22-րդ «Ոսկե ծիրանը» կինոսիրողներին հնարավորություն տվեց աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին մի շարք հուզող հարցեր ուղղելու և անկեղծ պատասխաններ ստանալու՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի՝ փոքրիկ, բայց ջերմ դահլիճում։ Սակայն մինչ այդ շատերը պայքար էին մղում Փահանիի «Մի պարզ պատահար» ֆիլմի երևանյան ցուցադրությանը հայտնվելու համար, նրանց չէր խանգարում անգամ «Մոսկվա» կինոթատրոնի տոմսերի՝ ոչ այնքան մատչելի արժեքը: Դիտումից ժամեր առաջ դրամարկղում հայտնեցին՝ «Տոմսերը սպառված են»։ Հսկիչների հետ պայքար մղելուց հետո շատերը նույնիսկ կանգնած վիճակում են ֆիլմը դիտել։ Քանի որ կինոնկարն արդեն ցուցադրվել էր փառատոնի հանդիսավոր բացմանը, հասցրել էր սիրվել, աղմուկ հանել, իսկ հաջորդ դիտմանը տեղ ու դադար չէր թողել։ Ասում են՝ բանակցություններ են ընթանում երրորդ դիտումը կազմակերպելու ուղղությամբ։

Ինչո՞ւ այս ֆիլմն այսքան սիրվեց հայ հանդիսատեսի կողմից․ այս հարցի պատասխանը շատ լավ գիտեն նրանք, ովքեր ֆիլմը դիտել են․․․ Քաղաքականությամբ չզբաղվող և «գլուխները կախ» իրենց գործն անող արվեստագետներին և արվեստասերներին Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահարը» հազիվ թե հետաքրքրի։

Ջաֆար Փանահի

«Ես իմ ֆիլմերի թեմաները հենց իմ կյանքից եմ վերցնում»,-նշում է ռեժիսորը՝ հրաժարվելով կտրվել իրականությունից և հնարովի սցենարներ գրել։ Նա նախընտրել է կիսվել իր և իր բանտակից ընկերների դառն ապրումներով, լսելի դարձնել նրա՛նց ձայնը, ում փորձում են լռեցնել։

Բարդ է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր իրանական խստագույն ռեժիմի կողմից շուրջ 15 տարի հետապնդվելուց, բանտարկվելուց, ստեղծագործական արգելք ստանալուց, 65 տարեկանում հացադուլ իրականացնելուց, ամեն տեսակի ճնշման ենթարկվելուց հետո հենց այդ ռեժիմին քննադատող ֆիլմ նկարահանել, հետո հաջողացնել այդ ֆիլմը միջազգային նավարկության ուղարկել, դեռ մի բան էլ «Ոսկե արմավենու ճյուղ» ստանալ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնում՝ օրինական կերպով ներկա գտնվելով մրցանակաբաշխության արարողությանը, անձամբ ստանալով արժանի կերպով վաստակած մրցանակը։ Կարելի է միայն ենթադրել, որ այդ ամենի համար գերմարդկային ուժեր են հարկավոր։

Արդարության վերականգնում․ահա ֆիլմի հերոսների միակ ցանկությունը։ Բայց արդյո՞ք 21-րդ դարի մարդը ընդունակ է վրեժի, եթե անգամ վայրի Արևելքի բնակիչ է։ Կարծես թե ընդունակ չէ։ Քանի որ «քաղաքակիրթ մարդկությունը» կասկածի թույն է հյուսել անգամ նրա՛ սրտում՝ դատապարտելով զոհ լինելու ճակատագրին։ «Կամ դո՛ւ ես սպանում, կամ քե՛զ են սպանում․այլ տարբերակ չկա»,- դաժան ճշմարտությունը հնչեցնում է «արդարության վերականգնման թիմի» ամենատաքարյունը՝ Համիդը։

Ջաֆար Փանահիի ֆիլմն ուժեղ մնալու կոչ է․թույլ մի՛ տուր, որ քեզ  հիմարեցնեն։

Չնայած որ երևանյան հանդիպմանը հեղինակն այլ մեկնաբանաբանություն էլ տվեց․«Ֆիլմն այն մասին է, թե ո՞րը կընտրես՝ դաժանությունը, վրեժխնդրությունը, թե՞ հանդուրժողականությունն ու խաղաղությունը»։ Միաժամանակ չբացառեց՝ կյանքում դեպքեր են լինում, երբ չի ստացվում  դաժանությանը դաժանությամբ չպատասխանել։

«Մի պարզ պատահար» ֆիլմում Ջաֆար Փանահիի սցենարադրամատուրգիական վարպետությունը կատարելության է հասել։ Անսպասելի շրջադարձերը չեն թողնում ձանձրանալ, վերջաբանը ցնցող է և թեժ քննարկումների հրահրող։ Գեղարվեստականի և վավերագրականի սահմանը համարյա անտեսանելի է։ Դե իսկ ողբերգականի և կատակերգականի համադրությունը կինոյի ամենամեծ դասականների լավագույն ավանդույթն է, որն իր փայլուն շարունակությունն է ունեցել նաև այստեղ։

Սակայն հաշվի առնենք, որ կյանքը նույնպես իր լուծումներն է «թելադրել»։ Փանահին (ինչպես իրանական այլընտրանքային կինոյի հեղինակների մեծ մասը) «road movie»-ների սիրահար է․ստեղծագործական արգելքի տակ ապրող քաղբանտարկյալը մեքենայի մեջ և ճանապարհներին իրեն ավելի անվտանգ է զգում։ Նույնը կարելի է ասել անապատային տարածքների մասին, որտեղ ոստիկանների, հավանաբար, չես հանդիպի։ Ստացվում է՝ որոշ դեպքերում պարզապես հարմար «location»-ներն են որոշել, թե սյուժեն ինչպես կզարգանա։ Բայց Փանահին Փանահի չէր լինի, եթե այդ «որոշված» սյուժեի թելերով մի մեծ ու բազմանաշխ «կինոգորգ» չգործեր։

Եվ այսպես, շատ սովորական մի ընտանիք ավտոմեքենայով ուշ երեկոյան ճանապարհ է գնում։ Հղի կին, ամուսին, փոքրիկ աղջնակ, որը հայրիկից պահանջում է երաժշտության ձայնը բարձրացնել։ Հենց այդ պահին ուժեղ դմփոց ենք լսում․ մեքենան հարվածում է թափառական շանը։ Ծնողները ճանապարհը շարունակում են՝ կարծես ոչինչ չի եղել, բայց երեխան չի հաշտվում՝ մատնանշելով, որ հայրը հանցանք գործեց։ Ֆիլմի այս նախաբանը նկարահանվել է բնական լույսի ներքո և առանց մոնտաժային ընդհատման։

Ճակատագրական հարվածից հետո մեքենան փչանում է՝ մնալով ճանապարհի մեջտեղում։ Տղամարդը մոտենում է մոտակա ավտոնորոգման կետին, որտեղ նրան նկատում է աշխատակիցներից մեկը՝ Վահիդը։ Տղամարդու ոտքի պրոթեզի ձայնն ավտոնորոգման աշխատակցի մտքում մութ հիշողություններ է արթնացնում, և ահա այստեղից էլ սկիզբ է առնում իրադարձությունների մի շղթա, որը լարվածության և կասկածների մեջ է պահելու հանդիսատեսին համարյա մինչև ֆիլմի ավարտը։ Վահիդը նախկին քաղբանտարկյալ է, որին անմարդկային տանջանքների ու բռնությունների են ենթարկել, իր հետ պատահածի պատճառով կինն ինքնասպան է եղել, ընտանիքը քանդվել։ Անծանոթ կաղ տղամարդուն (Էգխբալին) տեսնելով՝ մեջը կասկած է արթնանում, որ հենց սա է իրեն բռնության ենթարկողը։ Առանց ժամանակ կորցնելու առևանգում է նրան, շպրտում փոսը, ուզում ողջ-ողջ թաղել, բայց վերջինս աղերսում է խնայել իրեն՝ բացատրելով, որ ուրիշ մեկի հետ է իրեն շփոթել, իր պրոթեզի վերքը թարմ է, նոր են վիրահատել․․․Վահիդի սրտում կասկած է արթնանում, չէ՞ որ չարագործ գեներալի դեմքը նա երբեք չի տեսել․ բոլոր բանտարկյալների աչքերը բռնությունների ընթացքում փակ են եղել։ Լինելով փխրուն հոգու տեր՝ նա չի ուզում անմեղ մարդուց հաշվեհարդար տեսնել։ Ու ճանապարհ է ընկնում՝ հավաքելով նախկին քաղբանտարկյալների, որոնցից ոչ ոք, ցավոք, չի կարողանում պատանդին բռնարարի հետ նույնականացնել։ Սակայն նրանց բոլորի կյանքի բնականոն ուղիներն արդեն խաթարված են և բոլորն էլ նույնն են տենչում՝ վրեժ։

Թե ինչով է ավարտվում պատմությունը, կիմանաք ֆիլմը դիտելով։

Ջաֆար Փանահիի հայտնի ֆիլմերից են նաև՝ «Սպիտակ փուչիկ» (1995), «Հայելի» (1997),  «Շրջան» (2000), «Բոսոր Ոսկի» (2003), «Խաղից դուրս» (2006), «Սա ֆիլմ չէ» (2011), «Տաքսի» (2015)։

© 2025 Անի Հակոբյան, կինոգետ