Երևանյան «Ոսկե ծիրանը» հուլիսի 13-20-ը կհյուրընկալի հայտնի կինոգործիչների և հեղինակավոր միջազգային փառատոներում արդեն ցուցադրված ֆիլմեր: Այս տարվա հատուկ հյուրերի շարքում կլինեն Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը։ Շոն Բեյքերի օսկարակիր «Անորա» ֆիլմը ևս կցուցադրվի Երևանում: Այս մասին «Կինոաշխարհ»-ին է ներկայացրել «Ոսկե ծիրանի» տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: Փառատոնի տնօրենը պատմել է  թե ինչ  ցուցադրություններ և մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ ու քննարկումներ են նախատեսված այդ օրերի համար :

Նրա խոսքով, այս տարի երևանյան կինոստուգատեսին հրավիրված է իրանցի ռեժիսոր Ամիր Նադերինը, իսկ փառատոնը մեկնարկելու է Ջաֆար Փանահիի՝ «Պարզ զուգադիպությունը»  ֆիլմով: Փանահիի ֆիլմը խոսում է անհատի և համակարգի, զոհի և դահճի, ժաղովրդավարական և տոտալիտար մոդելների բախման մասին: Մայիսին՝ Կաննում արժանացել է  «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Ամիր Նադերին նույնպես հետհեղափոխական Իրանի ամենաշրջադարձային ռեժիսորներից և իրանական կինոյի երկրորդ ալիքի առաջատարներից մեկն է:

Ոսկե ծիրան-22, Կարեն Ավետիսյան

Ինչպես  նշեց Կ.Ավետիսյանը, փառատոնը սկսել է նոր կապեր հաստատել աֆրիկյան կինոյի հետ. առաջին անգամ Աֆրիկա մայրցամաքից ունենալու են պատվավոր հյուր:Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի Աբդերահման Սիսակոն, որն աշխարհում ամենահայտնի 2-3 աֆրիկացի արվեստագետներից մեկն է,որը նաև միջազգային ժյուրիի նախագահն է:

Երեք օպերատորների մասնակցությամբ իրականացվելու է մասնագիտական աննախադեպ մեծ աշխատարան: Այս տարի հնարավորություն կա աշխատարան ունենալ նաև իտալացի անվանի քասթինգ-տնօրենի հետ, որն աշխատել է Մարկո Բելոկիոյի, Ջո Ռայթի, Լուկա Գուադանյինոյի հետ և այլ ֆիլմերում: Արդեն ընտրվել են սահմանափակ քանակով հայ դերասաններ, որոնք մասնակցելու են այդ աշխատարանին:

Ադիլխան Երժանովը հետսովետական տարածաշրջանի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկը՝ղազախական արտկինոյի աստղերից, ևս ժյուրիում է լինելու, հունական նոր ալիքի ակունքներում գտնվող Աֆինա Ցանգարին, որը Յորգոս Լանտիմոսի հետ հիմնել է հունական աբսուրդիստական նոր ալիքը: Ռումինական նոր ալիքն է ներկայացված: «Ցանկանում ենք տեսնել 21-րդ դարի այս կարևոր նոր ալիքների երկխոսությունը, քանի որ մենք էլ երազանք ունենք հայկական նոր ալիք ունենալ: Եվ փոքր-փոքր, իսկ որոշ դեպքերում մեծ քայլեր ենք տեսնում այդ ուղղությամբ: Օրինակ՝ օրերս հայտարարվեց, որ Թամարա Ստեփանյանի նոր խաղարկային ֆիլմը լինելու է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնի բացման ֆիլմը: Դա շատ լուրջ հաջողություն է հայկական կինոյի համար:Թամարայի մյուս «Իմ հայկական ուրվականները« ֆրանս-հայկական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան էլ Բեռլինի կինոփառատոնում էր, այս տարի Երևանում կցուցադրվի:Այն ամփոփում է հայ կինոյի հարյուրամյակը և յուրօրինակ  ձոն է հայ կինոյին», -ասել է Կ.Ավետիսյանը:

Երևանյան պրեմիերաներից է  Նադավ Լապիդի ֆիլմը՝ իսրայելա-պաղեստինյան թեմատիկայով, որը չափազանց համարձակ է ու դեմ է իսրայելական տեսակետին, բայց այն աստիճան զգայուն ու աղմկահարույց է, որ անգամ Կաննի կինոփառատոնում մեծ վեճեր կային, որ քաղաքական պատճառներով գլխավոր մրցույթում այդ ֆիլմը չի եղել: Իսկ Օլիվեր Լաշեի“Sirât”-ը՝ Կաննի ամենասենսացիոն ֆիլմերից մեկը, որը խոսում է Երրորդ համաշխարհային պատերազմի վախի մասին:

Կայանալու է նաև մեկ այլ իրանական անդրադարձ. Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունենալու Աբաս Քիառոստամիի լուսանկարների ցուցահանդեսը, որ ռեժիսորը  կենդանության օրոք արդեն նվիրել էր «Ոսկե ծիրանին»: Շարունակելով հարգանքի տուրք նշանային գիծը՝ 4K համակարգով  վերականգնված ֆիլմերի ցուցադրություններ են  լինելու, մի մասը կամբողջացնի ԱմիրՆադերիի ռետրոսպեկտիվը. նաև վերականգնված “Mulholland Drive”-ը՝  որպես հարգանքի տուրք  Դևիդ Լինչին։

Նշվելու են նաև Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի հարյուրամյակները: «Նախատեսում ենք բացօթյա պերֆորմանս՝ նվիրված «Եռանկյունի» ֆիլմին: Եզակի լոկացիա ենք ընտրել Երևանում՝ Կարմիր կամուրջը, որը նոր է վերակառուցվել: Այն կուղեկցվի էլենտրոնային կենդանի երաժշտությամբ՝ «Եռանկյունու» մոտիվներով՞-նշեց Կարեն Ավետիսյանը:

Նշվելու են նաև երկու տաղանդավոր ռեժիսորների Հարություն Խաչատրյանի ու Վիգեն Չալդրանյանի 70-ամյակները: