Կինոսերները հուլիսի 13-ից կրկին «Ոսկե ծիրան»-ին բնորոշ անցուդարձի մեջ են․ մեկնարկել է 22-րդ  միջազգային կինոփառատոնը։ Երկար տարիների դադարից հետո փառատոնն այս անգամ «վերադարձավ» Կինոյի տուն, որտեղ հատուկ հյուրերով եւ ոչ ավանդական կարմիր գորգով տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը։  Ավանդույթի համաձայն՝  փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը միասին ազդարարեցին բացումը։

Տուն վերադառնալու թեման մասնակի վերաբերվեց նաև փառատոնի հյուրեր, Շոն Բեյքերի՝ «Օսկար»-ի, «Ոսկե արմավենու ճյուղ»-ի արժանացած «Անորա» ֆիլմի աստղեր Վաչե Թովմասյանին եւ Կարեն Կարագուլյանին։ Վաչե Թովմասյանի խոսքով՝  հիանալի է, որ  Հայաստանում նման բարձր մակարդակի փառատոն գոյություն ունի։ «Վերջին շրջանում տարբեր փառատոններին մեր ներկայությունից հետո այստեղ գտնվելը մեկ այլ հաճույք է։ Ես չորս տարի է, ինչ դրսում եմ ապրում, բայց հաճախ եմ գալիս Հայաստան», – հավելեց նա։Կարեն Կարագուլյանը պատմեց, որ դեռևս «Անորա» ֆիլմի նկարահանումների ժամանակ  են մտածել  Հայաստան գալու և ֆիլմը փառատոնին ներկայացնելու  մասին։ «Եկավ այդ օրը, ինչի համար ուրախ և ոգևորված ենք»,- ասաց Կարագուլյանն, ով վերջին անգամ Հայաստան եկել էր 7 տարի առաջ։

Կինոփառատոնի շրջանակում` հուլիսի 18-ին,  կկայանա այս  դուետի առաջին և սպասված հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ: Խոսելով մրցանակներից՝  Վաչեն ու Կարենը շեշտեցին․ «Ֆիլմն է ստացել, ոչ թե անձամբ մենք»։

Կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմն էր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Պալմ դե Օրի։ Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, բոլորի համար անակնկալ կերպով,  բեմ հրավիրեց Ջաֆար Փանահիին, որի  Հայաստան գալու մասին տեղյակ էին շատ քչերը։ Նա Ամիր Նադերիին հանձնեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

«Բարդ տարի էր։ Որքան փառատոնի օրերը մոտենում էին, այնքան ահագնանում էր աշխարհաքաղաքական վիճակը, որը հենց մեր տարածաշրջանի հետ էր կապված։ Այս իրավիճակում կարող ենք ասել, որ մեծ հաջողություն ենք գրանցել ամբողջական կազմով  և հյուրերով փառատոնն իրականացնելու առումով»,- ասաց Կարեն Ավետիսյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության  ամենազգայուն ձայներից մեկն է։

Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն, և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը:

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա հուլիսի 20-ին Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

Արմինե Բրսոյան


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05