Հենրիկ Մալյանի հուշերից

Ես չգիտեմ՝  մանուկը  ո՞ր հասակում է լինում այնքան երեխա, որքան եղավ Սարոյանը, երբ մանուկ էր, երբ պատանի էր, երբ երիտասարդ էր ու երբ հասակավոր: Գուցե մեր բոլորիս դժբախտությունն էլ հենց այդ է, որ մենք շուտ ենք հասունանում, շուտ ենք հրաժեշտ տալիս մանկությանը: Համենայն դեպս, ես յոթ տարեկան հասակում ինձ զգացի հասուն (և դժբախտ), երբ առաջին անգամ  «2» գնահատական ստացա դպրոցում: Եվ հետո այդպես հասուն ապրեցի իմ պատանեկությունը, իմ առաջին սերը, առաջին հաջողությունը և անհաջողությունների շարքը նույնպես: Եվ հիմա՝ հիսունից բավականին անցած մի տարիքում, կարծես թե նորից գտել եմ մանկություն տանող մի երանավետ արահետ և սրտի խորհրդավոր մի բաբախյունով ընթանում եմ նրանով…

Եվ գուցե, և գուցե ինչ-որ մի պահ հասնեմ իմ մանկությանը, երբ մեր բալենու կանաչ տերևի տակից ժպտուն գլուխն էր հանում նորից թաքցնում կարմրավուն բալը, երբ բարեկամ-հարևանների ձիգ ձգած ուղղանկյուն սպիտակ պաստառին հատուկենտ և ապա կարկուտե թրխկոցով թափվում է թութը՝ պառաված ու  շռայլ թթենուց, երբ մոտակա բլրի գագաթից մի մանուկ, առաջնորդի հրամանով, երկու տասնյակ մանուկներ, կապույտ ու կանաչ խառնելով իրար, ծիծաղելով գալարվում էինք մինչև պղտոր առվակը, երբ երկու թևերի լայն տարածքի չափը մեզ թվում էր աշխարհի բոլոր չափումներից ամենամեծը, երբ ես՝ Հենրիկ կոչվածս, Արամ էի, Արամ…

             Եվ նույնիսկ Սարոյան էի, Վիլյամ Սարոյան…

            Գուցեև այնքան էլ դժվար չէ լինել Սարոյան:

            Գուցեև բոլոր մյուսներիս սխալն էլ հենց այն է, որ մենք, հենց քայլքի սկզբից մեր քայլերն ուղղում ենք մեզնից դուրս:

            Քայլում ենք, քայլում՝  ամեն քայլին հեռանալով մեզնից:

            Ինքներս մեզանից:

            Եվ դառնում ենք մի քիչ ուրիշ:

            Չափազանց այլ:

            Չափազանց սովորական ու միանման:

Սարոյանն այնքան էր հրապուրված իր շրջապատով, իր Թագուհի մայրիկով, իր քեռի Արամով՝ Կարապետ Սարոյանով, բակի ջրհորով, նռնենիների պուրակով, շոգեքարշի սուլոցով, թուխսի տակից դուրս հանած ճերմակ ձվով, կիրակնօրյա ցեպելինով, մեկ ժամում վաթսուն մղոն արագությամբ սլացող ավտոյով, այնքան էր տարված իր մանկությամբ, որ ժամ չգտավ, պահ չգտավ մեծանալու, հասունանալու:

            Երիտասարդանալու…

            Ծերանալու…

            Այլ դառնալու…

            Եվ մնաց Արամ, մնաց Վիլյամ, մնաց Սարոյան:

            Երբ պատմեց իր մասին:

            Հորինեց եղելությունը:

            Հորինեց ապրածն ու տեսածը:

            Հորինեց զգացածը:

            Հորինեց ճշմարտությունը:

Վիլյամ Սարոյանի բոլոր պատմվածքների և բոլոր պիեսների հերոսն՝ ինքն է՝ հեղինակը: Այդ պատճառով, անկախ գործողության այս կամ այն վիճակից, ամենակարևորը նրա բառն է, խոսքը, իմաստը…Իմ համոզմունքն է, որ Սարոյան բեմադրելիս բառը չպետք է կեղտոտել գործողությամբ, երաժշտությամբ, միզանսցենների ճարպիկ կամ անճարպիկ խաղերով, այլ ուղղակի անհրաժեշտ է  զգալ, լսել, հասկանալ բառը,  հասկանալ սրտի ուղեղով (համոզված եմ, որ ինչ-որ մի օր, ինչ-որ մի մեծ բժիշկ կհայտնագործի սրտի մեջ ուղեղ, ավելի դժվար է լինել  ուղեղի մեջ սիրտ որոնող բժշկի վիճակը):

Սարոյանը տարիք չունի: Իր ստեղծագործություններում նա միաժամանակ և վեց տարեկան է, և հարյուր վաթսուն տարեկան. նրա սիրտը բաբախում է մանկական ամենաառաջին  հայտնագործությունների անհանգիստ ռիթմով և միաժամանակ աշխարհի բոլոր ցավերն ու ուրախությունները ապրած, իմաստնացած  ծերունու հանդարտ ու համաչափ ռիթմով:

Նա սիրում է բոլոր բարդկանց՝ չար ու բարի, նրա վրա մարդկային արատները չեն թողնում ոչ մի հետք: Սարոյանը կարծես մի ինչ-որ հրաշագործ ալքիմիկոսի  ստեղծած նյութից է, որն ի վճակի չէ իր մեջ պահելու չարը, անմարդկայինը: Եվ եթե որոնենք նրա ստեղծագործության մեջ որևէ անմարդկային բան, բոլոր ցավերի ու դժբախտությունների ակունքն ու պատճառը, կպարզվի, որ դա Աստվածն է   և կամ իրականությունը,  այսինքն՝ մի ուժ, որ անհատի շրջագծից դուրս է , շատ է հեռու անհատից, մարդուց…

Ես երջանիկ եմ, որ կյանքիս ինչ-որ հատվածում եղա Սարոյանի ընթերցողը: Հպարտ եմ, որ կյանքիս ինչ-որ հատվածներում եղել եմ բեմադրիչը նրա պիեսի, նրա հրաշալի պատնվածաշարի: Եվ հիմա, հենց այս պահին ինձ թվաց, որ ինչ էլ կոչեն ինձ, քեզ մեր ծնողներին ու մեր զավակներին, մենք բոլորս ինչ-որ չափով, այնուամենայնիվ, Սարոյան ենք, մանուկ ենք, երեխա և իմաստուն նաև:

            Եվ մեր բոլորի անունն Արամ է: