Այսօրվա Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հայերը հսկայական գույք են թողել։ Մենք ոչ միայն հայրենազրկվել, ցեղասպանվել, մեր Հայրենիքից բռնագաղթել ենք, այլև մեզ ունեզրկել են։ Ցեղասպանությունից 110 տարի անց ո՛չ արդարությունն է վերականգնվել, ո՛չ փոխհատուցում է եղել, ո՛չ թուրքերը նորողություն են խնդրել հայերից։ Լիլիթ Մխիթարյանը, Ռուզաննա Ղազարյանն ու Մարիամ Ղուկասյանը մեկնել են Թուրքիա՝ Պոլիս՝ ցեղասպանության հետևանքներից մեկի՝ հայերի ունեզրկման օրենսդրական ինչ-ինչ «բերափոխումների» արդյունքում անշարժ գույքի վերադարձի հանգամանքները, դատական պատմություններն ուսումնասիրելու և ֆիլմ նկարահանելու։
Kinoashkharh.am-ը զրուցել նրանց հետ ու տեղեկացել, որ «Ինքնության պահապաններ» վավերագրական ֆիլմը նվիրված է Պոլսի հայկական ժառանգությանը: Սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից՝ հայկական գույքերը տարբեր հրամանագրերով խլվել են հայ համայնքից։ Հայոց ցեղասպանությունից հետո ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնցով հայերն իրենց Հայրենիք վերադառնալու պարագայում անգամ չէին կարող դրանք տնօրինել։ Իսկ 1936 թվականին Թուրքիայի կառավարությունը կանոնագիրք է թողարկում, համաձայն որի՝ այն գույքերը, որոնք բացակայում են կանոնագրքի ցուցակից, բռնազավթվում են պետության կողմից։ Հայ համայնքը սկսում է գույքագրել իր ունեցվածքը, սակայն բազմաթիվ հայապատկան տարածքներ, սեփականության վկայական չունենալու պատճառով, անցնում են թուրքական պետության վերահսկողությանը։
2003 թվականին Թուրքիայի կառավարությունը ԵՄ-ին սիրաշահելու համարազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին թույլ է տվել դատական գործընթացների միջոցով վերադարձնել որոշակի գույք, որոնք առկա են 1936 թվականի կանոնակարգում: Մինչ օրս Պոլսում մի քանի տասնյակ գույք է միայն վերադարձվել համայնքին, մոտ վեց տասնյակ գույքի ճակատագիր մնում է անորոշ։
Թուրքիան փորձել է հայկական ինքնությունը, հայերի կենսագրությունը, հետքերը Պոլսում ջնջել
Ռուզաննա Ղազարյան, «Ինքնության պահապանները» վավերագրական ֆիլմի համահեղինակ, պրոդյուսեր
-Պոլսում կան համայնքային հայ գործիչներ,որոնց ես ճանաչում էի, նրանց հետ իմ կապերի շնորհիվ կարողացանք մեր առաջին այցն իրականացնել։ Ֆիլմը բացառապես Պոլսո հայերին պատկանող գույքի մասին է։ Թուրքիայի կառավարությունը, տասնամյակներ շարունակ տարբեր օրենքներ ընդունելով, պոլսահայերիգույքնօտարել է։ Այդկերպ փորձել է հայկական ինքնությունը, հայերի կենսագրությունը, հետքերը Պոլսում ջնջել։ Որպես ազգային փոքրամասնություն՝ Թուրքիայում հայերը բավականին կարողություններ են ունեցել։ Բացի այդ, մեծ է եղել հայերի ներդրումը երկրի քաղաքական, մշակութային, հասարակական կյանքում։
Ֆիլմը ցույց է տալիս Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը, քաղաքակիրթ աշխարհին տոլերանտ ներկայանալու փորձերը։ Իսկ մենք ցույց ենք տալիս, որ մեկ դարից ավելի ժամանակ է անցել, բայց կան չլուծվածխնդիրներ։ Ազգային փոքրամասնություններին ձևականորեն տրվել է դատական հայցերով գույքը վերադարձնելու հանարավորություն, իբր արդարադատությամբ հասնելու գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչմանը, բայց ըստ էության՝ այդ իրավունքները վերականգնելը հնարավոր չէ։ Շատ գույքերի ճակատագիրն ուղղակի անհայտ է։ Ֆիլմն ապացուցում է, որ թուրքական իշխանությունների իրավական ձևական կարգավորումներն այլ նպատակ ունեն՝ ազգային փոքրամասնությունների գույքը յուրացնել, նրանց գցել դատական քաշքշուկների մեջ ու համայնքներն ավելի նոսրացնել։
Ֆիլմը վերնագրել ենք «Ինքնության պահապանները», որովհետև, իսկապես, պոլսահայերը մեր ինքնության պահապաններն են, եթե այդ մարդիկ չլինեն, Թուրքիան իր քաղաքականությամբ կժխտի հայերի ներկայությունը։
Օդանավակայանում անգամ մեր հագուստը մանրակրկիտ ստուգեցին. ուզում էին վախի մթնոլորտ ստեղծել
-Նկարահանումների ժամանակ խոչընդոտների ենք հանդիպել։ Շատերը կվկայեն, որ Թուրքիայի հանրային, մարդաշատ վայրերում եթե պրոֆեսիոնալ նկարահանող տեսախցիկ օգտործես, ոստիկաններն անմիջապես կմոտենան ու կարգելեն։ Արդեն օդանավակայանից թուրքերն աչքները մեզ վրա էին պահում։ Մեր երկրորդ այցին համապատասխան սենյակ տարան ու խուզարկեցին, մանրամասն ստուգեցին անգամ մեր հագուստը, մի լավ հարցաքննեցին. ակնհայտ էր, որ հատուկ ծառայությունները ոչ թե հետաքրքրվում են՝ ինչ նպատակով ենք Թուրքիա գնում, այլ ուզում էին վախի մթնոլորտ ստեղծել։ Ու վախ տարածելն սկսվում էր հենց օդանավակայանից։
Նկարահանումները 6 օր տևեցին։ Պոլսում շտատիվով նկարահանում անել չէր թույլատրվում։ Ինչ հնարավոր էր, օպերատոր Վահե Այվազյանը ձեռքով նկարահանել է։ Հայապատկան տարածքներում նկարահանումներ կարողանում էինք անել, օրինակ՝ եկեղեցիներում, հայկական հիվանդանոցում։ Պոլսիհամալսարանի թուրք պրոֆեսոր Նևզաթ Օնարանիին նկարահանելու հետ կապված խնդիր առաջացավ։Պետք է փակ տարածքում անեինք։ Իսկ ընդհանուր առմամբ՝ նկարահանումները նախօրոք էինք ծրագրել. բոլորը գիտեին, սպասում էին, որ պիտի գնանք, սկսենք աշխատել։
Դատական գործընթացով վերադարձրեք ձեր գույքը, բայց…դժվար թե վերադարձնեք
Լիլիթ Մխիթարյան,«Ինքնության պահապանները» վավերագրական ֆիլմի ռեժիսոր– Առաջին այցը 2024 թվականի մայիսին էր։ Գնացինք Պոլսո պատրիարքին հանդիպեցինք, հարցազրույց արեցինք, ծանոթացանք համայնքի հետ։ Իրականում Պոլսում հայերը հսկայական գույք ունեն՝տարածված քաղաքով մեկ, հիմնականում՝ Բոսֆորի ափերով։ Հաշվառված է մոտ 1380։ Այդ 1380-ը ոչ թե այդքան միավոր է, այլ յուրաքանչյուրի տակ կա մի քանի գույք։ Օրինակ՝ Պոլսի ամենամեծ՝ ազգային հիվանդանոցը հայկական ամենամեծ գույքն է։ Դա առաջին գույքն է, որ Թուրքիայի կառավարությունը վերադարձրել է հայ համայնքին։
Մեր խնդիրն էրանդրադառնանլ բոլոր այն գույքերին, որոնք դատական գործընթացների արդյունքում վերադարձվել կամ փորձում են վերադարձվել հայերին։ Վերադարձված կամ դատական գործընթացներում գտնվող բոլոր գույքները հիմնականում 1936 թվականի կանոնակարագի վրա են հիմնած եղել։ Թուրքիայի կառավարությունը որոշում էր ընդունել, ըստ որի՝ հայերը պետք է 1936-ին իրենց ունեցվածքը գույքագրեին։ Այն գույքերը, որոնք այդ ցանկում չեն եղել, պետության կողմից խլվել են։ Հետագայում՝ 2002-2003 թվականներին Թուրքիայի կառավարությունը թույլ տվեց, որպեսզի հայերը և Թուրքիայի ազգային մյուս փոքրամասնություններըկարողանան որոշ գույքեր վերադարձնել։ Դրան հաջորդեցին դատական պրոցեսները։ Եղել են դատեր,որ 20 տարի են տևել կամ մինչև հիմա էլ շարունակվում են, և գույքերը չեն էլ վերադարձվել։
Անգամ գույքը վերադարձնելու դեպքում թուրքերը դրանք տնօրինելու դժվարություներ են ստեղծում
-Եթե գույքերը վերադարձվում էլ են, ապա ոչ թե անհատներին, այլ դրանք մտնում են եկեղեցիների, քաղաքապետարանի հաշվեկշիռ, ուղղակի անունը դնում են, որ հայերին են վերադարձվել։ Սա նշանակում է, որ ցանկացած պահի օրենքները կարող են փոխվել, ու վերադարձված գույքերը նորից կխլվեն հայ համայնքից։
Վերադարձված գույքերը նաև վերականգնման խնդիր ունեն։ Օրինակ՝ Մխիթարյան վարժարանի շենքը. ուսուցչուհին պատմում էր, որ այն վերականգնելու համար պետական տարբեր կառույցներ պետք է թույլատվություն տան։ Եթե դպրոցը վերադարձվել է համայնքին, միևնույն է, այնպիսի կաշկանդող օրենքներ կան, որոնցով համայնքը չի կարողանում լիարժեք տնօրինել այն։ Օրինակ՝ դպրոցների կառավարման համար թուրքական կանոններ կան՝ տնօրենը պետք է լինի թուրք, պետք է փակցվածլինի Աթաթուրքի մեծադիր նկարը, նշվի Թուրքիայի դրոշի օրը, հայերենի ժամերը շատ քիչ են։ Համայնքն այս խնդիրների մասին տեսախցիկի առաջ չի խոսում, իսկ երբ տեսախցիկն անջատված է, խոսում է։
Թուրքիայի խորամանկ, լավ սքողված մարտավարությունը
Մարիամ Ղուկասյան, «Ինքնության պահապանները» ֆիլմի համահեղինակ– Թուրքիայի ազգային փոքրամասնությունները հիմնադրամներ ունեն, որոնք կոչվում են վաքֆներ, դրանցում են հաշվառված գույքերը։ Վաքֆները ստեղծվել են 1930-ականներին։ Երբ դատական գործ է բացվում, եկեղեցին իր վաքֆներով դիմում է ներկայացնում, ու եթե դատարանը դրական որոշումէ կայացնում, գույքն անցնում է տվյալ եկեղեցուն։
Մեր ֆիլմում ցույց ենք տվել, որ 1890-ականների Աթաթուրքի և նրա շրջապատի համար ամենանշանակալի կառույցներից մեկը եղել է Պերա հյուրանոցը, որը ժամանակին պատկանել է հայերին։ Գտնվում է Ստամբուլի կենտրոնում, հիմա էլ համարվում է արժեքավոր ու կարևոր շինություն, բայց դրա հետ կապված խնդիրներ կան։ Հենց որ մեր ֆիլմի գաղափարի շուրջ քննարկումներն սկսեցինք՝ հասկանալու, թե ինչ գույք ունենք, քանիսն են դրանք, ինչ խնդիրներ կան, պարզեցինք, որ միայն Ստամբուլում հայերին պատկանող 1000-ից ավելի գույք կա, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։ Դրանք ֆինանսական տեսանկյունից էլ մեծ արժեք ունեն. թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա բարձր գներով են գնահատվում։
1974 թվականին Թուրքիայում օրենք է ընդունվել, ըստ որի՝ այն շինությունները, որոնք 1936 թվականին չեն գրանցվել, այսինքն՝ ցուցակից դուրս են մնացել, պետությունն իրավունք ունի օտարել, բռնագրավել։ Մի կողմից Թուրքիան ազգային փոքրամասնություններին իբր իրավունք է տալիս իրենց գույքը վերադարձնել, մյուս կողմից էլ հետևողականորեն յուրացնում է այդ գույքը։
Դիցուք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող այսինչ շենքը 1936 թվականին գրանցած շենքերի ցուցակում չկա, ուրեմն պետությունը կարող է այն յուրացնել, բռնագրավել։
Հայերի գույքը բռնագրավելու «օրենսդարական կարգավորումները»
Ֆիլմում կենտրոնացել ենք 1915 թվականին Թուրքիայում ընդունած օրենքների, դրանց հետագա փոփոխությունների վրա, որոնք միտված են եղել ազգային փոքրամասնությունների գույքի յուրացմանն ու բռնագրավմանը։ Նաև ցույց ենք տվել, որ այդ քաղաքականությունը եղել է դեռ սուլթան Համիդի ժամանակներում՝օրենքներ, որոնցով հայերից շարունակաբար խլվել է նրանց գույքը։ Գույքի մասին օրենքները թուրքերի համար այնքան կարևոր են եղել, որ մինչև 1970-ականները 20 անգամից ավելի փոփոխվել են։ Սկզբում եղել է այսպես՝ ովքեր լքել են իրենց բնակավայրը, նրանց գույքը բռնագրավվել է, բայց 1926 թվականին օրենքում փոփոխություն է կատարվել, որով բռնագրավվել է այն գույքը, որն այդ պահին սեփականատեր չունի։ Այս թեմայով Միլի Մեջլիսում քննարկումներ են եղել ու կարծիք հնչել, որ այդ դեպքում անգամ իսլամական բնակչության գույքն էլ կարող է բռնագրավվել, որովհետև գույքի տերը այս պահին Ստամբուլում չէ. ի՞նչ անել, բռնագրավե՞լ մահմեդականի գույքը։ Ի պատասխան այդ հարցին՝ թուրք պատգամավորներնասել են՝ մենք շատ լավ գիտենք, թե ում գույքերի մասին է խոսքը՝ ակնարկելով հայերին։ Սա ցույց է տալիս, որ այս ամենըչափազանց լավ համակարգված, ծրագրված, մտածված պետական քաղաքականության մի մասն է։
Օրինակ՝ եթե Թուրքիան ընդունել է օրենք՝ սեփականատերը կարող է վերադառնալ ու տեր կանգնել իր գույքին, զուգահեռաբար ընդունել է մեկ այլ օրենք, ըստ որի՝ հայերը չէին կարող վերադառնալ Արևմտյան Հայաստան ու իրենց գույքը պահանջել, որովհետև չունեին անձնագիր, սեփականության վկայական, այիսնքն՝ չունեին ապացույցներ։ Հատկապես որ այն ժամանակ գույքը անհատների անուններով չի եղել, այլ գտնվել է եկեղեցիների հաշվեկշռում կամ մի երրորդ անձի անունով, իսկ սեփականության վկայականներ չեն էլ տրվել։ Իսկ եթե մարդիկ փորձեն այդ փաստաթղթերը կադաստրից կամ պետական այլ կառույցներից ստանալ, միևնույն է, չի ստացվելու, ձգձգելու են ու չեն տալու։
Գույքեր էլ կան, որ օտարվել են մեկ ուրիշի կամ հանրային գերակա շահ են ճանաչվել. դրանք այլևս չեն կարող վերադարձվել համայնքին։
Վերահսկողության տակ պահել հայ համայնքը
Այս օրենքներով Թուրքիան նաև վերահսկողության տակ է պահում ազգային փոքրամասնությունների համայնքներին՝ իրավական կարգավորումներով մի կողմից նրանց իբր հնրավորություն են տալիս իրենց իրավունքները վերականգնել, իսկ մյուս կողմից այնպես ես անում, որ դատական գործերը տասնամյակներով ձգձգվեն։ Ստացվում է՝ համայնքը կարող է դատարան դիմել, բայց չի կարող իր սեփականությունը վերադարձնել։ Ռեջեփ Թաիբ Էրդողանն է «իրավական այս կարգավորումների» սկիզբը դրել, բայց սա ոչ միայն նրա, այլև առհասարակ Թուրքիայի պետական համակարգված քաղաքականությունն է։ Ով էլ լինի նախագահը, նույնն է լինելու։
Ստամբուլի հայ համայնքը նոսրանում է, բայց նրա բեռն ավելանում է։ Որովհետև եթե անգամ գույքերը վերադարձվում են, դրանց պահպանության խնդիրը պետք է լուծել, իսկ համայնքը բյուջե չունի։
Թուրքիան կարող է հենց այսօր օրենք ընդունել՝ ամբողջ գույքն անցնումէ պետությանը։ Թուրքիան շատ անկանխատեսելի է, այնտեղ կարող է ամեն վայրկյան ամեն ինչ փոխվել։ 1915-ից 2000-ական թվականներ օրենքներն անընդհատ են փոխվել՝ ի շահ իրենց։ Հիմա եթե որոշվի, որ հայկական համայնքին, եկեղեցուն պատկանող այսինչ գույքը պետք է ծառայի այլ նպատակով, նրանք գերակա շահ կճանաչեն ու կօգտագործեն ինչպես ուզենան։
Հ.Գ.- «Ինքնության պահապանները» ֆիլմն ստեղծելիս մեծ է եղելՊոլսո հայ համայնքի աջակցությունը։ Տիգրան Ալթունը և Թալին Ալթունը համայնքում գտել են նրանց, ովքեր պատրաստ են քիչ թե շատ բաց խոսել։Ֆիլմում նկարահանվել է այն փաստաբանը, որն զբաղվում է հայապատկան գույքերի հետվերադարձի դատական հայցերով։ Նախագծի գլխավոր հովանավորն է Թոնի Քահվէն։ Ֆիլմն իրականացվել է ՀԲԸՄ Հայաստան դրամաշնորհի,«Հրանտ Դինք», «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամների ճամփորդական դրամաշնորհների աջակցությամբ։ Հեղինակները մտադիր են «Ինքնության պահապանները» փաստավավերագրությունը ցուցադրել Սփյուռքում։
Նաիրա Փայտյան


