Ամենատարբեր ու անսպասելի թեմաների մասին՝ սցենարիստը պետք է սցենար գրի հաճույքով
Ռուսաստանում պրոֆեսիոնալ սցենարիստների պատրաստությամբ զբաղվում են մի քանի բուհեր, որոնցից մեկն էլ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտն է (МГИК)։ Վերջինս պրոֆեսիոնալներ է պատրաստում կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսության համար։ Հայտնի սցենարիստ, МГИК-ի դասախոս Իգոր Տեր-Կարապետովը ներկայացնում է, թե այսօր որքանով է հետաքրքիր սովորել այդ ինստիտուտում, մասնագիտական ինչպիսի միջոցառումներ, վարպետության դասեր, փառատոններ են տեղի ունենում այնտեղ եւ կիսվում է «Մատա Հարի» միջազգային նախագիծ հանդիսացող սերիալի աշխատանքներից ստացած տպավորություններով, որի սցենարիստն է հանդիսանում։
–Իգոր, Դուք դասավանդում եք Մշակույթի ինստիտուտի կինոարվեստի ամբիոնում։ Որքան ես գիտեմ, МГИК-ը երկար տարիներ սցենարիստ շրջանավարտներ չի ունեցել։ Հիմա ամեն բան կարգին է։
Այո, ճիշտ եք։ Ութ տարի, որքան ինձ է հայտնի, МГИК-ը դրամատուրգ շրջանավարտներ չի ունեցել։ Այսինքն՝ ութ տարի դիմորդներ չեն եղել։ Եւ ահա, չորս տարի առաջ ինձ առաջարկեցին դասավանդել։ Այս տարի մենք ունենք երեք դրամատուրգ շրջանավարտներ։ Ու ինձ թվում է, նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է կինոյում աշխատելու համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններին։ Ու թեեւ նրանք դիմպոլային են պաշտպանում ավանդաբար լիամետրաժ սցենարներով, հեռուստասերիալների նկարահանումներին լիովին ծանոթ են եւ նույնիսկ պրակտիկա են անցել արտադրության մեջ գտնվող սցենարի վրա աշխատելով։ Հաջորդ տարի իր շրջավարտներն են ունենալու տաղանդավոր դրամատուրգ Կոնստանտին Վորոբյոը, որն արդեն կինոարվեստի ամբիոնի վարիչի տեղակալն է։ Այնպես որ, МГИК-ի պատերից ներս ամբողջ թափով իրականացվում է երիտասարդ եւ տաղանդավոր սցենարիստների նոր կադրեր։
–Ինչպիսին է ժամանակակից МГИК-ը։ Հետաքրքիր է այնտեղ ուսանելը։
Ես այնտեղ դասավանդում եմ, չեմ ուսանում։ Ձեր հարցն ավելի շուտ ուսանողներին պետք է տայիք։ Սակայն կարող եմ ասել, որ ինձ համար հետաքրքիր է այնտեղ դասավանդելը։ Եւ գիտեմ, որ իմ գործընկերների համար էլ իրենց աշխատանքը հետաքրքիր է այնտեղ։ Այնպես որ, կարծում եմ ,որ ուսնանողներն էլ մեզ հետ չեն ձանձրանում։ Եւ որ ամենակարեւորն է՝ ստանում են իրենց ընտրած մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ։ Ներկայումս մեր ամբիոնը եւ լուսանկարչական արվեստի ամբիոնը նոր շենքեր ունենք՝ Մոսկվայի կենտրոնին ավելի մոտ։ Այնտեղ հնարավորություն կունենանք ընդլայնելու ռեժիսորների եւ օպերատորների պատրաստության նյութական բազան, կունենանք նոր նկարահանման տաղավար, լսարաններ եւ այլն։ Ամեն տարի МГИК-ն անցկացնում է տարբեր փառատոններ։ Օրինակ վերջերս ավարտվեց «Ոսկե հնգյակ» միջազգային փառատոնը։ Դրան մասնակցում էին ուսանողական ֆիլմեր Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Իրանից, Նեպալից, Բրազիլիայից, Չեխիայից, Սլովակիայից, Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից եւ եւս տասնյակի չափ երկրներից։ Ինստիտուտը նույնիսկ ունի իր սեփական զինվորական նվագախումբը, որի կազմում երաժիշտներ են, կադետներ, ովքեր եկել են ուսանելու տարբեր քաղաքներից։ Անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավ ծանոթ չեմ մյուս ֆակուլտետների կյանքին, սակայն նրանց թիվն ինստիտուտում շատ մեծ է։ Մասնագետներ պատրաստվում են ամենատարբեր ուղղություններով՝ գրադարանավարներից մինչեւ ռեժիսորներ եւ ռեժիսոր-մուլտիպլիկատորներ։
–Բացի ինստիտուտում դասավանդելուց, դուք նաեւ վարպետության դասեր եք անում։ Ինչի մասին եք խոսում դրանց ժամանակ։
МГИК-ում վարպետության դասը տեղի է ունեցել «Առաջին ալիքով» «Մատա Հարի» սերիալի ցուցադրությունից հետո։ Սերիալը հիանալի վարկանիշներ ունեցավ, սակայն բոլորս էլ գիտենք, որ շատ երիտասարդներ հեռուստացույց չեն նայում։ Դրա համար էլ մտավախություն ունեի, որ այն մեծ սրահում, որտեղ նախատեսված էր միջոցառումը, ներկա է լինելու ինչպես ասում են՝ «մեկուկես մարդ»։ Սակայն հանդիպմանն ամեն դեպքում պատրաստվում էի։ Եւ ինչպես պարզվեց՝ ոչ ապարդյուն։ Շատ ուսանողներ եկան, ովքեր հարցեր էին տալիս սցենարի, կինոնկարի ու այն մասին, թե ինչով են դրանք տարբերվում։ Հարցնում էին, թե արդյոք ես ներկա եղել եմ սերիալի նկարահանումներին։ Այսինքն՝ հետաքրքրվում էին ընդհանուր առմամբ՝ ողջ «խոհանոցով»։
–Արդյոք գոհ եք Ձեր բազմամյա աշխատանքից արդյունքից եւ նկարահանող խմբի հետ համագործակցությունից:
Տպավորությունները երկակի են։ Տարբեր են։ Ամեն բան բարձրաձայնելու իմաստ էլ չկա։ Սակայն որոշ բաներ կասեմ՝ օրինակ՝ ես շփոթված էին «ռուսերեն հնչյունավորումից»։ Ես սցենարը գրել էի ռուսերենով, այն թարգմանվել էր անգլերեն, իսկ հետո տեքստը նորից անգլերենից թարգմանվել էր ռուսերեն։ Արդյունքում, ինչպես ինձ թվաց, ոճային առումով այն բավականին «խեղճացել» էր։ Ես ավելի բարդ երկխոսություններ էի գրել։ Ֆրանսիացի Ջուլիուս Բերգը, որին հրավիրել էին որպես ռեժիսոր, շատ տեսարաններ, ցավոք, չափազանց պարզեցրել էր եւ այդ պարզեցումները օգտակար չեղան։ Սցենարում ավելի շատ իմաստ կար դրված։ Այնտեղ կային երկխոսություններ, որոնք ավելի ամբողջական կերպով էին բացահայտում հերոսների կերպարները։ Թարգմանությունից հետո ինձ թվաց, թե «Վրաստանի բլուրներին գիշերն էր իջել» արտահայտությունը անգլերեն կարելի է պարզապես թարգմանել «Վրաստանում գիշեր է» ձեւով։ Առանց նրբերանգների։ Առանց գեղեցկության։ Մի տեսակ շատ ֆունկցիոնալ կերպով։ Արդյունքում, ինչպես ինձ թվում է, պարզունակ են դառնում կերպարների հոգեկան եւ հոգեւոր որակները։
–Գլխավոր հերոսուհուն մարմնավորել է ֆրանսիացի դերասանուհի Վաինա Ջոկանտեն։ Նրան մեր հանդիսատեսը գիտի «99 ֆրանկ» կինոնկարից։ Ինչպիսին էր նրա խաղը Ձեր կարծիքով։
Ջոկանտեն իր ծագմամբ՝ ինտերնացիոնալ է։ Գիտի անգլերեն, իտալարեն ու ֆրանսերեն։ Նկարահանվում է տարբեր ռեժիսորների մոտ, աշխարհի տարբեր ստուդիաներում։ Հանդիսատեսը նրան գիտի եւ սիրում է։ Ինչպես շատերն են ասում։ Ու եթե հանդիսատեսը նրան լավ է ընդունել, ապա դա ամենակարեւորն է։ Բացատրեմ։ Սերիալի առաջին մասում նա մարմնավորում է տառապող կնոջ եւ մոր, որից չար մարդիկ խլել են երեխային։ Այսինքն՝ մեր առաջ դասական մելոդրամայի հերոսուհի է։ Եւ այդ կերպարը ստանալ տիկին Ջոկանտեին փայլուն կերպով է ստացվում։ Սակայն հետո ժանրն աստիճանաբար փոխվում է։ Ու դա տեղի է ունենում այն պատճառով, որ փոխվում է հերոսուհին։ Այդպես նախատեսված էր ամեն դեպքում։ Էվոլյուցիան տեղի է ունենում քրեական դրամայից լրտեսական կինոնկարի եւ զինվորական դրամայի անցմամբ եւ հասնում է մինչեւ ողբերգություն։ Ու ինձ թվում է, որ լիովին օրգանիկ կերպով է տիկին Ջոկանտեն ընկալվում մելոդրամատիկ սերիաներում եւ տեսարաններում։ Իսկ ահա՝ հերոսուհուն՝ Մարգարետ Զելլեյին նուրբ ձեւով աճեցնելն ու հասցնելը մինչեւ խելացի, վտանգավոր եւ խորամանկ Մատա Հարիին, կարծում եմ, որ նրա մոտ չի ստացվել։ Դերասանական գործիքակազմը, ըստ իս, չի բավականացրել։ Սակայն, ինչպես ասում են, դա իմ անձնական կարծիքն է։ Ինձ ավելի դուր եկավ, թե սերիալում ինչպես հանդես եկավ Քսենյա Ռապոպորտը։ Էլիզաբեթ Շրագմյուլեր անունով նրա հերոսուհին, որ գերմանական բանակի միակ կին սպան էր, Անտվերպենի լրտեսական դպրոցի հիմնադիրն է եղել։ Լիովին պատմական կերպար։ Մեզ մոտ նա հավաքագրում է Մատա Հարիին։ Եւ փորձում է նրան պատժել՝ դավաճանության համար։ Ու զոհվում էլ է նրա ձեռամբ։ Չգիտեմ, թե Քսենյա Ալեքսանդրովնան ինչ է ասել այդ դերի առնչությամբ, սակայն կերպարը մարմնավորել է հիանալի կերպով։ Դուր էր եկել նաեւ, թե ինչպես էր խելացի ու այլասերված չարագործի կերպարը մարմնավորել դերասանուհի Վիկտորյա Իսակովան։ Նա այդ կերպարում իր դերասանական նրբերանգներն էր ներարկել ու արդյունքում ստացել բարդ դեր։ Տպավորված եմ նաեւ Ալեքսեյ Գուսկովի խաղով։ Շատ տաղանդավոր դերասան է։ Հիանալի կերպով է մարմնավորել իրեն տրված կերպարն ու դերը՝ լիովին դարձնելով իրենը։
–Պորտուգալիայում նկարահանումների ժամանակ կարողացաք արդյոք ծանոթանալ արտասահմանցի դերասանների հետ։ Ինչ տպավորություններ ունեք։
Ծանոթանալ ասվածը մի փոքր շատ բարձրագոչ է։ Նրանց կողքին էի, մի փոքր շփվեցինք։ Օրինակ՝ Ջոն Քորբեթի հետ։ Նրան մեր հանդիսատեսը ճանաչում է որպես Էյդեն Շոու՝ ամերիկյան՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից։ Ջոնը ինտելեկտուալ է, հաճելի, բարեհամբույր մարդ, իսկ սերիալում նա բացասական, նողկալի կերպար է մարմնավորել, որը տառապանքներ է պատճառում գլխավոր հերոսուհուն։ Հետաքրքիր էր հետեւել այդ կերպարանափոխմանը։ Հաճելի էր ծանոթանալը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի հետ։ Դեպարդյեն սրամիտի եւ լովելասի համբավ ունի ու խնամքով հետեւում է իր այդ իմիջի պահպանմանը։ Նկարահանումներին սիրահետում էր աղջիկներին, անվերջ հաճոյախոսություններ շռայլում նրանց։ Առհասարակ՝ որեւէ առանձնահատուկ «աստղայնություն» նրանում չկար։ Եւ շատ դերասաններ պետք է սովորեն այդ մարդուց, թե ինչպես է պետք վերաբերվել մարդկանց եւ ինչպիսի վերաբերմունք է պետք ունենալ մասնագիտության նկատմամբ։ Քանի որ մի քիչ ֆրանսերեն գիտեմ, նույնիսկ կարողացա մի երկու բառ փոխանակել մեծ դերասանի հետ։ Սցենարիստի մասնագիտությունն ունեցողի համար դա եզակի հաջողություն է։ Չէ որ մենք նկարահանման հրապարակում ներկա չենք լինում։ Իսկ այնտեղ նույնիսկ «աստղերի» հետ հնարավոր եղավ հանդիպել։ Շնորհակալ եմ պրոդյուսերներին։
Դեպարդյեի հետ ունեցած շփման տպավորություններով՝ նույնիսկ կատակերգության սցենար գրելու հայտ եմ ներկայացրել։
Հանդիսատեսը սիրել է ֆրանսիացի երկու փայլուն դերասանների՝ Ժերար Դեպարդյեին ու Պյեր Ռիշարին՝ «Ձախողակները», «Հայրիկները», «Փախստականները» կինոնկարներում մարմնավորած Պինյոնի եւ Կոմպանայի կերպարներով։ Պատահաբար իմացա, որ Պյեր Ռիշարը այս տարի ժամանում է Մոսկվա իր ներկայացմամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ էլ ասել է, որ ուզում է նկարահանվել ռուսական կինոյում, սակայն սցենար չկա։
Դեպարդյեն էլ է կիսվել իր ցանկությամբ՝ էլի նկարահանվել ռուսական նախագծերում։ Եւ մտածեցի, գուցե հնարավոր լինի հասնելու համաշխարհային կինոյի լավագույն «կատակերգական զույգերից» մեկին։ Սցենարիստը պետք է հաճույքով գրի սցենարներ՝ տարբեր եւ նույնիսկ ամենից անսպասելի թեմաների մասին։ Այսօր դու աշխատում ես կատակերգության վրա, վաղը՝ դրամայի կամ դետեկտիվի։ Ու լավ կլինի, որ միազգային նախագծեր լինեն։ Արեւմտյան հանդիսատեսի համար գրելուց վախենալ պետք չէ։ Այնպիսի նախագծեր, ինչպիսին «Մատա Հարին» էր, հնարավորություն են տալիս ավելի լայն հայացքով դիտել կինոպրոցեսը եւ չսահմանափակել երեւակայությունը միայն ռուսական կինոյով։
Նյութի աղբյուրը
Թարգմանությունը՝ Արամ Յանինի