«Կինոյի տաճարի Վարպետն ու Տիրակալը».Սերգեյ Փարաջանով –100 (մաս 1)
«Կան ֆիլմեր, որոնք ես այդպես էլ չհասկացա մինչև վերջ:Կարող եմ միայն ասել` դրանք ինձ գրավում են իրենց գեղեցկությամբ: Չէ՞ որ գեղեցկությունը և պարզությունը հաճախ նույն բանը չեն: Օրինակ` Փարաջանովի՝ իմ կարծիքով մեր ժամանակի լավագույն ռեժիսորներից մեկի «Նռան գույնն» ապշեցնում է գեղեցկության կատարելությամբ: Բայց այս ֆիլմի գեղեցկությունը, ֆիլմ, որ հափշտակում է ձեզ, կլանում ամբողջովին, ամենևին էլ պարզություն չէ»:
Միքելանջելո Անտոնիոնի
Սերգեյ Փարաջանով –100 (մաս 1)
Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյան, 1924-1990), անկասկած, համաշխարհային կինոյի խոշորագույն, եզակի դեմքերից մեկն է, արվեստագետ, որին անցյալ դարում արդեն դասել են 21-րդ դարի ռեժիսորների շարքը: Նորարար և հանճար, որ տեղաշարժել է իր ժամանակի սահմանները` միաժամանակ հաղթահարելով և նվաճելով մի շարք ազգերի մշակութային սահմանները: Կինոռեժիսոր, որ փոխեց կինոյի մասին պատկերացումները և ահռելի ազդեցություն ունեցավ արվեստի այս տեսակի հետագա ընթացքի վրա: Մարդ, որ մի ամբողջ դարաշրջան է խորհրդանշում, սակայն հայացքը հառել էր դեպի Հավերժություն:
Փարաջանովի արվեստում ջնջված է սահմանը էթնոգրաֆիզմի և հորինվածքի, փաստի և առասպելի միջև: Նրա ֆիլմերի օրինակով տեսնում ենք, որ ոգեղենի և նյութականի` գեղեցկության և կեցության, միթոսի և փաստի համաձուլվածքն է մեծ արվեստը: Առասպելականի և բանահյուսականի առջև Փարաջանովի խոնարհումի, հեքիաթայինի` հրաշքի, արտասովորի հանդեպ հակվածության և պաշտամունքի հաստատումն են թե՛ նրա նկարահանած ֆիլմերը (ուկրաինական` «Մոռացված նախնիների ստվերները» (1964), հայկական` «Նռան գույնը» (1969) վրացական` «Սուրամի ամրոցի լեգենդը» (1985) կամ ըստ Մ. Լերմոնտովի թուրքական հեքիաթի նկարված «Աշուղ Ղարիբը» (1988)), և թե՛ չբեմադրված սցենարները, չիրականացած մտահղացումները (Փարաջանովը երազում էր նկարահանել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսն ու «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը, Միխայիլ Լերմոնտովի «Դևը», Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը», Անդերսենի հեքիաթները և այլն):
Դիտելով կամ վերադիտելով Փարաջանովի` կինոյի պատմության ամենաինքնատիպ ռեժիսորներից մեկի ֆիլմերը` համոզվում ենք, որ նա ճանաչել էր գոյության սահմանները և կարողացել էր տեսնել աշխարհն առանց սահմանների… Իսկ նման նվաճումների համար մարդիկ հաճախ հատուցում են անգամ ազատ երկրներում, էլ ուր մնաց, թե` անազատ: «Մարդ միայն բանտում կարող է ազատ լինել»` մի առիթով ասված իր լավ բարեկամ, մեծանուն ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու այս խոսքն առավելագույնս Փարաջանովին է վերաբերում:
«Բանահյուսությունն ու հեքիաթները բարոկկո ոճով նկարահանելը Փարաջանովի մարտահրավերն էր` նետված գաղափարախոսական կոնֆորմիզմին, և` այնքան վտանգավոր, որ նրան հասցրեց բանտարկության»,- եզրահանգել է կինոպատմաբան և քննադատ, նաև` պրոդյուսեր և վավերագրող ռեժիսոր Մարկ Քուզինսը համաշխարհային կինոյի պատմությանը նվիրված իր ստվարածավալ աշխատության մեջ[1]:
Բանտում՝ մեկուսացման մեջ անցկացրած տառապյալ տարիները 1989 թ. ռուսական «Կինոպանորամա» հաղորդման ընթացքում հնչող հարցազրույցի ժամանակ ռեժիսորն անվանել է «իր կյանքի լավագույն տարիներ»՝ բացատրելով, որ այնտեղ նա «բախվել է բոլորովին այլ աշխարհների, այլ մարդկանց հետ…», այսինքն` ստացել է կյանքն այլ տեսանկյունից ուսումնասիրելու և հասկանալու հնարավորություն: Անշուշտ, հեգնանքով խոսելով խորհրդային իշխանությունների մատուցած այդ «ծառայության» մասին` միևնույն ժամանակ նա անկեղծ էր, քանի որ իր կյանքի անգամ ողբերգական իրավիճակներում կարողանում էր տեսնել, գտնել լուսավոր մի բան: Դա նրա էությունն էր` ամենուրեք փնտրել գեղեցիկը կամ` ամեն ինչից, նույնիսկ աղբից, թափոններից ստեղծել գեղեցիկ բաներ: Օտարները Փարաջանովին հենց այդպես էլ անվանել են` plastician[2], որ թարգմանաբար նշանակում է մեկը, որ ձևափոխում կամ վերափոխում է առարկաները: Դրա վկայությունն են բանտում «ծնված» նրա կոլաժները, օրինակ, կաթնամթերքի` փայլաթիթեղյա կափարիչների վրա փորագրված դիմապատկերները, որ հայտնի են իբրև «Փարաջանովյան թալերներ»: Նշենք, որ կոլաժներ, հակառակ տարածված կարծիքի, նա սկսել էր ստեղծել բանտում հայտնվելուց շատ ավելի վաղ: Թերևս բացառիկ այս կարողությունը մրցում էր Գեղեցիկը պաշտելու նրա բնածին, աստվածաշնորհ ունակության հետ, որ ողջ կյանքի ընթացքում հղկելով՝ Փարաջանովը հասցնելու էր կատարելության:
Ծնված լինելով հնավաճառների ընտանիքում` նա մանկուց կրում էր որոշակի ճաշակ, որը ձևավորվել էր կենսագրություն ունեցող հին ու գեղեցիկ, արժեքավոր իրերի միջավայրում: «Մեր տուն գալիս էին հիանալի իրեր: Գալիս էին և հետո… անհետանում: Սեղաններ ու բազկաթոռներ, ռոկոկո ոճի կոմոդներ, անտիկ կամեաներ, ծաղկամաններ, հոյակապ արևելյան գորգեր: Տուն էին գալիս ու գնում տարբեր էպոխաներ և ոճեր…»[3],- սիրում էր պատմել ռեժիսորը մանկության տարիների մասին:
Փարաջանովը կարոտախտ էր զգում, իր խոսքով` «կարոտախտ` իրերի, հնի, էթնոգրաֆիայի, ծագման, ծագում ունենալու իրավունքի հանդեպ…»: Այսպիսի խոստովանություն է նա արել Հայաստանի Ժողովրդական արվեստի պետական թանգարանում 1988 թ. հունվարի 15-ին՝ իր նշանակալի ցուցահանդեսի բացումից առաջ: Թանգարանի արխիվում պահպանված ու բարեբախտաբար մեզ հասած այս ելույթի ընթացքում մեծանուն արվեստագետը նաև նշել է. «Այս թանգարանում՝ փոքրիկ շինության տարածքում մեծ ազգի գեներն են` լինի դա գորգերի, ասեղնագործության, թե` փորագրության մեջ, փայտի, թե` քարի վրա… Ես հանդես եմ գալիս որպես նկարիչ, որպես ռեժիսոր, որ կարողանում է պլաստիկայի մեջ արտահայտել իր միտքը, ստեղծել կոլաժ կամ գեղանկարչական էտյուդ (живописный этюд), կամ տիկնիկ… Բոլոր իմ ընկերներն առանց բացառության համոզում են, որ ես չզբաղվեմ կերպարվեստով, ասում են, որովհետև դու հոյակապ ռեժիսոր ես… Իմ ընկալմամբ՝ ռեժիսուրան հենց վերաբերմունքն է ֆակտուրայի հանդեպ, վերաբերմունքը` դարաշրջանին, վերաբերմունքը` ժամանակին…»:
Այսպես, նա ամենից հաճախ սիրում էր օգտագործել «ֆակտուրա» բառը՝ դրա մեջ դնելով անթիվ, անհամար իմաստներ` շոշափելի և անշոշափելի, ժամանակի կնիք կրող և վերժամանակային, նյութի բաղադրության և ծագումնաբանության հետ կապված, արտաքին նկարագրին և ներքին բովանդակությանն առնչվող վերաբերմունք: Մյուս բառը, որ կարելի է հիշատակել իբրև Փարաջանովի սիրելի հասկացություններից մեկը` պլաստիկան է: Նա շարունակ կրկնում էր, որ մտքերն ու հույզերը ձգտում է արտահայտել «պլաստիկայի մեջ» կամ` «պլաստիկայի միջոցով»: Որոշ չափով, այս հանգամանքն արձագանքում է վերոհիշյալ plastician բնորոշմանը:
Հետաքրքիր է, որ բազմաթիվ հաղորդումներում և վավերագրական ֆիլմերում հնչող հարցազրույցները դիտելիս ակնառու է դառնում, որ դրանք նույնպես Փարաջանովի մեկ ամբողջական ստեղծագործության անբաժան մասն են, նրա անձի շարունակությունը և արարած կինեմատոգրաֆիական աշխարհի՝ որոշ իմաստով նաև այլաբանական տարրերը: Այսօր դրանք հետադարձ կապով վերաիմաստավորված և արդեն այլ լույսի ներքո են մեզ ներկայացնում նրա բարդ, առեղծվածային ու միևնույն ժամանակ հանճարեղորեն պարզ ֆիլմերը` որպես ռեժիսորի և նրա ստեղծագործության ամբողջություն, միասնական կերպար:
Փարաջանովին Ժան-Լյուկ Գոդարն այսպես է բնութագրել Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով. վերջին կոլաժ» (1995) վավերագրական ֆիլմում. «Ես հավատում եմ այն գաղափարին, որ առաջին տեղում կանգնած է արվեստագետի ստեղծագործությունը, այլ ոչ թե նրա անձը: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ ոչ թե մենք ենք ստեղծում մեր արվեստի լեզուն, այլ` լեզուն է ստեղծում արվեստագետին: Սերգեյ Փարաջանովն ինքնին կինեմատոգրաֆիկ լեզվի մեծ երկ է, ստեղծագործություն: Կինոյի լեզուն ինքնին գոյություն ունի, իսկ կինոհեղինակները նրա ծառաներն են: Փարաջանովն այդ լեզվի խոնարհ և տաղանդավոր ծառան էր: Ավելի լավ, քան ուրիշները: Կինոյի տաճարում առկա են պատկերը, լույսը և իրականությունը: Փարաջանովն այդ տաճարի վարպետն էր և տիրակալը»:
[1] M. Cousins, The Story of Film: A Worldwide History, New York, 2004, p. 489
[2] Անգլ.` Someone that transforms or reshapes objects. Միևնույն ժամանակ, plastician թարգմանվում է` որպես նկարիչ, արվեստագետ:
[3] Л. Маслова. Свободный художник: Сергей Параджанов и его поэтический мистицизм // Известия, 09 января, 2019 https://iz.ru/export/google/amp/829579
Սիրանույշ Գալստյան