Ամեն տարի Ֆրանսիայից 5 արտիստ է գալիս Հայաստան՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հունվարից մինչև մայիս աշխատելու ուսանողների հետ։ Խմբերում ներգրավված է մոտ 20 երիտասարդ։ Հաղորդակցման լեզուն ֆրանսերենն է։ Ուսանողների 50 տոկոսը հետագայում էլ հետաքրքրվում է ֆրանկոֆոնիայով, նրանց Ֆրանսիա են տանում՝ իրենց տարեկից ֆրանսիացի դերասանների հետ աշխատելու։ Ուսուցման ծրագրի ավարտին հանդիսատեսի համար ցուցադրվում է համատեղ ներկայացում։ Հայաստան-Ֆրանսիա կրթամշակութային այս ծրագիրն իրականացնում է անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

Serj Avetikyan, kolaj

Kinoashkharh.am-ը արտիստի հետ զրուցել է նոր մեկնարկող մեկ այլ նախաձեռնության մասին. թատերական հնգամյա նախագիծը մոտենում է ավարտին, որպեսզի սկսվի հաջորդը՝ արդեն կինոյի ոլորտում։ Սերժ Ավետիքյանը Հայաստանի քաղաքացիություն ունի, ու այստեղ բացել է «Կինոարտեվա» ընկերությունը։ «Կինոարտեվա»-ի գործունեությունը կսկվի մարտից. առաջինը Հայաստան կգա շվեյցարացի ռեժիսոր Մարսել Շուպակը: Սերժ Ավետիքյանը երիտասարդ տարիներին նրա հետ աշխատել է։ Շուպակը վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր է նկարել, Սերժ Ավետիքյանը քաջատեղյակ է նրայուրահատուկ գեղագիտությանը։ Շվեյցարացի արվեստագետը 8-10 տարի առաջ իր կնոջ հետ Հայաստան է եկել, այնպես որ, ծանոթ է Հայաստանին։

Ֆրանկոֆոն մշակույթը նորից Հայաստանը կամրջել է ֆրանսիային

Սերժ Ավետիքյանը պատմեց. «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պայմանը սա է՝ պետք է բոլոր արտիստները ֆրանկոֆոն լինեն, բայց ոչ միայն ու միայն Ֆրանսիայից։ Այդ պատճառով էլ ընտրեցի Մարսել Շուպակին, քանի որ նրա արվեստը հավանում եմ և միաժամանակ կատարում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պահանջը։

Ծրագրի հաջորդ փուլում՝ ապրիլին,  Ֆրանսիայից Հայաստան կգա մոնտաժի վարպետ Ալեքսանդրա Ստրոսը։ Նա տարբեր ֆիլմերում է աշխատել։ Հայ ուսանողներին կներկայացնի՝ ինչպես է պետք մոնտաժել ֆիլմը։ Դրան կհաջորդի սցենարի  փուլը, որը կդասավանդի Առնո Լուվեն։ Երիտասարդ ժամանակ նա Arte հեռուստաալիքում սցենարներ էր ընտրում։ Բազմաթիվ սցենարներ կարդալով, սցենարիստների հետ մտերմանալով՝ դարձավ սցենարիստ։ Առնոն Երևան կգա մայիսին, ուսանողներին կներկայացնի տարբեր ոճերի սցենարներ՝ ինչպես են դրանք գրվում, ինչին է պետք ուշադրություն դարձնել, բազմաթիվ նրբություններ ու գաղտնիքներ։

Կինոոլորտի այս երեք մասնագտների դասավանդումից հետո 15 երիտասարդի հնարավորություն կտրվի իրենց ուժերով կարճամետրաժ ֆիլմ նկարել։ Մեկը կլինի ռեժիսոր, մյուսը՝ սցենարիստ, երրորդը՝ հնչյունային օպերատոր…  իրենք իրենց մեջ կորոշեն՝ ով ինչ է անելու։ Ֆիլմը կլինի ֆրանսերեն։ Սկզբում սցենարը կգրեն-կհանձնեն, մենք կնայենք, բյուջեն կկազմենք, նրանք ֆիլմը կնկարեն ու կցուցադրեն Երևանում՝ Կինոյի տան դահլիճում»։

Այսօրվա կինոն ինքն իրեն խեղդում է, կինոն ճգնաժամ է ապրում

Կարելի է նկարել ներքին դինամիկայով, ներքին սյուժեով ֆիլմեր Հայաստանի շուկայի համար։ Դա նշանակում  է նկարել ֆիլմ՝ փոքր բյուջեով ու սուղ հնարավորություններով։ Ես տեսնում եմ, որ նմանատիպ ֆիլմեր արվում են՝ ներքին սպառման համար կոմեդիաներ։ Կինոն ինդուստրիա է և ուզում է լայն ասպարեզներ դուրս գալ, ամբիցիոզ նախագծեր ունենալ, այլ երկրների հետ համարտադրություններ  ստեղծել։

Իմ ձեռքի տակով անցել են այդպիսի կիոնոնախագծեր, որոնք հետարտադրության հնարավորթյուն են փնտրում Ֆրանսիայում, բայց նկատում եմ, որ դրանց սցենարները օտարերկրյա հանդիսատեսի կամ այլ երկրի հետ համարտադրության համար բավարար որակ չունեն։ Վարձույթ դուրս գալն ավելի ու ավելի է դժվարանում, քանի որ կինոն ինքն իրեն խեղդում է։ Նոր տեխնոլոգիաները ներքին անկայունություն են ստեղծում։ Ի՞նչ է ի վերջո այդ AI կոչվածը, մինչև ո՞ւր է գնալու։ Կինոյում արդեն ձայներ են փոխվում, AI-ն դերասանների է փոխարինում։ Պայքարն արդեն սկսվել է, իսկ դա ճգնաժամի է հանգեցնելու կինոյում։ Ֆրանսիայում արդեն 2-րդ տարին է՝ հանդիսատեսի թիվը նվազել է։ Այդպիսի բան երբեք չէր եղել, ընդհակառակը՝ տարեցտարի հանդիսատեսի թիվն աճում էր, իսկ հիմա 2-րդ տարին անընդմեջ նվազում է։

Serj Avetikyan

Կոմերցիան խժռում է կինոարվեստը

Երիտասարդներն ավելի քիչ են գնում կինոթատրոններ, հեռախոսով կամ համակարգչով են ֆիլմեր նայում։ Միջին տարիքի կինոսիրողը ավելի շատ սերիալների է ձգտում, իսկ սերիալները հեռուստատեսությամբ են ցուցադրվում։ Տան մեծ էկրաններով նայում են, էլ կինոթատրոն չեն գնում, ասում են՝ սա է այսօրվա մեր կինոն, այսքանը մեզ հերիք է։ Թոշակառուներն են սիրում գնալ  կինո՝ առավոտյան սեանսները նայելու, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում։ Մեծահասկաների համար տեղաշարժվելը դժվար է։ Ես հիշում եմ՝ երիտասարադ տարիներին մետրոյի 8-9 կայարան կտրում էինք, որ մի փոքրիկ դահլիճում լավ ֆիլմ նայենք։ Այսօր ոչ մի երիտասարդ մետրոյի 8-9  կանգառ չի անցնի՝ ֆիլմ նայելու համար։ Նախ՝ փոքրիկ կինոդահլիճներն են վերացել, բացի այդ, երիտասարդները սպասում են իրենց ուզած ֆիլմը համացանցում հայտնվի, նայեն։ Նաև հիմա ավելի շատ կոմերցիոն ֆիլմեր են ցուցադրվում։ Բարձրարժեք ու բարձրարվեստ ֆիլմերի ցուցադրությունը հիմա շատ է դժվարացել։ Մեծ կինոթատրոններն այդպիսի ֆիլմերին նախապատվություն չեն տալիս։  Կոմերցիոն ֆիլմերի գռեհիկ առաջընթաց կա հիմա։ Պրոդյուսերներն էլ են գերադասում այդպիսի ֆիլմերի նկարահանման ու տարածման վրա աշխատել։ Սոցիալական կոմեդիան, օրինակ, հեշտ է նկարվում ու հեշտ էլ գտնում է  իր սպառողին։ Անշուշտ, այդ ֆիլմերը ոչ ոճ ունեն, ոչ համարձակություն, միայն դերասաններն են ճանաչված։ Սա է կոմերցիա կոչվածը, հեշտ մարսվող, կենցաղային պատմություն՝ ճանաչված դերասանների մատուցմամբ, բայց… կինո չկա։

Ամբողջ աշխարհում հարուստները գնեցին աղքատներին, հարուստները աղքատների գլխին լցրին, նրանց պարտադրեցին սպառել այն, ինչ իրենց համար հեշտ էր արտադրել։ Սա սոցիալական կապիտալիզմ կոչվածն է, երբ մարդու խելքն օգտագործում ես՝ հօգուտ քեզ, մաիյն ու միայն քո շահի։ Ոչ մի ազատ տեղ չես թողնում, ամեն ինչ ձեռքդ ես վերցնում, քեզնով ես անում՝ մեծ մեդիա-ընկերություններ, պրոդյուսերներ, որոնք տեխնիկապես որակյալ ֆիլմեր են անում, բայց մեջը բան չկա, փուչ է, մարդկանց մտածելու տեղիք չեն տալիս, բարձր արժեհամակարգ չունեն, չեն կրթում, չեն զարգացնում, չեն բարձրացնում։

Աշխարհաքաղաքական իրավիճակն արտացոլվում է նաև կինոյում

Կան թեմաներ, որոնք շոշափելու հարցում չես կարող ազատ լինել։ Ազատ մտածելու, քո մտքերի դատավորը լինելու համար դու պետք է իմաստուն լինես, պետք է իմանաս քո պատմությունը՝ որտեղից ես գալիս և ուր ես ուզում գնալ։ Եթե դա գիտես, կարող ես լինել ազատ մտածելակորպով մարդ և արվեստագետ։ Այսօր այդպիսի մարդիկ քիչ են ու ավելի են քչանում։ Նոր տեխնոլոգիաները սահմանափակում են մարդկանց մտածելակերպը։ Իբր թե ավելի ազատ են դարձնում, բայց հակառակ պատկերն է՝ ավելի սահմանափակում են միտքը, գաղափարը։

Ինչպիսին աշխարհն է, քաղաքականությունն է, այնպիսին էլ կինոն է։ Այդ ամենն արտացոլվում է  կինոյի աշխարհում։ Եթե այսպես շարունակվի,  Հայոց ցեղասպանության հետ կապված Սփյուռքի և Հայաստանի միջև խնդիրներ են առաջանալու։ Սփյուռքն իր դիրքորոշումն ավելի է խստացնելու Թուրքիայի  նկատմամբ՝ օգտագործելով Ցեղասպանությունը ճանաչած  երկրներին։

Serj Avetikyan

Ինչո՞ւ հրեաները «հոլոքոստը» առաջ մղեցին մեծ կինոյում, իսկ հայերս Հայոց ցեղասպանսւթյունը՝ ոչ

Մենք չունեցանք «Նյուրնբերգ»։ Թուրքերը երբեք չեն ընդունելու, որ երիտթուրքերի կառավարությունը հայերին իրենց հայրենիքում բնաջնջելու, ցեղասպանելու ծրագիր է իրականացրել։ Այն ժամանակ «գենոցիդ» բառը չկար։ Այդ եզրույթը  հրեաների ցեղասպանության ծնունդն է։ Հրեաները ոչ միայն «Նյուրնբերգ» ունեցան, այլև ունեցան  պետություն՝ Իսրայել։ Մեր հակառակ պատմությունն է։ Մենք ունեինք մեծ երկիր, մեծ Հայրենիք։ Ռուսներն իրենց հերթին, թուրքերն ու պարսիկներն էլ՝ իրենց, մեր Հայրենիքից բաժին-բաժին տարան, յուրացրին։ Բայց մենք մի պաթոլոգիա ունենք. իբրև սփռված ազգ՝ չենք կարողանում միասնական լինե։. Ամեն մեկն իրենն է առաջ տանում։ Երբ հայերը Հայոց ցեղասպանության մասին պատմություն են պատմում, օրինակ՝ Վերնոյն իր «Մայրիկ» ֆիլմում, նախ պետք է ապացուցեն, որ այդ պատմությունը եղել է, հետո միայն ներկայացնեն՝ ինչպես է եղել։ Բայց այդպես չի կարող լինել, չէ՞… դու չպետք է ամբողջ կյաքում ապացուցես, որ Հայոց ցեղասպանություն է եղել, բայց դու ստիպված ես այդպես անել, որովհետև ցեղասպանածը չի խոստովանում, որ այդ ոճիրն իրականացրել է։

Մենք եվրոպական երկրների հետ ընդհանուր պատմություն չունենք, դրանից էլ կոմպլեքսավորված ենք

Ես Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմեր եմ նկարել, որոնք ֆրանսիական հեռուստատեսությամբ ցուցադրվել են, մտել են կինովարձույթ։ Մարտին նորից եմ գնալու Արևմտյան Հայաստան՝ պապիկիս գյուղ։ Ես ցույց եմ տալիս, թե ինչպես են թուրքերը սերնդեսերունդ ջնջում հայկական հետքերը։ Հիմա թուրքերից շատ ավելի մեծ արագությամբ հայկական ներկայությունը, հետքերը, մշակույթը ջնջում են ադրբեջանցիները ու շատ ավելի վայրագորեն ու անողոքաբար։ Քանդում են մեր  եկեղեցիները, գերեզմանները։ Թուրքերը գնացել են Ադրբեջանում աշխատելու նույն նպատակի համար, տեսնում են, որ ադրբեջանցիներն իրենցից լավ են անում դա ու ասում են՝ դուք մեզ պետք չեք, սա հայկականությունը վերացնելու Ալիևների ծրագիրն է, որ գալիս է դեռ խորհրդային ժամանակներից, և որը մենք պետք է իրականացնենք ու իրականացնում ենք։ Ինքն իրեն, իր մասին պատմելու պրոցեսում հայկական մտածելակերպը միշտ ճնշված, կաշկանդված է եղել։ Պաթոլոգիկ մարդը չի կարող իր պատմությունը պատմել, որովհետև ինքը դեռ պետք է եղելությունը, պատմական ճշմարտությունն  ապացուցի։ Դրա համար էլ երբեք չպետք է համեմատվենք  հրեաների պատմության հետ, երբեք։ Ես դա շատ լավ գիտակցում եմ՝ որպես ազգությամբ հայ դերասան, որն ապրում է Ֆրանսիայում։ Իմ դիմաց միշտ կանգնած են եղել հրեաներ, որոնք փակում էին ճանապարհս։ Նրանք  Ֆրանսիայի կոկորդից բռնել են, որովհետև ֆրանսիացիները Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ճնշել են հրեաներին։ Մեր պատմությունը կապված չէ Եվրոպայի հետ։ Մենք ունենք Սփյուռք, բայց նա էլ ոչ մի ընդհանրություն չունի Եվրոպայի հետ։ Այսօրվա Թուրքիայի տարածքում եղել է Ցեղասպանություն, փրկվածները եկել են Եվրոպա, սուսիկ-փուսիկ տեղավորվել այնտեղ, աշխատել, լեզու սովորել ու կոմպլեքսավորված ապրել։ Երբ նկարեցի իմ առաջին վավերագրական ֆիլմերը, հայ ծերունիներն  ինձ հայհոյեցին, որովհետև ես ցույց էի տվել, թե ինչպես են երեխա ժամանակ անցել Ցեղասպանության դժոխքով։ Ինձ ասում էին՝ չե՞ս ամաչում, որ այդ մարդկանց հեռուստատեսությամբ ցույց ես տալիս։ Նրանք կոմպլեքսավորվում էին այդ իրականությունից, Ցեղասպանության փաստից ու պատմությունից։ Դա նրանից է, որ հայերս ընդհանրություն, պատմություն չունենք այն երկրների հետ, որտեղ տեղավորվել ենք Ցեղասպանությունից հետո։ Ցեղասպանության վկաները, ականատեսները, վերապրածներն այլևս չկան, բայց ես նրանց նկարել եմ։

Serj Avetikyan

Հայկական կոմպլեքսներից անհնար է ազատվել

Իրականությունը սա է՝ հայերը շատ տաղանդավոր մարդիկ են, այլ երկրներում կարողանում են դառնալ քաղաքապետ, քաղաքական գործիչ, դերասան, բեմադրիչ՝ առանց որևէ ակնկալիքի։ Ստացվում է՝ դու պիտի ձուլվես ուրիշի մշակույթին, իհարկե, ջանալով մնալ հայ։

Իմ պարագան մի քիչ ուրիշ է։ Ես Հայաստանում եմ ծնվել, տեղափոխվեցի Ֆրանսիա ու դարձա ֆրանսիացի, հետո անմիջապես վերադարձա թատրոն, չուզեցի կինոյում կարիերա ստեղծել, որովհետև փողի համար ուղղակի նկարվել կինոյում չէի ուզում։ Իմ արածը պետք է արվեստին ծառայեր։ Այդպես վճռեցի, այդպես արեցի ու հիմա էլ այդպես շարունակում եմ։ Հրաժարվելով այլ առաջարկներից՝ ես իմն արեցի ու կարողացա անել, թատրոնում աշխատեցի տաղանդավոր բեմադրիչների հետ, զուգահեռաբար նկարվեցի կինոյում՝ ինձ դուր եկած դերերում։ Պահեցի կապը Հայաստանի հետ։ Իմ առաջին վավերագրական ֆիլմը նկարեցի Հայաստանում՝ ընկերության մասին։ Գտա իմ դպրոցական ընկերներին ու նրանց նկարեցի։ Հանդիպել էինք ռեստորանում… գրկախառնություններ, հիշողություններ, ուրախություն, լաց։Տխուր ֆիլմ էր. ես դրանից հետո գնացի Ֆրանսիա, իրենք մնացին։ Ֆրանսահայերը տեսան այդ ֆիլմն ու էլի քննադատեցին՝ էսի՜նչ է արել Ավետիքյանը…նկարել է, թե ոնց են տղաները պաչպչում իրար։ Մանկության ընկերները հանդիպում են իրար, բա ի՞նչ պիտի անեին, չգրկեի՞ն, չպաչեի՞ն իրար։ Սա էլ է հայկական կոմպլեքսավորվածություն։ Ֆիլմում Տիգրան Մանսուրյանի երաժշտությունն էի օգտագործել։

Знаете, что вы persona non grata persona non grata ?…և Փարաջանով

ԿԳԲ-ն ինձ արգելեց մտնել Խորհրդային Միություն։ Թաքուն գնացել էի Վրաստան՝ Փարաջանովին տեսնելու՝ առանց վիզայի։ Իվ Սեն Լորանի կողմից նվերներ տարա Փարաջանովին։ ԿԳԲ-ն իմացավ. մինչև Հայաստանի անկախացումը՝ 8 տարի իմ մուտքը ԽՍՀՄ արգելված էր։ Հրավիրված էի Մոսկվայի փառատոնին։ Սահմանին անձնագիրս տվեցի, ռուս աշխատակիցը նայեց վրաս, գնաց, նորից եկավ ու ռուսերեն ասաց՝ Դուք չգիտե՞ք, որ persona non grata եք։ Ռուսերեն պատասխանեցի՝ ոչ, չգիտեմ։ Ասաց՝ թողեք Ձեր անձնագիրն այստեղ։

Իհարկե, անձնագիրս չտվեցի։ Վերադարձա Ֆրանսիա և 8 տարի չկարողացա մոտենալ  Խորհրդային Միության սահմաններին։

Փարաջանովի կյանքիվերջին երկու ամիսներին նրան բերեցի Ֆրանսիա՝ բուժման։Ֆրանսիայի մշակույթի նախարարի միջոցով օդանավ ուղարկեցինք կոմայի մեջ գտնվող Փարաջանովի հետևից։

Բժիշկն ասաց՝ արթնացրու Փարաջանովին, եթե քեզ ճանաչի, ուրեմն գիտակցությունը տեղն է։ Ես փորձեցի արթնացնել։ Աչքերը բացեց, նայեց վրաս ու ասաց՝ վա՜հ, Я в Париже! Մաեստրոն կյանքի վերջին օրերը Փարիզում անց կացրեց։

Պազոլինիի ֆոտոն ուզեց ինձնից։ 40×60 հրաշալի աֆիշ ունեի՝ Պազոլինիի դիմանկարը։ Ես էլ էի շատ սիրում Պազոլինիին, նրա ֆիլմերն էի տեսել, նրան սպանող երիտասարդիդերն էի խաղացել թատրոնում։

Serj Avetikyan-4

3000 ֆրանկով Փարաջանովի «նվիրած» կոլաժը

Փարաջանովն ինձ կոլաժ է նվիրել…փողով։ Բացատրել էր ինձ՝ ինչու է փող վերցնում կոլաժի դիմաց։ Ասաց՝ արվեստը պետք է փոխանցվի։ Եթե դու ինձ 3000 ֆրանկ տաս, ես դրանով  երկու ճամպրուկ նվեր կառնեմ Կոտե Մեսխիի երեխեքի համար։ Ասացի՝ ես այդ փողը կճարեմ։

Փարաջանովին տարա Տարկովսկու շիրմի մոտ։ Ռուսերեն մենախոսում էր Տարկովսկու հետ՝ ախր ի՞նչ ես անում դու այստեղ…

Վերադարձի ճանապարհին հարցրեց՝ փող ունե՞ս։ Լրագրողներ էլ կային հետներս։ Նրանց աչքից հեռու փողը հանեցի, տվեցի նրան։ Կոլաժը մինչ այդ էր տվել ինձ ու ասել՝ սա կվաճառես շատ թանկ գնով ու այդ փողով նոր ֆիլմ կնկարես։ Ասացի՝ լավ։ Պրագմատիկ մտածողություն ուներ։ Իվ Սեն Լորանի պայուսակը երբ տվեցի, աչքերը փայլեցին՝ սրանով  3 արկղ ժապավեն կառնեմ, այս մեկը 2 օրվա նկարահանման համար կհերիքի։ Ում վրա մի գեղեցիկ բան էր տեսնում, ասում էր՝ տուր ինձ, սա կվաճառեմ, փողն այսինչ ֆիլմի նկարահանման համար կծախսեմ, փոխարենը քեզ մի ուրիշ բան կնվիրեմ։

Ես կատարեցի իմ խոստումը՝ վաճառեցի Փարաջանովի կոլաժը

Փարաջանովի կոլաժը մեկ ամիս առաջ եմ վաճառել։1988 թվականից իմ սալոնում կախված էր։ Փարաջանովի 100 ամյակի առիթով հետս Երևան էի բերել։ Ասացի՝ գնեք։ Փարաջանովն էլ է ասել, ու կոլաժի հետևում գրված է, որ այն պետք է վաճառվի։ 20 հազար դոլարով եմ վաճառում։ Գիտե՞ք ինչն է զարմանալին, որ Փարաջանովի ոչ մի գործ մինչ այսօր 20 հազար դոլարից ավելի թանկ չի վաճառվել։ Որովհետև ոչ ոք չի աշխատում, որ Փարաջանովի գինը բարձրանա։ 3 ամիս այդ կոլաժը մնաց Երևանում, նույնիսկ առաջարկեցի՝ 15.000 դոլար գտեք, լավ, գոնե 10.000։ Դա էլ չեղավ։ Վերջերս աճուրդով ուզում էի վաճառել՝ 20-30.000-ով։Ինձ գումարը չի պետք,ես խոստացել էի ու այդ պայմանով էի գնել կոլաժը, որ պիտի վաճառեմ ու հաջորդ ֆիլմի համար ծախսեմ այդ գումարը։

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքից մի հայ՝ Արման Թորոսյան անունով, կապվեց ինձ հետ ու ասաց. «Դստերս 18 ամյակն է լրանում, ուզում եմ կոլաժը գնել ու նրան նվիրել։ Երևան էինք գնացել, Փարաջանովի թանգարան այցելեցինք, աղջիկս նրա կոլաժները շատ է հավանել։ Ինչքանո՞վ եք վաճառում»։

Պատասխանեցի՝ կոլաժի հետևում էլ է գրված, որ այն պետք է վաճառեմ 20-30.000 դոլարով, դրանից ոչ պակաս։

Գործարքն օրինականացրինք փաստաթղթերով։ Արման Թորոսյանին հրավիրեցի Փարիզ։ Ասացի՝ կգաք նախ թատրոն, ես այդ օրը խաղալու եմ, հրավիրում եմ իմ ներկայացմանը։ Հետո կգնանք մեր տուն, ես կոլաժը պատից կհանեմ  կտամ Աստղիկին (դուստրն է)։  Հետո կնստենք, կուտենք-կխմենք, Փարաջանովի մասին կխոսենք։

Այդպես էլ արեցինք։

Հիմա Փարաջանովի կոլաժը Գրենոբլում է։Գոհ եմ, որ կոլաժը մնաց Ֆրանսիայում, որովհետև Փարաջանովն այն Փարիզումէ  ստեղծել։ Գոհ եմ, որ հայի տանն է, 18 տարեկան Աստղիկի մոտ։ Իսկ 30 000 դոլարը գնալու է «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմին, որի համապրոդյուսերն եմ։

Սերժ Ավետիքյանը հրաշալի վերլուծում է նաև աշխարհաքաղաքական իրադրությունը ու այդ համապատկերին՝ Հայաստանի վիճակը։ Անվանի արվեստագետը, որ տասնամյակներ շարունակ կամրջում է Հայաստանն ու Ֆրանսիան, փորձում է գտնել այն ճանապարհները, որոնք հնարավոր է զերծ պահել քաղաքականությունից ու ծառայեցնել կրթությանը, մշակույթին, արվեստին, մտքի, հոգու, խոսքի ազատությանը։

 Նաիրա Փայտյան


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12