Օտարազգի հանդիսատեսը տեսնում է ցանկացած երկրի կինոարտադրության միայն 5 տոկոսը, մնացած 95 տոկոսը չի տեսնում։ Իմ դեպքում իմ երկրում իմ ֆիլմերն ընդհանրապես չեն տեսնում։ Իրանի կինոդահլիճներում իմ ֆիլմերից միայն «Սպիտակ գունդն» է ցուցադրվել։ Դրա համար էլ չեմ կարող ասել՝ իրանցի հանրության վերաբերմունքն իմ ֆիլմերի նկատմամբ ինչպիսի՞ն է. ցավով նկատում է իրանցի կինոռեժիսոր, սցենարիստ, իրանական կինոյի «նոր ալիքի» ամենավառ ներկայացուցիչ Ջաֆար Փանահին։
Նրա «Մի պարզ պատահար» ֆիլմը Կաննի միջազգային պրեմիերայից ու «Ոսկե արմավենու ճյուղ» ստանալուց հետո երկու ցուցադրությունն ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում՝ որպես բացման ֆիլմ։ Ռեժիսորը փառք է տալիս Աստծուն, որ տեխնոլոգիաների շնորհիվ նաև իրանցիներն են կարողանում իր ֆիլմերը տեսնել, այլապես իր հայրենիքում ոչ ոք չէր իմանա, թե 65-ամյա ռեժիսորն ինչով է զբաղվում, ինչ կինո է նկարում։
14 տարի անազատության մեջ ապրած Փանահին իր ստացած յուրաքանչյուր մրցանակն արժևորում է նախ իր բախտակից իրանցի բանտարկյալների աչքերով։
Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը» բանտարկյալ ընկերներիս հաղթանակն է
Երբ Աբբաս Քիառոսթամին «Ոսկե արմավենու ճյուղ» ստացավ, Ասղար Ֆարհադին՝ «Օսկար», միայն պետք է տեսնեիք, թե իրանցի ժողովուրդն ինչ ցնծության մեջ էր։ Իրանում իսկական տոն էր։ Այնպես որ, իրանցի ռեժիսորների մրցանակները միայն իրենց համար չեն, այլև ամբողջ երկրի ու ժողովրդի, այդ մրցանակները շատ են ոգևորում հատկապես այն երիտասարդներին, ովքեր ուզում են ֆիլմ նկարել, բայց տարակուսում են՝ ո՞ւմ համար, որտե՞ղ է ցուցադրվելու իմ կինոն։ Ցանկացած կինոռեժիսորի մրցանակ մյուսներին հանում է հուսալքությունից, աշխատելու ուժ տալիս։
Երբ Կաննում նոմինացվում էր իմ «Մի պարզ պատահար» ֆիլմը, այդ գիշեր բանտի ընկերներս զանգեցին, ասացին, որ շատ են ոգևորվել իմ ելույթից ու սպասում են իմ հաղթանակին։ Ամբողջ գիշեր աչք չփակեցի, սրտատրոփ սպասում էի։Մտածում էի՝ եթե ֆիլմս հաղթի, դա լինելու է իմ բանտարկյալ ընկերների հաղթանակը, իմ ժողովրդի հաղթանակը։
Այդպես էլ եղավ. նրանք հաղթեցին, նրանց պայքարը հաղթեց։
Երազում եմ, որ մի օր ֆիլմերս ցուցադրվեն Իրանում
Իմ ֆիլմերը տեսնում են աշխարհի տարբեր անկյուններում։ Բայց որպես կինեմատոգրաֆիստ՝ երազում եմ, որ ֆիլմերս ցուցադրվեն ի՛մ երկրում, իրանցի հանդիսատեսի համար։ Տեսեք, հիմա Երևանում ինձ հետ հանդիպումէ կազմակրպված, չէ՞։ Երազում եմ,որ այսպիսի մի հանդիպում ինձ հետ կազմակերպվի նաև Իրանում։
Որպես underground ռեժիսոր՝ ես կարողանում եմ իմ ուզած ֆիլմը նկարելու ելքերը, հնարը գտնել, չենթարկվել ռեժիմի պարտադրանքին։ Տեխնիկական միջոցների կդիմեմ, թե այլ բան կմտածեմ, ձևը կգտնեմ, միևնույն է։ Իրանցի մի շարք կինոգործիչներ պարտադրանքներից խուսափելու համար կամ աքսորվեցին կամ արտագաղթեցին։ Դա էլ է պայքարի ձև։ Շատ դերասանուհիներ, որոնց մասնակցությամբ ֆիլմերը նախկինում մեծ պահանջարկ ունեին, հիմա անգործ են։ Նախընտրում են չնկարվել, բայց հանել վրաներից չադրաները։
Մեքենայի մեջ նկարելը անվտանգ է. կարող ես ֆիլմդ ավարտին հասցնել
Վերջին՝ «Մի պարզ պատահար» ֆիլմս այն մասին է, թե ո՞րը կընտրես՝ դաժանությունը, վրեժխնդրությո՞ւնը, թե հանդուրժողականությունն ու խաղաղությունը։ Փափագում եմ, որ եթե իմ երկրում հասարակարգ փոխվի, դա լինի առանց դաժանություն ու վրեժխնդրություն կիրառելու։ Բայց գիտեմ նաև, որ դաժանությանը դաժանությամբ չպատասխանելը միշտ չի ստացվում։ Ես հաճախ եմ նկարահանումներ անում մեքենայի մեջ։ Վերջին ֆիլմումս էլ կան այդպիսի հատվածներ։ Որովհետև մեքենայի մեջ ավելի անվտանգ է, կարող ես հանգիստ նկարել՝ բոլորի աչքից ու ուշադրությունից հեռու։ Իմ «Տաքսի» ֆիլմն ամբողջությամբ մեքենայի մեջ եմ նկարել։ Իրանցի շատ ռեժիսորներ են մեքենաների մեջ նկարահանումներ անում, թերևս նույն պատճառով…Քիառոսթամին էլ։
«Մի պարզ պատահար» ֆիլմը ես չեմ նկարել, այն նկարել է ԻԻՀ-ը
Ես իմ ֆիլմերի թեմաները հենց իմ կյանքից եմ վերցնում։ Այլ կերպ հնարավոր էլ չէ։ Եթե բանտ եմ նստել, տնային կալանքի եմ ենթարկվել, հնարավո՞ր է այդ ամենը ջնջել, մոռանալ ու ասել՝ չէ, ես այլ թեմա եմ ընտրելու։ Անտրամաբանական ու արհեստական կլինի։ Բացի այդ, ես չեմ էլ ուզում շրջանցել այդ փաստերը։ Ճիշտ է, մինչև բատրակվելը, ես այլ թեմաներով էի նկարում՝ փողոցի… մի խոսքով՝ տարբեր։ Բայց ինձ հետ շրջադարձային բան է կատարվել՝ ես բանտարկվել եմ, դրա ազդեցությունից ո՞նց դուրս գամ։ Չի լինի, չէ՞։ Դրա համար էլ «Մի պարզ պատահար» ֆիլմում հենց բանտի թեման էլ արծարծել եմ։ Այդ ֆիլմը ես չեմ նկարել, այն նկարել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ֆիլմը նկարել են այն բանտարկյալները, որոնք ինձ հետ կալանավայրում են եղել։
Մտածում եմ, որ կյանքիս լավագույն ֆիլմը դեռ չեմ նկարել
Ես պատրաստ եմ իմ գաղափարները, մտքումս եղած թեմաները նկարելու համար ամեն զոհողության գնալ։ Այո՛, ամեն ինչ կանեմ, որ ֆիլմ նկարեմ, որ մտածածս իրագործեմ։ Ես ինքս եմ հայթայթում իմ ֆիլմերի գումարը։ Երբեք հովանավոր չեմ ունեցել, ոչ մեկից գումար չեմ խնդրել. դա իմ սկզբունքն է։ Չեմ ուզում, որ որևէ մեկն ինձ գումար տա, որպեսզի հետո պարտավորված չլինեմ ինչ-որ բան անել, այլ կերպ նկարել ֆիլմերս, քան ես եմ ուզում։
Դրա համար էլ իմ ոչ մի ֆիլմի համար չեմ փոշմանել։ Միշտ մտածում եմ,որ հաջորդ ֆիլմս նախորդից պետք է ավելի լավը լինի։ Ու մտածում եմ, որ կյանքիս լավագույն ֆիլմը դեռ չեմ նկարել։ Դեռ նկարելու եմ այդ ֆիլմը։
Պատրաստեց Նաիրա Փայտյանը
