Էնիո Մորիկոնեի կյանքի փիլիսոփայությունը
Ես ծնվել եմ 1928 թվականին։ 1943-44 թվականներին Հռոմում պատերազմ էր։ Մեզ բաժին ընկան բազմաթիվ դժվարություններ։ Չէր բավականացնում սնունդը, ամեն բան դեֆիցիտ էր։ Այնպես որ, երբ արդեն պատերազմից հետո ես նվագում էի ամերիկացիների, բրիտանացիների եւ կանադացիների համար, նրանք մասմաբ ինձ վճարում էին սննդով։ Պարզապես, որպեսզի հասկանաք, թե ինչ մասշտաբներ ուներ այն ժամանակ աղքատությունը։ Ես բառացիորեն իմ ու ընտանիքիս ապրելու սննդի համար էի վաստակում…
***
Կինոբիզնեսից եւ ոչ մեկին չեմ խնդրի, որ ինձ աշխատանքի վերցնեն։ Իմ մտածումներն այսպիսին էին․«Եթե ռեժիսորին դուր գա այն, ինչ ես անում եմ, ապա ինքը պետք է ինձ զանգահարի»։ Մի անգամ ի վերջո, զանգահարեցին, հետո եւս մեկ անգամ ու էլի եւս մեկ անգամ։ Մի ինչ որ պահի մարդիկ հասկացան, որ ես լավն եմ, եւ իմ կարիերան սրընթաց կերպով վեր է ընթանում։ Այդպես էլ ամեն բան սկսվեց։ Նրանք մինչեւ հիմա զանգահարում են ինձ ․․․
***
Այնպես չէ, որ հաճախ եմ կինոթատրոն գնում, սակայն կինոնկարներ դիտել սիրում եմ։ Սիրում եմ ոչ այնքան կոմերցիոն կինոնկարները, նրանք, որ կարելի է հավասարեցնել արվեստի հետ։
***
Երբ հասկացա, որ ուզում եմ երաժշտություն գրել՝ Իտալիայի կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնում ուսանելուս շրջանում էր։ Ես ընդամենը 16 տարեկան էի։ Այդ ժամանակ էլ հասկացա, որ ուզում եմ դա անել մինչեւ կյանքիս վերջը։
Ես, որքան ինձ հիշում եմ, կիրք եմ զգում երաժշտության հանդեպ։ Ոչ ոք չկարողացավ ինձ ուղղորդել։ Ամեն բան մի տեսակ ինքն իրեն՝ ինքնաբուխ ստացվեց։ Թերեւս հայրս օգնեց։ Երբ վեց տարեկան էի, սովորեցրեց ինձ նոտաները եւ մի քանի գործիքների վրա նվագել։
***
Երաժշտությունը միշտ պետք է լինի վերազգային։ Պետք է միշտ հաշվի առնել, թե լսարանդ ինչը կարող է ընկալել եւ ինչը՝ ոչ ․․․․
***
Խոստումներ մի տվեք։ Երբ ես 35 տարեկան էի մի անգամ ասացի կնոջս՝ Մարիային․ «Շատ լավ, երբ 40 տարեկան դառնամ, էլ սաունդթրեքներ չեմ գրի։ Միայն իսկական երաժշտություն կգրեմ»։ Դե ինչ, ահա ես արդեն 87 տարեկան եմ, բայց մինչեւ հիմա ֆիլմերի համար երաժշտություններ եմ ստեղծում ․․․․
***
Շատ դժվար է սահմանել այն հրաշագեղ պահը, երբ գլխումդ ծնվում է մեղեդին, երբ ապագա ստեղծագործության գաղափարը սկսում է ուրվագծվել, երբ տվայտանքները, որ հատուկ են ստեղծագործական պրոցեսին, ի վերջո ավարտվում են։ Դա նման է կնոջ ու տղամարդու միջեւ սիրուն։ Սկզբում պարզապես հնարավոր չի լինում այն նկարագրել ․․․․
***
Հիշում եմ, թե ինչպես Քվենտին Տարանտինոն ինձ սցենար ուղարկեց, որտեղ չափից դուրս շատ մանրամասներ կային։ Սովորաբար նմանատիպ ընթերցանությունը ինձ ահավոր հոգնեցնում է, սակայն այս անգամ ամեն բան եղավ ճիշտ հակառակը։ Ես շատ լավ հասկացա, թե ֆիլմն ինչի մասին է։ երբ Քվենտինը եկավ ինձ մոտ՝ Հռոմ, նա ասաց, որ պատրաստվում է վեսթերն նկարահանել։ Իմ կարծիքով, սակայն դա ամենեւին էլ վեսթերն չէր։ Ավելի շուտ՝ արկածային կինոնկար՝ վեսթերնի դեկորացիաներով։ Եւ ահա, որոշեցի գրել բացարձակապես այլ բան, քան կես դար առաջ գրել էի Սերջո Լեոնեի համար։ Ես փորձեցի փոխանցել երաժշտության մեջ որոշակի հեգնանք։ Ես ուզեցի եւս մեկ անգամ ուշադրությունը սեւեռել այն բանի վրա, որ իմ կարծիքով դա ամենեւին էլ վեսթերն չէ ․․․․
***
Առաջին տեղում կինոնկարն է, հետո՝ երաժշտությունը։ Այս միտքը միշտ իմ գլխում է։ Ինձ համար կարեւոր է, որ ես ճանաչեմ ռեժիսորին, սիրեմ նրան, ում հետ պատրաստվում եմ աշխատել։ Սակայն սցենարի որակն էլ նշանակություն ունի։ Որպեսզի նախագիծը հաջողվի, անհրաժեշտ է եւ մեկը, եւ մյուսը։ Թեեւ ռեժիսորը ամենից ծանրակշիռ գործոնն է։ Չէ որ եթե նա տաղանդավոր է, ապա սցենարն էլ լավը կլինի։ Կոմպոզիտորը պետք է վստահի ռեժիսորին, ռեժիսորն էլ իր հերթին պետք է վստահի կոմպոզիտորին։ Հակառակ դեպքում՝ ոչ մի բան էլ չի ստացվի։ Ռեժիսորին ապշեցնելն ինձ համար երբեք էլ նպատակ չի եղել։ Իրականում դա բացարձակապես հակապատկերն է նրա, ինչը ես փորձում եմ անել։ Ինձ չի թվում, թե ես այնքան նշանակություն եւ իշխանություն ունեմ, որ կարողանամ ռեժիսորին անակնկալներ մատուցել ․․․
***
Ճշմարիտ կոմպոզիտորը, ինչպիսին ես եմ, ամեն բան ինքն է անում՝ եւ մեղեդին է գրում, եւ պարտիտուրան է ստեղծում եւ գործիքավորումը։ Այսօր նման բան հազվադեպ կհանդիպես։
***
Ես սիրում եմ երաժշտություն գրել, սակայն նաեւ սիրում եմ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել։ Սիրում եմ նաեւ շախմատ խաղալ։ Երբ ազատ ժամանակ է լինում, անպայման խաղում եմ։ Ինքնին, եթե պարգեւների բաշխումը կախված լիներ ինձանից, ապա ես ամեն երկու տարին մեկ՝ «Օսկար» կստանայի։ Այնպես է եղել նաեւ, որ ինձ առաջարկել են վիլա Հոլիվուդում՝ բացարձապաես անվճար։ Իսկ ես ասել եմ՝ «Շնորհակալ եմ, ես Իտալիայում էլ ինձ լավ եմ զգում» ․․․
Կարող եք մտածել, որ այդ կերպ իմ սահմանափակությունն է դրսեւորվում, սակայն ես ինձ սահմանափակ մարդ չեմ համարում ․․․
Էնիո Մորիկոնե