ԱՄՆ-ում՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հենց իր ծննդյան օրը՝ 87 տարեկանում, քաղցկեղ հիվանդության բարդություններից մահացել է իրանական կինոյի և թատրոնի ականավոր ռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ, հետազոտող և ամերիկյան «Օսկարի» ակադեմիայի անդամ Բահրամ Բեյզան: 

«Դա պարզապես պատահար էր» ֆիլմի հեղինակն ու Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակակիր իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին ուղերձ է հղել Բահրամ Բեյզայի մահվան առիթով: Անկախ միջազգային կինոլրագրող Մանսուր Ջահանիի փոխանցմամբ՝ Փանահին գրել է․«Բեյզային չընտրեց հեշտ ճանապարհը։ Նա տարավ տարիներ տևած մեկուսացում, պարտադրված լռություն և հեռացում, բայց երբեք չհրաժարվեց իր լեզվից ու համոզմունքներից։ Մեզնից շատերը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, սովորեցինք նրանից։ Սովորեցինք, թե ինչպես դիմակայել մոռացությանը»։

Jafar Panahin xosel e-Bahram Beyzaie masin

Փանահին իր գրառման մեջ հիշատակել է նաև Բահրամ Բեյզայի հետ նախատեսված, սակայն չկայացած իր վերջին հանդիպման մասին․«Այդ օրը Սան Ֆրանցիսկոյում պետք է հանդիպեի վարպետին՝ կեսօրին, ժամը երկուսին։ Ժամը տասնմեկին հեռախոսը զանգեց։ Սկզբում խոսեց նրա կինը՝ Մոժդեհ Շամսաին, ապա ձայնը փոխվեց․ այն հոգնած ու ցավալի էր։ Նա ասաց, որ իրեն լավ չի զգում և կցանկանար հանդիպումը հետաձգել՝ մինչև իրեն ավելի լավ զգա, գուցե հաջորդ այցի ժամանակ։ Ես գիտեի, որ նա մեկ տարի շարունակ քիմիաթերապիա էր անցել, և նրա ձայնի հոգնածությունը կրում էր այդ լուռ պայքարի ծանրությունը։ Չիմանալով, որ սա կլինի վերջին անգամը, երբ կլսեմ նրա ձայնը, հրաժեշտ տվեցինք միմյանց՝ հույսով, որ կհանդիպենք հաջորդ ճանապարհորդության ժամանակ»։

Իր խոսքը շարունակելով՝ Փանահին գրել է․«Բահրամ Բեյզային պարզապես անուն չէր իրանական կինոյի և թատրոնի պատմության մեջ։ Նա այն մարդն էր, որը մարմնավորեց այս հողի առասպելը, պատմությունն ու լեզուն և թույլ չտվեց, որ դրանք մոռացության մատնվեն։ Իրանական կինոն, դեռ մինչև աշխարհին ներկայանալը, ինքն իրեն ճանաչեց հայելու մեջ, պատկերին տվեց մտածողություն, իսկ պատմությանը՝ արժանապատվություն»։

Իր ուղերձի ավարտին Ջաֆար Փանահին գրել է․«Այսօր այդ հոգնած ձայնը ինձ համար մի ամբողջ դարաշրջանի ձայնն է՝ մի դարաշրջանի, որը մտածում էր և բարձրանում նրբագեղությամբ։ Իրանական կինոն պարտք ունի նրան՝ ոչ միայն նրա ստեղծագործությունների, այլև այն պատվի համար, որ նա շնորհեց մտքին ու արվեստին։ Նա հեռացել է, սակայն այն, ինչ ստեղծեց ու սերմանեց, շարունակում է ապրել պատկերներում, բառերում և մեր խղճում»։

Բեյզայի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Բաշու, փոքրիկ օտարականը», նկարահանվել է 1985 թվականին Իրանում։ Ֆիլմը 2025 թվականին ցուցադրվել է Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ «Venice Classics» անվանակարգում արժանացել է «Lավագույն վերականգնված ֆիլմ» մրցանակին։

Պատրաստեց Ռ.Բագրատունյանը