Համաշխարհային արվեստի կենտրոններից մեկը՝  «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնը (հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը) ներկայացնում է  ռեժիսոր-վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ռեժիսորի ֆիլմերի ցուցադրումներն իրականացվելու են ըստ շրջափուլերի և կինոլեզվի զարգացման ընթացքի, որոնց զուգահեռ էլ տեղի են ունենալու  կինոդիտումներ, քննարկումներ,հանդիպումներ, ինչպես նաև նրա վարպետության դասը:

Հայկական կինոյի համար հատկանշական այս իրադարձության պաշտոնական բացմանը ներկա է եղել ինքը` Հարություն Խաչատրյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Խաչատրյանը, «Պոմպիդու» կենտրոնի մշակույթի եւ կինոյի բաժնի տնօրենները, ինչպես նաեւ արվեստի, կինոյի գործիչներ, կինոսեր հանրություն:

Parise, Pompidue center, Arutyun Khachtryan, retrospektiv

Շուրջ երկու ամիս շարունակ, ֆրանսիացի հանդիսատեսը դիտելու է ռեժիսորի` «Կոնդ» (1987), «Սպիտակ քաղաք» (1988), «Վերադարձ ավետյաց երկիր» (1991), «Վերջին կայարանը» (1994), «Վավերագրողը» (2003), «Պոետի վերադարձը» (2005), «Սահման» (2009), «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» (2012), «Փակուղի» (2016), «Նկարչի երեք գերեզմանները» (2023) ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու» կենտրոնի La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակներում։Յուրաքանչյուր ֆիլմի համար նախատեսված է 3 ցուցադրություն։

Ցուցադրումների առաջին օրերին, ֆիլմերից յուրաքանչյուրը հանդիսատեսին ներկայացրեցին հայ եւ ֆրանսիացի կինոգործիչներ,որոնց թվում ռեժիսորներ` Սերժ Ավետիքյանը, Թամարա Ստեփանյանը, Նորա Մարտիրոսյանը, պատմաբան Քլեր Մուրադյանը, կինոքննադատ Ռոմեն Լեֆեբրըն, դերասանուհի Նորա Արմանին: Ինքը` Հարություն Խաչատրյանը, պաշտոնական հանդիսությունից հետո առաջարկեց հանդիսատեսին դիտել իր փոքր հայրենիքի` Ջավախքի ու նրա մեծ պոետի` աշուղ Ջիվանու մասին պատմող ֆիլմը` «Պոետի վերադարձը»:

Parise, Pompidue center, Arutyun Khachtryan, retrospektiv

Ինչպե՞ս պահպանել ժառանգությունը՝ առանց դրա մեջ սահմանափակվելու

«Պոմպիդու» կենտրոնում իրականացվող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության ցիկլի համադրող- ծրագրավորողը`Օլիվիա Քուփեր-Հաջյանն է, որը մեծ հետահայացին ընդառաջ, «Պոմպիդուի» պաշտոնական կայքում հրապարակված իր հեղինակային տեքստում խոսում է Հարություն Խաչատրյանի կինոյի մասին, միաժամանակ բարձրաձայնում հարցեր` որպես շարունակություն ու արձագանք նրա ֆիլմերին. «Ինչպե՞ս լինել միավոր, խումբ, առանց մյուսներից կտրվելու։ Ինչպե՞ս պահպանել ժառանգությունը՝ առանց դրա մեջ սահմանափակվելու։ Այս հարցադրումները կարմիր թելի պես անցնում են նրա ամբողջ ֆիլմագրության միջով։ Հայկական ինքնության առանձնահատկություններից զատ, ռեժիսորը մեզ վերադարձնում է նրան, ինչը մարդկանց իրար է կապում․ ինչպես է լեզուն համակարգում, պեյզաժը՝ հիացնում։ Առաջացող աշխարհի ընթացքի մեջ անհատների կյանքի մանրամասների նկարագրությունն ավելի սուր է ցույց տալիս, որ տնտեսական, քաղաքական ու սոցիալական ուժերի հարաբերակցությունները ներթափանցում են անգամ ամենանձնականի մեջ։ Իր Ֆիլմերի հերոսները առաջնորդվում են բարձր նպատակներով, և շատ հաճախ հիասթափվում։ Նրանց տեղաշարժը շոշափելի է դարձնում այն անհանգստությունը, որը հորդում է ռեժիսորի աշխատանքներից։

Վարպետ Արտավազդ Փելեշյանի ժառանգության կրողն իրեն համարելով՝ Հարություն Խաչատրյանը վերցնում է իրականությունից սնվելու ազատությունը՝ ձեւավորելով այն որպես փոխաբերական պատմությունների բեկորներ, որոնք հաճախ մինիմումի են հասցնում երկխոսությունները։ Հնարավոր է՝ «ամաչկոտությունից» ելնելով է, որ կինոռեժիսորը խորշում է արձանագրել ուրիշների զրույցները․ երբ խոսքը «հայտնվում» է, շատ հաճախ այն ուղղված է տեսախցիկին։ «Սահման» ֆիլմում մարդկանց լռությունն ասոսացվում է կենդանու լռությանը հետ․ ճահճից փրկված գոմեշը՝ հայելու նման բազմապատկում է մեր հայացքը։ Լուռ մարմինները, նրանց համախմբող ծեսերը լցնում են փաստագրության եւ գեղարվեստական ֆիլմի միջեւ եղած մի անորոշ տարածք․ որոշ պատմություններ ապրեցնում են երկու ֆորմաների միջեւ եղած այդ անորոշությունը։ Դրանք կարծես շշնջում են, որ ֆիլմերից անդին յուրաքանչյուր գոյություն սիմբիոզի արդյունք է թե՛ պարտադրող իրականության /այն ամենի, ինչ տրվել է մեզ, այն վայրի, ուր ծնվել ենք/ թե՛ հնարածի /այն ձեւը, որով մենք գրում ենք մեր գոյությունը՝ միաժամանակ ապրելով ու պատմելով այն/»,-գրում է Օլիվիա Քուփեր-Հաջյանը։

Parise, Pompidue center, Arutyun Khachtryan, retrospektiv

Ներկայում կրկնվող անցյալի պատմություն

«Պոմպիդու» կենտրոնը Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայց ցուցադրությունն անցկացնում է «Բացելով ներկայի ծալքերը» խորագրի ներքո: Օլիվիա Քուփեր-Հաջյանից հետաքրքրվում եմ` որո՞նք են «ներկայի ծալքերը», որ «Պոմպիդուն» ուզում է բացել ու ներկայացնել իր հանդիսատեսին. «Հարություն Խաչատրյանի ֆիլմերը նախևառաջ պատմում են հայ ժողովրդի պատմությունը, որը թեև անցյալ է, բայց կրկնվում է նաեւ հիմա` ներկայում, ճիշտ է, ոչ նույն դիպվածներով, բայց նույն մթնոլորտն է, նույն դարդերն են ու ցավերը: Այդ առումով ներկան ոչ միայն այսօրն է, այլ նաեւ` անցյալի կրկնությունը: Ընդհանրապես, իր ֆիլմերում ժամանակը շատ մեծ տեղ ունի, այդ ժամանակը մեզ պատմում է ցավոտ անցյալի, դժվար ներկայի մասին, իսկ դրանք ներկայի բազմաթիվ դեմքերն են, տարբեր ծալքերը: Այս իմաստն եմ դրել վերնագրելով ցուցադրությունների այս մեծ ցիկլը` «Բացելով ներկայի ծալքերը»»,-նշում է ծրագրի համադրողը:

Հարություն Խաչատրյանի կինոյին Օլիվիա Քուփեր-Հաջյանը ծանոթացել է մի քանի տարի առաջ` Շվեյցարիայում անցկացվող մի փառատոնի ժամանակ, երբ ներկայացվում էր ռեժիսորի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը. «Մեկ տարի անց նույն շվեյցարական փառատոնի ժամանակ արդեն նրա 10 ֆիլմերը ցուցադրվեցին, որոնք բոլորը նայեցի եւ նույնիսկ առանձին հոդվածով անդրադարձա: Ու, երբ այս տարի «Պոմպիդու» կենտրոնից ստացա կինոյի բաժնում աշխատելու հրավերն, առաջին միտքը` Հարություն Խաչատրյանի հետահայացը կազմակերպելն էր, որովհետեւ այդ ֆիլմերը,լայն առումով, ճանաչված չեն Ֆրանսիայում, ու երբ ինքդ բացահայտում ես այդպիսի գլուխգործոց ֆիլմեր, ցանկություն է առաջանում կիսվելու նաեւ ուրիշների հետ, որպեսզի նրանք էլ ծանոթանան դրանց,-ասում է զրուցակիցս ու հավելում, որ նախկինում Փարաջանովի եւ Փելեշյանի հետահայաց ցուցադրություններն են անցկացվել «Պոմպիդու» կենտրոնում,- ուզում եմ նաեւ ընդգծել, որ ֆիլմերի առաջին ցուցադրություններից հետո կարծիքները շատ դրական են, մարդիկ մոտենում են, շնորհակալություն հայտնում, տարբեր հարցեր ուղղում, ինչը շատ արժեքավոր է»:

Parise, Pompidue center, Arutyun Khachtryan, retrospektiv

Անհանգիստ Հայաստան. Անհատի դիմանկարից մինչեւ ազգային դիմապատկեր

Ֆրանսիացի կինոքննադատ Ռոմեն Լեֆեբվռըն  Հարություն Խաչատրյանի ֆիլմերը նայել է մի քանի անգամ խրոնոլոգիական սկզբունքով` ամենառաջին ֆիլմից մինչեւ վերջինը: Ասում է` իրեն հետաքրքրիր էր տեսնել ռեժիսորի ձեռագրի, կինոլեզվի էվոլյուցիան, ինչպես է այն փոխվել տարիների ընթացքում:

«Դոկումենտալ կինոյի վարպետ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը բացառիկ հայացք են իրականությանը, տարբերվում են կառուցվածքային առանձնահատկություններով, կերպարների խորությամբ եւ պարզությամբ՝ արտացոլելով հայաստանյան իրողություններն ու բարքերը: Խաչատրյանը վավերացրել է հայ ժողովրդի տարեգրությունը, արտացոլել հայերի կյանքում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները, ստեղծել հետաքրքիր դիմանկարներ: Մեկ կերպարի անձնական դիմանկարի եւ նրան շրջապատող ձայների միջոցով ճանաչելի է դառնում հայ մարդու կյանքը, մտքերը, տագնապները, մենությունը»:

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ֆրանսիացի հանդիսատեսին ներկայացրեց հենց Ռոմեն Լեֆեբվռըն. «Այս ֆիլմը որպես հայ իրականության ստեղծագործական մեկնաբանում, ակնհայտ է դարձնում, որ բովանդակ աշխարհն առերեսվում է նույն խնդիրներին: Համամարդկային արժեքների մասին այս ֆիլմում անհատի դիմանկարի, պատկերանշանների, սահմանների, այդ թվում հոգեւոր, բարոյական, հոգեբանական սահմանների, անձնական հարցերի, առօրյա կյանքի նյութական ու վերացական սիմվոլների միջոցով նրբորեն բարձրացվում է գլոբալ աշխարհաքաղաքական հարցեր»:

Կինոքննադատն առանձնահատուկ կարեւորում է երաժշտության դերը Խաչատրյանի ֆիլմերում, որը ստեղծում է մթնոլորտ, տրամադրություն, ասելիք. «Օրինակ հենց այս` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմում, հերոսը` Հայկը սեղանի շուրջ նստած է, մարդիկ Նոր տարի են նշում, հնչում են ուրախ պարեղանակներ եւ հանկարծ երաժշտությունը փոխվում է, տրամադրությունը փոխվում է, ու դու արդեն այլ իրականություն ես տեսնում` մի սեղանի շուրջ հավաքված մարդկանց մենությունը: Երբ տեսնում ենք Հայկին այդպես անշարժ, կարծես թափանցիկ լինի, իսկ իրեն շրջապատող միջավայրն ամբողջությամբ երեւակվի իր միջով»,- ասում է զրուցակիցս ու ընդգծում, որ իրեն նաեւ սա է դուր գալիս Խաչատրյանի ֆիլմերում` միջավայրի եւ մարդկային հերոսների փոխհարաբերությունները։

Հարցիս ի պատասխան, թե փոքր ժողովուրդների կինոն հետաքրքի՞ր է մեծ աշխարհին, Ռոմենը նկատում է. «Անկեղծ ասած, փոքր ժողովուրդների կինոն միշտ չէ, որ կարողանում է դիմանալ եւ դիմադրել մեծ աշխարհի կինոարդյունաբերության միտումներին, սակայն խաչատրյանական կինոպոեզիան հայ եւ համաշխարհային կինոմշակույթի պատմության մեջ արդեն զբաղեցրել է ինքնատիպ ու վիթխարի դերակատարություն»:

Հարություն Խաչատրյանի հետահայացին նվիրված ու ֆրանսիական “Cahiers du Cinéma”-ում տպագրված իր հոդվածը Ռոմեն Լեֆեբվրըն վերնագրել է` «Հարություն Խաչատրյան. Անհանգիստ Հայաստան», որում կինոքննադատն առանձնահատուկ ընդգծում է Խաչատրյանի կինոյում առկա տրամադրությունը, որն իր հետ բերում է նաեւ պատմական կոնտեքստ.«Ընդհանուր տրամադրությունը կրում է նաեւ ազգային պատմության արձագանքները՝ տարածքային բռնազավթմամբ ու վերաբաժանմամբ, բնակչության տեղահանությամբ, 1915թ․-ի ցեղասպանության տրավմայով»:

Parise, Pompidue center, Arutyun Khachtryan, retrospektiv

Հարություն Խաչատրյանի կինոն կարողանում է անցնել սահմաններ

Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Սերժ Ավետիքյանի կարծիքով «Պոմպիդու» կենտրոնում իրականացվող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայցը փաստում է` Հայաստանն ունի մշակույթ եւ ունի կինոյի հայացքով դաստիարակված ռեժիսորներ. «որոնք կարողանում են իրենց կինոն ստեղծել եւ որն էլ կարողանում է անցնել սահմաններ: Կան ֆիլմեր, որոնք չեն դիմանում այդ քննությանը, որովհետեւ գեղարվեստական ինչ- որ նյութեր են, որ այսօր կան` վաղը չկան եւ կան ֆիլմեր, որ իրենց թեմատիկայով, ոճով կարողանում են սահմանն անցնել, ժամանակն անցնել ու իրենց ասելիքը նորից ասել: Հարությունի ֆիլմերում կա համամարդկային մոտեցում, զուսպ հայացք, հարգանք այն նյութի հանդեպ, որն ուզում է հանդիսատեսին ցույց տալ: Այդ բոլորի մասին իր վարպետության դասի ժամանակ մենք խոսեցինք, Հարությունը չի ուզում ինքը լինել առաջին ձեռք գցողը սյուժեի վրա, այլ ուզում է, որ սյուժեն, նյութը նախևառաջ կարողանա ինքն իրեն վերաստեղծել, վերածնել. թույլ տալ սյուժեին` ինքն իրենով արտահայտվել, սա շատ հետաքրքիր մոտեցում է, որովհետեւ, ընդհանուր առմամբ, ռեժիսորները սիրում են միջամտել, ուզում են երևա, որ դա իրենց ոճն է, ինքն է ստեղծել կամ բեմադրել»:

Սերժ Ավետիքյանն, ով համակարգում էր նաեւ Հարություն Խաչատրյանի վարպետության դասը, մի քանի անգամ զուգահեռներ է անցկացնում Խաչատրյանի ու Փելեշյանի կինոլեզվի միջեւ. «Օրինակ Փելեշյանի մոտ դա շատ ընդգծված է, որ հենց ինքն է երաժշտությունն այդպես օգտագործել, որ հենց ինքն է դիստանցիոն մոնտաժի հեղինակը, բայց այստեղ նման բան չկա: Հարությունի կինոյում կա անհանգստություն. ես անհանգիստ էի, այդ նյութը, սյուժեն ինձ անհանգստացնում էր ու ես անպայման ուզում էի իրեն թույլ տալ, որ արտահայտվի: Սա է Հարությունի տաղանդը, ու նաեւ իր մեծ համբերությունը, ոնց ինքն ասաց` կարողանալ համբերել, սպասել, եւ ինչու ոչ` խմել, որը նրա աշխատանքային ոճում կա: Իսկ ի՞նչ է խմելը` սահմաններ կոտրել, թողնել, որ դուրս գա, հատկապես եթե դու, նա, մյուսը մի քիչ կաշկանդված եք: Ես հիմա տեսնում եմ դահլիճում բազմաթիվ երիտասարդների, ինչը ինձ ուրախացնում է, որովհետեւ դա նշանակում է` նրանք հետաքրքրված են այս տեսակ կինո հայտնաբերելու մեջ»:

Parise, Pompidue center, Arutyun Khachtryan, retrospektiv

Դահլիճը մեկ շնչով հետեւում էր «Պոետի վերադարձին»

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը նախ ի պաշտոնե, ապա որպես հանդիսատես է կիսվում իր տպավորություններով. «Շատ կարեւոր է այս ցուցադրությունների շարքը մեր կինոյի, մեր երկրի, մեր մշակույթի համար, որովհետեւ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ արվել է ոչ թե մեկ ցուցադրություն, այլ մեծամասշտաբ ռետրոսպեկտիվ: Ավելին` մեկ ամսից ավել Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը (յուրաքանչյուրը` 3 անգամ) պետք է ցուցադրվեն Փարիզի սրտում, ինչը մեզ համար մեծ պատիվ է: Սա նշանակում է, որ մեր կինոն, իսկ ավելի ճիշտ` Հարություն Խաչատրյանի կինոն այն մակարդակի վրա է, որ կարող է ընտրվել եւ ցուցադրվել «Պոմպիդու» կենտրոնի ամենամեծ ու հանդիսատեսով լեփ- լեցուն դահլիճում: Ուրախալի է, որ «Պոմպիդու» կենտրոնը կինոցուցադրությունների այս շրջափուլը ներկայացնում է, որպես համաշխարհային կինոարվեստի մի կարեւոր մաս, այդ առումով իրենք նույնիսկ պարտավորված են զգում ցուցադրել Խաչատրյանի կինո ժառանգությունը»:

ԿԳՄՍ փոխնախարարն առանձնահատուկ նշում է ֆրանսիացի հանդիսատեսի հետաքրքրվածությունն ու արձագանքը Խաչատրյանի կինոյի հանդեպ, երբ առաջին ցուցադրությունից հետո անգամ իրեն են մոտեցել ու հարցեր ուղղել. «Ռետրոսպեկտիվի պաշտոնական բացումից հետո, երբ «Պոետի վերադարձը» հայտնվեց էկրանին, ես զգում էի դահլիճում նստած մարդկանց շունչը, ոչ մեկը դահլիճից դուրս չեկավ, որովհետեւ բոլորը կինոյի մեջ էին, հետեւում էին «Պոետի վերադարձին»: Սկզբում իհարկե շոկ ես ապրում, որովհետեւ այսօրվա կոդերով չէ նկարված այդ կինոն, այսօրվա հանդիսատեսը սպասում է վազք, սպանություններ, էքշըն, այլմոլորակայիններ, մինչդեռ սա հողեղեն, երկրի վրա ապրող մարդկանց մասին կինո է` առանց խոսքերի, որտեղ, սակայն կա երաժշտություն, որը շատ հեռու է տանում մեզ: Մի խոսք կա, ասում է` Մոցարտից հետոյի լռությունն էլի Մոցարտ է, նույնն այս դեպքում է` Հարություն Խաչատրյանի կինոյից հետոյի լռությունն էլի Հարություն Խաչատրյան է»:

Նյութն ու լուսանկարները` Սոնա Ադամյանի


Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան վեց երիտասարդ կինոգործիչներ

Փարիզում գործող Կաննի կինոփառատոնի «Ռեզիդանս» ծրագրին կմիանան Իսպանիայից, Լիտվայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Արգենտինայից և Բելգիայից ժամանած վեց կինոգործիչ։ Խմբում ընդգրկված են...

, |5 Հոկտեմբեր 2026,21:12