Մահացել է XX դարի սեքս-խորհրդանիշը

91 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի լեգենդար դերասանուհի, մոդել և գրող Բրիջիտ Բարդոն։ Նրա մահվան մասին հայտնել է դերասանուհու անունը կրող հիմնադրամը։ Ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնական հայտարարությանը, Բարդոյին անվանել է կինոյի իրական իկոնա։ Մահվան պատճառը չի հրապարակվել։

Կատարյալ կրթություն

Բրիջիտ Անն-Մարի Բարդոն ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 28-ին Փարիզում՝ բարեկեցիկ ընտանիքում։ Նրա հայրը ինժեներ էր, որը հետաքրքրվում էր պոեզիայով և նկարահանումներով՝ թողնելով բազմաթիվ ընտանեկան տեսագրություններ դստեր մասնակցությամբ։ Բրիջիտն ուներ փոքր քույր՝ Մարի-Ժաննան, որին մանկության տարիներին համարում էր իրենից ավելի գեղեցիկ։

Brigit Bardo

Ապագա աստղը մեծացել է խիստ դաստիարակության պայմաններում։ Նա սովորել է կաթոլիկ դպրոցում, ունեցել է մասնավոր դաստիարակչուհիներ և վաղ տարիքից զբաղվել է խորեոգրաֆիայով։ Տասներեք տարեկանից Բարդոն ուսանել է Երաժշտության և պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում՝ ձևավորելով այն գեղագիտական հիմքը, որը հետագայում դառնալու էր նրա արտիստական կերպարի անբաժան մասը։

Նրա ստեղծագործական ուղին սկսվել է դեռևս 14 տարեկանում, երբ մոր նախաձեռնությամբ մասնակցել է նորաձևության ցուցադրության։ Այստեղ նրան նկատել են Jardin des Modes ամսագրի ներկայացուցիչները, իսկ կարճ ժամանակ անց նա լուսանկարվել է նաև Elle ամսագրի համար։ Մոր պահանջով լուսանկարները ստորագրվել էին միայն «Բ.Բ.» սկզբնատառերով։ Տարիներ անց Բարդոն այդ օրը հիշում էր որպես հուզիչ, բայց միևնույն ժամանակ լի ամաչկոտությամբ ու ներքին լարվածությամբ։

Դերասանական արվեստը կոչում չէ

Brigit Bardo mahacel e

Ալեգրեի մոտ անցկացվող փորձերի ժամանակ Բրիժիտ Բարդոն ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ ռեժիսորի ասիստենտ Ռոժե Վադիմի հետ։ Թեև այդ նախագիծը չիրականացավ, հաջողված փորձերը նրան բացեցին ճանապարհ դեպի կինո, իսկ Վադիմը ակտիվորեն նպաստեց երիտասարդ դերասանուհու առաջխաղացմանը։ 16 տարեկանում Բարդոն, ընտանիքի ընկերոջ հրավերով, միացավ բալետային խմբին, որը ելույթներ էր ունենում զբոսաշրջային նավի վրա։ Երկշաբաթյա այդ ճանապարհորդությունը նա հետագայում հիշում էր որպես ծնողական խնամքից առաջին լուրջ ազատության փորձ և կարևոր բեմական փորձառություն։ Նրա կինոդեբյուտը 1952 թվականին եղավ՝ «Նորմանդական անցքը» ֆիլմում, որը դերասանուհին իր հուշերում անվանում էր «դժոխք»՝ նկարահանման հրապարակում տիրող ծանր մթնոլորտի պատճառով։

Նույն տարում նա խաղաց Մանինային՝ բիկինիով աղջկան, Վիլի Ռոզիեի համանուն ֆիլմում։ Ֆիլմը առաջացրեց կաթոլիկ եկեղեցու բողոքները, սակայն փորձաքննությունը բարոյական նորմերի խախտում չհայտնաբերեց, և ժապավենը ոչ միայն դուրս եկավ լայն էկրաններ, այլև նպաստեց բիկինիի տարածմանը Եվրոպայում։ Այս դերը Բարդոյին դարձրեց պահանջված, և հաջորդ չորս տարիների ընթացքում էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ 10 ֆիլմ։ 1954 թվականի Կաննի կինոփառատոնում, ուր նա ժամանել էր ամուսնու հետ, նրա լուսանկարները Քըրք Դուգլասի հետ տարածվեցին համաշխարհային մամուլի էջերում։

Սակայն, Բարդոյին համաշխարհային ճանաչում բերեց 1957 թվականին՝ Վադիմի դեբյուտային՝ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմում խաղացած գլխավոր դերից հետո։ Նա մարմնավորեց ազատամիտ երիտասարդ հերոսուհու, որի կերպարը սկանդալ առաջացրեց և անգամ որոշ երկրներում արգելվեց, սակայն դա միայն մեծացրեց հետաքրքրությունը կինոնկարի և դերասանուհու նկատմամբ։ Ֆիլմը ունեցավ հսկայական դրամարկղային հաջողություն, հատկապես ԱՄՆ-ում, և Բարդոյին դարձրեց «օվկիանոսից այն կողմ ամենահայտնի ֆրանսուհին», չնայաց նրան, որ դերասանուհին հրաժարվում էր Հոլիվուդի չդադարող առաջարկներից։

Հետագա տարիներին դերասանուհին ակտիվորեն նկարահանվում էր, իսկ նրա անձնական կյանքը դարձել էր մամուլի սեփականությունը։ 1959 թվականին «Բաբետտան գնում է պատերազմ» կատակերգությունը, որը առաջին անգամ ցուցադրվեց ԽՍՀՄ-ում, նորաձև դարձրեց բարձր սանրվածքը՝ «բաբետտան»։ Նշանավոր աշխատանքներից են «Օսկարի» առաջադրված «Ճշմարտությունը» (1960) դրաման և Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963) ֆիլմը։ 1973 թվականին Բրիջիտ Բարդոն հայտարարեց կինոյից հեռանալու մասին՝ ավարտելով իր կարիերան։ Աստղը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, սակայն միշտ ընդգծել է, որ երբեք դերասանական մասնագիտությունը չի համարել իր կոչումը։

Երաժշտական կարիերա

Brigit Bardo

Բրիջիտ Բարդոն զբաղվել է նաև երաժշտական գործունեությամբ և թողարկել է մի քանի ալբոմ։ Նրա առաջին փոփ երգերի ժողովածուն՝ Behind Brigitte Bardot, լույս է տեսել 1960 թվականին, իսկ երգերը նա կատարել է ֆրանսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով։

Բրիջիտ Բարդոյի երաժշտական գործունեության կարևոր փուլը կապված է կոմպոզիտոր և բանաստեղծ Սերժ Գենսբուրի հետ համագործակցության հետ։ Նրա համար Գենսբուրը գրել է մի շարք հայտնի երգեր՝ Harley Davidson, Bonnie and Clyde և Je t’aime… moi non plus։ Այդ ստեղծագործություններից շատերը դարձել են ժամանակի խորհրդանիշներ և ստացել են լայն ճանաչում։

Bonnie and Clyde երգը թողարկվել է նույն տարում, ինչպես և ամերիկյան համանուն ֆիլմը(Ֆեյ Դանաուեյի և Ուորեն Բիթթիի գլխավոր դերակատարմամբ)։ Սակայն Բարդոյի և Գենսբուրի համատեղ ալբոմում Je t’aime… moi non plus երգը չի ընդգրկվել․ դերասանուհու ամուսինը՝ Գյունթեր Զաքսը, պահանջել է հանել այն՝ պայմանվորված նրանց ամուսնալուծությամբ: Երգը հետագայում վերաձայնագրվել է Ջեյն Բիրկինի հետ, իսկ Բարդոյի մասնակցությամբ բնօրինակ տարբերակը հրապարակվել է միայն 1980-ականներին։

Կինոյից հետո՝ կենդանիների պաշտպանություն

Դերասանական կարիերան ավարտելուց հետո Բրիջիտ Բարդոն ամբողջությամբ կենտրոնացել է կենդանիների պաշտպանության վրա։ Նրա հետաքրքրությունը այս ոլորտի նկատմամբ ձևավորվել էր դեռ վաղ տարիներին․ իր հուշագրություններում նա հիշատակում է թափառող շներին օգնելու դեպքեր և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի օրինակներ։ 1964 թվականին Բարդոյի մասնակցությամբ Ֆրանսիայում ընդունվել է օրենք, որը նախատեսում էր անասունների ավելի մարդասիրական մորթի մեթոդներ։ Հետագա տարիներին նա հանդես է եկել որսի, կենդանիների վրա փորձարկումների և կորիդայի դեմ։

1967 թվականին Բարդոն հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին՝ կենդանիների պաշտպանության հարցերը բարձրացնելու նպատակով։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ իր կյանքի գլխավոր նպատակը համարում է Կենդանիների պաշտպանության հիմնադրամի ստեղծումը, որի համար վաճառել է անձնական ունեցվածքի մի մասը՝ հավաքելով շուրջ երեք միլիոն ֆրանկ։

Միևնույն ժամանակ Բարդոն հաճախ հայտնվել է սկանդալների կիզակետում: Նա մի քանի անգամ դատապարտվել է «ատելություն հրահրելու» մեղադրանքով՝ կենդանիների սպանությամբ կապված կրոնական ծեսերի և միգրացիոն քաղաքականության վերաբերյալ կոշտ արտահայտությունների համար։ Բարդոն նաև քննադատել է Ֆրանսիայի իշխանություններին, այդ թվում՝ նախագահներ Նիկոլա Սարկոզիին և Էմանուել Մակրոնին, կենդանիների պաշտպանության ոլորտում, իր գնահատմամբ, ոչ բավարար քայլերի համար։

2013 թվականին Բարդոն հայտարարել է, որ կարող է ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն, եթե Ֆրանսիայում քնեցնեն երկու փղերի՝ միաժամանակ դրական արտահայտվելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման մասին։ Նա նաև մի քանի անգամ դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը կենդանիների պաշտպանության հարցերով, այդ թվում՝ 2015 թվականին՝ շան գողության համար դատապարտված կնոջ գործով և 2018 թվականին՝ Ռուսաստանում թափառող կենդանիների խնդրի վերաբերյալ։

Չհաջողվեց գտնել անձնական երջանկություն

Brigit Bardon mahacel e

15 տարեկանում Բրիժիտ Բարդոն կինոփորձերի ժամանակ ծանոթացավ ռեժիսորի օգնական Ռոժե Վադիմի հետ։ Չնայած ծնողների առարկություններին՝ մի քանի տարի անց՝ 1952 թվականի դեկտեմբերին, նրանք ամուսնացան։ Սակայն արդեն «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի նկարահանումների ընթացքում դերասանուհին սիրավեպ սկսեց իր խաղընկեր Ժան-Լուի Տրենտինյանի հետ, և 1957 թվականին ամուսնությունը Վադիմի հետ ավարտվեց ամուսնալուծությամբ։ Անձնական երջանկություն գտնել նրան այդպես էլ չհաջողվեց։

1959 թվականին Բարդոն երկրորդ անգամ ամուսնացավ դերասան Ժակ Շառյեի հետ, որից ունեցավ որդի: 1962 թվականին ամուսնալուծությունից հետո երեխան մնաց հոր խնամքին, և դերասանուհին երկար ժամանակ հեռու էր որդուց։ Հետագա միություններն էլ կարճատև էին՝ գերմանացի միլիոնատեր Գյունտեր Զաքսի հետ (1966–1969) և քաղաքական գործիչ Բեռնարի դ’Օրմալի հետ (1992 թվականից):

Արդյունքում Բրիջիտ Բարդոն մնաց միայնակ։ Որդու հետ կապը վերականգնելու նրա փորձերը արդյունք չտվեցին: Որդին ընտանիքով տեղափոխվեց Օսլո և հրաժարվեց մոր հետ շփումից։

Վատթարացում և մահ

2025 թվականի հոկտեմբերին Nice-Matin պարբերականը հայտնել էր, որ Բրիջիտ Բարդոն գտնվում է հիվանդանոցում և ենթարկվել է վիրահատության ծանր հիվանդության պատճառով։ Հոկտեմբերի 23-ին դերասանուհին սոցիալական ցանցերում վստահեցրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է և որևէ հրաժեշտ չի նախատեսվում։ Սակայն 2025 թվականի նոյեմբերի վերջին նա կրկին հոսպիտալացվել էր։ 2025 թվականի դեկտեմբերի 28-ին Բրիջիտ Բարդոն մահացավ՝ 91 տարեկան հասակում։

Պատրաստեց Ռ.Բագրատունյանը