Նահապետ․Հավերժական հայը
Հենրիկ Մալյանը՝ հայկական կինոյի մեծ դասականը, լավ գիտեր հայ ազգի հոգու հազարամյա, կնճռոտ ոլորանները։ Հետազոտող գիտնականի նման նա ուսումնասիրել, հայտնաբերել ու վեր է հանել ազգային բնավորության նոր գծեր։ Ողբերգականի և կատակերգականի՝ ավանդական, բայց միշտ արդիական համադրությամբ մալյանական ֆիլմերն՝ արդեն վաղուց հայտնի դարձած կինոդրվագներով և ասույթներով, հանդիսատեսի հիշողության մեջ հավերժ դաջված են։ Դրանք այլևս մոռացության ենթակա չեն։ «Եռանկյունի» (1967), «Մենք ենք, մեր սարերը» (1969), «Հայրիկ» (1972), «Նահապետ» (1977), «Կտոր մը երկինք» (1980)․ ֆիլմեր, որոնք յուրաքանչյուր հայի մաշկի տակ են ապրում։ Հարազատ դարձած կինոնկարներն այսօր վերաիմաստավորման կարիք ունեն։ Թվում է՝ հարյուրավոր անգամներ դիտելուց հետո ամեն ինչ ծանոթ ու հասկանալի է։ Բայց երկրի համար այս բարդ, երբեմն ծանր օրերում ամեն նոր դիտումը բոլորովին նոր բացահայտումներ է տալիս։ Մալյանի ստեղծած կերպարներն այլևս պարզապես պատմական կամ գրական կերպարներ չեն, նրանք մեր հայելանման, ճշգրիտ արտացոլանքն են։
«Գուցե մեր բոլորիս սխալն այն է, որ մենք հենց քայլքի սկզբից մեր քայլերն ուղղում ենք մեզանից դուրս։ Քայլում ենք, քայլում՝ ամեն քայլով հեռանալով ինքներս մեզանից և դառնում ենք մի քիչ ուրիշ, չափազանց այլ, չափազանց սովորական ու միանման»։
Հենրիկ Մալյան
Մալյանի այս խոսքերը անհատի մասին են։ Մեր օրերում դրանք կարելի է հայ ազգին վերագրել։ Երբեմն ինքներս էլ չենք նկատում՝ ինչպես ենք հեռանում մեր էությունից, մեր ինքնությունից, մեր արմատներից։ Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին հայկական կինոնկարը՝ 1977 թվականին նկարահանված «Նահապետ»-ը, Մալյանի մարդակենտրոն կինոյի ամենահայակենտրոն ֆիլմն է։
Գրական հիմք
Նկարահանվել է Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա։ Սցենարի հեղինակը հենց ինքը Հենրիկ Մալյանն է։ Վերջինս հավատարիմ է մնացել վիպակի առանցքային կետերին։ Սյուժեն աննշան փոփոխությունների ենթարկվել է, բայց մի շարք կարևոր նրբերանգներ պահպանվել են։ Այդպես, օրինակ, Քոչարի վիպակում շեշտվում է Նահապետի չափազանց շատ ծխելու փաստը. «․․․մարդիկ տեսնում էին դարձյալ, որ հոլիկի հերդիկից ծուխ է դուրս գալիս, բարակ, կապույտ ծուխ, որ նշան էր, թե նա վերադարձել է։
-Նահապետի թունդիր վառվեց, բազերգյանբաշին տուն է դարձեր,-ասում էին ջահելները։
Բայց հայտնի էր, որ այդ հոլիկի ներսում թոնիր չէր եղել․ ուրեմն ի՞նչ ծուխ էր։
-Թութունի ծուխն է,-ասում էին,-օրական մի տոպրակ թութուն կծխե…
Այդ կատակներից եկվորի անվան վրա ավելացավ «թունդիր» ածականը։ Գյուղացիները դրանից հետո նրան Թունդիր Նահապետ էին ասում»։
Մալյանի Նահապետն էլ է ցավը թութունով փաթաթում, ծխում, ուզում է ամեն քուլայի հետ թեթևանալ։ Իսկ հետո․․․ հետո սովորում է ցավի հետ ապրել։
Սեր
«Նահապետ» ֆիլմում ցուցադրված կին-տղամարդ փոխհարաբերությունների մոդելը մեր օրերում, իհարկե, հնացած կհամարվի. այն նման է թանգարանային նմուշի, որով հիանում են, բայց այլևս գործածելի չեն համարում։ Առաջին հայացքից Նահապետը կարող է բռի և կոպիտ թվալ․զրույցի համարյա չի բռնվում, Նուբարի ձեռքով շտկած հողը կրկին է շտկում, հրամայական կերպով ուղարկում է բահի ետևից, այնինչ ինքն էլ կարող էր գնալ… Նրա թաքուն սերը դրսևորվում է երկու կարևորագույն կետերում, որոնց եզակի տղամարդիկ են ընդունակ՝ կարեկցանք և հոգատարություն։ Դեռ նոր են ծանոթացել, նոր-նոր ճամփա ընկել միմյանց հետ, իսկ Նահապետը նկատում է՝ «Ցուրտ ի, Նուբար, կմրսիս» ու շալն ուսերին գցել է տալիս։ Մի պահ, երբ գեղեցկուհի Նուբարը (Սոֆիկ Սարգսյան) ցավոտ հիշողությունների գիրկն է ընկնում, Նահապետը նրա արցունքների հանդեպ նույնպես անտարբեր չի մնում։ Առանց խոսքերի, առանց որևէ ակնհայտ գործողության՝ դերասան Սոս Սարգյանին հաջողվում է այս տեսարանում կարեկցանք արտահայտել։ Այդ ժամանակ հասկանում ենք. կյանքի դաժանագույն հարվածներից հետո անգամ Նահապետը մարդ է մնացել։
Նահապետ-Նուբար փոխհարաբերությունների զարգացումը հիշեցնում է Կլոդ Լելուշի հայտնի «Տղամարդը և կինը» (1966) ֆիլմում Աննայի (Անուկ Էմե) և Ժանի (Ժան-Լուի Տրենտինյան) սիրո բարդ կայացումը։ Երբ թե՛ կինը, թե՛ տղամարդը նախկինում ուժեղ, իսկական սիրել են, բայց, ցավոք, երկուսն էլ կորցրել։ Հիմա՝ նոր սիրո ծնունդից առաջ, նրանց տանջում են մեղավորությունը, ցավը, hիշողությունները…
Երաժշտություն և ձայնային շարք
«Նահապետ» ֆիլմում կարևոր նշանակություն ունի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությունը, որը ներդաշնակորեն միահյուսված է կինոնկարում տեղի ունեցող իրադարձություններին և էլ ավելի է ուժգնացնում դրանց հուզական ներազդեցությունը հանդիսատեսի վրա։ Իսկ դժնի գաղթի տեսարանների ժամանակ, նաև վերջաբանում հնչում է հայտնի «Դլե Յաման»-ը. ժողովրդական երգ սիրո մասին, որն առաջին անգամ ձայնագրել է Կոմիտասը։
Ֆիլմի առաջին հատվածում՝ ճգնավորության, տառապանքի, անքուն գիշերների փուլում պարբերաբար լսում ենք ժամացույցի տկտկոցին կամ ջրի կաթոցին նմանվող ձայն։ Կարծես «կիսամեռ» Նահապետի թույլ զարկերակը լինի։ «Աշխարհ էնոր համար պաղ գերեզման ի»,-ինչպես կասեր բարի Ափրոն (Ֆրունզիկ Մկրտչյան)։
Ձայնային ռեժիսոր Կարեն Կուրդիյանի շնորհիվ բոլոր տեսարանները կենդանի շունչ են ստացել. կենցաղային ամեն շրշյուն, ամեն ծառ ու թփի սոսափյուն իրական կյանքի մթնոլորտն են ապահովում։
Լռություն
Լռությունն առանցքային դեր ունի այս կինոնկարում։ Այն խորհրդավոր է ու խոսուն։ Նման ապրումներ ունեցող մարդն ի՞նչ պիտի խոսի։ Նա սիրտ չունի ապրելու։ Բայց կյանքը ստիպում ու պարտադրում է ապրել, վերջում նույնիսկ խոսել՝ «Էսօրվանից երդում կուտեմ և ուխտ կենեմ. ում տուն երեխա ծնվի, նրա դռան առաջ խնձորի ծառ տնկիմ։ Մեր երկրի հին սովորությունն ի, որ չպետք է մոռանանք»։
Պատկերներ
«Նահապետ» ֆիլմն ունի գունային ու լուսային կոնտրաստային դրամատուրգիա։ Զուգահեռաբար միմյանց հաջորդում են մթոտ, մռայլ պատկերները և հատկապես իրիկնալույսի արևի ծիրանագույն լուսավորությամբ տեսարանները, ինչպես Նահապետի՝ դառը հիշողություններով լցված անցյալն ու նոր ծիլեր տվող ներկան։ Կինոնկարի ամեն կադր գեղանկարչական պատկեր է հիշեցնում։ Գեղագիտական շերտի վրա աշխատել են ոչ միայն ռեժիսորը՝ Հենրիկ Մալյանը, և օպերատորը՝ Սերգեյ Իսրայելյանը, այլև բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Բաբայանը, հագուստների ձևավորողը՝ Լիդիա Գևորգյանը, խմբագիր Էվերտ Պայազատյանը և շատ ուրիշ բարձրակարգ մասնագետներ։ Օպերատորական լավագույն լուծումը ֆիլմում՝ քրոջ և եղբոր, Նահապետի և Անթառամի (Գալյա Նովենց) երկար սպասված գրկախառնության պահն է․ կինոխցիկը պտտվում է նրանց շուրջ՝ միմյանց կարոտած, երգն ու լացն իրար խառնած տառապյալներին իր գիրկն առնելով։
Տարազ, գորգեր, կահավորում
Ի՞նչ են կրել դարասկզբին` ավելի կոնկրետ 1921 թվականին, ի՞նչ միջավայրում են ապրել, ի՞նչ կենցաղ են վարել․․․Այս հարցերի պատասխանները հնարավոր է գտնել «Նահապետ» ֆիլմում։ Խորհրդային տարիներին ոչ մի ֆիլմ առանց հստակ ուսումնասիրությունների և փորձառու խորհրդատուների չէր նկարահանվում։ Եթե հաշվի առնենք, որ նկարահանումների ժամանակ՝ 1970-ականների երկրորդ կեսին, դեռ ողջ էր 1920-ականների սերունդը, դեռ ողջ էին Մեծ եղեռնի ականատեսները, ապա էլ ավելի մեծ է հավանականությունը, որ կինոնկարի միջավայրը հավաստի է։
Հայկական դիմագիծ
«Նահապետ» ֆիլմում բոլորիս հայտնի դերասանների դիմագծերն է՛լ ավելի ընդգծված հայկական երանգ են ստացել։ Տղամարդկային արծվաքիթը,աշխարհի ամենատխուր խոշոր աչքերը, թավ կանացի ունքերը, ամոթխած հայացքը․ այս բոլորն ավելի սիրելի են դառնում, երբ հասկանում ես՝ սա մենք ենք, այս հողի հնագույն բնակիչներս։ Եվ ոչ մի նորագույն չափանիշ չի կարող ջնջել այն, ինչ կոչվում է ազգային առանձնահատկություն։
Խորհրդանշություն
Նահապետն, իհարկե հավաքական կերպար է․ ողբերգությունով անցած, բայց բարի, ազնիվ ու ստեղծող մնացած մի մարդ. այսպիսին է հայ ազգն՝ ըստ Հենրիկ Մալյանի։
Ֆիլմի խորհրդանիշներն են՝ արտամետի խնձորը, խնձորի սերմը, խնձորի ծառը, ծովը թափվող «խնձորների բազմությունը», կատաղի գիշերային փոթորիկը, ճանապարհը, ծուխը, հողը և այլն։ Նույն արահետը, որտեղ տարիներ առաջ թուրքերը հայերին կոտորելով բռնի տեղահանում էին, հիմա ձյունով է պատված, ամեն ինչ արդեն խաղաղ է թվում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Ո՞վ է այլևս հիշում այդ հրեշավոր անցյալը։ Այդ անցումը կյանքի ունայնության, ժամանակի անխուսափելի ընթացքի մասին է։ Այն նաև հուշում է չմոռանալ, եթե նույնիսկ կյանքն արդեն իր անվտանգ հունով է ընթանում։
Գաղափարախոսություն
«Նահապետ» կինոնկարի առաջին՝ տեսանելի շերտում խորհրդային գաղափարախոսությունն է, երկրորդում, որը ֆիլմի կորիզն է, հայ ազգայինը։
Ըստ մալյանական-նահապետական գաղափարախոսության՝ հայ մարդը պետք է.
-մարդ մնա
-չմոռանա անցյալը
-շարունակի լինել
-շարունակի սիրել
-շարունակի ստեղծել
-քրտնաջան աշխատի
-հաշվի նստի համայնքի հետ
-ապագա սերնդին պատգամելու բան ունենա
© 2025 Անի Հակոբյան, կինոգետ








