«ԿԻՆ» միջազգային 22-րդ կինոփառատոնը
Այս տարի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնը բոլորեց 22- ամյակը։ Դեկտեմբերի 12-16-ը տեղի ունեցած փառատոնի ծրագրում ներկայացված էին 47 ֆիլմ 21 երկրից։ Այս մասին տեղեկացրել է փառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 12-ին ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցած փառատոնի բացման արարողությանը հետևեց Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմում ռեժիսորը փորձում է վերականգնել մոռացված հայկական կինոյի աշխարհը։ Նրա հոր՝ հայտնի հայ դերասան Վիգեն Ստեփանյանի հետ ունեցած երկխոսությունից ծագած այս հուզիչ վավերագրական ֆիլմը կենդանացնում է մի հարուստ, բայց հաճախ անտեսված պատմություն, որը խորապես միահյուսված է անձնական կորստի հետ։
Մրցութային ծրագիրն առատ էր հետաքրքիր և բազմաժանր կարճամետրաժ ֆիլմերով։ Բացի մրցութային ծրագրից հանրությանը ներկայցվեցին նաև Բասկյան ֆիլմերի հատուկ ընտրանի, որը ներկայացրեց ժյուրիի անդամ Օրսոլա Կասագրանդեն։ Իսկ «Հոսք» հիմնադրամի աջակցության շնորհիվ հնարավորություն ընձեռվեց լսելու Պատրիցիա Ֆրեգոնեզեյի զեկույցը՝ նվիրված լեգենդար իտալացի ռեժիսոր Լիլիանա Կավանիին, ինչին հաջորդեց նրա՝ «Գիշերային դռնապանը» աղմկահարույց ֆիլմը։
«ԿԻՆ» միջազգային կինոփառատոնի հյուրն էր նաև ամերիկյան «Դանս կամերա վեստ» պարային ֆիլմերի փառատոնը, որի ԼԱ ՓՈՓՍ ԱՓ ծրագրի շրջանակում ցուցադրվեց պարային ֆիլմերի ընտրանին։ Փառատոնի հարգանքի տուրք բաժինը նվիրված էր ֆրանսիական հեռուստատեսության և կինոյի հայազգի աստղ` Ալիս Սափրիչին։
Դեկտեմբերի 16-ին փառատոնի փակման արարողության ընթացքում հայտնի դարձան նաև մրցանակակիր ֆիլմերը.
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվեց իրանական «Քամու ժառանգությունը» վավերագրական ֆիլմին (ռեժ. Նասիմ Սոհեյլի),
«Հատուկ մրցանակ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Երբ նավաստին ափին է» ռուսական խաղարկային ֆիլմին (ռեժ. Դիանա Բելովա):
Կինոփառատոնի ժյուրիի դիպլոմներին արժանացան «Գայլակերպ կնոջ ճիչը» իսպանական խաղարկային ֆիլմը (ռեժ. Անդրեա Գանֆորնինա ), ռեժիսոր Աննա Մելիքյանի «Անդրոմեդան» (Ռուսաստան), Ռուբի Մարտիրոսյանի «Արևի երկիրը» (Հայաստան), Էլինա Երկանյանի, Կարեն Մարգարյանի, Վահան Զատիկյանի «Դեռ այն անապատներում» վավերագրական ֆիլմը (Հայաստան), ինչպես նաև «Կրթական նպատակներով» ֆրանսիական խաղարկային ֆիլմը ( ռեժ. Շ.Կայո, Հ.Բենալի):
Փռատոնը եզրափակվեց ֆրանսիական «Ջուլիետը գարնանը» կատակերգական դրամայի (ռեժ. Բլանդեն Լենուար) ցուցադրությամբ։
Փառատոնի ժյուրիի անդամներն էին` Օրսոլա Կասագրանդեն (պրոդյսեր, լրագրող, Իսպանիա), Պատրիցիա Ֆրեգոնեզե (կինոռեժիսոր, դ’Իդեա կանանց փառատոնի տնօրեն, Իտալիա), Ռուզաննա Բագրատունյանը («Կինոաշխարհ» կինոյի մասնագիտացված կայքի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, հետազոտող-կինոլրագրող, Հայաստան), Քնարիկ Միրզոյանը (սցենարիստ, Հայաստան)։
Փառատոնի հովանավորներն են՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Ֆրանսիական ինստիտուտը, Իսպանիայի դեսպանատունը, «հոսք» հիմնադրամը, Ռուսական տունը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և Օրիֆլեյմ ընկերությունը, Աութդորս ընկերությունը:





















