Սոս Սարգսյանի հուշերը Անդրեյ Տարկովսկու մասին
Թե ինչպես Սոս Սարգսյանը Տարկովսկուն մեր ձևով է խորոված հյուրասիրեց:
-Նկարահանումներից հետո եկել ենք մեր տուն: Հոգնած, քաղցած, համարյա ամբողջ խմբով:
– Համբերեք,- ասում եմ,- հիմա խորոված եմ անելու:
Ես բակում եմ, իրենք` չորրորդ հարկի իմ բնակարանում: Անդրեյը րոպեն մեկ անհամբեր գլուխը հանում է պատշգամբից դուրս, նայում ցած: Հասկանում եմ, որ քաղցած է շատ: Միսը արդեն դրել եմ կրակին:
– Անդրեյ,- ձեն եմ տալիս,- իջիր, դրանք թող զրուցեն, դու իջիր:
– Ինչո՞ւ,- զարմանում է Անդրեյը:
– Իջիր, որ ասում եմ, հետդ էլ մի շիշ օղի վերցրու…
Հայավարի կանգնում ենք կրակի մոտ, ոտի վրա մի – մի գավաթ ըմպում ու տաք- տաք խորովածը քաշում: Մեկ, երկու, երեք…
– Լսիր, ոգևորվում է Անդրեյը,- ախր, սխալ ենք արել մինչև հիմա, ախր գյուտ եմ արել`խորովածն այսպես պետք է ուտել. կրակի կողքին, բոլորովին ուրիշ համ է, խորովածը հո ճաշ չէ, որ նստում ենք սեղանի շուրջը… թող բոլորն իջնեն…
– Գործ չունես, Անդրեյ ջան, դու կեր… Սրանից հետո քեզ համար միշտ սենց եմ անելու խորովածը…։