վիկտոր Օրբանի ընդդիմադիր առաջնորդ Գերգեյ Կարաչոնին հայտարարության մեջ նշել է. «Ամենաազատ մարդը, որին երբևէ ճանաչել եմ, մահացել է», ընդգծելով, որ Տարրը իր արվեստով պաշտպանում էր «այն, ինչ էական է՝ մարդկային արժանապատվությունը»։ Տարրի կինեմատոգրաֆիկ լեզուն կտրուկ փոխեց ժամանակի և պատմողականության ընկալումը կինոյում։ Նրա ֆիլմերը կառուցված էին րոպեներ տևող՝ դանդաղ կադրերի (Slow cinema) վրա, որոնք հրաժարվում էին հստակ սյուժեից և փոխարենը ստեղծում էին խիտ սոցիալական ու հոգեբանական մթնոլորտներ՝ բացահայտելով մարդու գոյաբանական վիճակը։

Տեսախցիկը համառորեն կենտրոնանում է առանձին դեմքերի վրա, քանի որ Տարրը ձգտում է թափանցել մարդկային զգացմունքների մակերեսից անդին։ Սյուժետային ավանդական կառուցվածքը գրեթե լուծարվում է ռեժիսորի երկարատև, դանդաղ ընթացող կադրերում։ Մռայլ հունգարական բնապատկերը՝ անձրևով, քամով, ցեխով և կիսալքված, աղքատ գյուղերով, ոչ միայն միջավայր է, այլ ֆիլմի կառուցվածքային ու գաղափարական բաղկացուցիչ։

«Սատանայական տանգոն» (1994)՝ յոթ ու կես ժամ տևող ֆիլմը, որը հիմնված է Տարրի մտերիմ ընկերոջ՝ Նոբելյան մրցանակակիր Լասլո Կրասնահորկայի համանուն վեպի վրա, պատկերում է լուսանցք մղված կերպարների՝ գյուղատնտեսությամբ զբաղվող տեղահանված  աշխատողների մի խումբ, որոնք ներգրավվում են խաբեության ու գողության խելահեղ սխեմայի մեջ։ «Վերքմայսթերի հարմոնիաները» (2000), նույնպես հիմնված Կրասնահորկայի ստեղծագործության վրա, պատմում է գավառական աղքատ քաղաքի կյանքը խախտող չարագուշակ կրկեսի ժամանման և դրանից բխող սոցիալական անկարգությունների մասին։

«Սատանայական տանգո»-ում միջին կադրի տևողությունը մոտ երկուուկես րոպե է, մինչդեռ ավանդական հոլիվուդյան կինոյում միջին կադրը հազվադեպ է գերազանցում երկուուկես վայրկյանը՝ ընդգծելով Տարրի կինեմատոգրաֆիական լեզվի արմատական տարբերությունը հիմնական հոսանքից։ «Սատանայական տանգոն» այսօր համարվում է համաշխարհային կինոյի գլուխգործոցներից մեկը և ընդգրկված է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկերում։

Տարրի «Թուրինյան ձին» շատերի կարծիքով պետք է հաղթեր Բեռլինի կինոփառատոնում, սակայն հաղթանակը բաժին հասավ Ասղար Ֆարհադիի «Ամուսնալուծություն» ֆիլմին՝ քաղաքականորեն ընդունելի, արդիական կինոյի օրինակին։ Տարրին գովեստներ շռայլելով՝ Գայ Մադդինը ռեժիսորին հանձնեց Բեռլինալեի «Արծաթե արջը», սակայն կինոյի լեգենդը նրան անվանեց ստախոս։ Բելա Տարրի համար երկրորդ կամ երրորդ տեղ պարզապես գոյություն չուներ․կար միայն առաջինը՝  կամ ոչինչ։

Տարրը մնում է անհատականիստ և միաժամանակ՝ հունգարացի, իսկ դա էլ ավելի է ընդգծում նրա դիրքորոշումը։ Հունգարական կինոն արդեն տասնամյակներ շարունակ համարվում է Եվրոպայի ամենամռայլ և ամենաինքնատիպ երևույթներից մեկը։ Պարգևատրումից հետո Տարրը՝ մի խումբ համախոհ ռեժիսորների հետ, բացահայտորեն հանդես եկավ հունգարական կինոարդյունաբերության կոմերցիալացման դեմ և խորհրդանշական քայլ կատարեց՝ նվիրաբերելով գումար Հեղինակային կինոյի փրկության հիմնադրամին։ Ռեժիսորը հայտարարեց, որ «Թուրինյան ձին» իր վերջին ֆիլմն է՝ ոչ միայն կենսագրական, այլև փիլիսոփայական իմաստով։ «Թուրինյան ձին» ֆիլմից հետո Տարրը հրաժարվել է դասական կինոարտադրությունից՝ շարունակելով ստեղծագործել միջդիսցիպլինար ձևաչափերում։ Նրա նախագծերը ներկայացվել են Եվրոպայի առաջատար մշակութային հարթակներում և արժանացել միջազգային լայն ճանաչման։

Հ.Գ.Բելա Տարրը ծնվել է Պեչում (Հունգարիա)։ Դեռ պատանեկությունից սկսել է նկարահանել, իսկ մեծ կինոյում իր դեբյուտը կատարել է «Ընտանեկան բույնը» ֆիլմով։ Իր ամբողջ գործունեության ընթացքում նա հետևողականորեն պաշտպանել է անկախ կինոյի գաղափարը, ստեղծել կրթական հարթակներ երիտասարդների համար, այդ թվում՝ Սարաևոյում հիմնադրել է միջազգային film.factory կինոդպրոցը։

Ռ.Բ.