Հիշում եմ, երբ տարիներ առաջ Փարիզում պետք է գնայի իմ առաջին աշխատանքային ընդմիջման, աղջիկներից մեկը ոգևորված առաջարկեց Campagne-Première փողոցի սրճարաններից մեկը։ Սիրով համաձայնեցի` առանձնապես չկիսելով ոգևորվածությունը, քանզի փարիզյան փողոցներն այդ ժամանակ ինձ համար գրեթե բոլորը միանուն էին։ Սակայն Ռասպայ փողոցից թեքվելով աջ, արդեն հասկացա աշխատակցիս ոգևորվածության պատճառը․դեպի ինձ էին վազում վիրավոր Բելմոնդոն և զոլավոր զգեստով գեղեցկագույն Ջին Սիբերգը․ ես հանրահայտ Campagne-Première փողոցում էի, որտեղ 1960 թվականին Ժան-Լյուկ Գոդարը նկարահանում է իր առաջին լիամետրաժ «Վերջին շնչում» ֆիլմի վերջին տեսարանը։ Իսկ անցած տարվա ապրիլին այս նույն փողոցում հայտնվում է մեկ այլ հանրահայտ ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթրը՝ վերակառուցելու Բելմոնդո-Սիբերգ զույգի այդ նույն վերջին տեսարանն այս անգամ իր՝ «Նոր ալիք» ֆիլմի համար։

Fransiakan nor aliqi rejisorner

Կարծում եմ Ռիչարդ Լինքլեյթրին ներկայացնելու առանձնակի կարիք չկա։ Նա հանրությանը հայտնի դարձավ հատկապես իր «Առաջ» եռապատումով՝ «Արևածագից առաջ» (1995), «Արևամուտից առաջ» (2004) և «Կեսգիշերից առաջ» (2013), ինչպես նաև «Պատանեկություն» (2014) փայլուն ֆիլմով։ Փարիզի նկատմամբ Լինքլեյթրն ունի առանձնահատուկ վերաբերմունք։ «Արևամուտից առաջ» ֆիլմի հերոսները քսան տարիառաջ արդեն չափչփում էին փարիզյան փողոցները՝ զրուցելով փիլիսոփայությունից կրոն տանող տարատեսակ թեմաներով։ Ի դեպ, «Shakespeare and Company» գրախանութը, որտեղ Լինքլեյթրի հերոսները հանդիպում են ֆիլմի սկզբում, արդյունքում դարձավ փարիզյան զբոսաշրջիկների թոփ-թեն այցեվայրերից մեկը և այսօր գրախանութ մտնելու համար հարկավոր է կանգնել երկարագույն հերթ։ Հետաքրքիր է նաև, որ չնայած այն փաստին, որ «Արևամուտից առաջը» համարվում է Փարիզում նկարահանված ամենառոմանտիկ ֆիլմերից մեկը, Էյֆելյան աշտարակը այնուհանդերձ չի երևում և ոչ մի տեսարանում։ Այսպիսով,փարիզյան իր առաջին նկարահանումներից քսան տարի անց, Ռիչարդ Լինքլեյթրը վերադառնում է սիրո մայրաքաղաք՝ այս անգամ վերագտնելու 1959 թվականի գոդարյան Փարիզը, որում Էյֆելյան աշտարակը հերթական անգամ չի ստանում որևիցե դեր։

Լինքլեյթրը երազում էր դառնալ վիպասան, գրում էր պիեսներ, բայց ֆրանսիական Նոր ալիքը բերեց նրան դեպի կինո։ Քսանմեկ տարեկան էր, երբ առաջին անգամ դիտում է Ժան-Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմը։ «Երբեք չեմ մոռանա այդ զգացողությունը, որ հայտնվել եմ հեղաշրջող, ամեն ինչից ռադիկալ տարբերվող մի երևույթի առաջ,- ասում է Լինքլեյթրը «Կայե դը սինեմա» ամսագրին տրված իր հարցազրույցում, – Այդ ժամանակ իմ կինոմատոգրաֆիական մշակույթը չափազանց սահմանափակ էր, ես չէի տեսել «Նոր ալիքի» ռեժիսորների ֆիլմեր կամ նրանց ազդեցության տակ ստեղծված այլ աշխատանքներ։Հավանաբար այդ էր պատճառը, որ ես կարողացա զգալ «Վերջին շնչում» ֆիլմի ողջ թարմությունը և հեղափոխական ասպեկտը, նույնիսկ եթե այն նկարահանվել էր իմ դիտումից երկու տասնամյակ առաջ։»

Courtesy-of-Cannes-Film-Festival

Լինքլեյթրի 2024 թվականին նկարահանած «Նոր ալիքը» առաջին հայացքից վերստեղծում է Գոդարի «Վերջին շնչում» ֆիլմի նկարահանումները։ Բայց այն միայն Գոդարի մասին չէ։ Լինքլեյթրը փորձում է համախմբել բոլոր այն մարդկանց, որոնց անունները կառուցել են Նոր ալիքը՝  մտնելով պատմության մեջ կամ էլ մնալով ստվերում։ Ֆիլմի ընթացքում մեր առջև են հայտնվում Կլոդ Շաբրոլը և Ֆրանսուա Տրյուֆոն, Ժակ Ռիվետն ու Էրիկ Ռոմերը, Ռոսսելինին, Մելվիլը, Բրեսոնը և տասնյակ այլ անուններ, ընդհուպ մինչև դերասանների դիմահարդարներն ու Գոդարի  ընկերները, անգամ նկարահանումների լուսանկարիչ Ռեյմոն Կոշետիեն, որի կատարած աշխատանքը առանձնահատուկ կարևոր էր Լինքլեյթրի համար, քանի որ այդ արխիվային կադրերի շնորհիվ է, որ նա կարողացել է վերակառուցել Գոդարի ողջ ֆիլմը, հասկանալ դեկորը, կոստյումներն ու աքսեսուարները։

«Նոր ալիք» ֆիլմը ոչ բիոպիկ է, ոչ էլ պատմական կինո։ Լինքլեյթրը տառացիորեն հետևում է «Վերջին շնչում» ֆիլմի նկարահանման պայմաններին․սև-սպիտակ ֆիլմ, փոքր անձնակազմ, քիչ բյուջե, ճիշտ նույն նկարահանումների օրաքանակ՝ հինգ շաբաթ տևողությամբ, պարզ տեխնիկա, նվազագույն լուսավորություն, երիտասարդ դերասան-դերասանուհիներ։ Վերջինս հատկապես հետաքրքիր հարց է, ո՞վ է խաղում Գոդարին, Բելմոնդոյին կամ էլ Ջեն Սիբերգին, արդյոք կրկնօրինակը նման է բնօրինակին։ Բայց այս հարցում Լինքլեյթրը ևս ուներ հստակ դիրքորոշում․ նմանությունը չէր նպատակը, այլ ինչով են տարված հերոսներն իրենց կյանքի այդ ճշգրիտ պահին։ Գոդարը «Կայե դը սինեմայի» լրագրող կինոքննադատ է, փարիզյան տարբեր միջոցառումների ժամանակ նրան ճանաչում են, կամ էլ՝ ոչ, քանի որ նա պարզապես լրագրող է։ Ֆրանսուա Տրյուֆոն արդեն նկարահանել է իր հանճարեղ «Չորս հարյուր հարվածը», Շաբրոլը՝ «Գեղեցիկ Սերժը» և «Զարմիկները»՝ Նոր ալիքի բացման մանիֆեստ համարվող ֆիլմերը։ Լրագրող գործընկերներից շատերի առաջին լիամետրաժ ֆիլմերն արդեն մեջքի հետևում են, բայց ոչ Գոդարինը։Դա նաև այն պահն է, երբ Տրյուֆոյի հետ Գոդարի հարաբերությունները դեռ լարված չեն, երբ նրանց երազանքներն ունեն ընդհանուր թևեր։ Լինքլեյթրը Գոդարի և հիմնական մյուս հերոսների դերերի համար մտադրված ընտրում է երիտասարդ դերասանների։ Չէ՞ որ հայտնի դերասանը կփորձեր Գոդարին փոխանցել ավելին, քան թե այդ պահին պիտի ունենար անհայտ Գոդարը, կամ էլ ընդհակառակը չէր կարողանա փոխանցել այն վախը, որը երևում է անգամ սև ակնոցների հետևում, նոր ալիքը ձեռքից բաց թողնելու և ստվերում մնալու վախը։

Godar in Paris, New Voge

Դուրս գալով «Նոր ալիքի» դիտումից, ոտքերս ինձ նորից տանում են Campagne-Première փողոց, որն իրականում այսօր ասֆալտապատված է և միայն հատուկ էֆեկտների շնորհիվ է Լինքլեյթրի ֆիլմում ստացել իր հինսալիկապատ տեսքը։ Քայլում եմ և մտածում՝ ու՞մ համար է Լինքլեյթրը նկարել այս կինոն․ միգուցե երիտասարդ սերունդների, որոնք հավանաբար երբեք չեն էլ լսել ֆրանսիական այդ կինոուղղության մասին, բայց արդյոք նրանց կհետաքրքրի Լինքլեյթրի ֆիլմը, այն էլ սև ու սպիտակ գույների մեջ։ Կամ միգուցե «Նոր ալիքն» ուղղված է հաստատված կինոսերների համար, որոնք կբացահայտեն Գոդարի տարօրինակ աշխատելաոճի դետալները՝ առանց սցենար, միայն փոքր թղթի վրա գրված նոթեր, կտեսնեն Գոդար, որը կարող էր լքել նկարահանման հրապարակը սկսվելուց տաս րոպե հետո։ Բայց հետո մտածում եմ, որ հավանաբար Լինքլեյթրն այս կինոն նկարել է նախևառաջ ինքն իր համար, ասես համարելով, որ նա վերջապես արժանի է դիպչելու իր անձնական Օլիմպոսի աստվածներին։

Լինքլեյթրի «Նոր ալիք» ֆիլմը միանշանակ արժե դիտել, իսկ հետո պարտադիր վերանայել Գոդարի «Վերջին շնչումը», համոզվելու համար, որ բնօրինակից լավը չկա։ Բայց նաև չմոռանալ, որ Լինքլեյթրը չի փորձել կրկնօրինակել Գոդարի ոճը, այլ պարզապես ոգեշնչվել է դրանով, թեպետ սահմանագիծը բավականին նուրբ է, կամ ինչպես կասեր Պոլ Գոգենը՝ արվեստը լինում է երկու տեսակի՝ կամ պլագիատ, կամ հեղաշրջում։

Լիլիթ Սոխակյան 

Փարիզ, 2025թ.