Նա ստեղծագործում էր այնպես, ինչպես մտածում էր.Դավիթ Սահակյանցը՝ հոր կինոժառանգության մասին:

Ռոբերտ Սահակյանցը հայ անիմացիոն արվեստի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկն է, որի կինոլեզուն ձևավորեց մի ամբողջ սերնդի պատկերային ընկալումն ու գեղագիտական ճաշակը։ Նրա ստեղծագործական աշխարհը ձևավորվել է Խորհրդային գաղափարական սահմանափակումների շրջանում, սակայն Սահակյանցը իր ֆիլմերում կարողացել է ստեղծել ազատության տիրույթ, որտեղ ֆանտաստիկան և գեղարվեստական սատիրան դառնում էին իրականության մեկնաբանության ամենաուժեղ գործիքները։ Նրա ֆիլմերը բազմաշերտ էին․ մի կողմից՝ խաղային ու գունեղ մանկական աշխարհ, մյուս կողմից՝ ենթատեքստային խորություն, որը կարող էր ընկալել միայն մեծահասակ հանդիսատեսը։ Այդ երկակի լեզուն նրան առանձնացրեց ոչ միայն հայկական, այլև հետխորհրդային անիմացիայի համատեքստում՝ դարձնելով եզակի երևույթ։

Ռոբերտ Սահակյանցի ծննդյան 75-ամյակին նվիրված Rob 75 & Co ծրագրի շրջանակում, Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում հոկտեմբերի 15-20-ն անցկացվեց  հոբելյանական ցուցահանդես և անիմացիոն ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություններ։ Այս առիթով զրուցել ենք ռեժիսորի որդու և նրա գործը շարունակողի՝ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ՝ Ռոբերտ Սահակյանցի կինոժառանգության, գեղագիտական մտածողության և ժամանակի քննությունը հաղթահարած արվեստի մասին:

-Սահակյանցի կինոմտածողությունը ձևավորվեց խորհրդային շրջանի վերջում՝ գաղափարական սահմանափակումների պայմաններում, սակայն նրա ֆիլմերում առկա էր ներքին ազատության և ինքնարտահայտման անսահման դաշտ։ Ի՞նչ էր այդ ազատությունը՝ հակազդեցությո՞ւն, թե գեղարվեստական ինքնաարտահայտման ձև։

-Ես կարծում եմ, որ Ռոբերտ Սահակյանցի արվեստը առհասարակ պայմանավորված էր նրանով, որ նա պարզապես չէր կարող չարտահայտվել․ նա արտահայտվում էր և արտահայտվում էր այնպես, ինչպես մտածում էր։ Ստեղծագործելու պահին նա չէր մտածում, թե դա ինչպես կընդունվի, ինչ գնահատական կտա լսողը կամ հետագայում պատմության մեջ ինքը ի՞նչ կթողնի կամ ի՞նչ ռեակցիա կտան տարիներ անց: Նա առհասարակ ստեղծագործում էր հենց այդ սկզբունքից ելնելով։

Այո, կար խորհրդային ցենզուրա, որը ստիպում էր գործել որոշակի սահմանների մեջ, բայց այդ ցենզուրան մի առանձնահատկություն ուներ․ մի կողմից սահմանափակում էր, մյուս կողմից՝ միևնույն ժամանակ կար ինչ-որ մի ազատություն, որից օգտվում էին շատ ռեժիսորներ ու նկարիչներ։ Եվ դա միայն Ռոբերտի դեպքում չէր․ Խորհրդային Միությունում կային շատ տաղանդավոր հեղինակներ, որոնք իրենց գրեթե կատարյալ աշխատանքների շնորհիվ կարողանում էին շրջանցել այդ սահմանները, քանդելով գնում էին առաջ, և, իմ կարծիքով, Ռոբերտը հենց այդ հեղինակների շարքում էր։

Այդ պատճառով էլ նրա արվեստը, առաջին հերթին, պայքար էր նույնիսկ  հենց այդ սահմանների դեմ՝ ինքն իրենով:

-Դուք մեծացել եք անիմացիոն ստուդիայի միջավայրում։ Ինչպե՞ս է ձևավորվել Ձեր առաջին գիտակցական կապը նրա արվեստի հետ՝ որպես երեխայի, ոչ թե որպես արվեստագետի։

-Իհարկե։ Այսինքն՝ միայն և միմիայն երեխայի հայացքով ես, որովհետև մեծանում ես հենց այդ միջավայրում, փաստացի հորս ընկերների շրջապատում։ Մեծ քույրս նույնիսկ, երբ նոր էր ծնվել և հայրս անընդհատ աշխատանքի էր, քնում էր դարակներում՝ անիմացիայի սեղանի, նկարիչների սեղանի դարակում էր քնում փոքր ժամանակ։ Մեր մանկությունն իսկապես անցել է այդտեղ, և դա շատ մեծ դեր է խաղացել, ինչ դեր՝ ինձ համար դժվար է գնահատական տալ։ Միանշանակ՝ շատ խորը հետք է թողել, որովհետև շփվել եմ այն մարդկանց հետ, ովքեր որ ստեղծել են անհնարինը իմ ժամանակ, ինձ համար այն ժամանակ։ Եվ ամեն անգամ, երբ ես նույնիսկ ընկերներիս՝ դպրոց կամ այլ տեղեր, Հայֆիլմից ինչ-որ նմուշներ էի տանում, բոլորը դրանք նայում էին մի տեսակ մոգական հայացքով, որովհետև չէին պատկերացնում, որ մուլտիպլիկացիան, որը նրանք դիտում են, այդպես է ստեղծվում և այդպես է նկարվում։ Հավանաբար՝ հիշողություն։ Շատ ջերմ, իհարկե։

-Հիշու՞մ եք այն պահը, երբ առաջին անգամ զգացիք՝ ոչ թե պարզապես դիտում եք Ձեր հոր աշխատանքը, այլ փորձում եք հասկանալ այն՝ որպես համակարգ, որպես գեղարվեստական մտածողություն։

-Փոքր ժամանակ երևի չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան անել, բայց երբ ինքս արեցի, ու ստացվեց, հասկացա, որ, փաստորեն, հնարավոր է. հնարավոր է անել այնպիսի բան, որը շատերը չեն կարողանում, և դա միանշանակ հրճվանք էր։ Բայց անիմացիան այն արվեստի ճյուղերից մեկն է, որտեղ կատարելագործվելը (չնայած, կարծում եմ, ամեն ասպարեզ այդպիսին է) անընդհատ ընթացող պրոցես է։ Երբեք, որևէ փուլում, վերջնական ինքնագոհություն չկա․ ամեն անգամ՝ յուրաքանչյուր սցենար անելուց, ամեն կարճամետրաժ կամ լիամետրաժ ֆիլմից հետո, հասկանում ես, որ կարող ես ավելի լավ անել։

-Ռոբերտ Սահակյանցի անիմացիան առանձնանում էր պլաստիկ ռիթմով, ասոցիատիվ մտածողությամբ և խորհրդանշային կերպարաբանությամբ։ Ի՞նչն եք համարում նրա կինոոճի առանցքային առանձնահատկությունը։ 

-Ճկունությունը։ Էն բոլոր բաները, որ Դուք թվարկեցիք, դրանց համատեղումը։ Կարծում եմ՝ նա կատարյալ կարողացել է սատիրան և բավականին լուրջ թեմաներ էնպես մատուցել և էնպես սինթեզել էդ թեմաները, որ ստացվում էր կատարյալ պատմություն, իմ կարծիքով՝ կատարյալ պատմություն։ Դա շատ, շատ կարևոր հատկություն է․ պետք է կարողանաս դա նուրբ զգալ՝ սահմանը, երբ դու կարող ես չափն անցնել, բայց չես անցնում։ Սահման, երբ դու կարող ես անել անհասկանալի՝ էն դեպքում, երբ կուզեիր, որ դա ավելի հասկանալի լինի և այլն։ Դա շատ նուրբ բան է, որը Ռոբերտ Սահակյանցին, իհարկե, հաջողվել է։

-Սահակյանցի ֆիլմերում նկատվում է զուգահեռ՝ ֆոլկլորային և ավանգարդային շերտերի միջև։ Ինչպե՞ս էր նա հավասարակշռում այդ հակադիր գեղագիտական աշխարհները։

-Ո՞նց էր հաջողվում՝ ինձ դժվար է ասել։ Դա արդեն, կարծում եմ, հենց ռեժիսորի, հետաքրքիր ռեժիսորի յուրահատկությունն է՝ էդ ամեն ինչը այնպես մատուցել և համատեղել, որ դա լինի հետաքրքիր։

-Սահակյանցի կինոլեզուն երբեք չէր սահմանափակվում մանկական դիտանկյունով․ միշտ կար ենթատեքստ, որը հասանելի էր միայն հասուն հանդիսատեսին։ Դա ծրագրավորվա՞ծ, թե՞ բնազդային մոտեցում էր։

-Լրիվ բնազդային էր, որովհետև դա կարող եմ ասել մի օրինակի վրա․ երբ մենք փոքր էինք, կամ առհասարակ, երբ նա շփվում էր երեխաների հետ, ինքը երբեք չի ունեցել այդ «ծյու-ծյու-ծյու» վերաբերմունքը։ Կյանքում ես նման բան չեմ լսել նրանից։ Նա միշտ ընդգծել է, որ երեխային վերաբերվում է որպես մեծի՝ ուղղակի մի քիչ քիչ ինֆորմացված մեծի, իսկ որոշ հարցերում էլ՝ նույնիսկ ավելի շատ ինֆորմացված, բայց չկարողացող արտահայտվել։ Այսինքն՝ երբեք չի եղել, որ երեխաներին վերաբերվի որպես փոքրերի․ իր համար այդ սահմանները շատ-շատ մշուշային էին։

–Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերում մշտապես ներկա է հայ առասպելաբանության ենթաշերտը՝ ժամանակակից հումորի և սյուրռեալիստական արտահայտչամիջոցների միահյուսմամբ։ Ի՞նչ էր նրա համար «հայկականն» արվեստում։ 

-Լեզու, մի յուրահատուկ լեզու էր ձևավորվել Ռոբերտի մոտ, և, ինչպես արդեն նշեցի, այդ ճկունությունը, որով նա կարողացավ դա անել, նրա արվեստում շատ կարևոր դեր ուներ։ Նա առանձնահատուկ սեր ու հետաքրքրություն ուներ պատմության նկատմամբ՝ թե՛ դպրոցական տարիներին, թե՛ արդեն հասուն տարիքում՝ ընթերցանության միջոցով։ Պատմությունն իր համար առանցքային արժեք էր, և նա հնարավորինս փորձում էր նույնիսկ ամենափոքր դետալի միջոցով փոխանցել էն պատմական ժառանգությունը, որ ունեցել ենք։

Այդ պատճառով էլ նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հովհաննես Թումանյանի նկատմամբ, որը մի ժամանակ իր ֆիլտրով անցկացրեց ազգայինն ու մատուցեց այն նոր ձևով։ Նույն կերպ, կարծում եմ, Ռոբերտ Սահակյանցը անիմացիայի մեջ դարձավ նոր Թումանյան. իր ունեցած մեծ ավանդով ու բագաժով նա կարողացավ հայկական մշակույթը փոխանցել և հասանելի դարձնել, որ այն հասկանալի լիներ նաև ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ արի ու տես որ, ամենատարբեր ազգերի համար։

-Դուք ոչ միայն նրա որդին եք, այլև նրա ստեղծագործական ժառանգության կրողն ու շարունակողը։ Ի՞նչը փորձում եք պահպանել անփոփոխ, և ի՞նչն եք դիտավորյալ փոխում՝ Ձեր ժամանակի համատեքստին համապատասխան։ 

-Նախ, ինչ վերաբերում է պապայի աշխատանքներին, ապա մենք հնարավորինս փորձում ենք պահպանել ամեն ինչ հենց այնպես, ինչպես որ նա էր ստեղծել։ Եթե խոսքը գնում է ժառանգության մասին, ապա կան գործեր, որոնց, մեր համոզմամբ, ընդհանրապես չի կարելի ձեռք տալ։ Խոսքը ոչ միայն տեխնիկական փոփոխությունների, այլ նաև, օրինակ, սիքուելներ պատրաստելու մասին է։ Բազմաթիվ առաջարկներ ենք ստանում այդ ուղղությամբ, բայց ամեն անգամ կանգ ենք առնում, որովհետև վստահ ենք, որ ինչ եղել է՝ արդեն ավարտված, ամբողջական ձևով եղել է, և կրկնվելը պարզապես իմաստ չունի։

Կրկնվել, կարող եմ ասել, որ, երևի, չենք էլ կրկնվում, բայց փորձում ենք գոնե ինչ-որ նախագծերում նման բան ստեղծել, այսինքն՝ նմանատիպ բան ստեղծել: Եվ շատերն այսօր դա արդեն անվանում են «Սահակյանցների ձեռագիր»: Միգուցե, այսինքն փաստորեն, դա այդպես է, քանի որ կարծիքները շատ են, ու Դուք էլ եք հաստատում, միայն ուրախացնում է, դա մեզ էս փաստը, և բացի ամեն ինչից, ես նաև մենակ չեմ, եղբայրս է մեզ հետ աշխատում, որը նույն վերաբերմունքն ունի էդ ամեն ինչին, թեև որոշ հարցերի շուրջ կարող ենք տարաձայնություններ ունենալ, և քույրիկս, որը ստուդիայի հիմնման պահին, երբ որ պապան մահացավ, եղել է մեր կողքը և երեքով ենք եղել, և մաման, որը նաև էդ ժառանգության պատասխանատուներից՝ այսինքն ընտանիքի պատասխանատուներից մեկն է։

-Այսօրվա հանդիսատեսը, թվային իրականության մեջ ապրելով, այլ կերպ է ընկալում անիմացիան։ Ինչպե՞ս եք կարծում՝ Սահակյանցի կինոժառանգությունը ինչպե՞ս է դիմանում ժամանակի այս փոփոխությանը և մշտապես մնում արդիական։ 

-Միանշանակ կարող եմ ասել, մի պահ էր եկել, որ ես մտածում էի, որ կարող է շատ սուբյեկտիվ լինել մեր վերաբերմունքը։ Եվ հասարակությունը և առհասարակ մարդիկ էլ չեն ընկալում այնպես, օրինակ, ինչպես մենք ենք դրան վերաբերում, բայց մի քանի տարբեր երկրներում, մենք կազմակերպեցինք տարբեր ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, շատ բուռն արձագանքներ էինք ստանում, շատ, շատ, շատ պոզիտիվ ռեակցիաներ էինք ստանում երկրներից ու մարդկանցից, ովքեր բացարձակ ծանոթ չէին Խորհրդային Միության անիմացիային, և նամանավանդ՝ հայկականին։ էն տարածաշրջաններում, որտեղ Ռոբերտ Սահակյանցը հայտնի էր, վստահեցնում եմ, մինչ օրս շատ լուրջ դեր է զբաղեցնում անիմացիայի պատմության մեջ, և, որպես նաև մեզ համար, հավաստում, եղավ էն, որ փաստացի Յութուբում տեղադրված են պապայի աշխատանքները, որոնք մենք ժամանակին տեղադրել ենք, նոր շունչ են առնում, և գնալով դիտումները միայն աճում են, և դիտումները աճում են՝ սկսած Ճապոնիայից մինչև, չգիտեմ, Կանադա։ Նայում են, մեկնաբանում են, իրենց կարծիքն են հայտնում, և ռեակցիան, իսկապես, խոսքը գնում է նրա մասին, որ ինքը, ըստ երևույթին, ժամանակը ցույց տվեց, որ շատ, շատ աշխատանքներ, Ռոբերտ Սահակյանցի ժամանակից դուրս են, և առանձին բոլոր ժամանակներում, կարծում եմ, արդիական կլինեն ու կան։

-Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործությունները հաճախ բնութագրվում են որպես «հայկական անիմացիայի ոսկեդար»։ Կարո՞ղ է արդյոք այդ ոսկեդարը ունենալ շարունակություն, եթե փոխվել են արժեքային համակարգերն ու հանդիսատեսի ակնկալիքները։

–Ես համաձայն չեմ, որ փոխվել են: Իհարկե, կան փոփոխություններ մարդկանց և հասարակության մեջ, կոնֆլիկտները ձևավորվում են ժամանակի ընթացքում, փոխվում են ժամանակները, գնահատականները և այլն, բայց կան բաներ, որոնք երբեք չեն փոխվի, և արժեքներ կան, որոնք երբեք չեն փոխվի: Ուղղակի, եթե դադարենք այդ արժեքների մասին խոսել, ապա միայն այն ժամանակ նրանք կմահանան, էսպես ասած, կվերանան: Դրա համար ամեն դեպքում նույնիսկ հաշվի առնելով կյանքի տեմպոռիթմը, որ այսօր կա, և միջոցները, որոնց այսօր արտահայտվում են, անպայման պետք է ծառայի այն գաղափարախոսությանը, որը քեզ է հարազատ, և որը դու կարևորում ես: Մենք կարևորում ենք էն ամեն ինչը, ինչ արվել է թե Ռոբերտ Սահակյանցի կողմից, և թե մեր հայ մեծերի ժամանակներ առաջ: Դա շատ կարևոր դեր է ունենալու մեզ մոտ, և մենք փորձում ենք դա տանել, որքանով հաջողվում է՝ ժամանակը ցույց կտա, բայց ամեն դեպքում մենք կանգնած չենք տեղում և փորձում ենք դա անել: Մեր ֆիլմերով էլ փորձում ենք դա, իհարկե, փոխանցել:

–Սահակյանցի ֆիլմերը հաճախ դիտվում են որպես մշակութային հիշողության մաս։ Կարո՞ղ է արդյոք անիմացիան դառնալ ազգային հիշողության պահպանման ձև։ 

-Կարծում եմ, որ այո, ինչպես գրքերը, ինչպես երաժշտությունը, այնպես էլ գեղարվեստը, էն  պահը, որ դու պատմության մեջ ֆիքսեցիր՝ կտավի վրա, երաժշտության մեջ կամ անիմացիոն ֆիլմի մեջ, դա իր մասով արդեն կճուճ է դառնում, որտեղ ժամանակը կանգ է առնում, ժամանակի կապսուլա: Էնպես որ՝ հա, երևի։

–Եթե այսօր Ռոբերտ Սահակյանցը ստեղծագործեր, ի՞նչ թեմաների շուրջ կստեղծագործեր՝ հաշվի առնելով մեր ազգի առջև ծառացած նոր իրողությունները։ 

-Ես կարծում եմ, որ ինքը չէր դիմանա էս օրերին, և էն սիրտը, որ չդիմացավ էն ժամանակ, եթե էն ժամանակ դիմանար, ապա այսօր, վստահ չեմ, որ կդիմանար էն ամենին, ինչ կատարվում ա, էն սարսափին, որը այսօր տիրում է մեր երկրում։ Ես, իսկապես, չգիտեմ՝ այսօր կկարողանա՞ր առհասարակ ստեղծագործել, թե ոչ։ Ես ինքս իմ մեջ հազիվ ուժ եմ գտնում ինչ-որ մի բան անելու։ Էնպես որ, ինձ շատ դժվար է հիմա ասել։ Ես, օրինակ, ինձ համար Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործական կյանքը բաժանել եմ երեք մասի՝ դա հեքիաթասացը, որից հետո եկավ շրջան, նա դարձավ ռազմիկ, պայքարող զինվոր, իր գաղափարների համար մարտնչող զինվոր, և կյանքի վերջին էտապում նա եղավ ուսուցիչ։ Հենց թեկուզ իր էտ ցիկլով ֆիլմերի, որովհետև սոցիալական ֆիլմեր էր ստեղծում, ինքը ինձ համար դարձավ, ես իմ համար գնահատում եմ որպես ուսուցիչ դարաշրջանները։ Կարծում եմ, այսօր նա նորից կվերադառնար պայքարին, նա նորից կլիներ ռազմիկ, ռազմի դաշտում, և ամեն դեպքում ստեղծագործությունները կլինեին շատ, շատ-շատերի համար շատ դաժան կտավներ կստեղծվեին։

 Հարցազրույցը՝ Էլեն Դանիելյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12