«Լա Բոհեմ».Երևանի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Փարիզ քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի պատվիրակներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Ազնավուրի արվեստի երկրպագուներ, Երևան քաղաքի հյուրեր:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունելով ներկաներին՝ նշել է՝ սերը Ազնավուրի կյանքն ու արվեստը բնորոշող գլխավոր զգացմունքն է։
«Սիրով լցված է ցանկացած դրվագ, իրավիճակ, ստեղծագործություն, երաժշտություն և տող։ Մենք այդ սերը նյութականացնելու և մարմնավորելու ևս մի հնարավորություն ենք ստանում այստեղ՝ Ազնավուրի անունը կրող հրապարակում, որն առաջին հերթին մշակութային հրապարակ է՝ շրջապատված կինոթատրոնի, թատրոնի և Նկարիչների միության կառույցներով: Բնական է, որ այս հրապարակն Ազնավուրի անունով կոչելը և այստեղ Ազնավուրի արձանն ունենալը շատ ներդաշնակ են։ Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այդպես էլ Ազնավուրն իր գործունեությամբ շարունակում է միավորել մեզ, և սա թերևս ամենամեծ գնահատականն է։
Ազնավուրի հանդեպ մեր վերաբերմունքը շատ առանձնահատուկ է մի բանով․ նա յուրաքանչյուրիս հարազատ է յուրովի։ Հազվադեպ է պատահում, որ միլիոնավոր մարդիկ հարազատության զգացում ունենան մեկի հանդեպ, ում կյանքում գուցե երբեք չեն հանդիպել։ Հարազատության զգացումը ձևավորում է առանձնահատուկ վերաբերմունք, ինչպես Ազնավուրի, այնպես էլ նրա արձանի հանդեպ։ Մեզնից յուրաքանչյուրն ունի Ազնավուրի իր պատկերն ու ընկալումը, որովհետև մենք նրա երգերի ներքո սիրահարվել, ուրախացել և տխրել ենք՝ ապրելով մեր կյանքի տարբեր իրավիճակները: Վստահ եմ, որ արձանը նաև այս տեսանկյունից հետաքրքիր քննարկում կբերի․ Ազնավուրին թերևս կարելի էր պատկերել տարբեր ձևերով, բայց պատկերվել է հենց այսպես։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի մշակութային դաշտում ծավալվի քննարկում, հնչեն մասնագիտական դիտարկումներ, և հնարավորություն ստեղծվի խոսելու արվեստի մասին»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հյուրանոցում: Նա սիրում էր պատշգամբից նայել այս հրապարակին, որը լեցուն է կյանքով և պատմությամբ։ Հիրավի շատ հուզիչ է, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում»,- ողջունելով ներկաներին ասել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Նրա խոսքով՝ Ազնավուրը սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով, և դա արտահայտվում էր ոչ միայն բառերով, այլև գործունեությամբ:
«Նա կրել է Հայաստանն իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Հայրս հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, մշակույթին ու ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի իր ընտանիքը ժամանի և հաստատվի այստեղ՝ ապրեցնելով և իրականություն դարձնելով իր գաղափարները»,- նշել է Նիկոլա Ազնավուրը և հավելել, որ արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին և աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են Ազնավուրի արվեստը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունելով ներկաներին՝ նշել է՝ Երևանի սրտում տեղադրված Շառլ Ազնավուրի արձանը միաձուլում է մեծ արվեստագետի ինքնությունները՝ Ֆրանսիան և Հայաստանը:
«Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը պատմել է արձանի ստեղծման մեկ ու կես տարվա պատմությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են գործին: «Ես առանձնահատուկ շնորհակալ եմ Շառլ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ մեկ ու կես տարի ընկերություն անել»,- ասել է Դավիթ Մինասյանը՝ խոսելով ստեղծագործական մտահղացման մասին:
«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ: Չափսը՝ 3350x2500x1820 մմ, քաշը՝ 1850 կգ: Ստեղծվել է 2025 թվականին:


