Կեսդարյա սիրո պատմություն. Միշել Լեգրան և Մաշա Մերիլ
Կեսդարյա սեր, որ չմարեց անգամ բաժանումից հետո
Միշել Լեգրանը հիսուն տարի շարունակ սիրում էր մի կնոջ։ Սակայն, որպեսզի հարազատներին ցավ չպատճառեն, նրանք երդվեցին բաժանվել և այլևս երբեք չփնտրել միմյանց։Նա Մաշա Մերիլ Գագարինային հանդիպեց 1964 թվականին՝ Բրազիլիայի կինոփառատոնի օրերին, երբ ֆրանսիական պատվիրակության կազմում մեկնել էր Ռիո դե Ժանեյրո։ «Երազանքի գեղեցկուհուն տեսա ծովափին… և անմիջապես սիրահարվեցի»,- պատմում էր Լեգրանը տարիներ անց։
Այդ պահը դարձավ ճակատագրական։ Մեծ կոմպոզիտորը իր կյանքի սիրուն հանդիպեց ուշ, երբ արդեն ուներ ընտանիք՝ կին և երկու երեխա։ Իսկ Մաշան պատրաստվում էր ամուսնանալ իր իտալացի փեսացուի հետ։Այդ պատճառով նրանց սերը մնաց պլատոնական։«Դա պլատոնական սիրավեպ էր, որը հանկարծ բռնկվեց և փոխադարձ համաձայնությամբ ավարտվեց հենց այնտեղ», – ասում էր Մաեստրոն։
Սակայն այդ հանդիպումն ու մնացած զգացմունքը փոխեցին նրա կյանքը։
Օվկիանոսի պես խոր ու անծայր սիրո ազդեցությամբ Լեգրանը ստեղծեց «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի անմահ մեղեդիները, որին հաջորդեց հուզիչ «Իմ սրտի հողմաղացները» երգը։Դրանցով նա ամրապնդեց իր դիրքը որպես հանճարեղ երգահան և կինոերաժշտության վարպետ։ Քանի դեռ գոյություն ունեն մարդն ու արվեստը, չեն մոռացվի այդ ստեղծագործությունները՝ սիրո մեծ ու տառապալից պատմությունները։
Արքայադուստրը, որ դարձավ մուսա
Մաշա Մերիլ Գագարինան ֆրանսիացի տաղանդավոր դերասանուհի և գրող էր։ Նա ռուս վտարանդի կնյազ Վլադիմիր Գագարինի դուստրն էր և ծագումով արքայական գերդաստանից։Դրա համար էլ նրան հաճախ կոչում էին արքայադուստր։
Իսկ Միշել Լեգրանը, որպես անկրկնելի երգահան և կինոերաժշտության վարպետ, արդեն արժանացել էր բազմաթիվ բարձրագույն մրցանակների՝ «Օսկար», «Գրեմմի», «Ոսկե գլոբուս»…Բայց նրա կյանքի ամենամեծ պարգևը, որ տրվեց վերուստ, Մաշա Մերիլ Գագարինան էր՝ նրա սրտի տիրուհին։
Կես դար անց նորից միասին
2013 թվականին՝ գրեթե հիսուն տարի անց, նրանք կրկին հանդիպեցին։ Այդ օրը Մաշան փարիզյան թատրոնում խաղում էր «Մտերիմ հանդիպումներ» ներկայացման մեջ։ Կոմպոզիտորը նստել էր դահլիճում՝ բեմից ընդամենը տաս մետր հեռավորության վրա։ «Նա հիացած նայում էր իր սիրո իդեալին, և արցունքներն անձրևի պես թափվում էին աչքերից…»: Ներկայացումից հետո Լեգրանը գնաց կուլիսներ և Մաշային նվիրեց սպիտակ վարդեր, որոնց թերթիկների վրա կարմիր թանաքով գրել էր «Շերբուրգյան հովանոցների» և «Իմ սրտի հողմաղացների» նոտաները։ Այդ մեղեդիները նա գաղտնի նվիրել էր նրան՝ որպես սիրո խորհրդանիշ։
Այժմ երկուսն էլ միայնակ էին, և ալևոր երաժիշտը նրա համար պատրաստ էր ամեն ինչի։ 2014 թվականին նրանք ամուսնացան։ Միասին ապրեցին ընդամենը հինգ տարի, սակայն դրանք դարձան նրանց կյանքի ամենաերջանիկ տարիները։
Երջանիկ վերջաբան
2019 թվականի հունվարի 26-ին Միշել Լեգրանը հեռացավ կյանքից։ Նա մահացավ երջանիկ, քանի որ իր կյանքի ամենամեծ երազանքը՝ սերը, ի վերջո վերադարձել էր իրեն։
«Իմ բոլոր մեղեդիները նա է՝ Մաշան։»
Փարոս Մասիս