Շատ տարիներ առաջ Կինոյի տանը տեղի ունեցավ ամերիկյան մի ֆիլմի պրեմիերա, որը մեծ հաջողությամբ շրջել էր աշխարհի գրեթե բոլոր էկրաններով։ Դա ահասարսուռ ֆիլմ էր միջուկային պատերազմի մասին։ Իրականում այն ահազանգ-նախազգուշացում էր՝ մարդկությանը: Ֆիլմում Երկիր մոլորակի վրա ոչնչանում է կյանքը, և հանդիսատեսի առջև հառնում է մեռած քաղաքի վերածված Սան Ֆրանցիսկոն։ Միայն մի սուզանավ է հրաշքով փրկվում և ուղևորվում դեպի վերջին նավահանգիստը։ Ֆիլմը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Վերջին հանգրվանին»։

Գլխավոր դերում հանդես էր գալիս ամերիկացի նշանավոր դերասան Գրեգորի Պեկը։ Պրեմիերայի առիթով նա ռեժիսորի հետ ժամանել էր Մոսկվա։ Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը դանդաղ հեռանում էր Կինոյի տանից, երբ ես ֆոյեում նկատեցի շփոթահար և միայնակ կանգնած Գրեգորի Պեկին։ Նրա կողքին երիտասարդ թարգմանիչն էր, որ նույնպես չգիտեր ինչպես զբաղեցնել հյուրին։ Ես մոտեցա ու առաջարկեցի շրջել ձմեռային Մոսկվայում։ Գրեգորի Պեկը հաճույքով համաձայնվեց։

Նա դեռ չէր հասցրել տեսնել Մոսկվան, իսկ առավոտյան պետք է մեկներ։ Մենք միանգամից մեքենա վերցրեցինք ու դուրս եկանք քաղաքում զբոսնելու։ Այդ տարի ձմեռը հատկապես ձյունառատ էր։ Մինչ մենք քայլում էինք քաղաքի փողոցներում, ձյունը շարունակում էր թափվել։ Սկզբում գնացինք Մանեժ, ապա դիտեցինք Կրեմլի լուսավորված աստղերը։ Հետո ուղևորվեցինք համալսարանի տարածք և բարձրացանք հրապարակ, որտեղից բացվում է Մոսկվայի համայնապատկերը։ Մեր առջև փռվեց մայրաքաղաքի լուսավոր տեսարանը՝ Լուժնիկի մարզադաշտը, Նովոդևիչի վանքի գմբեթները։

Երեկոյի լռությունը, փողոցների լույսերը, եկեղեցիների ոսկե գմբեթները, ձյան փաթիլները ստեղծում էին անսովոր, հեքիաթային մթնոլորտ։ Ես հիանում էի Մոսկվայով Գրեգորի Պեկի հետ, իսկ նա առաջին անգամ էր տեսնում այս քաղաքը։ Պարզվեց՝ Գրեգորի Պեկը շատ լավ զրուցակից է։ Պահում էր իրեն հասարակ, պատմում էր Հոլիվուդի մասին, իր կնոջ՝ նկարիչ-դիզայների մասին, որը, եթե հիշողությունս չի դավաճանում, լեհուհի էր։

Երբ զբոսանքը ավարտվեց, մենք հրավիրեցինք նրան «Նացիոնալ» ռեստորան և կազմակերպեցինք ավանդական ռուսական ընթրիք։ Երեկոյի ավարտին խնդրեցինք մատուցողին մեկ շիշ օղի փաթեթավորել։ Շշին կպցրեցինք գրառում՝ «Մինչ  նոր հանդիպում Հոլիվուդում»։

Կլարա Լուչկո ,Գրեգորի Պեկ, ՄոսկվաԱնցավ մի քանի ամիս։ Մի օր մեր ինձ հայտնի մարզիկներից մեկը զանգահարեց.

-Հոլիվուդում հանդիպել եմ Գրեգորի Պեկի հետ։ Նա ասաց, որ ծանոթ է Կլարա Լուչկոյի հետ և խնդրեց բարևներ փոխանցել նրան։ Նա նաև հիշեց, թե ինչ հաճույքով է մտաբերում այն ձյունառատ երեկոն Մոսկվայում։

Հետո էլի մերոնցից ինչ-որ մեկը եղել էր Ամերիկայում և ևս մեկ անգամ ինձ բարևներ էր փոխանցել։ Պարզվեց՝ Գրեգորի Պեկի ռանչոյում պատին կախված է կովբոյական գլխարկ, որի վրա գրված է՝ «Կլարա Լուչկոյի համար»։

Անցան տարիներ, և ես կինոգործիչների խմբի հետ այցելեցի Ամերիկա։ Այն տարիներին նման ուղևորությունները հազվադեպ էին։ «Ինտուրիստն» արդեն մշակել էր հատուկ երթուղի․ Ամերիկայից պետք է մեկնեինք Մեքսիկա։ Սակայն ինչ-ինչ պատճառներով մեքսիկական վիզան մեզ չէին տրամադրում։ Ինչու՞՝ մինչ օրս չեմ էլ պարզել։ Այցելեցինք Վաշինգտոն, Չիկագո, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, սակայն մեքսիկական վիզաներն այդպես էլ չտվեցին։ Ամերիկացիներն ընդունում էին մեզ ջերմորեն, մենք շատ բան տեսանք, բայց բոլորս անհամբեր սպասում էինք Հոլիվուդ այցելելուն։

Եվ ահա մենք գտնվում ենք «Երազների ֆաբրիկայի» նկարահանման հրապարակներից մեկում։ Նկարահանվում էրԿլարա Լուչկո, Գրեգորի Պեկ, Մոկվա, Ամերիկա ֆիլմ, որի գլխավոր դերակատարը Վանեսա Ռեդգրեյվն էր։ Տեսարանը սրճարանում էր։ Զարմացանք, որ ինչպես մեզ մոտ, այնտեղ ևս մի քանի դուբլ էին անում։ Մերթ մի բան այնպես չէր լինում, մերթ՝ մեկ այլ բան։ Մինչդեռ կարծում էինք, թե Հոլիվուդում ամեն ինչ կատարյալ է, սակայն պարզվեց՝ այնտեղ ևս նկարահանման ժամանակ ամեն ինչ չի ընթանում իդեալական։

Հիշեցի, թե ինչպես տարիներ առաջ նկարահանվում էի Ալեքսանդր Պետրովիչ Դովժենկոյի մոտ։ Նա պատմում էր, որ Հոլիվուդում նկարահանման հրապարակում հատուկ մարդ կա, ով զբաղվում է ցանկացած խնդրանքով, իսկ մեզ մոտ՝ ինչ էլ խնդրես, պատասխանը մեկն է՝ «չկա»։

Պարզվեց՝ Ամերիկայում ևս ոչ միշտ ամեն ինչ սահուն է ընթանում։ Սակայն մի բան մեզ շատ դուր եկավ՝ նկարահանման հրապարակում յուրաքանչյուր առաջատար դերասանուհի ունի իր վագոն-տնակը։ Այնտեղ կարելի է հանգստանալ, սուրճ խմել, լիցքաթափվել։ Ոչ ոք նրան չի խանգարում, կարող է կենտրոնանալ դերի վրա։

Մի անգամ դիտում էի Սոֆի Լորենի մասնակցությամբ ֆիլմ, որի գործողությունները զարգանում էին աֆրիկյան անապատում։ Մտածում էի՝ ինչ քաջ կին է, նկարահանվել է անապատում՝ ծանր պայմաններում։ Սակայն հետո պարզվեց՝ այնտեղ նույնպես նրա վագոն-տնակն էր, որում եղել է ամեն ինչ՝ օդորակիչ, ցնցուղ, հարմարավետություն։ Տեսարանի փորձերն արել է կրկնօրինակողը, իսկ Սոֆի Լորենը դիտել է պատուհանից և միայն նկարահանման պահին է դուրս եկել։ Իսկ անմիջապես հետո վերադարձել է իր վագոն-տնակը։

Այսպիսով, պարզվեց, որ նույնիսկ անապատում նկարահանվելիս բոլոր պայմաններն ապահովված են եղել, իսկ իմ երևակայության մեջ ամեն բան շատ ավելի ծանր էր թվում։

Մի անգամ ես էլ եմ նկարահանվել անապատում։ Կինոնկարը կոչվում էր «Տաք կածաններ»։ Ջերմաստիճանը ստվերում հասնում էր 40 աստիճանի։ Հանգստանալու, գոնե շունչ քաշելու տեղ չկար։ Մեզ համար ինչ-որ հին ախոռում մահճակալներ դրեցին, և մենք երջանիկ էինք, որ այրող քամին չի փչում մեր դեմքերին, ու ավազը չի լցվում բերաններիս։ Այդ պահին հիշեցի Հոլիվուդում տեսածս վագոն-տնակը և հարցրեցի տնօրենին, արդյոք նման բան չունեն ստուդիայում։ Տաշքենդ զանգահարեցին, այնտեղից պատասխանեցին, որ այո, նման մեկ հատ վագոն-տնակ կա, նոր է, դեռ ոչ ոք չի օգտվել դրանից։ Վագոն-տնակը բերեցին անապատ, բայց պարզվեց, որ մի շարք դետալներ պակասում են՝ լույս չի վառվում, ջուր չկա…

Հոլիվուդը մեզ վրա տարօրինակ տպավորություն գործեց։ Երբ ասում ենք «Հոլիվուդ», պատկերացնում ենք ահռելի ստուդիա՝ ընդարձակ նկարահանման հրապարակներով, անվերջ միջանցքներով։ Իրականում կինոստուդիայի շենքը բավական հին ու համեմատաբար փոքր էր։ Այնտեղ գտնվում էր կրկնօրինակման ֆաբրիկան՝ ժապավենների երեւակում, տպագրություն, մոնտաժ։ «Մոսֆիլմի» մեր հսկայական ստուդիայի համեմատ՝ այն փոքր էր թվում։ Իսկ ահա նորակառույց շենքերը իսկապես ֆաբրիկա էին՝ կինոարդյունաբերության իրական կենտրոններ։

Եղանք Բևերլի Հիլզում, աստղերի հրապարակում, թատրոնում, որտեղ անցկացվում են կինոնկարների պրեմիերաները։ Տանտերերը հոգ էին տարել, որ նաեւ կազմակերպվի ամերիկացի եւ սովետական կինոգործիչների հանդիպում։ Դա այն տարիներն էին, երբ երկու երկրների մշակութային փոխանակումները նվազագույնի էին հասել, իսկ նման հանդիպումները հազվադեպ էին։

Լրագրողները հարցնում էին մեզ, թե Ամերիկայում ինչ ենք հասցրել տեսնել, արդյոք մեզ դուր է եկել Հոլիվուդը։

-Ամերիկացի դերասաններից ում հետ եք անձամբ ծանոթ,- հարցեցին ինձ կինոակադեմիայում, որտեղ տեղի էր ունենում կինոգործիչների հանդիպումը։

-Ծանոթ եմ Գրեգորի Պեկի հետ։

Կողքիս մեր դերասաններից  կային կանգնած։ Ւնչ որ մեկը նույնիսկ քմծիծաղեց․ «Լավ դե հա, որտեղից ես դու նրա հետ անձամբ ծանոթ»։ Այդ պահին հայտնվեց Գրեգորի Պեկը, շրջապատված հայտնի դերասաններով ու ռեժիսորներով։ Սկսվեց հանդիպումը։ Նրան ասացին, որ ռուսների մեջ մի դերասանուհի կա, որն ասում է, թե անձամբ ծանոթ է իր հետ։ Արդյոք իրականում ծանոթներ են։

-Այո, այո, իհարկե, ես նրան գիտեմ։ Կլարա Լուչկոն է։

Նա մոտեցավ ինձ, մենք ջերմ ողջունեցինք իրար եւ այդ ժամանակ կողքիս եղած մեր դերասաններն սկսեցին հուշել․

-Դե ներկայացրու մեզ:

-Բայց չէ որ չէիք հավատում, որ նրան ճանաչում եմ։

Իսկ Գրեգորի Պեկն հիշում էր այն ձյունառատ երեկոն Մոսկվայում։ Նա այդ երեկոն հիշում էր բոլոր մանրամասներով, ու նույնիսկ կատակեց, որ երկար ժամանակ չէր բացում ռուսական օղու շիշը, բայց չդիմացավ ի վերջո։

Երբ ծանոթացանք, ես հարթ սանրվածք ունեի։ Թիկնոց էի հագել, ականջներիս՝ երկար ականջօղեր։ Իսկ Ամերիկա էի մեկնել արդեն շիկահեր, մազերս էլ երկարացրել էի՝ այսպես ասած՝ ստանդարտ սանրվածքով։

-Հաճախ եմ հիշել մեր հանդիպումը, -ասաց Պեկը։ – Նույնիսկ վերընթերցել եմ Դոստոևսկու գործերը։ Ինձ թվում է՝ դուք նման եք Դոստոևսկու հերոսուհիներին, իսկ հիմա բոլորովին այլ տեսք ունեք։ Այն ժամանակ դուք իսկապես նման էիք ռուս դասականների ստեղծագործությունների հերոսուհիներին։

Ավելի ուշ մտքով վերադարձա նրա խոսքերին և համաձայնեցի նրա հետ։ Ինչքա՜ն հաճախ ենք վազում նորաձեւության հետեւից։ Ցանկանում ենք հագնվել ժամանակի ոգուն համապատասխան, ունենալ նորաձև սանրվածք, բայց վերջում պարզապես կորցնում ենք մեր անհատականությունը։ Դերասանը դա պետք է զգա եւ հասկանա։

Լոս Անջելեսում մշտապես մեզ հարց էինք տալիս՝ արդյոք Մեքսիկա այցելելու համար մեզ վիզա կտան, թե ոչ։ Վիզաներ տվեցին անմիջապես այն բանից հետո, երբ հանդիպեցինք ամերիկացի կինոգործիչների հետ։

Առավոտյան ինձ զանգահարեց Գրեգորի Պեկը։ Ասացի, որ արդեն վիզա ստացել ենք եւ առավոտյան մեկնում ենք Մեքսիկա։ Նա ափսոսանքով ասաց, որ ցանկացել է ինձ իր տուն հրավիրել, ծանոթացնել իր ընտանիքի հետ։ Այդպես էլ չհասցրեցի լինել նրա ռանչոյում եւ չստացա Գրեգորի Պեկի ինձ համար պատրաստած կովբոյական գլխարկը՝ որպես նվեր։

Մենք հրաժեշտ տվեցինք Լոս Անջելեսին եւ մեկնեցինք Մեխիկո։ Երբ դուրս եկանք օդանավից, մեր առջեւ բացվեց կեղտոտ օդանավակայանը. ամենուր շշեր, թղթեր էին նետված։ Մտանք մաքսային անցակետ, լրացրինք դեկլարացիան։

-Մոսկվա՞,- հարցրեց մաքսային աշխատակիցը ու անմիջապես հետաքրքրվեց,- օղի ունե՞ք։

Ցավոք, մենք օղի չունեինք։ Այն խմել էինք Ամերիկայում։ Պաշտոնյան միանգամից կորցրեց մեր հանդեպ հետաքրքրությունը։ Ուղեկցողներն էլ հիասթափվեցին, որ մեզ հետ օղի չենք բերել։ Պարզվեց՝ բոլոր նրանք, ովքեր մեզանից առաջ այցելել էին եւ որոնց ուղեկցել էին, իրենց հետ պարտադիր օղի էին բերել։

Մեզ տեղավորեցին հյուրանոցում եւ հայտնեցին, որ ավտոբուսով կգնանք Ակապուլկո՝ Մեքսիկայի տեսարժան վայրերը դիտելու։

Մեխիկոն մեզ ապշեցրեց։ Լուսնի եւ Արևի բուրգերը, պատմական թանգարանը, հայտնի ացտեկների օրացույցը, Սիկեյրոսի ցուցասրահը, մարիաչի երաժիշտները՝ Գարիբալդիի հրապարակում իրենց արծաթափայլ զգեստներով, կորիդան իր անկրկնելի «օլե»-ով… այս ամենն անսովոր ու զարմանալի էր։

Մեքսիկան կուրացնող ճոխության եւ աղքատության երկիր է։ Կային երկու Մեքսիկա՝ մեկը՝ շատ հարուստ, հսկա քաղաքներով, շքեղ ճարտարապետությամբ, վիլլաներով։ Սկզբում թվում է, թե դա միայն դեկորացիա է, սակայն այդ ճոխության ետեւում թափառում են աղքատները՝ քաղցած երեխաները, վատ հագնված կանայք։ Իսկ հետո հանկարծ սկսվում է դիմակահանդեսը՝ շքեղ հագնված տիկնայք, բարետես, ճաշակով հագնված մարդիկ։

Մեքսիկան պահպանում է իր ազգային արժանապատվությունը, խնամքով հիշում ու փոխանցում իր պատմությունը։ Եվ դա նվիրական է։

Ի հիշատակ այդ հեռավոր ու անսովոր երկրի՝ տուն բերեցի վիթխարի սոմբրերո։ Ես չստացա Գրեգորի Պեկի կովբոյական գլխարկը, սակայն ունեմ սոմբրերո, որը մինչ այսօր կախված է իմ տանը՝ որպես հիշատակ մոլորակի մյուս երես կատարած իմ ճանապարհորդությունից։

Կլարա Լուչկո «Ես երջանիկ մարդ եմ» գրքից (2006 թ.):