«Իմ ամբողջ կյանքի ընթացքում բնության մասին ֆիլմեր ստեղծելուց հետո, այժմ հասկանում եմ, որ Երկիր մոլորակի ամենակարևոր հատվածը ցամաքի վրա չէ։ Եթե փրկենք ծովը, կփրկենք նաև մեր երկիրը»։
Այս ուղերձով է ավարտվում աշխարհահռչակ բնագետ Սըր Դեյվիդ Աթենբորոյի հետ «Օվկիանոսը» ֆիլմը, որի հատուկ ցուցադրությունը մեծ ոգևորությամբ կայացավ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում։ Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ և Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ համագործակցությամբ։

Հայաստանի կինոգործիչների միության մեծ դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով։ Հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ հատուկ հյուրեր, հավաքվել էին դիտելու օվկիանոսի ուսումնասիրության աննախադեպ այս պատմությունը, որը բացահայտում է, թե ինչու է օվկիանոսը Երկրի ողջ կյանքի համար ամենակարևոր վայրն աշխարհում։
Ֆիլմի շուրջ կատարված պրոֆեսիոնալ աշխատանքը և տեսարանների ուժն այնքան տպավորիչ էին, որ անգամ Հայաստանից հեռու թվացող օվկիանոսի խնդիրը հանդիսատեսը զգաց ամբողջ մարմնով։ Ֆիլմը հանդիսատեսի վրա թողեց ուժեղ էմոցիոնալ ազդեցություն, հատկապես ներկայացնելով արդյունագործական ձկնորսության անտեսանելի և ավերիչ վնասները, որոնք տեղի են ունենում ամեն օր մոլորակի տարբեր հատվածներում և ամբողջությամբ օրինական են։ Չնայած կլիմայական ազդեցությունների ֆոնին օվկիանոսի համար կանխատեսումները լավատեսական չեն, հեղինակը դիտողին թողնում է հույս՝ շեշտելով, որ օվկիանոսը վերականգնման աներևակայելի հնարավորություն ունի և կարող է վերականգնվել ավելի արագ, քան սպասելի է։

Ցուցադրությանը ներկա էին Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և բնապահպանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Դեսպանատան գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) այս ցուցադրությունն իրականություն դարձնելու համար: Նա ընդգծեց. «Մեծ Բրիտանիայում Սըր Դեյվիդ Աթենբորոն համարվում է ազգային գանձ: Այս ուղերձը Հայաստանում ավելի մեծ կարևորություն է ստանում, քանի որ հաջորդ տարի այստեղ է տեղի ունենալու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը՝ COP 17-ը»։ Դեսպանը ընդգծեց Միացյալ Թագավորության հանձնառությունը համաշխարհային կենսաբազմազանության պաշտպանության հարցում՝ նշելով. «Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացնելու հաջող COP17 համաժողովը, որը ոչ միայն կներկայացնի Հայաստանի դերը որպես հյուրընկալող երկրի, այլև կոգեշնչի իրական գործողություններ՝ կանգնեցնելու կենսաբազմազանության կորուստը»:

Փոխնախարար Արամ Մեյմարյանն իր ելույթում նշեց. «Շատ ուրախ եմ, որ Նախարարության համագործակցությունը FPWC-ի հետ հիմնված է հենց աշխատանքի վրա։ Ամենադժվար պահերին, երբ Հայստանի համայնքներում խնդիրներ են լինում, այդ ժամանակ տեսնում ենք, որ իրական դաշտում Հիմնադրամը կանգնած է մեր, ՀՀ քաղաքացիների և կառավարության կողքին, և մենք միասին կարողանում ենք խնդիրներ լուծել»։ Նա ընդգծեց, որ պատանի տարիներից Դեյվիդ Աթենբորոյի ֆիլմերի երկրպագուն է և շնորհակալություն հայտնեց Արևորդի փառատոնին այս հնարավորության համար։

Դեսպանը ընդգծեց Միացյալ Թագավորության հանձնառությունը համաշխարհային կենսաբազմազանության պաշտպանության հարցում՝ նշելով. «Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացնելու հաջող COP17 համաժողովը, որը ոչ միայն կներկայացնի Հայաստանի դերը որպես հյուրընկալող երկրի, այլև կոգեշնչի իրական գործողություններ՝ կանգնեցնելու կենսաբազմազանության կորուստը»:
«Օվկիանոսը» Դեյվիդ Աթենբորոյի հետ ֆիլմը փառատոնի ոչ մրցութային ֆիլմերից էր։ «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը (sunchild.am) տեղի է ունեցել սեպտեմբերի 26-30-ը «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով։ Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 31 ֆիլմ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերական «Յանունի» ֆիլմը և Հայաո Միյաձակիի «Արքայադուստր Մոնոնոկե» անիմե ֆիլմը։ Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք ուշագրավ թեմատիկ հանդիպումներ և վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը։

Փառատոնը ձգտում է բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ հատուկ շեշտադրում կատարելով 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-ի կարևորության վրա, ծառայելով որպես նախապատրաստական հարթակ՝ ընդգծելու Հայաստանի դերը համաշխարհային բնապահպանական օրակարգում։

Սըր Դեյվիդ Ֆրեդերիկ Աթենբորոն բրիտանացի հանրահայտ հեռարձակող, բնագետ և գրող է, որի կարիերան ընդգրկում է ութ տասնամյակ։ Նա ոչ միայն հեղինակ է «The Blue Planet» և «Planet Earth» շարքերի, այլև եզակի է իր ձեռքբերումներով։ Նա միակ մարդն է, ով արժանացել է BAFTA մրցանակների՝ ինչպես սև-սպիտակ, այնպես էլ գունավոր, բարձր հստակության (HD) և 3D հեռուստատեսային ֆորմատներով աշխատանքների համար։

Ավելի քան մեկ տասնյակ բույսերի և կենդանիների տեսակներ կոչվել են նրա անունով՝ ի պատիվ բնագիտության մեջ ունեցած նրա հսկայական ավանդի։ Չնայած իր երկարակյաց կարիերային, նրա վերջին աշխատանքներն ուղղակիորեն կենտրոնացած են կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի և մոլորակի կենսաբազմազանության վերականգնման վրա՝ դարձնելով նրան համաշխարհային բնապահպանական օրակարգի առանցքային դեմքը։