Անդրեյ Զվյագինցեվն իր «Ելենա» ֆիլմը նկարելու շարժառիթն այսպես էր պատճառաբանել՝ «Երկիրը հոսում է մեր ոտքերի տակից»։ Հայերեն հասած՝ երկիրը ձեռքներիցս գնում է։ Ի՞նչ կապ ունեն Ելենան և նրա հարուստ ամուսինը երկրի ու հողի հետ։

Ելենան արթնացել է մեծաշուք, լուսավոր, շատ հարմարավետ բնակարանում։ Կադրերում շատ լույս կա, բայց բնակարանի խստաշունչ սառնությունը զգալի է։ Ելենան պարզապես նստել է մահճակալին, գլուխն առել ձեռքերի մեջ, թվում է՝ կենտրոնացած է, բայց ոչինչ չասող հայացքով նայում է անորոշ մի տեղ։ Հարցն այն չէ՝ Ելենան երջանի՞կ է, թե՞ ոչ։ Որովհետև այնպես չէ, որ երջանիկներն օրվա մի ժամի չեն կարող գլուխներնափերի մեջ առնել և ուղղակի նստել։ Պարզապես սա Ելենայի տունը չէ։ Սա իր տեղը չէ։

Ելենան մոտենում է վայելուչ զարդասեղանին և մանրակրկտորեն սանրում մազերը։ Հետո Ելենան խնամքով հավաքում է մազերը։ Հիմա կգնա խոհանոց և գործ կանի։ Բայց դա իր խոհանոցը չէ։ Քանի որ տանտիրուհիները խոհանոց մտնելուց առաջ այդպես չեն հարդարում իրենց մազերը․ոչ այն է՝ դուր գալու համար, ոչ այն է՝ ի սեր եփվելիք կերակուրների՝ հանկարծ մազ չընկնի ճաշի մեջ։ Չափազանց գործնականություն կար Ելենայի հարդարվելու մեջ։

Այս մանրամասների նկարագրությունն ինքնին գուցե անտեղի թվա։ Բայց ինքը՝ Զվյագինցևը, չի խորշել երկար՝ խոշոր ու միջին պլանով ցույց տալ կնոջ ծանր արթնացումը։ Իսկ ամենասկզբում՝ ֆիլմի սկիզբն ազդարարող կադրերում, ծառի՝ միմյանց մեջ խճճված ճյուղեր են։ Կադրը երկար ու նուրբ համառությամբ չի պոկվում ճյուղերի հանգույցներից, մինչև դրանց արանքում նշմարվում է մի փոքրիկ, բռաչափ թռչնակ։

«Պարզ է, խճճված պատմություն կլինի»,- թյուրիմացաբար ենթադրում եմ։ Եվ սա միակ թյուրըմբռնումն էր։ Ողջ ընթացքը՝ անգամ երկար լռությունը, փութկոտ շարժումը, որոշումը, որոշումն իրագործելու ընթացքը, ում ինչ լինելը պարզից էլ պարզ է։ Ոչ մի հետին միտք՝ «ես ասեմ՝ սև, դու հասկացիր՝ գիշեր, կամ՝ սպիտակ, դու հասկացիր՝ հրեշտակ», չկա։ Ամեն բան ուղիղ է, շիտակ և ցնցող՝ ինչպես Ա-ից Բ կետ տանող շիփ-շիտակ, առանց քանոն գծված գծի պարզությունը։ Խոր իմաստներ փնտրելու շանս չկա։ Խոր իմաստը բաց ցուցադրվում է։

Եվ այսպես, Ելենան իրոք ննջարանից գնում է խոհնաոց, սեղան է պատրաստում։ Անցնում է մյուս ննջասենյակ, վարագույրը քաշում է, արևով է ողողվում ննջարանը, տղամարդն արթնանում է։ Խոհանոցի սեղանի շուրջ Ելենան խնդրում է՝ օգնիր թոռանս, որ համալսարան ընդունվի, տղամարդն էլ ասում է՝ իսկ որդիդ ինչու՞ չի աշխատում, դեռ որքա՞ն պիտի օգնեմ, թոշակդ նրա՞նց ես տալիս, օգնու՞մ ես նրանց, շատ եմ օգնել, այլևս բավ է, մենք պայմանավորվել էինք, Ելենա, նրանք իմ պարտքը չեն։ Ելենան էլ արագ հիշատակում է ամուսնու դստերը՝ նա էլ չի աշխատում․․․ Տղամարդն էլ հիշեցնում է՝ նա ի՛մ աղջիկն է։

Ընդհանուր առմամբ՝ քիչ գործողություններ, դանդաղ ընթացող գործողություններ, բնական լույս։ Ինչպես Ժիլ Դելյոզն է ասում՝ «Իմաստը ճաքերի, կեղևի, մաշկի ծակոտկիների մեջ է»։

Եվ ահա, Ելենան քայլում է ցուրտ փողոցներով՝ մռայլ եղանակ է։ Ելենան ներս է մտնում մի բնակարան, որի հոտը, թվում է, քեզ ծանոթ է Պան Ջու-հոի «Մակաբույծներ» ֆիլմից։ Բոլորովին տարբեր մշակույթներ են,  տարբեր երկրներ ու քաղաքներ, տարբեր ռասսաներ, տարբեր ուտելիքներ են պատրաստվում ու մարսվում այս բնակարաններում, բայց նրանք նույն հորդայից են՝ միշտ սուր սովով, մշտադիտարկ որսորդի նույն ներքին ռադարով։ Քանի համալսարան էլ ավարտեն, այս մարդիկ կմնան դաժան, խորամանկ, բայց ոչ երբեք մտավոր հետաքրքրություններ ունեցող։ Թոռը, որի կրթության համար Ելենան այդպես համառորեն փող է պահանջում իր դեֆակտո ամուսնուց, շարունակելու է թքել, հայհոյել, ոհմակով հարձակվել, շշից խմել, վատնել, մխսել և մխտռել։ Սա է նրանց գործառույթը, ցավոք։

«Մենք ուզում ենք լինել լավը։ Սիրում ենք նայել հայելու մեջ և տեսնել, թե ինչ լավն ենք։ Եվ քչերն են, որ ուզում են հանդիպել իրենց հետ ոչ այնքան հմայիչ կողմից։ Կարծում եմ՝ հենց սա է արտհաուսը՝ մաքուր, անխաբ հայացքը նրան, այն ամենին, ինչ որ տեսել ենք»,- մի առիթով ասել է Անդրեյ Զվյագինցևը։

Եվ ահա, մոտենում է հանգուցալուծումը՝ բուն մեղքը, արարը։ Ելենան արդեն ստացել է վերջնական մերժումը կաթված ստացած, անկողնուն գամված, իր խնամքին լիովին վստահող ամուսնուց։ Մերժումն ավելի ազդու է դառնում ամուսնու՝ կտակի մասին կայացրած որոշման ֆոնին՝ դուստրը կստանա ողջ կտակը, Ելենան ցկյանս կստանա այնքան թոշակ, որ կբավարարի բարեկեցիկ կյանքին։ Միայն ի՛ր կյանքի համար բավարար։ Եվ ոչ մի լումա, ոչ մի օգնություն Ելենայի պորտաբույծ տղային և նրա ընտանիքին։ Այստեղ է, որ Ելենան ինքն էլ վերջնականապես գիտակցում է, որ  «Աննուշկան ձեթը թափել է»։

Կինը, որ Աստվածամոր նկարի առաջ աղոթում էր տղամարդու ապաքինման համար, բարեխոսում էր տղամարդու դստեր հետ հորը հանդիպելու և սրտակից լինելու համար, լուռ հեռանում է սենյակից՝ կատարելով խնամքի բոլոր արարողակարգերը, որ անում էր միշտ։ Դանդաղ, հանդարտ կադրեր են՝ սպանության նախապատրաստում, սպանություն, սպանության վերջնարդյունքի ժամերի հաշվարկ։ Սպանությունը ոչ թե կրքի, վրեժի կամ խելագարության ակնթարթային պոռթկում է, այլ՝ կոկիկ հաշվարկ։ Ելենան չի շվարում։ Չի կոտրվում։ Նա պարզապես անցնում է դեպի այն հորդան, որը միշտ իր մեջ է եղել՝ որսորդի, այլ՝ ոչ զոհի։

Elena-ANDREY-Zvyagince

Ելենան ստանում է տղամարդու կտակի կեսը․ ամուսինը չէր հասցրել կտակ գրել․ ավելի ճիշտ՝ Ելենան ոչնչացրել էր դրանք։ Ելենան նաև վերցնում է մի պատկառելի գումար, որ ամուսինը տանն էր պահում։ Ելենան շտապում է իր տուն՝ իր ընտանիք՝ որդու մոտ։ Պայուսակից հանում ու որդուն է տալիս շատ փող։ Որդին ուրախ է։ Ծառայությունից ազատվող և համալսարանական դարձող թոռն անտարբեր է․ շտապում է շնորհավորանքներն ավարտվեն, իջնի բակ՝ ծեծկռտուքի հաշիվ կա։ Հարսը երրորդ երեխայով է հղի։

Միայն փոքր թոռն է անհոգ խլվլում Ելենայի ծնկներին։ Տղան առաջարկում է փոքրին անվանակոչել հանգուցյալի հիշատակին՝ Վլադիմիր։ Հենց այդ պահին լույսերը մարում են։ Ելենան այդ պահին, միայն այդ պահին շատ վախենում է։ Ծնվում է նոր Վլադիմիրը՝ գռեհիկ, անկազմակերպ, անվերջանալի ծախսերով և պատահական բռնությամբ ապրող տարածքի հերոսը։ Ժեխի որդին։ Ֆիլմի վերջում ժեխը Վլադիմիրի տանն է։ Նրանք տիրոջ իրավունքով պատրաստվում են վերանորոգել մեծահարուստի ճաշակավոր տունը։ Ապագա համալսարանականը թքում էր ընդարձակ պատշգամբից ներքև, որտեղ բակի երեխաներն են խաղում։ Իսկ ժեխի որդին արդեն Վլադիմիրի մահճակալին է։

Մարինա Բաղդագյուլյան


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05