«Մորու բացատն» ըստ Վուդի Ալենի.«Վերլուծելով Հարիին»
«Վերլուծելով Հարիին» թեթև և քմահաճ կատակերգական դրամա է, նկարահանված Վուդի Ալենի կողմից, 1997 թվականին։ Դրանում ռեժիսորը վերադառնում է 70-ականների վերջի իր ինտելեկտուալ կատակերգությունների ոճին՝ արագ, շողշողացող և հանդիսատեսի ուշադրությունը գրավող։ Այստեղ արդեն տեղ է գտել հումորը՝ գումարվելով բերգմանական բաղադրիչին։ Սա կարելի է ասել, հազվագյուտ զվարճալի տարբերակ է՝ «Մորու բացատի» մոտիվներով, որտեղ Վուդի Ալենը, ներշնչվելով Բերգմանից, այդուհանդերձ դիմում է կատակերգական ժանրին: Խորհելով նույն թեմաների շուրջ՝ արվեստագետներն իրենց ուրույն տեսլականն ու տաղանդի առանձնահատկությունները հանգեցնում են իրենց գաղափարների մարմնավորմանը: Այսպես, Մանհեթենում «Մորու բացատի» որոնումների արդյունքում ստեղծվեց Ալենի յուրօրինակ ֆիլմը:
«Վերլուծելով Հարիին» Ալենի 90-ականների լավագույն ֆիլմերից մեկն է։ Ալենի ստեղծագործական «վերականգնումը»՝ վերադաձը իր ստեղծագործական ակունքներին, որպես ռեժիսոր, տեղի է ունենում այստեղ նաև գեգերի մակարդակով, ինչն առանձնանում է նախանձելի խելքով և արժանի է էկրանային հումորի անթոլոգիայում ներառվելու: Բազմաշերտ և տիպիկ «ալենյան» կատակերգություն, որը պատմում է հատկապես ստեղծագործող մարդու ծանր տառապաանքների և, ընդհանրապես, մարդկային արատների մասին՝ անհավանական պատմելաոճով, ինքնատիպ գաղափարների առատությամբ և վառ սցենարով՝ անսովոր շրջադարձերի առատությամբ և հիանալի դերասանական կազմով:
Սկսենք վերլուծել այս ֆիլմը։ «Վերլուծելով Հարիին» կինոնկարը բարդույթավորված հիպոքոնդրիկ գրող Հարի Բլոկի մասին է, որն ապրում է իր հերոսների երևակայական աշխարհում և չի նկատում, թե ինչպես է իրական կյանքը քանդվում իր աչքի առաջ։ Հարի Բլոկը՝ հայտնի և բավականին հաջողակ նյույորքյան գրող, դեռևս չի կարողանում հասկանալ ինքն իրեն, սեփական կյանքը և` պատկերների, հարցերի ու խնդիրների կույտը, որոնք հենց ինքն էլ ստեղծել է: Հարին ունի հարուստ անձնական կյանք, լի անցյալ և իր իսկ վեպերի կերպարները, որոնք մշտապես ապրում են նրա գլխում: Նա իր կյանքի ընթացքում փոխել է երեք կին և վեց հոգեբույժ, իսկ միակ որդուն կարող է տեսնել միայն դպրոցից գողանալով։ Նրա գրքերը կարդում են նույնիսկ համալսարաններում, բայց քչերը գիտեն, որ գրքերը հիմնված են հենց նրա կյանքի վրա։ Իր ստեղծած կերպարներում նա պատկերում է նախկին կնոջը՝ ջութակահարուհուն, որը ծայրից ծայր հագեցած է ինքնասիրահարվածությամբ, նրա կրտսեր քրոջը, որն իր սիրուհին էր, հարազատ քրոջը՝ իսկական հրեա, և իր հորը, որը չկարողացավ հենարան դառնալ իր համար և նույնիսկ ինքն իրեն` փաստորեն, ցույց տալով միայն գրքերում, թե ինչից է իրականում ինքը վախենում։
Հարի Բլոկը խորը դեպրեսիայի մեջ է գտնվում հեղինակավոր համալսարան մեկնելու նախօրեին, որտեղից նրան ժամանակին առանց ափսոսանքի վռնդել են, իսկ այժմ պատրաստվում են մեծարել և պատվավոր մրցանակ հանձնել ստեղծագործության համար։ Պետք է ուրախանալ, բայց Հարին ամենևին էլ ուրախ չէ մի պահ, նրա մոտ սկսվում է ստեղծագործական ճգնաժամ. նա չի կարող գրել: Ընդհանուր առմամբ, նա տառապում է ֆոբիայից և արդեն ծախսել է ամբողջ կանխավճարը նոր գրքի համար, որը նույնիսկ չի էլ սկսել գրել: Նրա գրքերի աշխարհը միակ բանն է, որն օգնել է իրեն հաղթահարել արտաքին աշխարհի դժվարությունները, բայց նույնիսկ այդ ուղիով գնալով, հիմա նա ձախողվել է: Բայց մրցանակ ստանալու գնալ պետք է, և նրան հարկավոր է ընկեր գտնել, որպեսզի ճանապարհին չձանձրանա: Եվ Հարին սկսում է ճամփորդության ուղեկից փնտրել։ Թեկնածուների թվում են մարմնավաճառը, նրա որդին, որին մայրը մտադիր չէ բաց թողնել, մեկ էլ՝ հին ծանոթը։ Գործողության զարգացման ընթացքում մենք ավելի ու ավելի շատ ենք իմանում, թե ով է Հարին, և նա ինքն է սկսում հասկանալ, թե ով է նա: Ճգնաժամը միայն սաստկացրել է նրա ինքնաքննությունը, Հարին անընդհատ մտածում է, վերլուծում իր կյանքը, բայց մարդիկ, և հատկապես նրա սիրելիները, տեսնում են նրա բնավորության միայն բացասական հատկությունները՝ չնկատելով, որ նրա պահվածքը կապված է հենց անորոշության հետ։ Ալենի հերոսը վախենում է, որ այլևս չի կարողանա նորից սիրել, սա ասես ռեժիսորի ինքնախոստովանությունն է։ Ոչ միայն միշտ ինքն է իրեն մեղադրում, այլ նաև այլ մարդիկ են մեղադրում նրան:
Պարանոյիկ տենդի մեջ կյանքը ոչնչացնելու տարբերակներին Բլոկը, այնուամենայնիվ, չի հետևում մեկ այլ ֆոբիայի, և, առանձնանալով իր նախանձելի անխորտակելիությամբ, ամեն անգամ փրկություն է գտնում անսպառ մտորումների մեջ։ Միայն վաթսունը լրանալուց հետո նա բացահայտում է ճշմարտությունը, որ չի կարող գտնել իր համար ավելի լավ ընկեր, քան մարմնավաճառը, քանի որ նրա հետ ամենևին էլ պարտադիր չէ խոսել կինոյի և Պրուստի մասին։ Ճիշտ է, մարմնավաճառն ի վիճակի չէ նույն սպառիչ ճշգրտությամբ սահմանել Հարիի կյանքի կրեդոն` հավատամքը։
Ֆիլմը, ըստ էության, ներկայացնում է գիտակցության հոսք, նևրոտիկ և բարդ գլխավոր հերոսի մենախոսություն, որում հեշտությամբ կարելի է կռահել Ալենի բազմաթիվ ալտեր էգոներից մեկը։ Շատերը փորձեցին կառչել ֆիլմում պատմված պատմության ակնհայտ ինքնակենսագրական բնույթից, սակայն ինքը՝ Վուդի Ալենը, հերքել է դա Սթիգ Բյորքմանին տված հարցազրույցում՝ ընդգծելով իր պատմած բոլոր պատմությունների գեղարվեստական հորինվածք լինելը. «Անձամբ ինձ հետ կապ ունի միայն ֆիլմի ընդհանուր տրամադրվածությունը, դրանում արտացոլված են իմ հոգսերը, իմ հետաքրքրությունները։ Ես հասկանում եմ, որ մարդիկ միևնույն է, գլխավոր հերոսին նույնացնելու են ինձ հետ՝ գուցե միայն, որ նա գրող է։ Բայց ինչ-որ պահից դա ինձ այլևս չէր մտահոգում: Ես բավական երկար ժամանակ հերքել եմ դա, սակայն ինձ, միևնույն է, չեն հավատում։ Չեն հավատում և չեն հավատում: Թող ես լինեմ այդ գրողը: Ճիշտ է, ես կյանքում ոչ մի անգամ ստեղծագործական ճգնաժամ չեմ ունեցել»։
«Վերլուծելով Հարիին» ֆիլմում առկա է շատ «ավանդական» շատախոս և ակտիվ ժեստիկուլյատոր Վուդի Ալենը` իր կինեմատոգրաֆի ավանդական առանձնահատկություններով և բնավորությամբ, ռեֆլեկտիվ փոքրիկ մարդու տխուր-զվարճալի երկխոսություններով, որը գիտի, ինչպես լինել զվարճալի և միաժամանակ հուզիչ: Միևնույն ժամանակ, ֆիլմը պարունակում է Ալենի ոճի բոլոր բնորոշ բաղադրիչները՝ աշնանային Նյու Յորք, ստեղծագործական ճգնաժամը, նևրոտիկությունը քառակուսու և նույնիսկ խորանարդի մեջ, մշտական հոգեվերլուծության փորձերը, որոնք ուղղված են ինչպես իրեն, այնպես էլ` իր շրջապատի բոլոր մարդկանց, իր ստեղծած բոլոր խնդիրների հետ մեկտեղ։ Քանի որ մենք անդրադարձանք Վուդի Ալենի ուրույն ոճին, հարկ է նշել, որ այս ֆիլմում, ինչպես և բոլոր մյուսներում, Ալենը հեգնում և ծիծաղում է հենց իր վրա: Եվ պետք է խոստովանենք, որ սա մեծ համարձակություն է, որը ոչ բոլորին է բնորոշ։ Բայց նա կատակում է իր մասին զարմանալի, հետաքրքիր և խելացի ձևով, քանի որ իզուր չէ, որ ֆիլմն ստեղծվել է ինտելեկտուալ կատակերգությունների ստեղծողի կողմից։
Սակայն Ալենի հեգնանքը, որը սովորաբար ներկված է մարդասիրական երանգներով, ստանձնում է այստեղ սարկաստիկ երգիծանքի առանձնահատկություններ. չխնայելով ոչ ոքի` հրեա ավանդապաշտներից մինչև հենց դժոխքի բնակիչները: Շատ իրավիճակների սյուրռեալիզմով այս կինոնկարը ոչնչով չի զիջում Բունյուելի ու Կաֆկայի ստեղծագործություններին։ «Վերլուծելով Հարիին» ֆիլմ է, որտեղ Վուդի Ալենը փայլուն կերպով հարգանքի տուրք է մատուցում եվրոպացի բազմաթիվ ռեժիսորների աշխատանքին՝ ոճային տարբեր նրբություններով հագեցնելով կինոօպերատոր Կառլո Դի Պալմայի կողմից նկարահանված ֆիլմի տեսողական շարքը:
Յոթ նովելները, որոնցից բաղկացած է ֆիլմը, վերաբերում են երկու դասական, արդեն դասագրքային ֆիլմերին՝ Ֆելլինիի «Ութ ու կես»-ին և, իհարկե, Բերգմանի «Մորու բացատին»: Առաջին կինոնկարի գլխավոր հերոսի՝ Գվիդո Անսելմիի հետ Ալենի կերպարին միավորում է ընդհանուր իրավիճակը՝ ստեղծագործական անպտղությունը և կործանարար ճգնաժամը, ինչը կարող էր վերածվել երկարատև նևրոզի։ Հասկանալի է, որ նման սիմբիոզը շատ բան էր պարտավորեցնում Ալենին՝ որպես ռեժիսոր, բայց այս դեպքում դա նաև օգնեց նրան դուրս գալ իր սեփական փակուղուց։ Ալենը չէր կարող հրաժարվել բերգմանյան կինոյի սյուժեները պոստմոդեռնորիստորեն վերաիմաստավորելու հաճույքից։
Ըստ ձևի և բովանդակության՝ «Վերլուծելով Հարիին» ֆիլմը փոխառություն է Բերգմանի «Մորու բացատից», որտեղ գլխավոր հերոսը՝ տարեց վաստակավոր պրոֆեսոր Իսահակ Բորգը, հանկարծ իմանում է իր հանդեպ ամենամոտ և հարազատ մարդկանց իրական վերաբերմունքի մասին: Վուդի Ալենի ստեղծած էկրանային ֆանտազիաները, երազանքներն ու տեսիլքները, որոնք արտացոլում են ֆիլմի հերոսի ներաշխարհը, և նրա կատարած կարևոր, հաճախ փոխզիջումային և եսասիրական կյանքի ընտրությունները, նրան դնում են այնպիսի իրավիճակում, ինչպիսին Բերգմանի ֆիլմի պրոֆեսորն էր: Երկու մտավորականներն էլ, ամփոփելով իրենց կյանքի արդյունքները, ընկղմվելով հիշողությունների մեջ և բացահայտելով իրենց բնավորության և ապրած կյանքի անհրապույր կողմերը, գիտակցում են, որ սիրելիների կողմից արտահայտված անտարբերության և սառնության անսպասելի մեղադրանքները լուրջ հիմքեր ունեն: Բայց, չնայած Բերգմանի կինոնկարի այն հստակ ազդեցությանը, որն ունեցել է «Վերլուծելով Հարիին» ֆիլմը, և երկու կինոնկարներում թեմաների և իրավիճակների նմանությանը, Ալենի ֆիլմը, ոչ մի կերպ, ռիմեյք չէ:
Ընդհանրապես, «Վերլուծելով Հարիին» ֆիլմը Բերգմանի «Մորու բացատի», կարելի է ասել, մի տեսակ տեղափոխումն է, բայց, իհարկե, ալենյան յուրօրինակ ինտերպրետացիայով։ Բերգմանի աշխատանքում ծեր պրոֆեսորը ճանապարհորդում է պատվավոր մրցանակ ստանալու համար մեկ այլ քաղաք՝ ճանապարհին հայտնվելով այն վայրերում, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդությունը և խորասուզվում անցյալի մասին հոգին ջախջախող ափսոսանքների մեջ: Ալենի և Բերգմանի հերոսները հետադարձ հայացք են գցում իրենց կյանքին և վերջապես տեսնում իրենց եսասիրության կործանարար հետևանքները իրենց և իրենց մտերիմ մարդկանց կյանքի վրա:
Ֆիլմը հավաքված է կոնստրուկտորի սկզբունքով, որում Հարի Բլոկը պարբերաբար տեղափոխվում է ներկայից անցյալ, իրականությունից դեպի մտացածին աշխարհ՝ հորինված հերոսներով, որոնք, իր հերթին, կարող են հեշտությամբ մտնել ստեղծողի կյանք ու նրա հետ սրտանց փրկող զրույցներ վարել: Բայց մեր կենսուրախ ինտելեկտուալ կատակերգուն իր կինոնկարը բոլորովին այլ ոճով է նկարահանել։ Ֆիլմի հերոսին տալով «Բլոկ» ազգանունը՝ Ալենը հեգնանքով մեզ հղում է անում նաև «Յոթերորդ կնիքի» ասպետին, որը հումորով նվազեցնում է Բերգմանի սյուժեների հոյակապ և վսեմ ողբերգությունը: Այստեղ առկա են շեղումներ հիմնական գործողություններից նրա գրքերի սյուժեների, ամուսնության մեջ նրա կյանքի պատմության և այլնի վերաբերյալ: Ի տարբերություն Բերգմանի կինոնկարների, դրանք շատ զվարճալի են, բայց աներևակայելի ճշմարիտ, թեև նա որոշ բաներ հասցնում է բացարձակ աբսուրդի, որը չնայած այն հանգամանքին, որ կատարյալ անհեթեթություն է, միևնույն ժամանակ, միտք է կրում, անիմաստ չէ։
Իսկ ամբողջ ֆիլմի գաղափար այն է, որ Հարիի բոլոր խնդիրները կապված են նրա եսասիրության հետ, որը ոչնչացնում է ոչ միայն այլ մարդկանց կյանքը, այլև` նրա սեփականը: Եվ դա հասկանալով՝ Հարին գաղափար է գտնում իր գրքի համար, նրա կյանքը դառնում է ոգեշնչման աղբյուր, և Հարին սկսում է գրել իր մասին՝ մի մարդու, որը չի կարող ապրել իրականությունում, բայց կարող է գոյատևել երևակայական աշխարհում։ Եվ միայն այս ըմբռնումով է նա վերջապես մեծարվում, բայց ո՛չ համալսարանում և ո՛չ իրական մարդկանց կողմից, այլ` իրեն շատ ավելի հարազատ ու մտերիմ, հորինված աշխարհի իր հերոսների կողմից։
Ֆիլմի հիմնական արժանիքներից մեկն այն է, թե ինչպես է ռեժիսորին վարպետորեն հաջողվում ստեղծել իրականի և հորինվածքի միահյուսումը՝ գրող Հարի Բլոկի կյանքը և նրա կյանքից փոխառված կերպարները։ Իրականում, հերոսների կողմից նետված հիստերիաների և Բլոկի դեմ ուղղված մեղադրանքների մեծ մասը պայմանավորված է հենց նրանով, թե ինչպես են նրանց ծանոթ իրողությունները երգիծականորեն բեկվում նրա գրքերում: Կալեյդոսկոպիկ արագությամբ փոխվում են տեսարանները, իրավիճակները, դեկորացիաները։ Հարիի կյանքի իրական կերպարներն ու նրա գրքերի բազմաթիվ հերոսները, որոնք այստեղ մասնակցում են կենդանի մարդկանց հետ հավասար, միախառնվում և աշխույժ բանավիճում են։
Ֆիլմը կառուցված է գլխավոր հերոսի բազմաթիվ երկխոսությունների և մտքերի վրա։ Նրա հետ կատարվող բոլոր իրադարձությունները, նրա վեպերի հիշողություններն ու հերոսները Հարիին մաս առ մաս վերլուծում են, և նրա գլուխը արդեն չի կարողանում հասկանալ, թե որտեղ է պատրանքը, և որտեղ է իրականությունը։ Ալենին մտահոգում է սոցիալական հարցը… և՛ երազներում, և՛ իրականում։
Հարկ է նշել, որ բնօրինակում ֆիլմի վերնագիրը հնչում է այսպես. «Deconstructing Harry», բառացի` «Քանդելով Հարիին», այսինքն` ներսից դեպի դուրս շրջելով: Այսպիսով, «Վերլուծելով Հարիին» կինոժապավենը ոչ թե ինքնաքննություն է, այլ ամերիկացի մտավորականի կերպարի դեկոնստրուկցիա՝ իր ստեղծած գեղարվեստական աշխարհների հետ բախման միջոցով: Սա ինչ-որ իմաստով Ալենի փորձն է՝ ազատվելու Բերգմանի էքզիստենցիալիստական ֆոբիաներից, որոնք կախված են ռեժիսորի գլխավերևում ամբողջ կյանքում և որի հետ նա անընդհատ երկխոսության մեջ է մտնում՝ դեռևս սկսած ռուս գրականության հերոսների կյանքից ներշնչված «Սեր և մահ» կատակերգական ֆիլմ ծաղրանմանակումից։
Ապագայում ապակողմնորոշված գրողի երևակայության այս հիմնական արգասիքը փրկում է նրան իրական պայմաններում։ Այդ ծայրահեղ հազվադեպ հեքիաթային կերպարները հասկանում են Բլոկին այնպես, ինչպես ինքն է ուզում՝ իր իսկ խոսքերով և իր բնավորության մասնիկներով։ Այսպիսով, մեր հերոսն ապրում է հիշողություններով, որոնք անընդհատ հայտնվում են նրա պատմություններում, նրա կյանքում: Այս պատմությունները մերկացնում են հերոսին և ցույց տալիս նրան տարբեր տեսանկյուններից։ Դրանցում նա քննադատում է իրեն, ինքն իրեն մեծարում, նրա մտքերը դատապարտում են մեկը մյուսին։ Հերոսը, կարծես, պայքարում է իր արատների դեմ, բայց և թվում է, թե հաճույք է ստանում դրանցից: Նա ինքն էլ դեռ կողմնորոշված չէ։ Սա պատմություն է ոչ միայն Ալենի, այլ գրեթե յուրաքանչյուր մարդու մասին։ Գերազանց թերապիա եսասիրության և դրանից բխող հետևանքների դեմ:
Արման Գրիգորյան




