Անիմացիայի աշխարհ մանկուց եմ ցանկացել մտնել,- ժպիտով պատմեց Լիլիթ Ալթունյանը «Երբ ես տխուր եմ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունից հետո։ Մանկության երազանքներից մեկի մասին խոսելիս նա հիշեց, որ փոքր տարիքում նույնիսկ փորձել է նկարները պտտեցնող անիմացիոն անիվ պատրաստել: Չնայած այդ փորձը հաջողություն չի ունեցել, բայց Լիլիթը դեռ այն ժամանակ որոշել էր՝ մեծանալուն պես անիմատոր է դառնալու։

Ֆիլմի դիտումն ու հեղինակային հանդիպումը կազմակերպել էր «Էպիգրաֆը»։ «Կարճ միացում» խորագրի ներքո այստեղ հաճախ անցկացվում են հեղինակային ֆիլմերի ցուցադրություններ ու հանդիպումներ։ Նրա խոսքով, արդեն 4-5 տարի է անցել «Երբ ես տխուր եմ» անիմացիայի նկարահանումներից, սակայն ֆիլմի պատմությունը մինչ օրս նրա հիշողության մեջ է։

7 րոպե տևողությամբ այս աշխատանքը լի է հույզերով, մտահղացումներով, ստեղծագործական որոնումներով, երբեմն նաև անհամաձայնություններով։ Իսկ ֆիլմի հետագա կյանքը լի է եղել պրեմիերաներով, փառատոնային ցուցադրություններով և կարևոր փորձառությամբ։ Այսօր Լիլիթն արդեն ժպիտով ու անգամ ծիծաղով է հիշում իր դեբյուտային ֆիլմի մտահղացման բարդ ու զգացմունքային ժամանակները, երբ անչափ,անասելի  տխուր էր։ Եվ այդ անձնական տխրությունը անիմացիոն ֆիլմի համար թեմա ու առիթ դարձավ։

Մանկուց երազելով անիմացիա նկարել՝ Լիլիթը պատմեց, որ այն, ինչ պատկերացնում էր կարճամետրաժ անիմացիայում, բացահայտեց Ֆրանսիայում՝ ներկա լինելով փառատոներին, բազմաթիվ ֆիլմեր դիտելով։ Բացի այդ, Ֆրանսիայում սովորել է այնպիսի արվեստի դպրոցում, որտեղ հենց անիմացիա էր դասավանդվում։

Էպիգրաֆ, Լիլիթ Ալթունյան, ցուցադրություն, անիմացիոն ֆիլմ

Լիլիթ Ալթունյանը նաև երեք մանկական պատկերագրքի հեղինակ է՝ «Կապույտ աղվեսը», «Երաժիշտ հրեշը» և «Խավարի թագավորը»։ Նա նաև  գրքերի իլյուստրացիա, պատկերազարդումներ է անում, վերոնշյալ երեքն արել է իր իսկ գրվածքների հիման վրա։ Գրել սկսել է շատ ավելի վաղ, քան ֆիլմ է նկարել։ Ըստ նրա, իրականում գրքերի իլյուստրացիան ու անիմացիան շատ մոտ են իրար, որովհետև երկուսն էլ պատմություն ներկայացնելու արվեստ են, մեկը՝ շարժման միջոցով, մյուսը՝ թղթի վրա։

Kinoashkharh.am-ը նախկինում անդրադարձել է «Երբ ես տխուր եմ» ֆիլմին, իսկ այս անգամ հետաքրքրվեց, թե ինչպես է ռեժիսորը հետադարձ հայացքով գնահատում իր դեբյուտային աշխատանքի ստեղծման պատմությունը և անցած ճանապարհը։ Ի՞նչ փորձ և գիտակցումներ է այդ աշխատանքը բերել հեղինակի կյանք ու ստեղծագործություն։

 Եթե ֆիլմը ապրված չլինի, իմ միջով անցած չլինի, չեմ նկարի

-Ֆիլմի գաղափարը ծնվեց քովիդից առաջ՝ 2019-ին։ Իմ կյանքում մի փուլ կար, երբ ես շատ տխուր էի։ Այդ տխրությունը չէի կարողանում հաղթահարել։ Միաժամանակ հոգեբանություն էի ուսումնասիրում՝ էմոցիաներ։ Երբ էմոցիան արդեն կա, չպետք է փորձես այն թաքցնել կամ ինչ-որ բանով  սքողել, փախչել դրանից։ Էմոցիան ինֆորմացիա է, որը պետք է ընկալես, փորձես հասկանալ՝ ինչ է այն ուզում քեզ հաղորդել։ Ու ամբողջովին վերապրես այդ էմոցիան։ Երբեմն մեզ թվում է՝ էմոցիան մեզ կսպանի, որովհետև այն շատ զորեղ է, բայց դա հենց վախն է՝ էմոցիայից փախչելու վախը, մենք ուզում ենք խուսափել էմոցիայից՝ այն թաքցնելով։

Ու մի երեկո որոշեցի տխրությունս նկարել, այն կերպավորել, հերոսներ ստանալ։ Դրանք լացող կերպարներ էին։ Անկեղծ ասած՝ իմ նկարածն ինձ դուր եկավ։ Այդ նույն ժամանակահատվածում բանաստեղծություն էի գրել՝ «Երբ ես տխուր եմ»։

Հանդիպեցի «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունուն։ Ասաց, որ փառատոնի ժամանակ աշխատարան է լինելու, եթե նախագիծ ունեմ, կարող եմ դիմել։ Ու այդպես անիմացիայի իմ նախագիծն ինձ համար ճանապարհ բացեց։ Ի մի բերեցի նկարներս, բանաստեղծությունս ու դիմեցի «Ռեանիմանիայի» աշխատարանին, որը կազմակերպել էր Ֆրանսիայի «Անսի» միջազգային անիմացիոն փառատոնը։ Հրաշալի հնարավորություն էր. Ֆարնսիայից Հայաստան էին եկել երեք փորձառու մասնագետներ՝ օգնելու սկսնակներին,սովորեցնելու անիմացիոն ֆիլմ ստեղծելու նրբությունները, գաղտնիքները, նաև ինչպես ներկայացնել սեփական նախագծերը միջազգային հարթակներում, ինչպես փիչինգ անել։ Աշխատարանի փիչին իմ նախագիծը առաջին տեղ շահեց։ Դա առաջին հաջողությունն էր, որն  ինձ հնարավորություն տվեց «Անսի» միջազգային անիմացիոն փառատոնում նույնպես փիչինգ անել։ Մի տարի հետո գնացի Ֆրանսիա՝ «Անսի» փառատոն,որտեղ մեզ սովորեցնում էին ինչպես ներկայացնել սեփական նախագծերը։ «Ֆոլիմաժ» ստուդիան հետաքրքվեց իմ նախագծով, «Անսիում» ստացա   համատեղ արտադրության մրցանակ։

Լիլիթ Ալթունյան, Էպիգրաֆ, Անիմացիոն ֆիլմ

Հայաստանում էլ գտա պրոդյուսեր. համարտադրությունն արդեն ուրվագծվում էր։

Պատերազմի ու ֆիլմս նկարելու ամիսը

Սկզբում ուզում էի, որ ֆիլմս լինի-սև-սպիտակ անիմացիա։ Բայց ֆրանսիացի պրոդյուսերն ասաց՝ ուզում է, որ ֆիլմը տարբեր տարիքի հանդիսատեսի համար լինի, ու դրա համար առաջարկեց ընտրել մեկ այլ գույն։

Մեկ ամիս աշխատեցի Ֆրանսիայում, ֆրանսիական թիմի հետ։ Դա այն սոսկալի ամիսն էր, երբ Արցախում պատերազմ էր, Ֆրանսիայում ու ամբողջ աշխարհում՝ քովիդի կարանտին։ Առավոտից երեկո ստուդիայում  աշխատում էինք դիմակներով, ինչը ինձ հնարավորություն էր տալիս մի կուշտ լաց լինել ու արցուքններս դիմակի տակ թաքցնել, Կարդում էի Հայաստանից եկող պատերազմական լուրերն ու անվերջ արտասվում։ Տխրության մասին անիմացիան ու իմ անձնական տխրությունը, հոգեվիճակն  այնքան համահունչ էին։ Դաժան ամիս էր…Այս ֆիլմն ինձ օգնեց դուրս գալ պատերազմի պատճառած տխրությունից, հաղթահարել այն։ Ֆիլմիս մեջ մի բան ավելացրեցի, , որը նվիրել եմ Հայաստանին. հետաքրքրիր է՝ դիտողը կգուշակի՞ ասելիքս…

Հանդիսատեսը կռահեց ու տեսավ Հայաստանի դրոշի գույները ֆիլմի մեջ:

Տխրությանս լեզուն ֆրանսերենն է

Ֆիլմի ֆրանսերեն հնչյունավորումն արել է Նաիրի Խաչատուրյանը, որը հրաշալի է կարդացել ու ներկայացրել «Երբ ես տխուր եմ» բանաստաղծությունս։ Հետարտադրությունն ամբողջությամբ Հայաստանում եմ արել, իսկ Ֆրանսիայում՝ անիմացիոն մասը։

Լիլիթ Ալթունյան, ռեժիսոր, անիմացիա

Երբ Ֆրանսիայում անիմացիան այդ մեկ ամսում արեցինք-ավարտեցինք, արդյունքն էկրանին այդպես անձայն նայեցինք։ Բոլորը շատ հուզվեցին ու հավանեցին։ Դա ինձ համար ցուցիչ ու երաշխիք էր, որ «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիաս ստացվել է։ Շատ ուրախացա, երբ ֆրանսիացի պրոդյուսերն ասաց՝ դու նուրբ ու խորը ֆիլմ ես ստացել։ Իսկ մինչ այդ, ինձ համար դժվար էր կողքի աչքով նայել արածիս ու գնահատել։ Իսկ երբ Նայիրի Խաչատուրյանը կարդաց ֆրանսերեն տեքստը, Միքայել Ոսկանյանն էլ գրեց երաժշտությունը, այն դարձավ ներդաշնակ ամբողջություն։

Երկու տարի միասին անցանք՝ ես ու ֆիլմս։ Այն տխրության մասին է, նաև՝  իմ տխրության, բայց երբ այն ավարտեցի, դարձավ  ուրախության ֆիլմ, որովհետև գոհ էի արդյունքից, ու այդ արդյունքն ինձ ուրախություն բերեց։

«Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիմս Հայաստանում առաջին անգամ «Էպիգրաֆում» է  ներկայացվում ֆրանսերենով։ Այն իմ ամենասիրած տարբերակն է, որովհետև տեքստը ներկայացնողի ձայնի տեմբրն ամբողջովին արտահայտում է  այն  զգացողությություններն ու տրամադրությունը, որ ես ունեցել եմ։

«Երբ ես տխուր եմ» անիմացիան ֆրանսերենով ցուցադրվել է Ֆրանսիայի կինոթատրոններում, իսկ Հայաստանում՝ «ՌեԱնիմանիա», «Ոսկե ծիրան». «Կին»  փառատոներին ցուցադրվել է հայերենով։

Ընդհանրապես ֆիլմը մասնակցել է 57 փառատոնի։

Խոսք, գնահատական, էմոցիա, որ տեսա միայն  դրսում

Փառատոնային կյանքը ֆիլմի հետ իսկապես վայելք էր։ Առաջին ցուցադրությունը եղավ Բուխարեստում՝ «Անիմեսթում» Animest International Animation Festival (Ռումինիա):  Հաճելի զգացղություն է, երբ դու ոչ միայն փառատոն ես գնացել՝ ֆիլմեր դիտելու, այլ նաև քո ֆիլմը ներկայացնելու՝ որպես հեղինակ։ Հայաստանում ինչ էլ անես, չես կարող մեծաթիվ հանդիսատես հավաքել, իսկ միջազգային փառատոներին հսկայական դահլիճներ էին լցվում։ Նրանք նայում են քո ֆիլմը, իսկ դու հետևում ես այդ ընթացքին, հանդիսատեսի էմոցիաներին։ Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնին իմ ֆիլմը ցուցադրում  էին 4+ տարեկանների համար։ Սկզբում զարմացա՝ ինչո՞ւ երեխաների համար։ Դահլիճը լցվեց մանուկներով, նրանք նայում էին ֆիլմն ու իրենց մանկական թոթովանքով մեկնաբանություններ անում, իսկ ես հաճույքով լսում էի նրանց արձագանքը։

Զագրեբում հետարքրիր մոտեցում կար՝ ֆիլմի ցուցադրությունից հետո հեղինակների հետ զրույց է կազմակերպվում. հանդիսատեսը հարցեր է տալիս,իսկ դու քո ֆիլմի մասին ես խոսում, պատմում, ստեղծվում է անմիջական կոնտակտ։

Այստեղ՝ «Էպիգրաֆում» էլ այս ձևաչափը ինձ շատ դուր եկավ։ Դուք նայում եք ֆիլմը, արձագանքում, հարցեր տալիս։ Մենք զրուցում ենք, ու ահագին բան է  բացահայտվում։ Դուք ձեր էմոցիաներն եք արտահայտում զրույցի ընթացքում, ես՝ իմ։ Այ սա է Հայաստանում պակասում հաճախ՝ անմիջական կապը ռեժիսորի, ֆիլմի հեղինակի ու հանդիսատեսի միջև։

Լիլիթ Ալթունյան

Դրսում տխրության մասին խոսում են, Հայաստանում տխրության մասին լռում են

Դրսում շատ էին կարևորում իմ ֆիլմը, ֆիլմի թեման՝ տխրությունը, էմոցիան։ Երկար խոսում էին դրա մասին, որ պետք չէ  թաքցնել տխրությունը, թե ինչու էր այդպես: Ու հասկացել եմ, որ մեր երկրում այնքան շատ իրադարձություններ եղան՝ պատերազմ, կորուստներ, այնքա՜ն շատ տխրություն տեսանք ու ազգովի տխրեցինք, որ էմոցիայի, տխրության մասին խոսելու կարիք չկար։ Բոլորս համատարած այդ վիճակում էինք, էլ ի՞նչ խոսես ու քննարկես։ Իրավիճակը պարզ էր, տխրության պատճառները՝ նույնպես։

Մեր ներվն արդեն թուլացած է, ու անիմացիոն ֆիլմիս թեման,  կերպարներիս տխրությունը սուր չենք զգում։ Իսկ դրսում մարդիկ տարբեր կյանքով են ապրում, տարբեր հոգավիճակներ ունենում, դրա համար էլ թեմայի նկատմամբ ընկալունակ են ու արագ արձագանքող։ Արդեն ասացի, որ ինձ ապշեցրեց, երբ ֆիլմս երեխաներին ցույց տվեցին։ Մեզ մոտ ընդունված է,որ երեխաներին չի կարելի տխուր բաներ ցույց տալ, տխրությունից խոսել, իսկ դրսում՝ հակառակը։ 4 տարեկան երեխան նայում է տխրության մասին ֆիլմ, արձագանքում, մեծահասկներն էլ կարևորում են, որ երեխաները պետք է նաև տխրության մասին իմանան, տխրությունը ճանաչեն, այն զգան ու իրենց էմոցիաներն արտահայտեն։ Դրսում շատ բաց են, խոսում են ամեն ինչից, ոչինչ չեն թաքցնում, իսկ Հայաստանում այդ թեմաները փակում են ու չեն ուզում դրանց անդրադառնալ:

***

Լիլիթ Ալթունյանը պատրաստվում է երկրորդ ֆիլմը նկարել։ Եվրոպական ֆիլմերի փառատոնին փիչինգի արդյունքում նախագիծը հավանության է արժանացել։ Բայց այդ անիմացիան արդեն տխրության մասին չի լինելու։

«Եթե ֆիլմն թեման ապրված չի, անկեղծ չի, ես այն չեմ նկարի։ Նաև իմ պատկերագրքերը, իմ գրվածքները չեմ վերածի անիմացիայի, որովհետև չեմ ուզում որ դրանք  մուտֆիլմ լինեն։  Գրքերս թող մնան գրքեր՝ գրավոր, պատկերազարդ, իսկ մյուս մտքերս, որոնք շարժվող պատկերներ են ուզում դառնալ, անիմացիա կնկարեմ»,-հանդիսատեսի հետ զրույցն ավարտեց Լիլիթը։