Հոլիվուդի «Կնքահայրը»՝ Ռուբեն Մամուլյան
Ռուբեն Մամուլյանը հայազգի ամերիկացի թատրոնի և կինոյի ռեժիսոր է, աշխարհում առաջին գունավոր գեղարվեստական կինոնկարի ստեղծողը։ Ծնվել է Թիֆլիսում՝ 1897 թվականի հոկտեմբերի 8-ին։ Մայրը՝ Վերգինե Քալանթարյանը հայկական թատրոնի ղեկավարն էր, հայրը՝ Զաքարիա Մամուլյանը, հանդիսանում էր քաղաքի բանկերից մեկի տնօրենը։ Արվեստի հանդեպ հետաքրքրությունը Ռուբենի մոտ ի հայտ է եկել մանուկ հասակից։ Սակայն ապագա մասնագիտության ընտրության հարցում ստիպված է եղել հաշվի առնել ծնողների ցանկությունը։ Երիտասարդ Մամուլյանը ընդունվում է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ Այնտեղ էլ սկսում է այցելել ռեժիսոր Եվգենի Վախթանգովի երեկոյան դասընթացները։
1921 թվականին Մամուլյանը մեկնում է Լոնդոն։ Այնտեղ մի քանի տարի աշխատում է որպես թատրոնի ռեժիսոր, ապա՝ մեկնում Նյու-Յորք։ Այստեղ էլ բեմադրում է իր առաջին ներկայացումը՝ «Պորգին»՝ Ամերիկայի հարավում ապրող սևամորթների կյանքի մասին։ Ներկայացումը շռնդալից հաջողություն է ունենում։ Բրոդվեյում սկսում են խոսել սկսնակ ռեժիսորի մասին։
Հնչյունային կինոյի ի հայտ գալը շրջադարձային նշանակություն է ունենում Մամուլյանի համար։ Կինոստուդիաներին անհրաժեշտ էին ռեժիսորներ, ովքեր կկարողանային «համր» կինոյի արտիստներին սովորեցնել նկարահանվել հնչյունային կինոնկարներում։
Paramount Pictures-ը, որն այն ժամանակ գտնվում էր Նյու-Յորքում, Մամուլյանին է վստահում «Ծափահարություններ» ժապավենի նկարահանումը, որի աշխատանքներում երիտասարդ ռեժիսորն առաջին անգամ կիրառում է բազմաթիվ նորարարական հնարքներ։ Այդպես նա ստիպում է օպերատորներին նկարահանել միանգամից երեք տեսախցիկներով և առաջարկում կիրառել երկու միկրոֆոն, որպեսզի միաժամանակ ձայնագրի երկու հնչյունավոր ձայնագրություններ, իսկ հետո արդեն դրանք համատեղի ժապավենի վրա։ Նա տեսախցիկը տեղադրում է անիվների վրա և այն մշտապես շարժվում է, ինչը կինոնկարին հատուկ դինամիկա է հաղորդում։ Առաջին անգամ կինեմոտոգրաֆի պրակտիկայում ռեժիսորը կիրառում է ստուդիայից դուրս նկարահանումները՝ երկաթուղային կայարանում, մետրոյում, երկնաքերի տանիքին, Բրուքլինյան կամրջի վրա։
1935 թվականին Մամուլյանն առաջին անգամ նկարահանում է լիամետրաժ գեղարվեստական կինոնկար՝ «Բեքի Շարին», որը Թուրինյան փառատոնի մրցանակ է ստանում՝ գուներանգային օրիգինալ կիրառության համար։ Նրա ֆիլմերում հանդես են եկել այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են՝ Մարլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն, Մորիս Շևալյեն։ Էլիզաբեթ Թեյլորի գլխավոր դերակատարմամբ «Կլեոպատրան» վերջինն է դառնում Մամուլյանի կինոկարիերայում։ Մեծ ռեժիսորը մահանում է 1987 թվականին Միացյալ Նահանգներում՝ ծանր հիվանդությունից։
Թարգմանությունը՝ Արամ Յանինի