Վերջին տարիներին, չնայած միջազգային կինոփառատոներում գրանցած հաջողություններին, շատ քիչ են իսկապես հաջողված հայկական ֆիլմերը։ Իննա Մխիթարյանի վավերագրական դեբյուտը՝  «Թոնրատունը», այդ եզակիներից է։ Լավաշ թխելու արարողակարգի բոլոր փուլերի հստակ ցուցադրությանը զուգընթաց կանայք անկեղծանում են՝  խոսելով ոչ միայն իրենց ցավերի, այլև հայ ժողովրդի անցած ճանապարհի ու փորձությունների մասին։ Բոլոր հինգ կանանց համար ամենացավոտ թեման պատերազմն է: Այն արդեն երկու անգամ անկոչ հյուրի պես հայտնվել է՝ խաթարելով ամեն ինչ: Եվ անընդհատ սպառնալիք կա, որ նորից կվերադառնա:

Tonratun, kino, Inna Mkhitaryan

Ֆիլմի նախաբանում հունցվում է խմորը՝  մեզ սպասվող կինոպատմության սյուժեն։ Իմանում ենք, թե բացի լավաշ թխելուց էլ ինչ նպատակի է ծառայել ու ծառայում թոնրի կրակը՝ սուրճ կամ հարիսա եփելու, լոգանքի համար ջուր տաքացնելու, և ամենակարևորը՝ դարդերը, միմյանց պատմելով՝ կրակին տալու։ «Հարյուր տարվա վերքերը քանդե՞նք, Իննա»,- հարցնում է մայրը հեղինակին՝ խուսանավելով աղջկա մերկացնող հարցերից, բայց և մայրաբար ենթարկվելով ու դառնալով աղջկա հորինած խաղի ակամա մասնակիցը։ Իսկ այդ «խաղի» գլխավոր նախապայմանը, կարծես, եղել է անմիջական ու անկեղծ մնալը։

Tonratun, kino, Inna Mkhitaryan

Գյուղացի կանայք չեն պատրաստվել, չեն շպարվել, դերախաղության մեջ չեն մտել։ Նրանք այնպիսին են, ինչպիսին կան՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ։ Տպավորություն է, թե կինոխցիկն աննկատ տեղափոխվում է փոքրիկ թոնրատան մի անկյունից մյուսը՝ հերոսուհիների ամեն կնճռափոսը, ամեն ապրված էմոցիան բնական լույսի ներքո մատուցելու նպատակով։ Ներս թափանցող արևի շողերի մեջ փոշեհատիկներին խառնված ալրահատիկներ են սավառնում, այդ ֆոնին խոսուն կանացի դիմանկարներ են։ Անգամ լռության մեջ նրանց դեմքերին ապրումներ կան։ Տղամարդակենտրոն մեր հասարակության մեջ հաճախ անտեսվել է կնոջ ապրածն ու զգացածը։ Մեր կինոն էլ, այդ առումով,հազվադեպ է անդրադարձել կանանց, եթե չհաշվենք Համո Բեկնազարյանի ֆիլմերը։

Tonratun, kino Inna Mkhitaryan

Անկախության տարիներին կինն ավելի հաճախ սկսեց հանդես գալ որպես ֆիլմի գլխավոր հերոս։ Հիշենք Էդգար Բաղդասարյանի «Մարիամը» (2005), Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» (2007), Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները»  (2009), Անաիդ Աբադի «Եվան» (2017), Արամ Շահբազյանի «Չնչիկը»  (2020), Հայկ Օրդյանի «Զուլալին»  (2021), Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» (2022) և շատ ուրիշ ֆիլմեր։ Այսօր արդեն ոչ միայն էկրանին է կինը գերակշռող դեր խաղում, այլև՝ տեսախցիկից այն կողմ։ Հատկապես ուրախալի է կին կինոռեժիսորների ակտիվությունը կինոստեղծման պրոցեսում և միջազգային հաջողությունների հաղթարշավում։

Tonratun, kino, Inna Mkhitaryan

«Թոնրատունը» (արտադրող ընկերություններ՝ ԴոԿինո, Լա Հուիթ, Սինեդ) նույնպես հետ չի մնացել, Վիեննայի «Այս մարդկային աշխարհը»  (This Human World) կինոփառատոնի՝ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել։ Ֆիլմում քննարկվող թեմաները բազմազան են՝ հայ ազգի ճակատագիր, պատերազմի հետևանքներ, հայ կնոջ կամ հայ տղամարդու առաքելություն, ավանդույթներ, նախնիներ, ցեղասպանություն, երկրաշարժ, գաղթ, խորհրդային կարգեր, անցյալի և ապագայի վերլուծություն, գյուղացու ապրելակերպի փոփոխություններ, խոպան գնացած, բայց գումար չուղարկող տղամարդիկ, սեռով պայմանավորված աբորտներ, ապաշխարություն, սեր, արցունքներ, երբեմն էլ՝ չարաճճի կատակներ։

Tonratun, kino, Inna Mkhitaryan

Ամեն ինչ կա այս 30 քառակուսի մետր տարածքում։ Միայն թե դարերով հայ մարդուն տանջող հարցերի պատասխանները չկան, ոչ մի կերպ չեն գտնվում։ Վճռական Արուսյակը, լռակյաց Էլինարը, դժվար կյանքից կոփված Հազարվարդ «տոտան» (ռուս՝ մորաքույր), պրպտող հեղինակը և իր չարչարված, բայց անսահման ուժեղ մայրը փնտրում են այդ պատասխանները։ Նրանց փնտրտուքը  կինո է դառնում, որովհետև մի համարձակ, պարզ ու մաքուր անկեղծություն կա, որն այսօր արդեն, ցավոք, շատ քչերն ունեն։

Tonratun, kino, Inna Mkhitaryan

© 2025 Անի Հակոբյան, կինոգետ